Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, նաև որ ռուս սահմանապահները դուրս գան Հայաստան-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերից, մասնավորապես, Ներքին Հանդից, ինչպես նաև Սիսիանի և Գորիսի բազաներից, Հանրային հեռուստաընկերության եթերում մայիսի 16-ին ասել է Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ Մոսկվան ընդունել է առաջարկը, հաղորդում է Ազատությունը։
«Նրանք հարցրել են՝ արդյո՞ք Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմաններից նույնպես ուզում եք դուրս գանք։ Մենք ասել են, որ այս՝ «Զվարթնոց», 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են և խնդրել ենք այդտեղից դուրս գաք, ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին ձեզ հետ չենք քննարկում»,- ասել է Գրիգորյանը։
ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը հաստատել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից ռուսաստանցի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8-ին Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում։ Ըստ ռուսական կողմի՝ «Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ հայ – թուրքական և հայ – իրանական սահմանին»։
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ «մենք նման խնդրանք չենք ունեցել»։











