Հայ-ադրբեջանական բռնությունների ու տեղահանումների նոր ալիք. նոյեմբերի 22-23, 1988թ.

5929

Հատված ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից

Սումգայիթի հայկական ջարդերից հետո հայ-ադրբեջանական բախումները, էթնիկ զտումները, որոնք ուղեկցվում էին ջարդերով, դարձան անխուսափելի: 1988թ. սեպտեմբերի 18-20-ին հայ բնակչությունը ստիպողաբար լքում է Շուշին, ադրբեջանցիները` Ստեփանակերտը:

Հակահայ ելույթներով հանրահավաքները Բաքվում սկսվել էին 1988-ի փետրվարի 21-ին, երբ ուսանողների մի խումբ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի շենքի առաջ կազմակերպեց բողոքի ոչ մեծ ակցիա: Այդ օրերին հակահայ շեշտադրումներով բազմամարդ ցույց կազմակերպվեց նաև Աղդամ քաղաքում: Ապա մի շարք հանրահավաքներ էին տեղի ունեցել Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի մոտ, որոնք բազմամարդ չէին, հատկապես` համեմատ Երևանի հարյուր հազարանոց հանրահավաքների: Մայիսի 15-ին Լենինի հրապարակում տեղի է ունենում առաջին մեծ հանրահավաքը, որին ներկա էր շուրջ 15 հազար մարդ, հիմնականում` երիտասարդ բանվորներ և  ուսանողներ:

ՙԲոլոր ելույթ ունեցողները անարգանքի էին ենթարկում ղարաբաղցի անջատողականներին: Ելույթ ունեցողներից նրանք, ովքեր սպառնում էին կամ վիրավորանք հասցնում հայերին, արժանանում էին ծափահարությունների: Սուլում էին նրանց, ովքեր փորձում էին հանգստացնել մարդկանց և հավաստիացնում, որ հանրապետության ղեկավարությունը վճռական է ու  ընդունակ ՙհակահարված տալ՚: Այդ ժամանակ էր, որ հանրահավաքում առաջին անգամ ելույթ ունեցավ ՙհրապարակի սոխակը՚` բանվոր Նեյմեթ Փանահովը՚,- գրում է Զարդուշտ Ալիզադեն:

1988-ի նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի հրապարակում սկսվում է  հանրահավաք, որի անցկացման համար առիթ եղավ տեղեկությունը, թե իբր Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի բանվորների համար Շուշիի մոտ կառուցվելու է հանգստյան տուն: Այդ ապատեղեկատվությունը բացարձակ սադրանք էր: Երկու օր հրապարակում գլխավոր դեմքը Գիտությունների ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի աշխատակից Էնվեր Ալիևն էր: Նոյեմբերի 18-ի երեկոյան նրան ծեծելով վռնդեցին հրապարակից, իսկ հետո ձերբակալեցին: Նոյեմբերի 19-ից հանրահավաքների ղեկավարումն իր ձեռերը վերցրեց 26-ամյա խառատ Նեյմեթ Փանահովը: ՙ18-օրյա հանրահավաքների վերլուծությունը միանշանակ վկայում է, որ կազմակերպիչների հիմնական նպատակը Ղարաբաղի պաշտպանությունը չէր, այլ Վեզիրովի վարկաբեկումն ու պաշտոնազրկումը՚,- գրում է Ալիզադեն:

Տասնյակ հազարանոց հանրահավաքների օրերին Լենինի հրապարակը վանկարկում էր ՙՂա-րա-բաղ՚, երգում ազգային երգեր, պահանջում ՙադրբեջանական հողերն ազատել ծայրահեղական հայերից՚: Հանրահավաքի պահանջներից մեկն էլ սա էր` ՙկամ ադրբեջանցիներին Հայաստանում տալ ինքնավարության կարգավիճակ, կամ էլ վերացնել Ղարաբաղի ինքնավարությունը՚: Հրապարակի մյուս մասում Ահմեդ Ահմեդովի դիմանկարն է, որը սումգայիթյան ոճրագործության համար դատապարտվել է առավելագույն պատժի: Նոյեմբերի 23-ից Բաքվում, Գյանջայում (Կիրովաբադ) և Նախիջևանում հայտարարվում է արտակարգ իրավիճակ:

1988թ. նոյեմբերի 22-23-ին հայկական ջարդեր են սկսվում Բաքվում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում, որտեղից դուրս են քշվում վերջին հայերը: Հայաստանն այս անգամ համարժեք պատասխան է տալիս: Մի շարք վայրերում, առաջին հերթին` Գուգարքում, սպանվում են խաղաղ եւ անզեն ադրբեջանցիներ:

Հայաստանի Գերագույն խորհրդի նոյեմբերի 24-ի արտահերթ նստաշրջանում ընդունվում է որոշում, ըստ որի` այսուհետև հանրապետությունում պետք է գործեին ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան Հայաստանի Գերագույն խորհրդի հավանությանը: Մոսկվան այն համարում է ապօրինի եւ հակասահմանադրական: Երևանում հայտարարվում է արտակարգ դրություն, իսկ նոյեմբերի 27-29-ը տեղի են ունենում ադրբեջանցիների սպանություններ: Մինչ այդ` մայիսին, ադրբեջանցիների նկատմամբ բռնություններ էին կատարվել Արարատի շրջանում, շուրջ հազար ադրբեջանցիներ ստիպված փախուստի էին դիմել:

Հայ-ադրբեջանական բախումներ էին տեղի ունեցել 1988-ի հունիս-հուլիս ամիսներին Մասիսի շրջանում: Ի տարբերություն Ադրբեջանի հայերի, Հայաստանում բնակվող շուրջ 160 հազար ադրբեջանցիների մեծ մասը մինչև նոյեմբեր արդեն փոխանակել էր բնակարանները, վաճառել կամ ստացել փոխհատուցում: Ըստ որոշ տվյալների` մի քանի հազար ադրբեջանցիներ փոխեցին ազգանվան ՙով՚-ը կամ ՙև՚-ը ու մնացին Հայաստանում: Մինչեւ դեկտեմբերի 7-ի երկրաշարժը Հայաստանից վտարվեցին գրեթե բոլոր ադրբեջանցիները, իսկ Ադրբեջանից, բացառությամբ Բաքվի` հիմնականում գրեթե բոլոր հայերը: Թե որքան հայեր են սպանվել Ադրբեջանում, և որքան ադրբեջանցիներ` Հայաստանում տեղահանումների և բախումների ընթացքում, մնում է վիճելի:

1992թ. ԵԱՀԽ միջանկյալ զեկույցում ասվում է. ՙՍումգայիթի դեպքերից մոտ ինն ամիս անց ադրբեջանցիների տեղահանումը կամ արտագաղթը Հայաստանից ավարտված էր: Գոյություն ունեն հակասական պնդումներ ադրբեջանցիների տեղահանման ընթացքում սպանվածների թվի վերաբերյալ: Ադրբեջանցի փախստականները պնդում են, որ 160-ից ավելի մարդ է սպանվել, մինչդեռ Հայաստանը պնդում է, որ զոհվածների թիվը չի գերազանցել 25-ը, և որ դրա համար պատասխանատուները դատապարտվել են: 1988թ. հայերը Գյանջայում նվազագույնը երկու անգամ դարձել են ջարդերի զոհ, տասնյակ հայեր սպանվել են: Առավել դաժան հանցագործությունները, որոնք պատճառ դարձան հայերի անխիղճ սպանությունների, կատարվել էին Բաքվում 1990թ. հունվարին: Սպանվածների թիվը տատանվում է` տարբեր գնահատումներով, 60-ից մինչև100-ից ավելի՚:

Ադրբեջանցի հետազոտող Արիֆ Յունուսովը 1991թ. ՙԷքսպրես խրոնիկա՚ թերթում գրեց, որ Հայաստանում սպանվել է 215 ադրբեջանցի: Ի պատասխան Յունուսովի, նույն թերթում Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ի ղեկավար Հուսիկ Հարությունյանը պնդեց, որ Հայաստանում սպանված ադրբեջանցիների թիվը 25 է:

Յունուսովը գրում էր, թե ադրբեջանցիների վրա հարձակումները գլխավորել են նաև ՊԱԿ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Անգամ նշվում է ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ Մեհրաբյանի ազգանունը, երբ նման ազգանունով ղեկավարի տեղակալ չի եղել և չկա: Ըստ Հարությունյանի` Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնությունները սկիզբ են առել 1988թ. նոյեմբերին  հիմնականում հյուսիսային շրջաններում, որտեղով Վրաստանի տարածքից ժամանել են մեծ քանակությամբ, հիմնականում` Կիրովաբադից, թալանված և ջարդված հայ փախստականներ: ՙՀենց դրանով պետք է բացատրել, որ սպանված 25 ադրբեջանցիներից 20-ը սպանվել են Հայաստանի այդ շրջաններում, առաջին հերթին` Գուգարքում, որտեղ սպանվել են ամենաշատ ադրբեջանցիները` 11 մարդ՚:

Հարությունյանը պարզաբանել է, որ Յունուսովի նշած 215 սպանվածներից 74-ն ընդհանրապես գրանցված չեն եղել անձնագրային սեղաններում, ԶԱԳՍ-երում եւ գյուղխորհրդների մատյաններում, իսկ մեկ մարդու անունը ցուցակում նշված է երկու անգամ: Մյուս 17-ը վախճանվել կամ մահացել են Ադրբեջանի տարածքում: Յունուսովի ցուցակում նշված է, որ Գ. Գուրբանովը եւ Աբբաս Գուրբանովը դժբախտ պատահարի հետեւանքով մահացել են Մասիսի շրջանում, մինչդեռ ստուգումը ցուց է տվել, որ իրականում նրանք մահացել են 1988թ. հուլիսին, ավտովթարի հետեւանքով` Եվլախ-Բաքու մայրուղում: Ցուցակում նշված Հրազդանի շրջանի նախկին բնակիչներ Ն. Աբդուլաեւան, Ա. Մուսաեւը եւ Յ. Աբբասովը հայկական պետհամարանիշներով իրենց ավտոմեքենայով դուրս են եկել 1988թ. հունիսի 16-ին եւ Կասըմ Իսմայլովի շրջանում բախվել ՙԿռազ՚ ավտոմեքենային, երեքն էլ մահացել են: Վ. Նասիրովը, որը նշված է անհետ կորած, Եղեգնաձորի շրջանից դուրս է եկել բնակություն հաստատելու Ռուսաստանում 1987թ., իսկ Ս. Կուրբանովը, իբր ծեծից սպանված Կալինինոյի շրջանում, տեղափոխվել է Ղազախստանի Կուստանայի մարզ 1984թ. ապրիլին: Այդ ցուցակից 62 մարդ Հայաստանի տարածքից հեռացել է համեմատաբար հանգիստ պայմաններում, եւ նրանցից շատերի բնակության վայրը հայտնի է: Ա. Էլչիեւը եւ Մ. Վելիեւը, որոնք իբրևթե մահացել են հյուծվելուց եւ ծեծից Կալինինոյի շրջանում, բնակվում են Բաքվում: Է. Նովրուզովը մահացել է ավտովթարից 1963թ.:

Բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը ևս կրկնում է 215 թիվը` վկայակոչելով Արիֆ Յունուսովին:

Խորհրդային Միության ներքգործնախարար Վադիմ Բակատինը 1988թ. վերջերին մեկնում է Հայաստան և Ադրբեջան` փորձելու կանգնեցնել տեղահանումները: Բակատինը սարսափահար ադրբեջանցիներին և հայերին հանդիպում է Սպիտակում ու Կիրովաբադում: Նրանք օգնություն և  պաշտպանություն են խնդրում, ինչը, սակայն, Բակատինի ուժերից այլևս վեր էր: Նա երկու հանրապետությունների ներքգործնախարարություններին հրաման է տալիս հետևել, որպեսզի փախստականները չտուժեն: ՙՏեղական ղեկավարությունը խոստանում էր ամեն բան հարթել, բայց ես արդեն չէի հավատում, որ նրանք ինչ-որ բան կանեն: Շատ քիչ մարդիկ կային (տեղերում), ում, որպես նախարար, ես կարող էի վստահել: Անհնար էր բոլորին ազատել (աշխատանքից)՚,- գրում է Բակատինը: