Բերդավան. Ֆրեզնոյի «Հույսի» ծրագիրը՝ բռնի տեղահանված արցախցիների համար

3627

2020 թվականի 44-օրյա պատերազմում Տավուշի մարզի Բերդավան գյուղը տվել է 6 զոհ և մեկ անհետ կորած: Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռանկյունում գտնվող այս բնակավայրը, որ ընդհանուր սահմաններ ունի երկու հանրապետությունների հետ, Արցախի ողբերգական պատմությանը կապվեց ևս մեկ թելով՝ 2023թ սեպտեմբերյան բռնի տեղահանության հետևանքով 100 հազարից ավելի արցախահայությունից յոթ ընտանիք հաստատվել է այստեղ:

Գյուղացիները, համայնքի ղեկավարները ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում, այստեղ ևս օգնում են արցախցիներին՝ ինչով կարողանում են: Պետության, տեղական կազմակերպությունների (Նոյեմբերյանի «Համայնքային զարգացման կենտրոն, տարածաշրջանային համագործակցության ՀԿ»-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող “Սմարթ Նոյեմբերյան” ծրագրի շրջանակներում) և անհատ բարերարներ (Ղրմի Հայկական համայնքի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում) աջակցությունը կարևոր է, սակայն արցախցիների կարիքները շատ-շատ են: Մարդիկ ստիպված են եղել թողնել տունուտեղը, հարազատների շիրիմները, կահ-կարասին, հողերը, ունեցվածքը և նոր տողից նոր կյանք սկսել Հայաստանի քաղաքներում, ավաններում, գյուղերում:

Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքի հայության օժանդակությունը Բերդավանում հաստատված արցախցի 7 ընտանիքներին՝ ընդհանուր թվով 36 հոգի, էական է, շոշափելի և ճիշտ ժամանակին: Այս նախաձեռնությունը, որ կոչվում է «Հույսի» ծրագիր (Operation Hope), իրականացվում է բարձր հովանավորությամբ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսության, հյուպատոս Պերճ Աբգարյանի և Ֆրեզնոյի բժշկական առաքելության և բժիշկ Վաչե Վասիլյանի գործուն մասնակցության:

Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը վերջին 10 տարիներին անընդմեջ երկու շաբաթով եղել է Հայաստան և Արցախ (մինչև 2020 թվականը) և բժշկական սարքավորումներով, դեղորայքով ու տարբեր մասնագետ բժիշկներով օգտակար եղել Հայրենիքին՝ այցելություններ տալով Գյումրի, Գորիս և բազմաթիվ քաղաքներ ու ավաններ:

Վերջին անգամ պարոն Աբգարյանն ու բժիշկ Վասիլյանը Հայաստանում էին սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ճիշտ այն օրերին, երբ տեղի էր ունենում Արցախի բռնի տեղահանությունը: Նրանք այցելում էին տարբեր հաստատություններում ժամանակավոր ապաստան գտած արցախցիներին: Վերադառնալով Ֆրեզնո՝ նրանց մոտ միտք ծագեց օգնել սահմանային գյուղերում հաստատված բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև՝ վերաբնակեցնել գյուղերը:

«Հույսի» ծրագիրն այս պահին իրականացվում է Տավուշի մարզի՝ Ադրբեջանի հետ սահմանային երեք բնակավայրերում՝ Բերդավան, Բարեկամավան և Չինարի:

Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանի հետ այցելեցինք գյուղում հաստատված բոլոր 7 ընտանիքներին, զրուցեցինք նրանց հետ, լսեցինք նրանց առաջնային կարիքները, որից հետո՝ խորհրդակցելով Ֆրեզնոյի բարերարների հետ, որոշեցինք օժանդակությունը տրամադրել անհատական սկզբունքով՝ ով ինչի կարիք ունի:

Բերդավանի յոթ նոր ընտանիքներից երեքը հարազատներ են: Վրեժ Հայրապետյանը տեղահանվել է Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից: Տունը կորցնելուց բացի, նա թողել է 3 կովը 3 հորթերի հետ: Ապրում է կնոջ և որդու հետ: Երեք հոգանոց այս ընտանիքը ցանկություն հայտնեց մասամբ վերականգնել այն, ինչ թողել է ծննդավայրում: Նրանք ստացան 2 խոզ, 15 հավ, առաջիկա մի քանի ամիսների համար՝ անասունների և թռչնի կեր, ինչպես նաև՝ գյուղատնտեսական գործիքներ: Ընտանիքին հասանելիք մնացյալ գումարից նրանք նախընտրեցին ունենալ խոհանոցի կահույք, փոքր սառնարարան և հաց թխելու համար վառարան (oven):

Վրեժ Հայրապետյանի որդին՝ Սասունը, հաստատվել է հոր տնից երկու փողոց այն կողմ: Չորս դպրոցական և մեկ մանկահասակ երեխաների հայր է: Մարիաննան 9 տարեկան է, Պավելը՝ 8, Վրեժը՝ 6, Մարկը՝ մեկուկես տարեկան: Սասունը կարճ ժամանակում ինտեգրվել է տեղացիների հետ, շուրջ 3000 բնակչություն ունեցող գյուղում հասցրել է ճանաչել մարդկանց: Սասունը աշխատասեր է և ցանկություն ունի Արցախի իր գյուղական կյանքն ու կենցաղը շարունակել Բերդավանում:

«Հույսի» ծրագրի շրջանակներում Սասունը ցանկություն հայտնեց և արդեն ստացել է 5 հատ խոզ, 35 հատ հավ, վերանորոգել է խոզերի և հավերի կացարանը: Բացի այդ, ընտանիքը ցանկություն հայտնեց ունենալ և արդեն ստացել է լվացքի մեքենա, փոշեկուլ, հաց թխելու վառարան, փայտ ջարդելու սղոց և գյուղատնտեսական գործիքներ:

Սասունի քույրը՝ Լիրան, որ ամուսնացել է Մարտակերտի Մոխրաթաղ գյուղում, ևս հաստատվել է Բերդավանում: Ապրում է ամուսնու՝ Նվեր Ալեքսանյանի և 3 դպրոցական երեխաների հետ: Նվերը ևս որոշել է զբաղվել անասնապահությամբ: Իր և կնոջ համատեղ ցանկությամբ նրանք արդեն ստացել են 6 հատ խոզ, 17 հատ հավ, անասունների կերակրելու համար 1 տոննա գարի, գյուղատնտեսական գործիքներ, լվացքի մեքենա և հաց թխելու վառարան:

Բերդավանում հաստատված բոլոր 7 ընտանիքների տների մեկ տարվա վարձերը հոգացել են տեղական հասարակական կազմակերպությունները, մի քանի տների համար տանտերերը վարձ չեն պահանջել և սիրահոժար տրամադրել են արցախցիներին: Առաջիկայում պետք է լուծում տրվի նաև արցախցիների՝ մշակելի հողեր ունենալու հարցին: Ճիշտ է, նրանք ունեն տնամերձ հաղատարածքներ, որտեղ կան բերքատու ծառեր, սակայն չունեն խաղողի այգի, ցորեն, գարի ցանելու հողակտորներ:

Բերդավանը հայտնի է իր խաղողի այգիներով: Խորհրդային ժամանակներում այստեղ գործում էր գինու և պահածոների գործարան: Բերդավանում հաստատված արցախցիները ճիշտ ընտրություն են կատարել: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 650 մետր բարձրության վրա, ձմեռը մեղմ է:  Այստեղից մինչև Թբիլիսի հեռավորությունը 55 մղոն է: Բերդավանով է անցնում Երևանը Վրաստանին և Ռուսաստանին կապով մայր ճանապարհը:

Գյուղում հաստատված չորրորդ ընտանիքը Շուշիից է: Թումանյանների ընտանիքը 5 հոգանոց է՝ Էդգարը, նրա մայրը, կինը և երկու երեխաները: Ծրագրի շրջանակներում ընտանիքը ցանկություն հայտնեց և արդեն ստացել է 4 հատ խոզ, 15 հատ հավ, անասունների կեր, գյուղատնտեսական գործիքներ, նորածին երեխայի համար առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաև՝ լվացքի մեքենա և սառնարան:

Վեցերորդ ընտանիքը եկել է Մարտունու Կարմիր Շուկա գյուղից: Արտակ Շահնազարյանը կնոջ և 5 երեխաների հետ է, որից 4-ը՝ դպրոցական՝ Վալերի, Արթուր, Աննա, Ավետ, մեկը՝ Աստղիկ, մանկահասակ: «Հույսի» ծրագրի շրջանակներում իր հասանելիք օժանդակությունը ուղղել է բաղնիքի և սանհանգույցի ամբողջական վերանորոգությանը: Արտակը 44-օրյա պատերազմում վիրավորվել է և ունակ չէ ծանր, գյուղական աշխատանքներ կատարել:

Բերդավանում հաստատված վեցերորդ ընտանիքը եկել է Ստեփանակերտից: Ասրյանները ուսուցիչներ են: Ընտանիքի հայրը՝ Վիլգենը, արդեն աշխատանք ունի Նոյեմբերյանի համայնքի Բագրատաշենի դպրոցում, իսկ կինը շուտով աշխատանք կունենա Բերդավանի դպրոցում: Նրանց հետ է նաև որդին՝ Վահեն, և դուստրը՝ Վեհանուշը 2 երեխաների հետ: Վիլգենը ցանկություն է հայտնել զբացվել ոչխարաբուծությամբ: Առաջիկա օրերին նա կստանա մինչև 10 ոչխար: Բացի այդ, Ասրյանները, ինչպես մյուս բոլոր ընտանիքները ստացել են գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաև՝ լվացքի մեքենա, փոշեկուլ և հաց թխելու վառարան:

Բերդավանում հաստատված յոթերորդ ընտանիքը եկել է Մարտունու Բերդաշեն գյուղից: Մհեր Մովսիսյանը ապրում է տիկնոջ և մոր հետ: Նրանք ցանկացել են և արդեն ունեն հավեր, գյուղատնտեսական գործիքներ, սառնարան և լվացքի մեքենա:

«Հույսի» ծրագիր-Բերդավանը կարելի է համարել բարեհաջող ավարտված: Մեր հաջորդ երկու պատմությունները կլինեն Բարեկամավանի և Չինարիի մասին:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, ԱՆԻ կենտրոնի համակարգող և «Հույսի» ծրագրի կամավոր

Լուսանկարում՝ Արտակ Շահնազարյանը կնոջ և դստեր հետ Բերդավանի նոր տան բակում