Հոնի օղի՝ «Դովեղ. սահմանի ուժը»

5453

Հոնի ծառը՝ հոնենին, ապրում և բերք է տալիս ավելի քան 300 տարի: Ամենաքիչ արև սիրող ծառերից է, այդ պատճառով՝ ավելի լավ աճում է անտառներում և անտառափեշերին, հատկապես՝ քիչ արև ընկնող, դեպի հյուսիս նայող հատվածներում:

Հոնենին առաջիններից է գարնանը բացվում՝ ծաղիկ տալիս, և հասունանում է օգոստոսին: Անտառներում այն հասնունանում է ավելի ուշ՝ սեպտեմբերին, և մինչև ծառերի վրա մնում հոկտեմբեր:

Հոնը օգտագործվում է ինչպես թարմ, այնպես էլ՝ վերամշակված վիճակում: Ամենաօգտակար մրգերից է ինչպես թարմ, վերամշակված վիճակներում, այնպես էլ՝ բժշկության մեջ:

Հոնի թարմ պտուղը և հոնի վերամշակումից ստացված արտադրանքը հարուստ է գլյուկոզայով ու ֆրկուտոզայով, վիտամիններով, երկաթի, կալիումական, կալցիումի, մագնեզիումի և ծծմբական աղերով: Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ:

Հոնը հարուստ է C վիտամինով, որն օգնում է բարձրացնել օրգանիզմի պաշտպանական կարողությունները: Թարմ հոնի, հոնի լավաշի, չրի, մուրաբայի, օղու օգտագործումը օրգանիզմը հագեցնում է վիտամիններով և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Մրսածության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել հոնի մուրաբա և խմել մեկ-երկու բաժակ հոնի օղի:

Հոնի օղին, մուրաբան, հյութը և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, շաքարախտի ժամանակ:

Հոնենու կեղևը, ճյուղերը և տերևները հարուստ են դաբաղանյութերով:

Հայաստանում հոնենին տարածված է Տավուշի անտառներում, Արցախում, Սյունիքում:

Մրգային օղիներից ամենահայտնին հոնի օղին է: Այն հատկապես անուշահամ է ավանդական թորման եղանակով ստանալու դեպքում:

Ինչպես ստանալ լավագույն հոնի օղին

Եթե ուզում եք ստանալ որակյալ հոնի օղի, ապա պետք է սպասեք մինչև հոկտեմբեր, երբ հոնի բերքը սկսի թափվել ծառերի տակ: Ցանկալի է, որ առնվազն մեկ-երկու շաբաթ թափված բերքը մնա ծառերի տակ, ապա նոր հավաքել և լցնել տակառների մեջ, որպեսզի սկսի եփելու շրջանը:

Որքան ուշ է բերքը թափվում և որքան երկար է թափված մնում ծառերի տակ, այնքան շատ օղի է ստացվելու, իսկ համային հատկանիշները լինելու են անկրկնելի:

Հոնի եփելու շրջանը տևում է մի քանի ամիս: Ցանկալի է, որ հավաքված բերքը տակառներում մնա մինչև տարվա վերջը, որից հետո սկսել թորման պրոցեսը: Հայաստանի շատ գյուղերում հոնը տակառներում պահում են անգամ մինչև մարտ ամիսը և օղին սկսում թորել գարնանը:

Հոնը որքան երկար է մնում տակառներում, այնքան անուշահոտ է դառնում և այնքան ավելի շատ է օղի ստացվում:

Քանի կիլոգրամ բերքից է ստացվում 1 լիտր մաքուր հոնի օղի

Եթե հոնը քաղում-հավաքում են ծառերից, վառ կարմիր վիճակում և դրանից օղի թորում, ապա սպիրտը չի կարող լինել որակյալ, չի կարող ունենալ յուրահատուկ բույր: Բացի այդ, վաղ հավաքած հոնից շատ քիչ քանակությամբ է օղի ստացվում, մոտավորապես 35-40 կիլոգրամից ստացվում է 1 լիտր, 55 աստիճան թնդության օղի:

Երբ հոնը հավաքում են ուշ՝ ծառերի տակ թափված բերքից՝ հոկտեմբերից հետո, ապա 1 լիտր օղի կարող է ստացվել մոտ 15-20 կիլոգրամ հոնից:

Ահա այդ պատճառով՝ պետք է հոնի օղի քաշել ծառերի տակ թափված բերքից: Ե՛վ օղին է շատ լինելու, և՛ որակն ու համային հատկանիշներն են լինելու անկրկնելի:

ծառերի տակ թափված և հավաքված հոնը

Առնվազն երկու, նաև՝ երեք թորում

Գյուղական, ավանդական պայմաններում, հոնը, ինչպես մյուս մրգային օղիները, երկու քաշով (թորում) են իրականացնում:

Առաջին քաշի ժամանակ կորզում են, այսպես կոչված՝ պղտոր սպիրտը, որը Տավուշի գյուղերում հայտնի է ջուր անունով: Ապա հավաքած ջուրը, որի մեջ սպիրտի պարունակությունը մոտ 30-40 աստիճան միջին թնդություն ունի, երկրորդ անգամ են թորում, որպեսզի ստացվի 55 և ավելի բարձր թնդության օղի:

Խորհուրդ է տրվում երկրորդ թորման ժամանակ վերցնել 60 տոկոսից բարձր թնդության սպիրտ և այն բացել թորած ջրով:

«Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ն 2021-ին արտադրել է 16 տեսակի մրգային օղիներ 51-ից 59 աստիճան թնդության, այդ թվում՝ հոնի օղի, որի թնդությունը 53,5 աստիճան է:

«Դովեղ. սահմանի ուժը» ընկերության արտադրանը՝ մրգային օղիները, մուրաբաները, հոնի չիրը և բնական մեղրը հասանելի է Հայաստանի հետևյալ խանութներում

Խանութներ, որտեղ կա «Դովեղ. սահմանի ուժը» ՍՊԸ-ի արտադրանքը՝ մրգային օղիներ, մուրաբաներ, հոնի չիր և բնական մեղր

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի