Օտարի վրա հենվելով չէ, որ կարող ենք խաղաղություն ձեռք բերել. «Հայերը և թուրքերը»

2527

Հատված Հայերը և թուրքերը գրքից

Ճակատագրի հեգնանքով, երբ արյան մեջ թպրտացող Հայաստանը բզկտվում էր թուրքերի և ռուսների միջև, 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում է ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը` Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճիռը՝ դեպի Սև ծով ելքով:

Վարչապետ Համո Օհանջանյանի ու ռազմական նախարար Տեր-Մինասյանի և Լեգրանի ու Մդիվանու միջև հանդիպումից հետո արդեն վերջնականապես ակնհայտ դարձավ Հայաստանը միմյանց միջև բաժանելու և խորհրդայնացնելու բոլշևիկ-քեմալական պայմանավորվածությունը: Բյուրո կառավարությունը նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց:

ՀՅԴ Յառաջ օրաթերթը նոյեմբերի 23-ին Դեպի հաշտություն վերնագրված խմբագրականում գրում էր. “Մենք, որ օտարների ուժի վրա հույս դնելով շարունակ ձգտել ենք միանգամից ստեղծել Մեծ Հայաստան, մեր այս շշմեցուցիչ պարտությունից հետո համոզվեցինք, թե որքան խաբուսիկ և վնասակար էին այդ մեծ հույսերը: Եվ եթե մենք լինեինք իրական քաղաքագետներ և ժամանակին ընդունեինք, որ չի կարելի առաջնորդել ազգային քաղաքական նպատակներ` հենվելով ոչ թե սեփական, այլ օտար ուժերի վրա և եթե մենք ի վիճակի լինեինք ճշտորեն չափելու մեր սեփական ուժի և կարողության իսկական կշիռը, մենք երբեք չպիտք է ձգտեինք ստեղծել Մեծ Հայաստան: Մենք պետք է ձգտենք ամենայն անկեղծությամբ և վճռականությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք մինչև այժմ անկարելի են դարձնում հայ-թուրքական բարեկամությունը”:

Հաշտության խնդիրը և մեր կողմնորոշումը վերնագրված խմբագրականում նոյեմբերի 24-ին Յառաջը շեշտում է թուրքերի հետ լեզու գտնելու անհրաժեշտությունը. “Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել ու ապահովել իր պետական և ֆիզիկական հարատև գոյությունը, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում: Եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից: Պետք է ըմբռնենք, որ օտարի վրա հենվելով չէ, որ կարող ենք խաղաղություն ձեռք բերել, այլ միմիայն մեր սեփական ուժերին ապավինելով պիտի որոշենք մեր բախտը մեր ուժեղ հարևանների` թուրքերի հետ”:

Նոյեմբերի 24-ին կազմվեց նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նույն օրը Վրացյանի ստորագրությամբ հրապարակվում է կառավարության հռչակագիրը. “Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ”:

Թուրքիայի հետ նոր հարաբերություններ հաստատելու պատրաստակամությամբ վարչապետ Վրացյանը դիմում է նաև  Մուստաֆա Քեմալին, որի մասին տեղեկանում ենք նոյեմբերի 29-ին` Քեմալի հղած պատասխան նամակից. “Գոհունակությամբ ստացա Ձեր հեռագիրը, որով հայտնում եք, որ ցանկանում եք բարեկամական հարաբերություններ ունենալ դրացի պետությունների հետ և տեսնել, որ Ալեքսանդրապոլում սկսված բանակցությունները կհանգեն երկու կողմերի փոխադարձ շահերը ապահովող ելքի”:

Հենց այսօր էլ, եթե Թուրքիան սահմանը բացի, կարող ենք գնացքներ ընդունել ու ճանապարհել՚:

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

—–

Հարցրեք այս հատորը՝ Թաթուլ Հակոբյանի «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև. 2020-ի հայկական աղետը» գրքի 4-րդ հրատարակությունը, Երևանի Նոյյան Տապան, Բուկինիստ, Զանգակ, Արթբրիջ և Էպիգրաֆ գրախանութներում:

Այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից՝ նրա ստորագրությամբ:

Հայացաք Արարատից. արևելեահայերնՀայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ: