Մշտական բարեկամ և մշտական թշնամի. Ռաֆայել Իշխանյան

2481

Նախաբան- Ռաֆայել Իշխանյանը այս հոդվածը գրել 1989-ին: Հոդվածը կրում է “Մշտական բարեկամի և մշտական թշնամու հարցը” վերնագիրը: Այն ներկայացնում ենք կրճատումներով: Հոդվածի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ Իշխանյանի “Երրորդ ուժի բացառման օրենքը” գրքում (էջ 26-31):

Առհասարակ քաղաքական տհասության նշան է մշտական բարեկամ և մշտական թշնամի ունենալու գաղափարը: Ոչ մի լուրջ քաղաքական կամ պետական գործիչ, ոչ մի փորձառու պետություն այդպիսի գաղափարով չի առաջնորդվել և չի առաջնորդվում, քանի որ այդ սկզբունքը ազգը տանում է դեպի փակուղի, նրա ղեկավարներին զրկում է ազատ գործելակերպից, կապում է նրանց ոտքն ու ձեռքը: Ազգը հավատալով մի մշտական, այն էլ հզոր բարեկամի գոյությանը, նրան համարելով նաև իր մշտական հովանավորը, կորցնում է իր ստեղծագործական ուժերը, ազգային ինքնությունն ու նախաձեռնությունը, դառնում է ստրկամիտ և ստրուկ:

Նրանք, ովքեր հայերի մշտական բարեկամ են համարում Ռուսաստանը, պետք է լավ իմանան, որ նախ ինքը՝ Ռուսաստանը, ռուսական որևէ քաղաքական կամ պետական գործիչ, ռուսներն ընդհանրապես հայերիս երբևէ մշտական բարեկամ չեն համարել ու չեն համարում և առհասարակ առաջնորդվել են “Ռուսաստանը չունի մշտական բարեկամներ” բանաձևով:

Ռուսաստանը շատ տարիներ պատերազմել է Թուրքիայի դեմ, իսկ հիմա բարեկամական ջերմ հարաբերություններ ունի այդ պետության հետ:

Մոսկվան իր շահերն ունի և կրկնում եմ, չունի և չի ունեցել մշտական բարեկամ և մշտական թշնամի, մեր բանաստեղծուհիները , բանաստեղծները, գրականագետները, պատմաբանները և քաղաքական այլ դիլետանտներ լավ կանեն քաղաքական դասեր սովորեն հենց Մոսկվայից, նաև այլ պետություններից ու պատմությունից, և վերջապես ազատվեն մշտական բարեկամի և մշտական թշնամու հայկական հալումաշ անող հիվանդությունից:

Անմտություն է ասել նաև, թե հայ ժողովուրդը իր ընտրությունն արել է հօգուտ Ռուսաստանի: Ո՛չ, սիրելիներ, այդպիսի ընտրություն չի եղել, Ռուսաստանն ինքն է եկել Կովկաս ու Հայաստան: Ինքը եկել է, ինքն էլ կարող է գնալ, դա Ռուսաստանի քաղաքականությունն է՝ կապված նրա շահերի հետ, և հօգուտ հայերի Ռուսաստանն իր շահերից չի զիջել և երբեք չի զիջի: Մենք չէ, որ պետք է ռուսական բազմափորձ պետությանը սովորեցնենք, թե ինչն է իրեն օգուտ, ինչը՝ վնաս, նա շատ լավ գիտի իր օգուտն էլ, վնասն էլ, և միշտ շարժվել ու շարժվում է մշտական բարեկամ և մշտական թշնամի չունենալու սկզբունքով:

Նույնը վերաբերում է Թուրքիային, որը նույնպես երբեք չի առաջնորդվել մշտակա բարեկամ և մշտական թշնամի ունենալու սկզբունքով:

Մի բան հաստատ է, որ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ մեր մշտական հարևաններն են: Սա անկասկած է: Նրանք այս կողմերից հեռանալու միտք չունեն: Ես ուզում եմ, որ մենք էլ այդպիսի միտք չունենանք, և մեր ամոթն ու խայտառակությունն է, որ այսօր հայերը զանգվածաբար փախչում են Հայաստանից:

Ե՞րբ պետք է վերջապես հասկանանք, որ հայերը, իրոք որ աշխարհում երբևէ չեն ունեցել և հիմա էլ չունեն և չեն կարող ունենալ մշտական բարեկամ և մշտական թշնամի: Որ մենք՝ հայերս պետք է նվիրված լինենք մեր ազգային շահերին ու ոչ թե կարծեցյալ բարեկամների: Այս տարրական ճշմարտությունը հասկանալով է, որ ինքնուրույն, անկախ ազգ կդառնանք, կհզորանանք, անպարտ կլինենք:

Նկարում՝ մշտական բարեկամ Վլադիմիր Պուտինը (Ռուսաստանի նախագահ) և մշտական թշնամի Ռեջեփ Թայիփ Էրդողանը (Թուրքիայի նախագահ)