Ես վտանգի կանխազգացում ունեմ․ Աղվան Վարդանյանի ելույթը խորհրդարանում՝ 1 մայիսի, 2018թ

3625

Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով երկար տարիներ ՀՅԴ շարքերում էր, 2018թ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշումով հեռացվեց կուսակցության շարքերից: Հեռացման պատճառն այն էր, որ Վարդանյանը, ի հակադրություն ՀՅԴ-ի, որ ամբողջական խմբակցությամբ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն և նրա կառավարության մաս կազմեց (մինչև 2018թ հոկտեմբեր), Վարդանյանը չքվեարկեց հեղափոխության առաջնորդի համար: 

Ներկայացնում ենք Աղվան Վարդանյանի՝ 2018թ մայիսի 1-ի ելույթը խորհրդարանում: 

—-

Վերջին 2-3 օրերին ուշադիր հետևել եմ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ՝ այլևս զուսպ, հավասարակշռված հայտարարություններին:

Ե՛վ հրապարակում, և՛ հարցազրույցներում, և՛ Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ հանդիպումներում:

Արցախ, Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Իրան, Վրաստան. ոչ մի տարբերություն. նույնը, ինչ ասում ու փորձում էր իշխանությունը: Ներքին կյանքի կարգավորման հարցում. նվազագույն տարբերություն այն ամենից, ինչ ծրագրում, առաջնահերթ էր համարում քաղաքական կոալիցիան:

Այո՛, տեմպերի խնդիր կար, ինչը մեզ էլ չէր գոհացնում: Եվ դեռ հարց է, մեծ հարց՝ Փաշինյանի վարչապետության դեպքում այդ տեմպերը մեզ, հանրությանը, հատկապես խանդավառ երիտասարդությանը բավարարելո՞ւ են: Մի քանի հնարավոր, ժամանակավոր ազդեցության քայլերը չհաշված:

Մի խոսքով՝ տեսլականը, պատկերացումը, ծրագրային քայլերը շատ տարբեր չեն: Էական բացառությամբ: Այն էլ արդեն անշրջելի իրողություն է. պարոն Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Եվ եթե ամեն ինչ նույնն է կամ գրեթե նույնը, մնում է Փաշինյանի անձը, անձնային հատկանիշները և ժողովրդի ցանկությունը:

Այո՛, անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը: Թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ նույնպես տեսել ենք. նաև՝ տխուր վերջաբանով:

Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը: Ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում:

Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում:

Ես վտանգի կանխազգացում ունեմ: Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով: Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում:

Եվ եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետևանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար:

Ես ևս ժողովուրդ եմ: Ես ևս ոգևորված եմ այս շարժմամբ, այս անկախության սերնդով: Ուզում եմ՝ կուտակված հսկայական էներգիան ծառայի պետականության հզորացմանը:

Հանկարծ նոր հուսախաբության, կորուստների դուռ չբացվի:

Այս իրողությունից, այս հաստատումներից մեկնելով՝ ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին: Հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով ու համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը:

Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չի: Ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին:

Ես չեմ քվեարկելու:

Բայց սա հարցի մի կողմն է:

Ես Դաշնակցական եմ, կուսակցություն, խմբակցություն եմ ներկայացնում, որ կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա: Եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս:

Եվ վերջինը՝ իմ փորձառությամբ, հոգևոր-մշակութային իմ կառույցով ես բոլոր կողմերից պահանջում եմ բացառել ցանկացած բռնություն ու բախում: Արյունը ոչ մեկին չի ներվելու:

Բանակցություններով գտնենք լուծումներ, միասին կազմակերպենք արտահերթ՝ վստահելի ընտրություններ, երկիրը դուրս բերենք փակուղուց: Գիտակցե՛ք, սա ես ասում եմ հանրապետականին, անցյալին վերադարձ չի լինելու:

Աստված տա՝ հնարավոր ողբերգության իմ կանխատեսումը իրականություն չդառնա:

1 մայիս 2018թ.