«Հպարտությամբ կարող եմ ասել, որ հայաստանցի եմ». Սանան Գանտահարյան

1913

Առաջին անգամ Սանան Գանտահարյանին հանդիպել էի մոտ երեք տարի առաջ («Հայերն այսօրի» հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ), երբ դեռ ուսանում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում ու երազում՝ մեկ օր վերջնականապես հաստատվել Հայաստանում. «Ամենամեծ փափագս է, որ իմ երեխաները Հայաստանի մեջ ապրեն,  մեծանան և այստեղ դաստիարակվեն: Եվ որպես հայ մեծանալու համար՝ Սփյուռքում ամենօրյա պայքարի մեջ չլինեն»:

Մեր հանդիպումից երկու տարի անց՝ 2015 թվականի օգոստոսի 8-ին, Սանանը մարմին տվեց իր երազանքին և կատարեց իր կյանքի, թերևս, ամենակարևոր ու համարձակ քայլը՝ ամուսնացավ ու ընտանիք կազմեց Հայաստանում: Իր կյանքի նոր սկիզբը՝ խորհրդանշական ու անչափ գեղեցիկ, միախառնվելով հայրենիքի ճամփաներին՝ դարձավ Հայաստանում հաստատվելու  ամուր հիմքը, ինչի մասին Սանանն այսօր այնքան ուրախությամբ և հպարտությամբ է խոսում. «Փափագս իրականացավ (ինչի մասին պատմել էի մեր նախորդ զրույցի ժամանակ). անցյալ տարի ամուսնացա և արդեն իմ ընտանիքով եմ Հայաստանում ապրում: Նաև մագիստրատուրան ավարտեցի, ինչի համար ևս ուրախ եմ: Ունեմ նաև աշխատանք: Աշխատում եմ կանանց համար նախատեսված «Օղակ» հասարակական, բարեգործական կենտրոնում, որը 2015 թվականի նոյեմբերին  է ստեղծվել: Կենտրոնում, որը 150-ից ավելի անդամներ ունի, գործում են պարի, կար ու ձևի, անգլերենի, ձեռագործության դասընթացներ, պարբերաբար զանազան թեմաներով դասախոսություններ, հանդիպումներ են կազմակերպվում: Կենտրոն հաճախող կանանց՝ փորձում ենք օգնել իրենց ազատ ժամանակը պարպել և առօրյա հոգսերից մի փոքր հանգստանալ: Ես նաև պար եմ դասավանդում. տարբեր տարիքի երեք խումբ ունեմ: Միաժամանակ պար եմ ուսուցանում Նորք Մարաշի մանկապարտեզում՝ դարձյալ կամավոր հիմունքներով: Աշխատանքը կյանքիս մեջ բավականին բան փոխեց: Օգնեց ժողովրդին, հասարակ մարդկանց ավելի մոտ լինել, տեսնել, թե նրանք ինչպես են ապրում, ինչ խնդիրներ ունեն»:

6 տարի ապրելով հայրենիքում՝ Սանանը կարողացել է հաղթահարել Հայաստանում որպես հյուր և տանտեր ապրելու շատ նուրբ շեմն ու այդ փորձությունից դուրս գալ՝ հաղթանակած. «Երբ դեռ ուսանող էի, Հայաստանի իրական կյանքն ինձ հեռվից էր ծանոթ, ճանաչեցի միայն, երբ սկսեցի աշխատել: Հիմա տեսնում եմ դիմացինիս առօրյա հոգսերը, դժվարությունները: Երբեմ նաև նրանց կյանքով ապրելով՝ հասկանում եմ, թե ինչի միջով են ստիպված ամեն օր անցնել: Ես էլ, նրանց հետ հավասար, անցա նույն դժվարությունների միջով, բայց չեմ դժգոհում: Սովորելով ու սովորեցնելով՝ կարողացա տեսնել ու հասկանալ իրական կյանքը՝ իր ողջ գեղեցկությամբ ու դժվարություններով»:

Անցնող 6 տարիներ ընթացքում ամենակարևոր բանը, որ Սանանը սովորել է՝ պարզ մարդ լինելն է, հոգով հանգիստ և միաժամանակ՝ պարզ, ցուցամոլությունից ու ամեն տեսակ շքեղությունից հեռու. «Հայաստանում սովորեցի ուրախանալ պարզ, հասարակ բաներով: Օրինակ՝ Երևանով զբոսնելն ինձ համար ամենամեծ հանգստությունն է, շուրջս ամեն ինչ ինձ այնքան հարազատ է, պարզ: Եվ ամենակարևորը՝ ես վայելում եմ այդ ուրախությունը: Այստեղ ինձ նաև ապահով եմ զգում, ինչը չես գտնի աշխարհի ոչ մի վայրում: Վերջերս Ստեփանավան էի գնացել: Ճանապարհը մի խենթանալի բան էր՝ գույնզգույն ծաղիկներ, կանաչ դաշտեր, ծառեր: Նայում էիր այդ գեղեցկությանն ու չէիր կշտանում: Նույն զգացողությունն ունեցա նաև Դսեղում՝ երբ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան էինք այցելել»:

Սանանը հայրենիքում ապրելու իր երազանքով է «վարակել» նաև ամուսնուն՝ Արենին: Ֆրանսիայում թողնելով իր ընտանիքն ու կյանքը՝ Արենը տեղափոխվել է Հայաստան նաև Սանանի կամքի ու համառության շնորհիվ. «Արենը ևս ցանկություն ուներ տեղափոխվել Հայաստան, բայց տատանվում էր: Սակայն ես կարողացա նրան համոզել: Մտավախության հիմնական պատճառը աշխատանք գտնել էր: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում աշխատանք գտնելու դժվարություններ կան, աշխատավարձը բարձր չի: Բայց կարծում եմ, որ եթե մարդ նպատակ ունի՝ ամեն ինչ կհաղթահարի ու կհասնի իր երազանքին: Իմ փորձառությունից եմ ասում: Առաջին երկու ամիսն էր շատ դժվար Արենի համար: Ես էլ նույն ճանապարհն եմ անցել ու լավ էի նրան հասկանում. նոր միջավայր, հեռու քո ընտանիքից: Բայց երկու ամիս հետո՝ արդեն պատրաստ ես բոլոր դժվարությունները հաղթահարել: Արենն անցավ այն նույն ճանապարհով ու դժվարություններով, ինչը ես տարիներ առաջ էի անցել ու հաղթահարել: Միակ տարբերությամբ՝ որ նա մենակ չէր: Դժվարությունները երկուսով ավելի հեշտ է հաղթահարել: Ես նրան անընդհատ ասում էի, որ եթե Ֆրանսիայում ապրենք, մեր փոքրիկները լիարժեք հայ չեն մեծանա՝ որքան էլ նրանց հայկական միջավայրում մեծացնենք, հայկական դպրոց տանենք, ճիգ թափենք: Սփյուռքում շատ դժվար է հայ մնալը, դա ամենօրյա պայքար է: Սփյուռքահայը ապրում է ամենօրյա տագնապով, թե ինչ անի, որ ինքը, իր զավակները հայ մեծանան: Ինչո՞ւ ես իմ զավակներին ամեն օր այդ չարչարանքի միջով անցկացնեմ: Այս և այլ փաստարկներով՝ կարողացա Արենին վստահություն ներշնչել, և նրա կյանքն էլ կամաց-կամաց հունի մեջ ընկավ: Հիմա արդեն աշխատանք ունի.  Ֆրանսիայի «Նոր Հառաջ» թերթի երևանյան աշխատակիցն է, թարգմանություններ է կատարում, հոդվածներ գրում: Այնքան է վարժվել Հայաստանի կյանքին, որ Ֆրանսիա դժվարությամբ է մեկնում»:

