Ավետիք Իսահակյանի նամակը «Հայրենիքի» խմբագիր Արտաշես Չիլինգարյանին (Ռուբեն Դարբինյան). 1925թ օգոստոս

2879

«1925, Օգոստոս

Սիրելի Արտաշես,

Վաղուց է քեզ նամակ չեմ գրած: Այս տարի ամեն տարվա վրա քեֆս գեշ է: Պատճառները բազում են: Բայց բոլորը մի ակնաղբյուր ունեն` շատ երկար տեւեց ղարիբությունը, եւ ծերանում եմ ժողովրդից հեռու… եւ այլն եւ այլն: Մնալ չի լինում, գնալ չի լինում, ի՞նչ պիտի լինի սրա դեղը:

Ամեն տարի հույսերս մյուս տարվա վրա ենք ձգում եւ միշտ խաբվում: Այս վերջին տարին է, որ պիտի համբերեմ:Մյուս տարի այլեւս չեմ մնալու դուրսը. կամ Հայրենիք, կամ թափառել բոլոր լայնությունների վրա, բայց ավելի շուտ՝ Հայրենիք: Ասում են, որ լավ է, կարելի է ապրել, հաճելի է նույնիսկ, գնալ եւ սեփական աչքերով տեսնել իրականությունը:

Այստեղ է նկարիչ Սարյանը: Հաճախ տեսակցում ենք իրար: Բոլշեւիկ չէ: Պատմում է նրանց դրական ու բացասական կողմերն ու գործերը: Ասում է, որ խաղաղություն լինի, մի 5-6 տարուց հետո շատ լավ երկիր կլինի, թեեւ պզտիկ, բայց բարեկարգված: Հույս չունի, որ Կարսը եւ Սուրմալուն հետ գրավեն ռուսները, որովհետեւ ռուսները եւ նրա բաղկացուցիչ սովետները շատ ավելի թրքասեր են քան հայասեր, եւ հետո բոլշեւիկ զինվորը չի կռվի՝ Հայաստանի սահմանները մեծացնելու համար: Հույս չունի թե բոլշեւիզմը ընկնի, որովհետեւ, զինված կուսակցություն է եւ շատ խիստ ու սարսափեցնող ռեժիմ: Պետք է գիտնալ այս եւ մեր շահերը հարմարեցնել դրան: Հայրենասեր մարդ է եւ հասկանում է Դաշնակցության պահանջները…

Ստացա երեկ «Հայրենիք» ամսագրի թիվը: Միայն ոտանավորներ կարդացի դեռ եւ Շիրվանզադեի գրածը: Ոտանավորներից կային լավ բաներ Վազգեն Շուշանյանի կտորներից…

Ուղարկում եմ Սարյանի մասին գրածս «Հայրենիք» թերթի համար: Ամսագրի համար հետո կուղարկեմ. Հիմա այնպիսի շոգ է, տաք, որ անկարելի է պարապելը, ստվերի մեջ 30-32 աստիճան…

Համբույրներով եւ բարեւներով

քո` Ավետիք»։

Հ. Գ. Այս հոդվածը վերցրել ենք Edgar Pahlavuni (Էդգար Պահլավունի) ֆեյսբուքի օգտատիրոջ էջից