«Հանուն Հայրենիքի» խումբը եւ ամսագիրը. այլախոհությունը Խորհրդային Հայաստանում

2446

Ծանոթ. – 1966 թ ապրիլի 24-ին հիմնադրվեց Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ): ԱՄԿ-ի երեք հիմնադիրներն էին Հայկազ Խաչատրյանը (մահացել է 1989-ին), Ստեփան Զատիկյանը (գնդակահարվել է Մոսկվայում 1979-ին) եւ Շահեն Հարությունյանը (քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հայրը): ԽՍՀՄ տարածքում Հայաստանը դարձավ միակ հանրապետությունը, որտեղ գործում էր կազմակերպված ընդդիմադիր կուսակցություն:

ԱՆԻ կենտրոն

—–

«Հանուն Հայրենիքի» ամսագիրը հրատարակած խմբի անդամների նկատմամբ դատավճիռը հրատարակվել է 1969 թ. փետրվարի 28-ին: Բոլորն էլ դատապարտվել են ՀԽՍՀ քր. օր. 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը): Խմբի անդամներից կալանավորվել է ութ մարդ, բայց նրանցից միայն յոթը դատապարտվեցին: Ժամանակի լավագույն մտավորականներից մեկը՝ Հայկ Իսկանդարյանը նախաքննության փուլում՝ անհայտ հանգամանքներում, մահացավ բանտախցում: Ըստ ընկերների եւ հարազատների հուշերի՝ նա որեւէ առողջական խնդիր չի ունեցել:

Խումբը ստեղծվել է 1968 թ. սկզբին: Ազգային միացյալ կուսակցության անդամ Շահեն Հարությունյանի միջոցով նրանք կապ են հաստատել ԱՄԿ-ի հետ: Հետագա միավորման կապակցությամբ քննարկումներ են ընթացել, բայց միավորումը, ծրագրային տարաձայնությունների պատճառով, չի կայացել: Գեւորգ Հեքիմյանի միջոցով առնչվել են 1963-1967 թթ. ընթացքում ձեւավորված եւ գործող այլ խմբակների ու անձանց հետ: Խմբի հիմնական նպատակները Հայ դատի, Ղարաբաղի ու Նախիջեւանի, հայոց լեզվի մաքրության, ներքին սփյուռքում բնակվող հայերի ինքնության պաշտպանության հարցերն էին: Սակայն, հարկ է ընդգծել, որ նրանք 60-ականներին յուրահատուկ ազգային-հայրենասիրական գործունեություն ծավալած շատերից էապես տարբերվում էին:

«Հանուն Հայրենիքի» խմբի անդամներն անկաշկանդ խոսում, քննարկում ու գրում էին նաեւ խորհրդային կարգերի դեմ: Բարձրաձայնում էին 1921 թ. ռուս-թուրքական դիվանագիտության մասին: Իրենց գրավոր խոսքում արդարացնում էին Դաշնակցությանը եւ մեղադրում էին կոմունիստներին: Ճիշտ է, հստակ երեւացող անկախական միտումներ դեռ չկային, բայց արդեն նշմարվում էին դեպի անկախություն տանող զարգացումները: Խումբն այդ ժամանակահատվածի համար դժվարին խնդիր էր դրել իր առջեւ՝ ստեղծել ընդհատակյա տպարան, տպագրել ամսագիր եւ տարածել: Ըստ էության, իրենց առջեւ դրած խնդրի կարեւոր մասը նրանք կարողացան իրականացնել: Ստեղծեցին տպարան ու տպագրեցին իրենց պատկերացրած ամսագիրը, բայց չհասցրին տարածել: Մատնության հետեւանքով, տարածման համար արդեն ամսագրի պատրաստ օրինակներով հանդերձ, խմբի անդամները ձերբակալվեցին:

«Հանուն Հայրենիքի» ամսագիրը բաղկացած էր 38 էջից: Շապիկին հաջորդող երեսին Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմից մեծատառերով գրված քառատող հատված է.

Քանզի սնվել ես մորդ արգանդում որպես հայ որդի,

Երդվիր, սիրելիս, որ պիտի պաշտես սուրբ հողը նրա,

Դու պիտի լինես դյուցազուն զինվոր քո ժողովրդի,

Մաշտոցյան լեզուն անաղարտ պահես շրթներիդ վրա:

Վերջին էջում՝ ամսագրի բովանդակությունից ներքեւ խմբագրական կոլեգայի անդամների կեղծանուններն են՝ Զարզանդ Մաշտոց (Ասատուր Բաբայան), Արտավազդ Կոչենց (Աղասի Անտոնյան), Հարություն Բագրատունյանց (Հովիկ Վասիլյան), Շավարշ Սիրունյան (Շիրակ Գյունաշյան), Գարսեւան Հովհաննիսյան (Գեւորգ Հեքիմյան), Սմբատ Պողոսյան (Սարգիս Թորոսյան):

Ամսագրում զետեղված հետեւյալ երեք հոդվածների հեղինակը Հովիկ Վասիլյանն էր. «Որպես նախաբան», որը, փաստորեն, կազմակերպության ծրագիրն էր, «Բաց նամակ Քոչինյաններին», որտեղ նա քննադատում է կոմերիտմիության համագումարում Քոչինյանի ունեցած ելույթը՝ պաշտպանելով Դաշնակցությանը վերջինիս հարձակումներից ու Հայաստանի կորուստների համար մեղադրելով բոլշեւիկներին, եւ վերջապես՝ «Դատական կատակերգություն» հոդվածը, որն անդրադառնում է 1967թ. նոյեմբերի 25-29-ին տեղի ունեցած «Հայաստանի վերամիավորման շարժում» կազմակերպության անդամների դատավարությանը: Գեւորգ Հեքիմյանը գրել է «Երկու խոսք Ղարաբաղի եւ Նախիջեւանի մասին» հոդվածը: Տպագրվել են նաեւ Ավետիս Ահարոնյանի նամակը «Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար պարոն Չիչերինին» եւ Դաշնակցության «Հեղափոխության ալբոմ» ամսագրից վերցված «Հեղափոխության աղբյուրները» հոդվածը, որոնք խմբագրությանն էր տրամադրել Հայկ Իսկանդարյանը:

Խմբի բոլոր անդամները դատապարտվեցին այդ տարիների համար չափազանց խիստ համարվող պատժաչափերի: Հովիկ Վասիլյանը, Գեւորգ Հեքիմյանը, Ասատուր Բաբայանը եւ Սարգիս Թորոսյանը ազատազրկվեցին վեց տարի ժամկետով: Բազմաթիվ մեղմացնող հանգամանքներ հաշվի առնելով ու դրանց մասին դատավճռում հատուկ ընդգծելով՝ Աղասի Անտոնյանին հինգ տարի ազատազրկեցին, Շիրակ Գյունաշյանին՝ չորս տարի, իսկ Լեւոն Առուշանյանինէ մեկ տարի վեց ամիս:

Չնայած խումբը կազմավորվել էր 1968-ի սկզբին, խմբի անդամների հիմնական մասն արդեն ընդհատակյա գործունեության բավական մեծ փորձ ուներ: Այսպես, Գեւորգ Հեքիմյանը եւ Ասատուր Բաբայանը 60-ականների սկզբից էին սկսել իրենց ընդհատակյա գործունեությունը: Գեւորգ Հեքիմյանն առնչություններ է ունեցել 60-ականների շարժումներին: Մասնակցել է 1965 թ. ապրիլի 24-ի ցույցին: Եղել է նաեւ կազմակերպիչներից մեկը 1966 թ. ապրիլի 24-ին Կոմիտասի անվան այգում կայացած հայտնի ցույցի, որի մասնակիցները կալանավորվեցին: Հայտնվել է Պետանվտանգության կոմիտեի տեսադաշտում: 1964-1965թթ. ծավալված գործունեության կապակցությամբ ՊԱԿ-ի կողմից երկու անգամ պաշտոնական նախազգուշացում է ստացել: Չնայած նախազգուշացումներին եւ հետապնդումներին՝ շարունակել է իր գործունեությունը:

Ասատուր Բաբայանը «Յոթի գործ»-ով դատապարտված բանաստեղծ Վիգեն Բաբայանի հայրն էր: Դեռեւս 1964-1965 թվականներին զգուշացվել է Պետական անվտանգության կոմիտեի կողմից, բայց չի դադարեցրել իր գործունեությունը:

Հովիկ Վասիլյանը եւ Շիրակ Գյունաշյանը դեռեւս 1965 թվականին են՝ իրենց համախոհների հետ միասին, հայրենասիրական բնույթի՝ հայոց լեզվի մաքրության եւ ռուսաֆիկացման դեմ ուղղված թռուցիկներ տարածել Երեւանում: 1967 թվականին նույնպես՝ նշված բովանդակությամբ թռուցիկներ են տարածել Երեւանում ու Աբովյանում, որին այս անգամ մասնակցել է նաեւ Լեւոն Առուշանյանը:

—–

Սա հատված է խորհրդահայ այլախոհ, 8 տարի անազատություն կրած Վարդան Հարությունյանի ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ արժեքավոր հատորից: