Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Բուլղարիայի դիրքը Հայաստանի հանդեպ. 1918 թ

2967

Հատվածներ Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյանի օրագրությունից, որը վերաբերում է Հայաստանի հանդեպ Քառյակ Միության երկրների՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի դիրքին:

——————————————————

Գերմանացի զորավար Ֆոն Լոսովի առաջարկով հայ դատը պաշտպանելու համար Բեռլին էին մեկնել Համո Օհանջանյանն ու Արշակ Զուրաբյանը: Երբ Տրապիզոնի անհաջող բանակցություններից հետո սկսվում էին Բաթումի բանակցությունները, դրան, թուրքերից բացի, պետք է մասնակցեին նաև Քառյակ զինակցության մյուս անդամները (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա), որոնցից սակայն միայն գերմանացիները ուղարկեցին ներկայացուցիչ՝ զորավար Ֆոն Լոսով:

Բաթում եղած ժամանակ հայ բանագնացները Միքայել Պապաջանյաի գլխավորությամբ տեսնվել էին նաև գերմանական ներկայացուցիչ զորավար Ֆոն Լոսովի հետ և վերադառնալով Թիֆլիս Հայոց Ազգային խորհրդին հաղորդում են նրա առաջարկները հայերի գործելակերպի մասին:

Նրա առաջարկներն էին.

  1. Մի պատվիրակություն ուղարկել Բեռլին,

2. Պոլիս մարդ չուղարկել,

3. Անջատ պայման թուրքերի հետ չկապել,

4. Թուրքերի օկուպացիային չխանգարել,

5. Հայաստանի անկախություն հայտարարել,

6. Ոչ մի կապ հայերի, թուրքերի, վրացիների:

Բեռլինի հայ պատվիրակությունը, որ սկզբում սիրալիր ու բարեկամական ընդունելություն գտավ դիվանագիտական շրջանակների կողմից և խոստումներ էին լինում օգնության հասնելու թուրքի ճիրաններում գալարվող ու մեռնող հայությանը, ոչ մի իրական քայլ չարվեց այս ուղղությամբ և հետզհետե բոլորովին դադարեցին հետաքրքրվելու հայերով և մինչև իսկ հասկացրեց, որ պատվիրակության ներկայությունը ավելորդ է Բեռլինում:

Ֆոն Լոսովը, ինչպես հայտնի է, առաջինն էր խորհուրդ տվողը, որ հայերը անկախություն հայտարարեն և պատվիրակ ուղարկեն Բեռլին: Օգոստոսին և սեպտեմբերին նրանք հայտնում են, որ շատ են ցավում հայերի կացության համար, բայց ոչինչ չեն կարող անել, որովհետև չեն կարող թուրքին պատերազմ հայտարարել հայերի համար, իսկ բարեկամաբար ոչինչ հնարավոր չէ անել: Ուստի հայ պատվիրակությանը խորհուրդ են տալիս Ավստրիային դիմել, որ թերևս կարողանա հայերին պաշտպանել՝ զորք ուղարկելով:

Կ. Պոլսում Ավստրո-Հունգարիայի զինվորական կցորդ, զորավար [վիցեմարշալ] Յոզեֆ Պոմյանկովսկու թելադրությամբ հրահանգ տրվց Բեռլինի պատվիրակ Համո Օհանջանյանին Վիեննա շտապել՝ տեսնվելու [Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարար (1918թ. ապրիլի 14-ից հոկտեմբերի 24-ը), բարոն Իշտվան ֆոն] Բուրիանի հետ, որ ուղղակի հայտարարել էր, թե իրենք կպաշտպանեն հայերին ու Հայաստանը:

Ավստրիայում դիվանագետները սկզբում մեծ հետաքրքրություն և բարյացակամություն էին ցույց տալիս Հայաստանի և հայերի հանդեպ, բայց որքան ավելի մոտից շոշափեցին թուրքերի գաղափարները և տեղեկացան նրանց տրամադրություններին, այնքան ավելի հետ քաշվեցին և վերջապես հայտարարեցին, որ Թուրքիային հակառակ ոչինչ անել չեն կարող:

Զորավար Պոմյանկովսկին այսպես էր արտահայտվում հայ պատվիրակներին. «Մենջ միջոց չունենք Թուրքիայի վրա ազդելու: Թուրքիան իբրև դաշնակից մեզ պետք է: Ահա թե ինչու պետք է այնպիսի կերպով զորք ուղարկել, որ նրանց դժգոհություն պատճառենք: Եր արդեն այս ուղղությամբ սկսել եմ խոսել Էնվեր փաշայի հետ»:

Սակայն զորավար Պոմյանկովսկին երբեք չկարողացավ գտնել այն միջոցը, որով հաջողեր զորք ուղարկել Հայաստան՝ առանց զինակից Թուրքիային տհաճություն պատճառելու:

Բուլղարիայի մասին ավելորդ է խոսել: Նրա միջամտությունը ոչ միայնպլատոնական սիրային խոսքերից անդին չէր անցնում, այլև իր՝ Թուրքիայի հետ ունեցած խնդիրներն իր շահերին համապատասխան կերպով կարգավորելու համար պատրաստ էր նպաստելու Կովկասում թուրքական քաղաքականությանը:

Այսպես, ուրեմն, 1918-ի օգոստոսի վերջին հայկական պատվիրակությունը հուսահատության էր մատնված:

Հայկական պատվիրակությանը մնում էր թուրքերի հետ ուղղակի կարգավորել իր հարցերը:

Եվրոպական պետությունների կողմից լքված հայկական պատվիրակությունը, հիմք ընդունելով Էնվեր փաշայի նախապես քանիցս արած զինակցության առաջարկը, որոշում է ուղղակի թուրքերի հետ համաձայնության գալ և բանաձևում է հետևյալ առաջարկները.

1. Ռուս-Գերման լրացուցիչ դաշնագրությունը, որով ընդունված է միայն Վրաստանի անկախությունը, պատվիրակությունը ասում է. «Մեզ անհասկանալի է՝ ինչու Հայաստանը և Ադրբեջանը նույնպես չեն ճանաչվել»:

2. Մենք Էնվեր փաշայի առաջարկության համեմատ համաձայն ենք entente կազմել Թուրքիայի հետ՝ առանց գործածելու մեր զորքը նրանց թշնամիների դեմ, որպեսզի Թուրքիան կատարյալ վստահությամբ ապահովված ունենա թիկունք և երկաթուղին:

3. Խնդրում ենք վստահեցնել, որ Թալեաթ փաշան Բեռլինում պետք է պաշտպանի մեր անկախությունը:

4. Այս բոլորով հանդերձ, մենք պնդում ենք մեր երկրի ընդարձակման վրա, որ մենք ցույց ենք տվել մեր պահանջներում:

Աստվածատուր Խաչատրյան, «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները», Հայաստանի ազգային արխիվ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, Երևան, 2010, էջ 117-121: