«Ղարաբաղի աղետյալ ժողովուրդից»` «Հայաստանի ժողովրդին, կառավարությանը, կուսակցության կենտկոմին, ՀԿ-ներին». 1967թ

502

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում մաս-մաս տեղադրում է ԼՂԻՄ-ի տարածքը հայերից մաքրելու գործողությունների Ադրբեջանի քաղաքականության որոշ նյութեր՝ անհասկանալի «միջազգային հանրության»՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու «պահանջը» հայերի անվտանգության խնդիրների քննարկումներով կարգավորելու հայաստանյան իշխանության պատկերացումների համար:

Մաս երկրորդ

Ոմանց թվում է, թե «միջազգային հանրություն» կոչվածը քիչ թե շատ գիտի Արցախի հայության «ինքնորաշման իրավունքի» կիրառման իրական դրդապատճառները: Իրականում «միջազգային հանրությունը» հիմնականում մի բան գիտի՝ Արցախը հայկական է, այնտեղ գլխավորապես հայեր են ապրում, և նրանք ուզում են միավորվել Հայաստանի հետ: Սա պարզ ու հասկանալի է, բայց դեռ բավարար չէ ինքնորոշման իրավունքը կիրառելու համար: Այդ իրավունքի կիրառումը պիտի հիմնավոր փաստարկեր ունենա: Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը բախվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքի հետ և եթե նույնիսկ երկու իրավունքների կշիռը հավասար է, իրավունքի կշեռքի լծակը կարող է թեքվել տարածքային ամբողջականության կողմը:

Մինչդեռ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի կիրառան փաստարկը շատ զորավոր է, բայց քիչ է հայտնի՝ դա Ադրբեջանում հարյուր տարուց ավելի հասարակությանը ներարկվող հայատյացությունը և ռասիզմն է, որի պայմաններում հայերի գոյությունն ուղղակի անհնար է այդ երկրում: Մեզ թվաց, որ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերը, Շահումյանի հայերի ռազմական ուժով իրականացված տեղահանությունը, Մարաղայի բնակչության կոտորածը և հրկիզումները… «միջազգային հանրությանը» ապացուցեցին Արցախի հայության նկատմամբ ռասիզմի քաղաքականությունը: Բայց այդ նույն «միջազգային հանրությունը» և դրա կողմից ընտրված/ձևավորած Մինսկի խմբի եռանախագահողները երբեք չեն անդրադարձել Ադրբեջանի կազմում հայերի, մասնավորապես Արցախի հայության կյանքի պայմաններին և նույնիսկ խնդիր առաջանալիս միմյանց հարց են տալիս՝ «ով էր ում կոտորում Սումգայիթում»;

Ադրբեջանի կազմում Արցախի հայության գոյության վտանգը չի դարձել քննարկումների առարկա; Սա, իհարկե, մեր մեղքն է: Եթե ճիշտ է, որ «նրանք» խոսում են Արցախի կարգավիճակի նշաձողից, ապա ակնհայտ է, որ «նրանք» կամ ձևացնում են, կամ իսկապես չգիտեն, որ խոսքը գնում է մարդկանց ֆիզիկական գոյության հնարավորության/անհնարինության մասին; Եվ մեր խնդիրն է, որ նրանք դա իմանան; Այնպե՛ս իմանան, որ չկարողանան շրջանցեն: Հայաստանի դիվանագետները, հայության փորձագետները, մարդկանց կյանքով մտահոգ յուրաքանչյուրը տարբեր ձևերով օրակարգ պիտի բերի ոչ թե որևէ, այլ շատ կոնկրետ գոյության իրավունքի հարցը:

ԽՍՀՄ-ի ծաղկուն/լճացման/հալոցքի շարունակության շրջանն է՝ 1967թ.:

