Կամավորական շարժումները եթե չլինեին, թուրքահայ ժողովրդի վիճակը գուցե ա՛յլ կլիներ

2263

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է մաս-մաս ներկայացնել երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունը:

Քաջազնունին պնդում է, որ Դաշնակցությունը Անդրկովկասում բոլոր կարևոր քաղաքական դեպքերի ժամանակ «եղել է ոչ այնքան հեղինակ ու նախաձեռնող, որքան հետևող այն շարժումների, որոնք առաջ են եկել իրենց անկախ»: Այսպես է եղել Դաշնակցությունը եկեղեցական կալվածքների գրավման պատճառով առաջացած ըմբոստ ցույցերի ժամանակ (1903թ.), այսպես՝ հայ- թաթարական ընդհարումների ժամանակ (1905-1906), այսպես՝ կամավորական շարժման ժամանակ (1914-1916), այսպես և հակաբոլշևիկյան հեղափոխության ժամանակ (1921թ. փետրվար):

Ճի՞շտ է այս պնդումը: Ճի՞շտ է, որ այս բոլոր շարժումներն առաջ են եղել Դաշնակցությունից անկախ և նա միայն շարժման հետևից է գնացել:

-Ոչ, ճիշտ չէ, պիտի պատասխանեմ ես:

Այս շարժումները սերտորեն կապված են Դաշնակցության հետ նախ այն պատճառով, որ այն հոգեբանությունը, «որով սնվել է հայ ժողովուրդը առնվազն մի քառորդ դար, մի ամբողջ սերունդ» և որը ընկած էր այդ բոլոր շարժումների հիմքում, գալիս էր Դաշնակցություից և միմիայն նրանցից: Դաշնակցությունն էր ներշնչել հայ ժողովրդին իր ազգային-մշակութային արժեքների գիտակցությունը, Դաշնակցությունն էր հրահրել հայ ժողովրդին ինքնապաշտպանության բնազդները, վերջապես՝ Դաշնակցությունն է բոցավառել Թուրքահայաստանի ազատագրության՝ հայ մարդկանց մտքերը, ապա նաև՝ Հայաստանի անկախության գաղափարներով. այդ պատճառով էլ այս շարժումներից ո՛չ մեկը չի կարող նկատվել Դաշնակցությունից դուրս, նրանից անկախ:

Այնուհետև՝ այդ շարժումներից երեքի ժամանակ, Դաշնակցությունը եղել է զանգվածների տրամադրության նախաձեռնող և ոչ թե հետևող:

Կալվածների գրավման վերաբերյալ կառավարական կարգադրությունից շաբաթներ էին անցել, բայց հայ հասարակությունը կենդանության նշաններ չէր ցույց տալիս: Ազգային շրջանակներում զգում էին, որ մի վատ, մի վտանգավոր բան է կատարվում մեր մշակութային ինքնուրույնության դեմ: Բայց թե ի՛նչ պետք է անել դրա առաջն առնելու համար՝ չգիտեին, շվարել-մնացել էին, կամ, լավագույն դեպքում, «առ ոտս նորին կայսերական մեծության» աղերսագրեր ղրկելու մասին էին խորհում: Օրինական (լեգալ) հայ մամուլը, որ այն ժամանակ պաշտոնական հասարակական կարծիքի ղեկավարն էր, բավականացավ միայն կայսերական հրամանն ու կառավարական հաղորդագրությունը արձանագրելով, որովհետև այդ էին թելադրում գրաքննական պայմանները: Գալով ժողովրդական զանգվածներին, նրանք մեծ մասամբ անգրագետ և անհաղորդ քաղաքական իրադարձություններին՝ միանգամայն անտարբեր դրության մեջ էին գտնվում:

Եվ այս շվարուն, տարտամ և անտարբեր դրությունն անկասկած կհարատևեր կամ շատ չնչին հուզումներով  կվերջանար, եթե ասպարեզ չնետվեր Հ. Յ. Դաշնակցությունը: Դաշնակցության հրաշունչ թռուցիկները, նրա գործակալների կոչը՝ զանգածային ցույցերով և բացահայտ ըմբոստությամբ պատասխանելու ցարական հրամանին, կոմիտեների առաջ անցնելը և կուսակցության մարտական ձեռնարկները իսկական հեղաշրջում առաջ բերին ժողովրդի տրամադրության մեջ, որից հետո միայն տեղի ունեցան այն հոյակապ շարժումները, որոնք ամբողջ քաղաքակիրթ աշխարհի զարմանքին և հեղափոխական Ռուսաստանի հիացմունքին արժանացան…

Հայ-թաթարական ընդհարումների խնդրում Դաշնակցությունը, իբրև մի հեղափոխական կուսակցություն, բնականաբար նախաձեռնող կարող էր հանդիսանալ միայն հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու իմաստով: Եվ Քաջազնունին հազիվ թե անգիտանա, ինչպես և չի անգիտանում մեր հակառակորդներից ոչ ոք, որ այդ գործում ամեն տեղ, կամ գրեթե ամեն տեղ, նախաձեռնողը եղել է Դաշնակցությունը: Դեռ ավելին կասեմ: Դաշնակցությունը ոչ միայն նախաձեռնեց ինքնապաշտպանության գործը, այլև այն բոլոր վայրերում, ուր նրա հեղափոխական քարոզը չէր թափանցել և ժողովուրդը պատշաճ եռանդ չէր ցույց տալիս իր պատիվը, կյանքն ու գույքը պաշտպանելու՝ բռնի միջոցների դիմեց ժողովրդին ինքնապաշտպանության հարկադրելու համար:

Գանք կամավորական շարժմանը: Այս խնդրում Քաջազնունին դեպքերը հետևյալ կարգով է ներկայացնում. Դաշնակցության Ընդհանուր ժողովը (Էրզրում, 1914թ.) որոշում է այդպիսի գործեր չձեռնարկել, սակայն որովհետև ժողովրդական զանգվածները տարված էին այդ գաղափարով, Հ. Յ. Դաշնակցության Անդրկովկասի մարմիններն ու անհատ գործիչները, հակառակ գնացին կուսակցության գերագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի կամքին և նետվեցին այդ շարժման մեջ:

Թող ներվի ինձ ասել, որ դեպքերը մի քիչ այլ կերպ տեղի ունեցան:

Համաշխարհային պատերազմի սկզբին ես գտնվում էի Թիֆլիսում՝ իբրև «Հորիզոն» թերթի խմբագիր և Դաշնակցության Արևելյան Բյուրոյի անդամ: «Հորիզոն»-ն այդ ժամանակ մեր կուսակցական մտավորականության և համակիր տարրերի ժամադրավայր էր, իսկ Բյուրոն, բնականաբար, կուսակցական կյանքի կիզակետը: Այնպես որ, բավականաչափ տեղյակ եմ այդ ժամանակվա տրամադրություններին ու գործերին:

Պատերազմի սկզբից ևեթ, ինչպես մեր Էրզրումի ընկերները, նույնպես և մենք համոզված էինք, որ Թուրքիան պիտի դուրս գա Ռուսաստանի դեմ: Դրա հետ միասին, մասնավորապես մենք՝ Անդրկովկասի դաշնակցականներս, համոզված էինք, որ թուրքահայերին պիտի կոտորեն: Ինչի՞ վրա էին հիմնվում այս համոզումները, կամ՝ ինչո՞վ պատճառաբանվում, այս րոպեին չեմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ նրանք ընդհանուր էին ամենքիս մեջ:

Այս համոզումներից, և երբե՛ք որևէ քաղաքական կամ այլ տեսակի հաշիվներից մղված, Դաշնակցության Արևելյան Բյուրոն Թուրքահայոց խնդիրը Համաշխարհային պատերազմի առաջին թե երկրորդ օրը, դրեց սեղանի վրա:  Նկատի ունենալով, որ խնդիրը «ծանրակշիռ է և ամենալուրջ հետևանքներով հղի», որոշվեց նիստեր ունենալ «Բյուրոյի ուժեղացրած կազմով», այսինքն՝ Կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչների և կուսակցությունում պատասխանատու դեր կատարող կամ կատարած ընկերների մասնակցությամբ:

Այդ նիստերի ժամանակ էր ահա, որ առաջին անգամ արծարծվեց կամավորական խմբերի խնդիրը: Դեռևս հրապարակում ոչ մի լուրջ նշան չկար, որ զգացնել տար զանգվածների տրամադրությունները, և, թեկուզ անուղղակի կերպով, մեզ ենթարկեր այդ տրամադրությանը: Չկար նաև Ընդհանուր ժողովի որոշումը: Մեր պատգամավորները ուշ վերադարձան, որպեսզի մենք մեր խորհրդակցությունների ժամանակ կարողանայինք հաշվի առնել այն:

Երկար խորհրդակցություններից և վեճերց հետո Արևելյան Բյուրոն, իր ուժեղացրած կազմով եկավ այն եզրակացության, որ պետք է կազմել կամավորական խմբեր: Այդ խմբերին մենք որևէ քաղաքական դեր չէինք տալիս: Չէինք էլ ենթադրում, թե նրանք պետք է օրգանապես կապված լինեին ռուսական զորամասերին: Մենք մտածում էինք, թե նրանք ազատ պարտիզանական խմբեր պիտի լինեն, որոնք ռուսների թույլտվությամբ և աջակցությամբ պիտի անցնեին թուրքական բանակի թիկունքը և այնտեղ, ցրվելով մեր ժողովրդի մեջ, կազմակերպեին նրա ինքնապաշտպանության գործը:

Մեր ռազմական հաշիվները սխալ էին անշուշտ, և այս ահավոր վերիվայրումների ժամական ո՞ր ռազմագետը անսխալ դուրս եկավ: Սական այստեղ խնդիրը այդ չէ, այլ այն, որ կամավորական շարժման որոշումը մենք կայացրինք ոչ թե մասսաների տրամադրության հետևից, այլ առաջից գնալով:

Բյուրոն այս որոշումը հաղորդեց պատկան մարմիններին և մարտական ուժերի ղեկավարներին: Շարժումը սկսվեց անսպասելի արագությամբ: Ժողովրդական և գլխավորապես դաշնակցական զանգվածները, որոնք, բացի մեկ երկու աննշան դեպքից կուսակցության որոշմանն էին սպասում արտահայտվելու համար, գործի անցան, և այսպիսով կազմակերպեց կամավորական շարժումը:

Գործն այս դրության մեջ էր ահա, որ վերադարձան Էրզրումից մեր պատգամավորները և բերին մեզ Ընդհանուր ժողովի որոշումները: Սակայն, բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդ որոշումը ոչ ոքի կամ գրեթե ոչ ոքի մտածողության վրա չազդեց: Մենք չկարողացանք ազատագրվել այն մտքից, թե թուրքահայերի կոտորածն ամեն պարագայի տակ անխուսափելի է, ինչպես և չկարողացանք հաշտվել այն մտքի հետ, թե իրավունք ունեինք ձեռքներս ծալած սպասել կոտորածի օրերին… Մեր պատգամավոր ընկերեներն էլ, որքան հիշում եմ, շատ թույլ  կերպով պաշտպանեցին այն միտքը, թե կարելի է փրկել թուրքահայերին՝ կամավորական շարժումը կասեցնելով:  Այսպիսով որոշվեց՝ ապագա Ընդհանուր ժողովի առաջ պատասխանատվություն ստանձնելով՝ դեմ գնալ Էրզրումի Ընդհանուր ժողովի որոշմանը:

Գուցե այս որշումը սխալ էր, գուցե կամավորական շարժումները եթե չլինեին, թուրքահայ ժողովրդի վիժակն ա՛յլ  կլիներ: Քաջազնունին այսպիսի հարցեր դնելը համարում է պարապ բան: Ես պարապ բան չեմ համարում և մեկ այլ կապակցության մեջ կանդրադառնամ այդ հարցերին: Այստեղ մեզ համար կարևոր էր պարզել միայն մի խնդիր և այդ այն է, որ Դաշնակցության Անդրկովկասյան մարմինները և անհատ գործիչները գործուն մասնակցություն ունեցան կամավորական շարժման մեջ ոչ թե «ի միջի այլոց (ու մասնավորապես) այն պատճառով, որ վարակվել էին զանգվածային տրամադրություններից, տարվել էին տարերային հոսանքով», ինչպես պնդում է Քաջազնունին , այլ որովհետև նրանք այդ անհրաժեշտ էին համարում թուրքահայ ժողովրդի փրկության համար:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ այն մեկնությունը, որ Քաջազնունին տալիս է Դաշնակցության մասնակցությանը կալվածական ըմբոստություններին, հայ-թաթարական ընդհարումներին և կամավորական շարժմանը, չի համապատասխանում իրականությանը: Այդ բոլոր դեպքերում էլ Դաշնակցությունը ոչ թե ենթարկվել է մասսաների տրամադրություններին, այլ հրահրել է նրանց մեջ համապատասխան տրամադրություններ և այդ անելուց հետո ղեկավարել նրանց շարժումները:

Ճիշտ է, այդ տրամադրությունները պոտենցիալ կերպով եղել են նոր սերնդի մեջ և այդ պատճառով էլ Դաշնակցությունն ընդհանրապես, մի քանի դեպքերի բացառությամբ, մեծ դժվարությունների չի հանդիպել ժողովուրդը ոտքի հանելու համար: Բայց դա ապացուցում է միայն, որ վերոհիշյալ ժողովրդական շարժումներից առաջ Դաշնակցության կատարած հեղափոխական  աշխատանքն ապարդյուն չի անցել և ոչ թե ժխտում Դաշնակցության նախաձեռնությունն այդ շարժումներում: Մի՞թե կարելի է մեղադրել երկրագործին կամ նսեմացնել նրա կատարած գործի արժեքն այն պատճառով, որ նրա ցանած սերմերը հաջողությամբ աճել և առատ հունձ են տվել…

Շարունակելի