Հոսեյն Ալի խան կամ Գյոք (Կապույտ) ջամի. Երևանի մզկիթները

5402

Համաձայն ռուս (ֆրանսիական ծագումով) պատմաբան, ազգագրագետ Իվան Շոպենի, ով 1829-1832 թթ. անցկացրել է Երևանում և հետագայում պատրաստել «Камеральное описание Армянской области» աշխատությունը, խանական շրջանում, մինչև 1828 թվականը, Երևանն ունեցել է 8 մզկիթ (շիա) և 7 եկեղեցի, որից 6-ը՝ հայ առաքելական, մեկը՝ ռուս ուղղափառ: Հայկական մարզի ձևավորումից հետո Երևանում կառուցվել է ռուս ուղղափառ Կույս Մարիամ եկեղեցին:

Ահա 8 շիա մզկիթները և 6 հայկական եկեղեցիները անուններով՝

  1. Աբբաս Միրզա
  2. Մոհամմադ Խան
  3. Զալի Խան
  4. Նովրուզ Ալի Բեգ
  5. Սարտիպ Խան
  6. Հոսեյն Ալի Խան (Գյոք Ջամի) [Կապույտ մզկիթ]
  7. Հաջի Իմամ Վերդի
  8. Հաջի Ջաֆֆար Բեգ (Հաջի Նասրոլլահ Բեգ)
Հոսեյն Ալի խան կամ Գյոք ջամի
  1. Սուրբ Գևորգ
  2. Սուրբ Պողոս և Պետրոս
  3. Սուրբ Սարգիս
  4. Սուրբ Հովհաննես
  5. Սուրբ Կաթողիկե
  6. Սուրբ Զորավար

Բոլոր մզկիթներին և եկեղեցիներին կից գործել են դպրոցներ:

Մզկիթներից ամբողջությամբ այսօր պահպանվել է միայն մեկը՝ Հոսեյն Ալի խան կամ Գյոք ջամի:

Մաշտոցի պողոտայի հարևանությամբ գտնվող Գյոք ջամին՝ Կապույտ մզկիթը կառուցել է Երևանի սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին։

Կապույտ մզկիթի մինարեթը

Կապույտ մզկիթը՝ Գուրգեն Մահարու և Մկրտիչ Արմենի նկարագրություններում.

Aquote1.png Ակսել Բակունցի հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում եւ գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու։ – Երեւան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի։- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել։ Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը։ Բայց ահա՝ 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով։ Հե-ռո՜ւ հիշողություն։

Aquote2.png
Aquote1.png Բազարի մոտ, հրապարակի մեջ, կանգնել է Կապույտ մզկիթի մեծ շենքը աղյուսից շինված բարձր պատերով, որոնց վրա վերևում փոքրիկ պատուհաններ կան, ապակու փոխարեն լարացանցով ծածկված։ Գիշերով Կապույտ մզկիթն անհրապույր է թվում իր երեք պատերով։ Սակայն չորրորդը,- ճակատը, տարբեր է մյուսներից։ Այդտեղ, դռան երկու կողմերում, պատը զարդարված է գույնզգույն չինիի կտորներով։ Գույնզգույն չինիի կտորներով են զարդարված նաև գմբեթն ու մինարեն։ Արևոտ ցերեկով կամ լուսնյակ գիշերին, մզկիթի գմբեթն ու մինարեն գեղեցիկ են փայլում իրենց նախշերով և գույնզգույն, պարսկական տառերի նկարներով։ Մզկիթի երկու փոքրիկ դարբասները, որ գտնվում են կողքի պատերի վրա, միշտ փակ են լինում։ Բաց է միայն ճակատի դուռը, որը մի ծածկված միջանցքով տանում է ուղիղ դեպի մզկիթի հայաթը, որտեղ ծառեր կան և ծաղիկների մարգեր։ Իսկ հայաթի կենտրոնում քառակուսի ավազանն է՝ – հավուզը։ Հայաթի հարավային մասը գլխավոր մզկիթն է, – աղոթարանը, իսկ նրա դիմացի՝ հյուսիսային մասը, մյուս աղոթարանը։ Արևելյան և արևմտյան պատերի վրա կան իրար նման քսան-քսանչորս փոքրիկ դռներ։ Դրանք խուցերի դռներն են։ Այն խուցերի, ուր մի ժամանակ, իջևանել են ուխտավորները։ Այժմ, այլևս ուխտավորներ չեն գալիս, իսկ խուցերում ապրում են պարսիկ ու թուրք արհեստավորներ, բանվորներ։

Aquote2.png
Aquote1.png Քանդվել է հին, դարավոր Երևանը և օդի մեջ կանգնել է դարերի փոշին։ Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով։ Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը։ Այդ փոշու միջով, հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ։ Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը։ Լռել է մինարեն։ Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում իսլամական արևելքին։ Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները։ Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում։

Aquote2.png

 

Հ. Գ. Գուրգեն Մահարու և Մկրտիչ Արմենի նկարագրությունները և նկարները վերցրել ենք Վիկիպեդիայից