1967թ. սեպտեմբերին սփյուռքահայ մամուլը՝ «Յառաջ», Փարիզ, 1 սեպտեմբերի, 1967թ., «Ազդակ» (Բեյրութ), 1967 թ. սեպտեմբերի 8, «Ազատ Օր» (Աթենք), 1967 թ. սեպտեմբերի 9, «Ալիք» (Թեհրան), 1967 թ. սեպտեմբերի 13: Կոչը ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել նաև Արևմտյան Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտի «Պոսև» շաբաթաթերթում, 1967 թ. սեպտեմբերի 20, «Ղարաբաղի աղետյալ ժողովուրդից» «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏԿՈՄԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ուղղված մի նամակ տպագրեց, որն առնվազն «Հայաստանի ժողովրդին» այդպես էլ չհասավ: Այս նամակը լավագույնս է բնութագրում, թե ինչ էր կատարվում «Ղարաբաղի ժողովրդի» հետ, երբ նրանք համարձակվում էին բողոքել իրենց կյանքի վատթարացող և նվաստացուցիչ պայմաններից: Օրինակ՝ իմ էջում երեկ հրապարակված նամակից հետո: Այսօր տեղադրում եմ այդ՝ «Ինչ էր պատահումը» ներկայացնող նամակը:

Փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ ողբերգությունը,- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏԿՈՄԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ*

Թանկագին հայրենակիցներ.

Այս նամակով Ձեզ է դիմում Ղարաբաղի աղետյալ ժողովուրդը, որի վիճակն այժմ ավելի ծանր է, քան երբևիցէ եղել է խանական բռնակալների ու մուսավաթականների ժամանակ: Մեզանից ոչ ոք տանից ելնելիս վստահ չէ, որ երեկոյան տուն կվերադառնա: Անարգվում է մեր պատիվը, բռնադատվում են մեր իրավունքներն ու արժանապատվությունը: Ոչ ոք չի լսում մեր բողոքի ձայնը, ոչ մեկը ականջ չի դնում մեր աղերսանքին: Հարյուրավոր դիմումներ ենք հղել Մոսկվա` կենտրոնական Կառավարությանը, Ադրբեջանի ղեկավարությանը և այդ բոլորի պատասխանը եղել է կամ քար լռությունը, կամ մոլի հալածանքը մեր և մեր զավակների հանդեպ: Այսօր տասնյակներով ղարաբաղցիներ ապօրինի բանտերն են լցված և կամ հեռացված աշխատանքից: Մեզ հասցրել են այնտեղ, որ մենք մեր ավանդական հողը լքել և դարձել ենք տարագիր և անհայրենիք մի ժողովուրդ: Հոշոտում են մեր զավակներին և հոշոտողները դրանով չեն բավականանում, պղծում և անարգում մեր դիակները և ստիպում են մեզ, որ մենք էլ դիմենք հանցագործության: Տասնյակ դեպքերից միայն մի քանիսը թվենք, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է կատարվում Ղարաբաղում:

Երկու տարի առաջ Աղդամի կենտրոնում օրը ցերեկով սպանեցին մի երիտասարդի` Ավանեսյանին: Երբ չարագործ ադրբեջանցուն հարցրեցին, թե ինչու է գնդակ արձակել անմեղ անցորդի վրա, նա լկտիաբար պատասխանեց. «Ծտի վրա էի նշան բռնել, գնդակս նրան առավ: Ինչքան է տուգանքը, կարող եմ վճարել»:

Տարի ու կես առաջ Շուշիի կուսակցական շրջկոմի շենքի առաջ երկու ադրբեջանցի կանգնում են ղարաբաղցի կոմունիստ գյուղատնտեսի դիմաց և ասում. «Այս րոպեին մի հայի պիտի սպանեինք, դու ես հանդիպել»: Եվ տեղնուտեղը գնդակահարելով սպանում են: Մինչև այսօր դահիճն իր արժանի պատիժը չի ստացել, որովհետև նա Ադրբեջանի դատախազի ազգականն է և Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի տեղակալ Բայլարովի եղբայրը:

Մարտունու սովխոզի տեղամասի պետ Գրիշա Սողոմոնյանին սպանել, գցել են ճանապարհին:

Նորաշենի երկու երիտասարդ տրակտորիստների գիշերը վարի ժամանակ գնդակահարել են:

Եվ այս բոլոր չարագործությունների հեղինակները չեն «հայտնաբերվել», որովհետև ադրբեջանցիներ են:

Մարտունու սովխոզի տեղամասի պետ Բենիկ Մովսիսյանի տասնամյա տղային սպանել են, գազանաբար հոշոտել և դիակը պղծել: Այս անգամ ևս հանցագործները «չէին հայտնաբերվի», եթե մարդկանց համբերությունն արդեն սպառված չլիներ, և եթե զոհի տերերն իրենք բռնած չլինեին չարագործների հետքը: Չարագործների ձերբակալության առաջին իսկ օրվանից սրանց հարազատները դատարանի դահլիճում ու բակում, մարզկոմի շենքի առաջ և քաղաքի փողոցներում բացեիբաց, անպատիժ հայտարարում էին, որ իրենք ոսկով փակելու են դատավորների բերանները, իսկ զոհված երեխայի հարազատները խոսքով և գրով, նամակներով ու հեռագրերով դատարանին ու մարզի ղեկավարությանը, Բաքվի ու Մոսկվայի ղեկավար բոլոր օղակներին հասկացնում էին, որ գլխավոր չարագործը պետք է դատապարտվի գնդակահարության, ապա թե ոչ` իրենք են կատարելու նրա դատաստանը: Այս հիմքի վրա քանի-քանի միջադեպեր են եղել դատարանի դահլիճում և շենքի բակում: Բաքվի ու մարզի ղեկավարությունը, գիտակցաբար չունկնդրելով այս ամենին, բանը հասցրեց կազմակերպված սադրանքի, կաշառված դատավորն իր կեղտերը ծածկելու ուրիշ ելք չգտավ, քան վճիռը դատարանի դահլիճից հանել հրապարակ, կարդալ բացoթյա, երկարատև քաշքշուկից հավասարակշռությունը կորցրած ամբոխի առաջ, շիկացած մթնոլորտում: Եվ ինչ, չարագործության կազմակերպչին` մարզի ամբողջ բնակչության զայրույթի և ատելության առարկային տաս տարվա ազատազրկություն միայն և հինգ տարվա պայմանական […] Անարդարության դեմ զարյացած ժողովրդի վրա կեղտաջրի շիթեր ուղղեցին հրշեջ մեքենաներից: Անհույս կատաղությունից իրեն դես ու դեն նետող տուժածի` զոհի հոր վրա կրակ բացեց պահակախումբը: Ապա մահաբեր զենքերից կրակներ տեղացին վիրավոր հորն օգնության հասնող հարազատների վրա, 12 հոգի մահացու վիրավորվեցին և այժմ հայտնի էլ չէ, թե որտեղ են և կա՞ն արդյոք: Եվ այսքանից հետո միայն զայրույթից եռացող ամբոխը հարձակվեց չարագործների վրա, սպանեց նրանց և դիակիզեց:

Ադրբեջանի շովինիստ ղեկավարները շատ լավ էին պլանավորել այս վախճանը և չուշացան վրա հասնել և եզրափակել ամեն ինչ: Մինիստրների խորհրդի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հայրենասերների հետ իր հատուկ հաշիվներն ունեցող Ալիխանովը Ստեփանակերտ հասնելուն պես հավաքեց բոլոր ղեկավարներին, հայտարարեց, թե մարզում կա հակասովետական նացիոնալիստական կազմակերպություն և այդ կազմակերպության գործն է այդ ցեղակիցների դատաստանը, թե այս բոլորը նացիոնալիզմ է, հրահրված Սովետական Հայաստանի կողմից: Եվ մարզից հեռանալուց առաջ նա հասցրեց անձամբ, ազգային շուքով, մոլլաների ուղեկցությամբ թաղել չարագործների դիակները: Ապա եկավ կուսակցական կենտկոմի քարտուղար Ախունդովը և միայն իրեն հատուկ խորամանկությամբ հասկացավ, որ Ալիխանովը մերկացրել է իրենց քաղաքական խաղը: Ինչո՞ւ նացիոնալիզմ, երբ նրա տուտը քաշելիս Մոսկվայից եկածները կարող են պարզել, թե որտեղից է գալիս իսկական նացիոնալիզմը:

