Ադրբեջանի հայտագիրը Հայաստանին. հունվար, 1920 թվական

1200

Ադրբեջանի արտգործնախարարը հետևյալ հայտագիրն է ուղարկել Հայաստանի արտգործնախարարին.

Ես հաղորդագրություններ եմ ստացել իմ կառավարությունից, որ հունվարի 19-ին հայկական կառավարության զորքերը զինված հրոսակախմբերի հետ միասին Զանգեզուրից հարձակողական գործողություններ են սկսել Շուշիի գավառի գավառի ուղղությամբ: Բնաջնջման են երթարկվում նրանց շարժման ճամբին գտնվող բոլոր մահմեդական գյուղերը, որոնցից ինը ավերվել են վերջին օրերս:

Բուռն բողոքելով դրա դեմ, անհրաժեշտ եմ համարում ձեզ հայտարարել հետևյալը. 1919 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի և Հայաստանի կառավարաւոյթւոնների միջև խաղաղության համաձայնություն ստորագրելուց անմիջապես հետո և դրան հաջորդող ժամանակում, հայ զորքերը ոչնչացրել են մոտ 40 մահմեդական գյուղեր Զանգեզուրի գավառի շրջանում:

Ներկայումս, երբ մենք Թիֆլիս եկանք՝ միջոցներ ձեռք առնելու նպատակով, որպեսզի դադարեցնենք փոխադարձ անիմաստ բնաջնջումները և հող պատրաստենք մեր ժողովուրդների ավելի սերտ մերձեցման համար, տեղեկություններ են ստացվում, որ հայկական զորքերը, ըստ երևույթին իրենց կառավարության որոշ ծրագիրը գործադրելով, դարձյալ սկսել են ոչնչացնել մահմեդական գյուղերը՝ բնակիչներին ենթարկելով տմարդի բնաջնջման:

Հայկական կառավարության կողմից իր ստանձնած հանձնառությունների այդպիսի անգիտացումը բոլորովին անարժեք դարձնելով արդեն կայացված համաձայնությունները, իմ կառավարությանը զրկում է հնարավորությունից հավատալու, որ ստեղծված փոխհարաբերությունները կարող են կանոնավորվել խաղաղ բանակցությունների միջոցով:

Մի անգամ էլ մատնանշելով Հայաստանի կառավարության այդպիսի գործողությունները, որ բացարձակապես անթույլատրելի են, կտրականապես պնդում եմ անմիջապես դադարեցնել հայկական զորքերի ագրեսիվ գործողությունները  և պարտք եմ համարում ձեզ տեղեկացնել, որ մահմեդական խաղաղ ազգաբնակության դեմ ռազմական գործողությունները չդադարեցնելու դեպքում, կառավարությունը ստիպված կլինի վճռական միջոցներ ձեռք առնել՝ պաշտպանելու իր քաղաքացիների կյանքն ու գույքը, դրանից առաջանալիք ամբողջ պատասխանատվությունը թողնելով հայկական կառավարության վրա:

Արտաքին գործերի նախարար

Ֆաթալի Խան Խոյսկի

Յառաջ, 30 հունվար, 1920թ., ուրբաթ, թիվ 21