
Հատված «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» հատորից
Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում տեղեկություն ստացա, որ ադրբեջանցիները հասել են Զանգելան: Անմիջապես ուղևորվեցի Կապան: Զանգելանը շատ մոտ է Սյունիքի Սրաշեն, Ծավ և Ներքին Հանդ գյուղերին, այստեղ շատ ավելի հասկանալի կլինի, թե որտեղ են հասել ադրբեջանցիները:
Եթե սեպտեմբերի 27-ին այս գյուղերից մինչև առաջնագիծ հեռավորությունը 100 կիլոմետր էր, ապա պատերազմի երրորդ շաբաթն արդեն 3-ից 5 կիլոմետր էր: Հոկտեմբերի կեսերից ռազմական գործողություններ ու փոխադարձ հրետակոծություններ էին տեղի ունենում Դավիթ Բեկ-Ղուբաթլու հատվածում: Անհանգիստ էր Խնձորեսկի, Կոռնիձորի մոտ:
Հոկտեմբերի 19-ին Ալիևը հայտարարեց Ջերբայիլում 13, հաջորդ օրը՝ Զանգելան քաղաքի ու ևս 24 գյուղերի գրավման մասին: Հոկտեմբերի 21-22-ին ադրբեջանական ուժերը դուրս եկան հայ-իրանական սահման՝ վերահսկողության տակ առնելով Մինջևան քաղաքը և 21 գյուղեր՝ պատերազմի սկզբից գրաված բնակավայրերի թիվը հասցնելով 119-ի:
Այդպիսով, Ադրբեջանը ամբողջությամբ վերականգնեց Իրանի հետ սահմանը: 1994 թվականի մայիսյան ստատուս-քվոյի արդյունքում Արցախը մոտ 100 կմ երկարությամբ սահման էր ձեռք բերել Իրանի հետ:
Ադրբեջանական ուժերը Հակարի և Ողջի գետերի երկայնքով, որոշ հատվածներում առանց դիմադրության ու մարտերի, շարժվեցին դեպի Լաչին և Ղուբաթլու: Արդեն 132 բնակավայր անցել էր նրանց վերահսկողության տակ:
Հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Կապանի հյուրանոցի իմ համարում մի ֆեյսբուքյան տեսանյութ տեղադրեցի, որում տողատակերով փորձում էի հասկացնել, որ մեր գործերը ճակատում լավ չեն. մեղմ ասած՝ լավ չեն: Երևանից հաղորդվող պաշտոնական լրատվությունը, որը իրականության հետ քիչ առնչություն ուներ, հիպնոսացրել էր հայ ժողովրդին: Իմ ամենասթափ ընկերներն անգամ անվերապահորեն հավատում ու վստահում էին այդ տեղեկատվությանը և ինձ էլ հորդորում հետևել միայն պաշտոնականին:
Քաջարանում և Մեղրիում մարդիկ մտահոգ էին, փողոցներում հանդիպում էին զոհերի անուններով սև ժապավեններ: Կար սուգ, տագնապ, անորոշություն: Կարելի էր պատկերացնել աղետի չափերը:
Այդ ժամանակ ադրբեջանցիների վերահսկողության տակ էին անցել Ջերբայիլի, Հադրութի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների մեծ մասը: Ադրբեջանցիները շարժվում էին Հակարի գետի հունի հակառակ ուղղությամբ դեպի Լաչին: Փաշինյանը Ազգային հերոսի կոչման ներկայացրեց երկու զինվորականների: Եթե երկու բարձրաստիճան զինվորական արժանանում են Ազգային հերոսի կոչման, ուրեմն՝ բեկում կա Ղուբաթլուի ուղղությամբ: Այդ օրերին կրկին շրջանառության մեջ էր դրվել Խոդաֆարինը և Ջեբրայիլը ադրբեջանցիներից հետ վերցնելու ապատեղեկատվությունը, որին հաղթանակի սպասող հայ հասարակությունը հավատում էր:
Օրվա երկրորդ կեսին նկարահանումներ ու հարցազրույցներ ունեցանք Ագարակ և Մեղրի քաղաքներում, իսկ հաջորդ օրը այցելեցինք Ներքին Հանդ և Ծավ գյուղեր, ինչպես նաև՝ Զանգելանի այն հատվածը, որը ևս մի քանի շաբաթ հայկական վերահսկողության տակ էր: Իմ զրուցակիցներից էր Դավիթ Մաթևոսյանը, որը երկու օր անց զոհվեց Նռնաձորի մոտ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից երկու այլ մեղրեցիների հետ:
Մաթևոսյանն ասաց, որ Խոդաֆարինի ջրամբարը գրավելուց հետո ադրբեջանցիները ուղղակի զբոսնելով անցել են մոտ 50 կիլոմետր Արաքսի երկայնքով և հասել մինչև Նռնաձորի կողմերը: Մտագոհ էր: Առաջին անգամ նրա դեմքին չէի գտնում զինաթափող ժպիտը: Մաթևոսյանը կարևորում էր, որ ռուսները շուտ միջամտեն և կանգնեցնեն պատերազմը: Ասաց, որ կրկին կանգնել ենք թուրքական սպառնալիքի և ռուսական ընտրության միջև, ապա հումորով, թե կրկին ՚օրհնվի էն սհաթնՙ է եկել:
44-օրյա պատերազմը իրավիճակը փոխեց ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով՝ Սոթքից մինչև Նռնաձոր՝ Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունի: Եթե մինչև սեպտեմբերի 27-ը Նռնաձոր, Ներքին Հանդ, Դավիթ Բեկ, Շուռնուխ, Որոտան և մի շարք այլ գյուղերից մինչև Արցախ-Ադրբեջան շփման գիծ հեռավորությունը հասնում էր 100 կիլոմետրի, ապա նոյեմբերի 10-ից հետո՝ մի քանի կիլոմետրի, իսկ որոշ հատվածներում՝ մի քանի տասնյակ մետրի:
Ադրբեջանը վերականգնեց Խորհրդային Հայաստանի հետ նախկին սահմանը: Կապանի շրջանի Սրաշեն գյուղի բնակիչներից Արամայիս Ստեփանյանը պատմում է. ՚Մինչև սեպտեմբերի 27-ը այլ կյանքով էինք ապրումª մեր հոգսերով, զարգացման ծրագրերով, գյուղում մթնոլորտն էր այլ: Հոկտեմբերի 10-ի կողմերը զգացինք, որ պատերազմը մեզ էլ է մոտենում: Հոկտեմբերի 20-ից հետո ադրբեջանցիները հասան Զանգելան: Զգաստացանք: Ովքեր կարողանում էին զենք բռնել, զենք ստացան, ինքնապաշտպանական ջոկատներ կազմելՙ,- ասաց նա:
Խորհրդային տարիներին Գորիսից Կապան և դեպի Ծավ գյուղ տանող ճանապարհն անցնում էր սահմանի երկայնքով՝ որոշ տեղերում՝ սահմանի պռնկով, իսկ մի քանի տեղ ուղղակի մտնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածք, ինչպես Որոտանի, Շուռնուխի, Սյունիք գյուղից դեպի Ագարակ տանող հատվածներում: 1988-1991 թվականներից անհայտ են մնում բազմաթիվ սյունեցիների ճակատագրեր: Նրանք անհետացան այս ճանապարհներին:
Շուռնուխ գյուղը կիսվեց մայրուղով. 12 տներ մնացին Ադրբեջանին: Որոտան գյուղից ևս որոշ տարածքներ անցան հակառակորդին: Սյունեցիների և ընդդիմության քննադատություններին ի պատասխան վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել: Դեկտեմբերի 21-ին Փաշինյանը չկարողացավ մտնել Գորիս, որտեղից պետք է ճանապարհը շարունակեր մինչև Մեղրի: Գորիսցիները, ի նշան բողոքի, փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին նրան իրականացնել նախօրոք ծրագրված և հայտարարված այցը:
Քարվաճառի շրջանը Ադրբեջանին վերադարձնելու հետևանքով կիսվեց նաև Սոթքի ոսկու հանքավայրը: Մեծ մասը մնաց Ադրբեջանին: Կապանի օդանավակայանի թռիչքուղին շոշափում է Ադրբեջանի հետ սահմանը:
Հոկտեմբերի 19. հնարավո՞ր էր կանգնեցնել պատերազմը
Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի համար, արդեն հոկտեմբերի կեսերին պարզ էր, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ հայկական կողմը պարտվում է:
Պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Տեր-Պետրոսյանը տարածեց հայտարարություն՝ ընդգծելով հայկական կողմի համար պահի հրամայականը`
՚ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցում և առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցում,
բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումՙ:
Քոչարյանն ու Սարգսյանը սեպտեմբերի 27-ից անմիջապես հետո մի քանի օր Արցախում էին, իսկ Ղուկասյանն ու Սահակյանը մշտական կապի մեջ էին Արայիկ Հարությունյանի հետ, հետևում էին ռազմական գործողությունների ընթացքին, խորհրդակցություններ անցկացնում պատերազմին մասնակցող ռազմական գործիչների, հրամանատարների և մարտիկների հետ, քննարկում պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները:
՚Անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի նախագահին՝ հորդորելով նրան դիմել Հայաստանի վարչապետին և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը:
Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը և դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի պաշտոնաթող նախագահներ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանըՙ,- ասվում էր Ղուկասյանի և Սահակյանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվեց դեկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով ներկայացնում էր իրավիճակը հոկտեմբերի 19-20-ին:
Հոկտեմբերի 19-ին Հարությունյանը պատերազմի դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և Հայաստանի վարչապետին: Սակայն, Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը:
Արցախի նախկին ղեկավարները հրապարակեցին նաև Հարությունյանի նամակները: Փաշինյանին ուղղված նամակում Հարությունյանը գրում էր, որ խորհրդակցել է Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ, ստացել նրանց միաձայն համաձայնությունը և հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով:
՚Հայաստանն Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է և հաշվի առնելով, որ Արցախը փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների համաձայնությունը դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված և քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու և բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբՙ,- ասվում էր Հարությունյանի՝ Փաշինյանին հղված նամակում։
Գրեթե նույն բառապաշարն էր օգտագործվել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի անունով պատրաստված նամակում:
Այս դրվագը Նիկոլ Փաշինյանը փոքր-ինչ այլ կերպ է ներկայացնում: Հոկտեմբերի 19-ին վարչապետին զանգահարել է Արցախի նախագահը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը և որ այդ տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև Արցախի և Հայաստանի պաշտոնաթող բոլոր նախագահների անունից:
՚Ես զանգահարեցի նախագահ Պուտինին: Նա ասաց, որ կարծում է, դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են:
օրը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցի՝ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էին նաև հանրապետության նախագահը և Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի Ռուսաստանի նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ և ետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության, ասացին նաև Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև, ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ:
Հաջորդ օրը, պայմանավորվածության համաձայն, զանգեց Ռուսաստանի նախագահը: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:
Նաև, պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես, հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: Ռուսաստանի նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:
Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի: Այսպես, պայմանավորվածությունը չկայացավՙ:
Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքի իր էջում Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի համատեղ հայտարարությունը տեղադրելուց զատ, որով նրանք արձագանքել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին, գրել է. ՚Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, և նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաև Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումըՙ:
Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը. ՚Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Ղարաբաղ կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Արցախի ղեկավարության համաձայնության: Այնպես որ, Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջըՙ:
Առաջին նախագահի մամուլի խոսնակը հիշեցրեց, որ այս ամենը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, երբ դեռ պատերազմի վիճակը կատաստրոֆիկ չէր, և եթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից և տարածքային հետագա կորուստներից։
Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը հանդիպել էր արտախորհրդարանական ուժերի հետ: Այդ հանդիպումից հետո նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում հայտնեց, որ արցախյան հարցի շուրջ ՀՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել` Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, հարցի լուծման փաթեթայինից զատ այլ տարբերակներ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության համար անընդունելի են. ՚Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական և պարտադիր իրացումն այլընտրանք չունի, Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակըՙ:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. ՚Դաշնակցության համար անընդունելի է, ինչպես նախկինում ևս անընդունելի է եղել, հարցի փուլային լուծման շրջանառվող որևէ տարբերակ: Մենք այս պատերազմում չհաղթելու իրավունք չունենք, մենք պատասխանատու ենք մեր սերունդների առաջ, մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել: Մենք պետք է հաղթենք, սա մեր պետության գոյության հարցն էՙ:
Հոկտեմբերի 19-20-ին Ռուսաստանի նախագահը, պատերազմը կանգնեցնելու նպատակով, հեռախոսազրույցների շարք ունեցավ Ալիևի ու Փաշինյանի հետ: Պուտինին հաջողվել էր համոզել Ալիևին, որ դադարեցվեն ռազմական գործողությունները՝ պայմանով, որ ապահովվի Շուշի ադրբեջանցիների վերադարձը:
Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահը հարցազրույցում ընդգծեց, որ Շուշին Ադրբեջանին փոխանցելու հարց երբեք չի դրվել. ՚Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է, և վարչապետ Փաշինյանը ինձ ուղիղ ասաց, որ դրանում տեսնում է Հայաստանի և Ղարաբաղի հանդեպ սպառնալիք: Ինձ համար այսօր էլ հասկանալի չէ, թե որն էր սպառնալիքը, հաշվի առնելով, որ վերադառնալու են խաղաղ բնակիչները, իսկ հայկական կողմի վերահսկողության տակ է մնում Շուշին ու նաև հաշվի առնելով, որ այնտեղ են մեր խաղաղապահներըՙ:
Փաշինյանը անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկվա նախատեսված այցին, որը տեղի չէր ունեցել։
՚Հոկտեմբերի 20-ին Ղուկասյանն ու Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը:
Ղուկասյանը և Սահակյանը մեր հաջորդ հանդիպմանը ասացին, որ գաղափարին մի նրբություն է ավելացել. Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը ուզում են մեկնել Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ և մեր հանդիպումը կազմակերպվի նրանց վերադարձից հետո և մի տեսակ դառնա տեղեկատվության համադրման, իրադրության ավելի ինֆորմացված քննարկման միջոցառում:
Ասացի, որ դեմ չեմ գաղափարին, նույնիսկ պետական ինքնաթիռը կտրամադրեմ, թող մեկնեն, հանդիպումներ ունենան, վերադառնան: Արցախի պաշտոնաթող նախագահները, սակայն, իմ համաձայնությունից հետո ևս մեկ հարց բարձրացրին. ասացին, որ անհրաժեշտ է, որ ես միջնորդեմ նախագահ Պուտինին, որ նա ընդունի Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին, որպես հատուկ բանագնացներ:
Պատասխանեցի հետևյալը. Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել և դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ:
Նույն հարցը առաջացավ նաև Լավրովի պարագայում, երբ Արցախի պաշտոնաթող նախագահները ասացին, որ մեր արտգործնախարարն էլ Լավրովին միջնորդի, որ նա ընդունի մեր հատուկ բանագնացներին: Մեր նախարարը մշտական կապի մեջ է Լավրովի հետ, Մոսկվայում նախատեսված է նրանց հանդիպումը: Եթե նույն հարցը Լավրովը տա մեր նախարարին, նա ի՞նչ պետք է պատասխանի:
Առաջարկեցի այլ տարբերակ. արագ կազմակերպել Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևի հյուրը, ով նաև Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն է և այցի շրջանակներում փորձել քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել Ռուսաստանի նախագահի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան անձանց հետ:
Ղուկասյանն ու Սահակյանը հեռացան՝ խոստանալով քննարկել այս տարբերակը Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հետ: Պարզվեց՝ վերջիններիս համար այնքան էլ հետաքրքիր չէ իմ առաջարկած տարբերակը: Սահակյանը ինձ համար անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն:
Այդ դեպքում ինձնից ի՞նչ են ուզում. պայմանավորված են՝ թող մեկնեն Մոսկվա, հանդիպեն: Պարզվեց՝ հարցը Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն: Այդպես էլ եղավ. դատարանը վերադարձրեց Քոչարյանի անձնագիրը, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չմեկնեցինՙ:
Տեր-Պետրոսյանը խուսափեց մեկնաբանել Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները և խոսնակի միջոցով փոխանցեց, որ ՚անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին… Փաշինյանը արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելուՙ:
Ղուկասյանն ու Սահակյանը ՚ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համարՙ նպատակահարմար գտան չանդրադառնալ վարչապետի այն գրառումներին, որոնք ՚չեն համապատասխանում իրականությանըՙ:
—-