«Այստեղ ոչ մի նացիոնալիզմ չկա, – մարզային կուսակցական ակտիվի առաջ հայտարարեց ելքը գտած Ախունդովը: – Սա միայն երկու ընտանիքների թշնամանք է»: Եվ, այնուամենայինիվ, վերջում դահլիճի վրա բռունցք թափ տալով զգուշացրեց. «Մոռացե՛ք Հայաստանին միանալու ձեր պահանջը: Գիտցե՛ք, որ Լեռնային Ղարաբաղը եղել է, կա ու կմնա Ադրբեջանի անբաժանելի մասը»:

Ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ վեր կենա ու հակառակը պնդի […] Ախունդովի գնալուց անմիջապես հետո սկսվեցին մարզի և հատկապես Ստեփանակերտի այն օրերը, որոնք հիշեցնում են 1918–1920թթ. ահավոր ժամանակները: Բաքվից անմիջապես եկող միլիցիայով և պետական անվտանգության այլազգի զինվորներով լցվել, պաշարվել է մարզի կենտրոնը, չդադարող հարցաքննությունների ու հետապնդումների միջոցով ստորացվում են նրա բնակիչները: Ամեն օր բանտ են քշվում ազնիվներն ու համարձակները: Պաշտոնազրկվում ու հալածվում են կամայականությունների դեմ բողոքողները: Մարզի հայության ճակատագրի տնօրեններ են կարգվում հին ու նոր դավաճանները, ուրացողներն ու մատնիչները: Այս բոլորի վերջը չի երևում: Իսկ եթե երևում է, ապա` դա վերջն է ամեն հայկականի, որ կենաց ու մահու գոտեմարտերում պաշտպանվել ու պահպանվել է մինչև այսօր: Ադրբեջանի շովինիստ ղեկավարների և ղարաբաղյան նրանց ձեռնածուների երազած օրն է սա: Նրանք հիմա ձեռք-ձեռքի գործելով սպանում են հայության ոգին, ցեխի մեջ են թաղում նրա ազնիվ ու արդար դատը, որպեսզի հետագայում այլևս ոչ մի գնով հնարավոր չլինի բարձրացնել:

Հայ ժողովո՛ւրդ` քո հատվածներից մեկը, որ դարերի մռայլ ու դաժան ճանապարհին միշտ բարձր է պահել քո անունը և անեղծ` իր ինքնությունը, հիմա օրհասական վտանգի տակ է: Լեռնային Ղարաբաղը` արդեն անուժ ու անօգնական, կորցրել է ամեն ապավեն: Մայր ժողովո՛ւրդ, որտեղ էլ որ կաս, քեզ ենք դիմում: Դու ես մեր հույսն ու ապավենը: Դու սեփական կառավարություն ունես, ունես կուսակցական կենտկոմ: Նրանց ձայնը չեն կարող չլսել: Դու ունես զավակներ, որոնց անուններն աստղերին է հասել, որոնք աշխարհի մեծամեծների հետ են նստում, քննում են երկրագնդի ու ժողովուրդների ճակատագիրը: Չի կարող պատահել, որ նրանց ձայնը չհասնի Կրեմլին, երկրի ղեկավարներին չհասնի փոքրիկ Լեռնային Ղարաբաղի մեծ ողբերգությունը: […]

Հրատարակվել է Հայության պայքարը ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու : Կազմողներ և խմբագիրներ՝ Կ.Խաչատրյան, Հ.Աբրահամյան, Երեւան, 2011/ Борьба армян за восстановление НКАО с Советской Арменией. Сборник документов и материалов. Составители: к.и.н. Карен Хачатрян, Грант Абраамян. Ереван, Институт Истории, 2011

Կարդալ նաև՝ 

Արցախի և հարակից շրջանների 2500 հայերի նամակը Նիկիտա Խրուշչովին. Հրանուշ Խառատյան