Շողակաթ (Նադեժդինո, Շորժա) գյուղի բնակչությունը 1831-1931-ին. ուգրո-ֆինն մորդվաները Հայաստանում

2297

Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում, Սևանի ափին գտնվող Շողակաթ գյուղում, ավելի քան 200 տարի բնակվում են ուգրո-ֆինն լեզվաընտանիքի անդամ մորդվաները:

Մորդվաները Սարանսկ մայրաքաղաքով հանրապետություն ունեն Ռուսաստանի Դաշնության կազմում:

1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով հայերն ու մորդվաները թվաքանակով զբաղեցրել են 10 և 11-րդ տեղերը, հայերը՝ 1 միլիոն 567 հազար 568 հոգի, մորդվաները՝ 1 միլիոն 340 հազար 415 հոգի:

Ինչպես ռուս մոլոկանները, այնպես էլ մորդվաները Հայաստան են աքսորվել 19-րդ դարի առաջին տասնամյակներում:

Նախկինում Շողակաթն ունեցել է Նադեժդինո, Շորալի, Շորժալի, Շորժա անվանումները: Շորժա է անվանվել մինչև 1932 թվականը, իսկ 2017-ին վերանվանվել է Շողակաթ:

Նախկինում մտել է Դիլիջանի գավառի մեջ, ապա Ճամբարակի շրջանի մեջ, երբ ձևավորվել է այն Կրասնոսելսկ անունով 1937թ դեկտեմբերի 31-ին:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 1930 մետր բարձրության վրա, Երևանից 110 կիլոմետր հեռու:

Սկզբում Նադեժդինոն բնակեցված էր մորդվաներով, ապա 1890-ական թթ. այստեղ հաստատվեցին նաև մի քանի հայ և թաթար՝ ադրբեջանցի ընտանիքներ: Խորհրդային տարիներին ադրբեջանցիների թիվը ավելացավ, իսկ 1988-ի վերջերից, երբ ադրբեջանցիները հեռացան Խորհրդային Հայաստանից, գյուղի հիմնական բնակչություն դարձան հայերը:

Մի քանի մորդվա ընտանիք շարունակում է բնակվել գյուղում:

Շողակաթ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1831 թվական – 140 հոգի, բոլորը՝ իսլամ,

1873 թվական – 311 հոգի, բոլորը՝ այլ,

1886 թվական – 226 հոգի, բոլորը՝ այլ,

1897 թվական – 308 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 7՝ հայ, 21՝ իսլամ, 280՝այլ, 

1904 թվական – 429 հոգի,

1914 թվական – 581 հոգի, ըստ Կովկասյան օրացույցի,

1914 թվական – 448 հոգի, ըստ արխիվային տվյալների,

1916 թվական – 408 հոգի,

1919 թվական – 442 հոգի,

1922 թվական – 500 հոգի, որից թրքո-թաթար՝ 6, այլ՝ 494,

1926 թվական – 469 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից մորդվա՝ 432, թուրք՝ 31, 6՝ հայ,

1931 թվական – 446 հոգի, որից հայ՝ 8, թուրքական խումբ՝ 42, այլ՝ 396:

Լուսանկարում՝ Շորժայի ափը

https://www.aniarc.am/2018/08/26/dilijan-region-1831-korkotian/