Հայ ժողովրդային արյունահեղ ցույցը Կ. Պոլսում. Գում Գափուն` օրվա մամուլում. 1890

1794

ԾԱՆՈԹ.Հայկական իրականության մեջ առաջին քաղաքական ցույցը, կարելի է ասել, կազմակերպել է Հնչակյան կուսակցությունը՝ եվրոպական պետությունների ուշադրությունը Հայկական հարցի վրա սևեռելու ակնկալիքով: 1890 թվականի հուլիսի 15-ին ընդդեմ սուլթանական կառավարության քաղաքականության կազմակերպված բողոքի ցույցին, որը կազմակերպել և ղեկավարում էին Հարություն Ճանկյուլյանը, Համբարձում Պոյաճյանը և այլ հնչակյան առաջնորդներ, մասնակցել է մոտ 5000 հայ:

Հնչակյանները Պոլսի Հայոց Խորեն Աշըգյան պատրիարքին ստիպեցին, որ նա ևս մասնակցի ցույցին: Երբ ցուցարարները Գում Գափուից շարժվեցին դեպի սուլթանի պալատ, տեղի ունեցավ բախում ոստիկանության հետ, եղան զոհեր և վիրավորներ: Այս ցույցից հետո Օսմանյան իշխանությունները ավելի ուժեղացրին ճնշումները հայերի նկատմամբ:

Ներկայացնում ենք Հնչակյան կուսակցության «ՀՆՉԱԿ» թռուցիկ թերթի հրապարակումը Գում Գափուի ցույցի մասին:

«ՀՆՉԱԿ»Ի ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹ՝ ԳՈՒՄ-ԳԱՓՈՒԻ ՑՈՅՑԻՆ ԱՌԹԻՒ

ՀԱՅ  ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ  ԱՐԻՒՆԱՀԵՂ  ՑՈՅՑԸ  Կ. ՊՈԼՍՈՒՄ

Օգոստոս 1 – 20 Յուլիս, 1890

Ահա՛ եւ ԳՈՐԾԸ, որ տարիներից ի վեր այնպիսի սրտատրոփ կերպով սպասում և ըղձում էր հայ մարդը:

Ահա՛ եւ կենդանի, վսեմ ու յանդուգն յեղափոխական խօսքը վերածուած իրեն համապատասխան կենդանի, վսեմ ու յանդուգն գործի:

15 Յուլիսը բացում է նոր դարագլուխ հայոց պատմութեան մէջ, մկրտելով այդ դարագլուխը հայկական արիւնով: Եւ այդ դարագլխի պատմութեան առաջին էջերը արիւնոտ տառերով կ’արձանագրեն հայերի նահատակութիւնն ու նրանց սուրբ պատերազմի սկիզբը յանուն ազատութեան:

15 Յուլիսը, երբ հայ մարդն առաջին անգամ գիտակցաբար հոսեցնել տուեց իր արիւնը յանուն իր բարօրութեան ու ազատութեան, նմանում է այն արշալոյսին, երբ արեւելեան երկինքն արիւնագոյն կրակով է վառւում, որպէս հրդեհ, խոստանալով պայծառ օր:

15 Յուլիսին բռնապետների Բիւզիանդիոնում առաջին անգամ հայերի ձեռքը վեհաբար ծածանեցաւ յեղափոխական կարմիր դրօշակը, իբրեւ աւետիս հայ ժողովրդի ապագայ երանութեան եւ մահատու նշան թիւրքական բռնապետութեան ու հայկական ստրկութեան:

Ոտք՜ի է կանգնում, ոտքի՜ է կանգնում հայ ժողովուրդը – վեհ, քաջ ու խրոխտատեսիլ, եւ մարտական բարձր գոչիւնով հանդիսանում դէմ առ դէմ իր վայրենի թշնամուն եւ իր սոսկատանջ կուրծքը դէմ տալով կրակին, ազատութեան անունը տալիս եւ նզովում ստրկութիւնը երկար դարերի ընթացքում անդադար աճող թունալի, ժահրոտ ու խիստ նզովքով:

Եւ հայ ժողովուրդը սկսում է իր ԳՈՐԾԸ, սկսում է ազատութեան պատերազմը ո՛չ իբրեւ հօտ խառն ու անկարգ, առանց հովիւի, ո՛չ իբրեւ բուռն հողմ, որ հեռուից հասնելով, կատաղաբար յուզում, փրփրեցնում, ալեկոծում է ծովը, կործանում նաւեր եւ յետոյ անհետ դադարում: – Ո՛չ:

Այլ նա, բանիմաց յեղափոխականների ղեկավարութեամբ, սկսում է իր վսեմ մարտը կանխապէս վճռած՝ թէ ինչ պիտի լինի իր այդ օրուայ նպատակը, թէ ինչ կերպարանք պիտի կրէ իր այդ օրուայ առաջին յեղափոխական ցոյցը եւ թէ ինչ միջոցների պիտի դիմել, եթէ թշնամին արգելք հանդիսանայ:

Իր նախագիծը – նա իրագործեց. իր այդ օրուայ նպատակին – նա հասաւ, եւ իր ցոյցին տալով վեհ, խրոխտ, փառաւոր, բազմամարդ կերպարանք, նա գիտցաւ ապացուցել գործով, որ կայ հայ յեղափոխական Կուսակցութիւն, որը հաստատ ու ճիշդ ուղղութեամբ գործում է եւ որին աջակից ու ընկեր է նոյն ինքը՝ ժողովուրդը:

Պատրիարքական մայր եկեղեցու զանգակների ղօղանջիւնը նա ծառայեցրեց նրանց իսկական նպատակին. – փոխարէն աղօթքի, նա այդ ղօղանջիւնով պատերազմի կանչեց: Ճշմարտութեան թարգման ու ազատաշունչ ատենաբանութեամբ նա, իր առաջնորդներից մէկի շրթներով, Բիւզանդիոնի երկնքի տակ, բիւրաւոր բազմութեան առջեւ յայտարարեց ամբողջ հայ ժողովրդի թշուառութիւնը, նրա պահանջները ներկայացրեց, Էրզրումի նշանաւոր շարժման առթիւ նախագծուած այդ օրուայ մեծ ցոյցի իմաստը բացատրեց, հայ «կառավարիչ» մարմինների ստորութիւնն ու ստրկութիւնը հայ բանողի կոշտացած ձեռով ապտակեց եւ թիւրք կառաւարութեան վայրենի բռնութիւններն ու հալածանքները սեւամած գոյներով մերկացրեց:

Այնուհետեւ նա թիւրքահայերի «պետին», վախկոտ պատրիարքին, դուրս հանեց մութ անկիւնից, ուր նա թաքնուած էր փախչելով, եւ հրամայեց նրան երթալ միասին սուլթանին եւ ներկայացնելով այդ ատենաբանութեան գրաւոր պատճէնը, պահանջել Բիւզանդիոնի բռնապետից հայ ժողովրդին հանգիստ ու բարօրութիւն:

Բայց ի՜նչ. նրա ճանապարհը կտրեցին թիւրքական զօրքերը եւ նա, որ վճռել էր ամենայն արգելք խորտակել, թիւրքի հարուածներին նա մահատու հարուածներով պատասխանեց, բոցն ու սուտը, աղաղակն ու պայթիւնը միախառնուեցան, մինչդեռ այդ սոսկալի ու արիւնահեղ ընդհարման ժամանակ

«Լոկ իբըր փարոս մէկ աւետաբեր,

«Նրա դրօշակն այնտեղ մենակ ծածանւում…»

Եւ նա, Կ. Պոլսի հայ բանող ժողովուրդը, ոչ միայն իր յախուռն բազմութեամբ, իր մեծ ցոյցով, ո՛չ միայն այն ազատաշունչ ատենաբանութեամբ, այլ եւ, երբ հարկը եղաւ, ազատութեան բիւրաձայն աղաղակներով, այլ եւ սեփական արիւնով, ամբողջ աշխարհի յանդիման, վաւերացրեց իր իրաւացի պահանջները, յայտարարելով նրանց սուլթանին ու դրան վկայ ունենալով ամբողջ Եւրոպային:

Այդ մեծ ցոյցի նախաձեռնողները լուրջ ու բանիմաց կերպով իրագործեցին այն միտքը, որ յայտնել էինք «Հնչակ»ի այս տարուայ Յուլիս ամսի համարում Կարինի եւ Հայաստանի միւս արիւնահեղ շարժումների առիթով: Մեր յայտնած միտքը հետեւեալն էր. «Ամէն մէկ ընդհանուր թիւրքական զօրքերի հետ, ամէն մի կռիւ, ամէն մէկ ընդդիմութիւն կամ յարձակում նրանց վրայ պէտք է կանխապէս որոշուած ու տրամաբանուած լինի, պէտք է կանխապէս նախագծուած լինի»:

Այդ մտքի գործադրութեան փայլուն օրինակ յայտնուեցաւ Կ. Պոլսի մեծ ցոյցը:

Եւ թ՛ող, ուրեմն, հայ յեղափոխական Կուսակցութիւնը հայ ժողովրդի հետ միասին շարունակէ նմանօրինակ ցոյցերով ու շարժումներով հարկ եղած ժամանակը թնդեցնել գոռոզ Բիւզանդիոնի եւ որբ Հայաստանի օդը: Թո՛ղ այդպիսի միջոցներով, պատերազմ յայատրարած բռնապետութեան դէմ, նա վերակենդանութիւն տայ հայկական տկարացած ոգուն, արիացնէ հայի սիրտը, ազատութեան ու բարօրութեան համար հայի ունեցած ծարաւն աւելի սաստկացնէ, գրգռէ նրա թմրած ոգին: Թող այդպիսի կենդանի բարձր օրինակներով եւ մի եւ նոյն ժամանակ միշտ յեղափոխական ոյժերը կազմակերպելով, շարունակէ իր մարտը մինչ այն մեծ օրը, երբ միանգամից ամբողջ Հայաստանը կը ժայթքէ իր կրակն ու լաւան, որպէս վուլկան:

Թո՛ղ Կ. Պոլիս արիւնահեղ ցոյցը, այդ մեծ շարժումը լինի պատերազմի առաջին նշանը, մեծահնչիւն կոչնակը, որի ձայնին թիւրքահայ, ռուսահայ, պարսկահայ միանգամայն արձագանգ տան, ներկայ լինելով այնտեղ, ուր պատերազմի դաշտն է:

Եւ այն ժամանակ թո՛ղ դողայ գոռոզ պառաւ մարդակերը, թո՛ղ փրփրի նրա բերանը կատաղութիւնից եւ մոլեգնացած՝ հրամաններ արձակէ. «Խեղդե՜լ, ճնշե՜լ հայկական շարժումները». թո՛ղ եռան ու դուրս վիժեն նրա բռնապետական բոլոր ոյժերը. – դա կը լինի հայի ստրկական շղթաների կոտրատման օրը եւ նրա ազատութեան երանելի աւետիսը:

Կեցցէ՜ հայ ժողովուրդ:

Կեցցէ՜ հայ յեղափոխական Կուսակցութիւն:

Խմբ. «ՀՆՉԱԿԻ»

Աղբյուրը՝ «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութեան Համար», Ա. Հատոր , էջ 140-141