Սանանը հպարտությամբ է խոսում, նաև իր փոքրիկ հաղթանակն է համարում, որ հայրենիք տեղափոխվելու ցանկությամբ միայն Արենին չի «վարակել». «Ընկերուհիս այսօր ևս Հայաստանում է ուսանում: Կարող է զարմանալի հնչել, բայց Լիբանանում միմյանց միայն հեռվից էինք ճանաչում, իսկ այստեղ՝ մտերմացանք: Նա Բեյրութում լսել էր, որ պարարվեստ եմ ուսանում Հայաստանում, ցանկություն էր հայտնել նույնպես այստեղ շարունակել ուսումը: Արդեն 3-րդ կուրս է: Ուրախ եմ, որ նրա մեջ Հայաստանի հանդեպ կապվածություն կարողացա ներշնչել: Մորաքրոջս տղան՝ Վարագ Սիսեռյանը, արդեն 5 տարի է՝ Հայաստանում է: Ամուսնացել ու այստեղ է ապրում, նրա կինը նույնպես Բեյրութից է: Մենք հարևաններ ենք, նույն շենքում ենք ապրում: Վարագն ինձ միշտ ասում է. «Հայաստան տեղափոխվելուս պատճառը դու ես, եթե չլինեիր՝ չէի գա»: Նա Ամերիկյան համալսարանում է  ուսանում, միաժամանակ աշխատում է՝  որպես դասախոսի օգնական: Հավատում ու նաև համոզված եմ, որ կամաց-կամաց ամեն ինչ իր հունով կընթանա: Ամենակարևոր երազանքս, որ երեխաներս Հայաստանում մեծանան՝ արդեն իրականացել է: Հիմա երազում եմ երեխա ունենալ, Աստծու կամքով այդ երազանքս էլ իրականություն կդառնա»:

Սանանի նորաստեղծ ընտանիքի համար հայրենիքը վերարժևորելու յուրատեսակ փորձություն դարձավ Ապրիլյան քառօրյա պատերազմը. «Պատերազմը սկսվելուց անմիջապես հետո Արենը և մորաքրոջս տղան՝ Վարագը, մեկնեցին Արցախ: Արենն ասաց. «Ինչու պետք է միայն հայրենիքի բարիքներից օգտվենք, մենք էլ սովորական քաղաքացի ենք ու պետք է մեր ժողովրդի հետ միասին այդ ցավը տանենք»: Երբ նրանք մեկնեցին, ես շատ էի մտահոգ, վախենում էի, նույնիսկ ցանկանում էի Արցախ մեկնել, նրանց կողքին լինել, բայց Արենը չթողեց: Բայց հիմա շատ հպարտ եմ, որ երկուսն էլ մեկնեցին Արցախ՝ պատերազմի առաջին իսկ օրը: Երեք օր մնացին ու վերադարձան: Պատմում էին, որ Ստեփանակերտում այդ օրերին միայն կանայք էին մնացել, տղամարդիկ բոլորն առաջնագծում էին, Հայաստանից ու Սփյուռքից մեկնածներն էլ փորձում էին անդամագրվել կամավորներին: Յուրաքանչյուր ոք ամեն ինչ անում էր օգտակար լինելու համար: Շատ հուզված վերադարձան: Երկուսն էլ գրեթե մեկ ամիս անտրամադիր էին, շատ տխուր, նույնիսկ վատ էին զգում, որ վերադարձել են: Արենն առ այսօր չի սիրում խոսել այդ օրերի մասին: Բայց մի բան հստակ է՝ այդ օրերի շնորհիվ նրանք ավելի կապվեցին հայրենիքին»:

Սանանն արդեն իր կյանքը Հայաստանից հեռու չի պատկերացնում: Հայրենիքում ապրելն այլևս նրա համար ոչ թե երազանք է, այլ՝ իրականություն, որը ոչ մի բան չի կարող խաթարել: Եվ որ ամենակարևորն է՝ հայրենիքին նայում է բաց աչքերով ու իրական գույներով: Հայաստանում իրեն զգում է ոչ թե ժամանակավոր հյուր, այլ մարդ՝ ով նաև պատասխանատու է  հայրենիքի համար. «Հայրենիքից հիասթափվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր կարծում են, որ հայրենիքը դրախտ է, որտեղ ամեն ինչ պետք է իդեալական լինի: Հայրենիքն էլ՝ ուրիշ երկրների նման, ունի իր դժվարությունները, սխալները, միաժամանակ՝ իր դրական կողմերն ու գեղեցկությունը, որը ոչ մի տեղ չես գտնի: Կարծում եմ, որ եթե մեկը պիտի գա Հայաստան, ապա երիտասարդ տարիքում պետք է այդ քայլն անի, որ կարողանա ժողովրդի հետ միասնաբար հաղթահարել դժվարությունները: Այլ ոչ թե թողնի ու հեռանա կամ սպասի, որ մեկ ուրիշն իր փոխարեն այդ դժվարությունները կհաղթահարի: Օրինակ՝ երբ քո ընտանիքում խնդիր է ծագում, դու չես ասում՝ գնամ հարևանի տուն, երբ ամեն ինչ հարթվի՝ նոր կվերադառնամ: Պետք է փորձել միասնաբար լուծել խնդիրները, որ ավելի հանգիստ ապրես: Ինձ զայրացնում է նաև այն միտք, երբ լսում եմ՝ թոշակառու կլինեմ, նոր կգամ Հայաստան: Հայրենիքը միայն թոշակառուների երկիր չէ: Հայրենիքին պետք են երիտասարդներ, ովքեր կարող են ինչ-որ բան անել իրենց երկրի համար, սովորեն, սովորեցնեն, օգնեն, որ երկիրը զարգանա: Երբեմն մեր երիտասարդներին պակասում է առողջ բանականությունը, հարցերը ճիշտ կողմից տեսնելու կարողություն: Պետք է ավելի ճկուն լինեն: Շատերը կարծում են, որ դրսում ամեն ինչ հեշտ է տրվում: Ուրեմն՝ թող գնան ու տեսնեն դրսի տանջանքը: Այդժամ միայն հայրենիքի արժեքը կիմանան: Հայաստանն ինձ համար ընտանիքի պես է, Երևանում ամեն ինչ իմն է՝ մարդիկ, ջուրը, օդը: Միակ ցանկությունս է, որ իմ երկրում ամեն դժվարություն շատ արագ հաղթահարվի, որ արդարությունը միայն խոսքեր չլինի, որ յուրաքանչյուր մարդ ապրի այն կյանքով, ինչին արժանի է»:

Սանանն այսօր ապրում է այն կյանքով և այն վայրում, որն ինքն է ընտրել՝ շնորհիվ իր համառության, վճռականության ու չնահանջող լավատեսության: Լսելով նրան՝ միայն մեկ բան ես ցանկանում, որ նրա պես մտածողներն ու սեփական երազանքի համար պայքարողները շատ լինեն ու չհիասթափվեն առաջին իսկ դժվարությունից. «6 տարվա հայրենադարձ եմ: Ուրախ եմ և հպարտ, որ կարողացա իմ որոշմանս հավատարի մնալ և անցնել այս 6-ամյա ճանապարհը: Շնորհակալ եմ հայրենիքին, որ ինձ ուժ տվեց: Չեմ կարծում, որ ուրիշ որևէ երկրում՝ կկարողանայի ընտանիքիցս հեռու ապրել: Հայաստանն ու ժողովուրդն ինձ «փրկեցին», օգնեցին, որ նոր Սանան ծնվի՝ հայաստանցի Սանան: Եվ իմ փորձառությունից ելնելով՝ ուզում եմ Սփյուռքում ապրող իմ հասակակիցներին խորհուրդ տալ, որ չվախենան կտրուկ որոշում կայացնելուց ու գան հայրենիք: Ես այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ այլևս հայաստանցի եմ»:

Լուսինե Աբրահամյան

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»