Բուազիզին չի արտագաղթում

604

ԾԱՆՈԹ. – Այս հոդվածը լույս է տեսել ՍիվիլՆեթ-ում՝ 2012-ի դեկտեմբերին

Tatul-Hakobyan

Մի քանի օր առաջ ՍիվիլՆեթի սյունակագիրներից Հարութ Էքմանյանը անդրադարձել էր («Պուազիզիի արտագաղթը») թունիսցի երիտասարդ Մուհամեդ Բուազիզիի ինքնահրկիզման երկրորդ տարելիցին՝ զուգահեռներ անցկացնելով Արաբական գարնան սկիզբը դրած 26-ամյա արաբ փողոցային վաճառականի և մտացածին մի հայ երիտասարդի միջև, որը,ն իր իրավունքները չկարողանալով պաշտպանել, ինքնահրկիզման փոխարեն արտագաղթում է Ռուսաստան։

Համեմատությունը տեղին է և ոչ։

Նախ՝ երբեք չի կարելի Սերժ Սարգսյանին համեմատել Բեն Ալիի հետ, ինչպես չի կարելի Ռոբերտ Քոչարյանին համեմատել Բաշար Ասադի կամ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Հոսնի Մուբարաքի հետ։ Հայաստանը Թունիս չէ կամ Եգիպտոս և ոչ էլ Սիրիա։ Բարեբախտաբար, Հայաստանը դեռևս չի դարձել տոտալիտար կամ ամբողջովին ավտորիտար պետություն։ Ավելին՝ վերջին քսան տարիներին հայաստանցիները ցույց են տվել ավտորիտար հակումներով և լեգիտիմության պակաս ունեցող նախագահների դեմ իրենց անձնազոհ պայքարի օրինակներ։

Արժե կրկին հիշել մեր ոչ վաղ անցյալի պատմությունը։ Դա կարևոր է հատկապես այսօր, երբ տասնյակ հազարավոր հայաստանցիներ պատրաստվում են արտագաղթել, հարյուր հազարավորները համակերպվել են այն մտքի հետ, որ հինգ տարի Հայաստանը հետևողականորեն հետ շպրտող Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում երկրորդ անգամ մնալը արդեն կատարված իրողություն է։

Լայն հաշվով՝ այդ մարդիկ ճիշտ են մտածում՝ աչքի առաջ ունենալով 2008թ. մարտի 1-ը, 2004թ. ապրիլյան բռնությունները, 2003թ. կեղծիքները կամ էլ 1996թ. սեպտեմբերյան Երևանը: Ճիշտ են մտածում, քանի որ այսօր Հայաստանի ընդդիմությունը պառակտված է, ընդդիմադիր ձևացող, սակայն Սերժ Սարգսյանի հետ ներքուստ բարեկամաբար տրամադրված և այլընտրանքային հորջորջվող ուժերը իրենց առաջ չեն դրել նախագահափոխության խնդիր: Այդ ուժերի համար քաղաքականությունը արդեն դարձել է բիզնեսի մի եղանակ: Ավելին՝ ընտրությունների մեջ ներգրավվելով՝ այդ ուժերը Սարգսյանին տալիս են լեգիտիմության որոշակի պաշար։

1996թ. սեպտեմբերին, թվում էր, անհնար է մեկ թեկնածուով դուրս գալ Տեր-Պետրոսյանի դեմ։ Բայց վերջին պահին դա հնարավոր եղավ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Վազգեն Մանուկյանը ստացավ քվեների 42 տոկոսը։ Հայաստանը հասկացող մարդիկ հասկանում են, որ եթե ընդդիմությունը ստանում է 42 տոկոս, ուրեմն նա հաղթել է ընտրություններում, ընդ որում՝ առաջին փուլում։ Սակայն նախագահի պաշտոնում մնաց Տեր-Պետրոսյանը, քանի որ նման ցանկություն ունեին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Սերժ Սարգսյանը։

Այդ օրերին տասնյակ հազարավոր հայաստանցիներ դուրս եկան փողոց, սակայն նրանց դեմ դուրս բերվեցին տանկեր։

1998թ. նախագահական ընտրությունները հանդարտ անցան, քանի որ պաշտոնապես պարտված թեկնածուն՝ Կարեն Դեմիրճյանը, մարդկանց փողոց դուրս բերելու կոչեր չարեց։ 2003թ. նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, ընդվզեց հերթական նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքի դեմ, տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց, սակայն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու վերջիններիս պաշտպանող քաղաքական ուժերին հաջողվեց չեզոքացնել ընդդիմությանը՝ 2004թ. ապրիլին դիմելով բռնությունների։

2008թ. Սերժ Սարգսյանը և նրան սատարող ուժերը որոշեցին, որ ընտրություններում երկրորդ փուլ թույլ տալը շռայլություն է։ ԿԸՀ-ն հայտարարեց, որ Սարգսյանը ստացել է 53 տոկոս։ Փետրվարի 26-ին Երևանի փողոցներ դուրս եկան հարյուր հազարավոր հայաստանցիներ՝ ընդվզելու կեղծիքի դեմ։ Հետո եղավ Մարտի 1։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում նախագահական ընտրությունները պարբերաբար ուղեկցվում են կեղծքիներով ու բռնություններով, իսկ Սերժ Սարգսյանի՝ Բաղրամյան 26 տանող ճանապարհին անհրաժեշտ եղավ նաև արյուն։

Ո՛չ 1996թ. Տեր-Պետրոսյանի համար, ո՛չ 2003թ.՝ Ռոբերտ Քոչարյանի համար և ո՛չ էլ 2008թ. Սերժ Սարգսյանի համար նախագահի աթոռին մնալը կամ հասնելը չի եղել դյուրին:

Թաթուլ Հակոբյան