Տեր-Պետրոսյանից առաջ Խորհրդային Հայաստանը չունեցավ առաջին և վերջին նախագահ

1656

Հատված ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Հայաստանը 1988-ից հետո. Ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» պայմանական վերնագիրը կրող, դեռևս չհրապարակված (աշխատանքային տարբերակ) գրքից

Գլուխ յոթերորդ

1990. իշխանափոխության տարին` ՀՀՇն հաղթում է Կոմկուսին

Տեր-Պետրոսյանից առաջ Խորհրդային Հայաստանը չունեցավ առաջին և վերջին նախագահ  

Միխայիլ Գորբաչովի հռչակած վերակառուցման քաղաքականությունը ամենուր էր, այդ թվում` իշխանության կառավարման համակարգում: Նախքան Գորբաչովը, ԽՍՀՄ-ը չուներ նախագահ և նախագահի ինստիտուտ: Երկրի առաջնորդը ԽՄԿԿ Կոմկուսի Կենտկոմի Գլխավոր քարտուղարն էր, այսինքն` գործող միակ` կոմունիստական կուսակցության առաջին դեմքը նաև տերության ղեկավարն էր:

Երբ 1985-ի գարնանը Գորբաչովը դարձավ ԽՄԿԿ Կոմկուսի Կենտկոմի Գլխավոր քարտուղար, կառավարման այդ մոդելը շարունակվեց ևս չորս տարի: Սակայն երբ սկսվեց Խորհրդային Միություն-Միացյալ Նահանգներ ձնհալը, պարզվեց, որ Գլխավոր քարտուղարը իրավասություն չունի ամերիկացի նախագահի հետ ստորագրել որևէ փաստաթուղթ շատ պարզ պատճառով. Խորհրդային Միությունը ներկայացնում էր կուսակցության առաջնորդը, իսկ Միացյալ Նահանգները՝ ժողովրդի կողմից ընտրված նախագահը:

Լուծումը գտնվեց. 1989 թվականի մայիսի վերջին Գորբաչովը դարձավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդ նախագահ` երկրի խորհրդարանի ղեկավար: Այսպիսով, Գորբաչովը համատեղեց երկու` ԽՍՀՄ դե-ֆակտո և դե-յուրե առաջնորդի պաշտոնները, ինչը արդեն հնարավորություն էր տալիս փաստաթղթեր ստորագրել ամերիկյան կողմի հետ:

Հաջորդ տարի ԽՍՀՄ-ում մտցվեց նաև նախագահի պաշտոն: Հենց Գորբաչովին էր վիճակված դառնալու ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը: 1990թ. մարտի 14-ին ԽՍՀՄ ժողպատգամավորների արտահերթ երրորդ համագումարում գաղտնի քվեարկությամբ Գորբաչովը ընտրվեց երկրի նախագահ: ԽՍՀՄ 2245 պատգամավորներից համագումարում ներկա էր 2000-ը, որոնցից 1878-ը մասնակցեց և քվեատուփ գցեց իր քվեաթերթիկը: Միակ թեկնածուի օգտին «կողմ» քվեարկեց 1329, «դեմ»` 495 պատգամավոր, 54 քվեաթերթիկ համարվեց «անվավեր»:

Հաջորդ օրվա նստաշրջանում, երբ հրապարակվեցին արդյունքները, «ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն, նախագահը [Գորբաչով] երդում տվեց համագումարի նիստում»: Ժողպատգամավորների համագումարը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ ընտրեց Անատոլի Լուկյանովին: «Խորհրդային Հայաստան», թիվ 62, 17 մարտի, 1990թ.:

Ապա ելույթ ունեցավ Գորբաչովը: ԽՍՀՄ նախագահն ասաց, որ վերակառուցման գլխավոր նվաճումը ժողովրդավարությունը և հրապարակայնությունն են. «Ստեղծվում է իսկական ժողովրդապետության համակարգ, ձևավորվում են իրավական պետության հիմքերը: Սկսվել է դժվարին, բայց կենսական կարևոր անցումը ունիտար պետությունից լիարյուն ֆեդերացիայի»: Գորբաչովը նշեց, որ 1985-ից սկսված բարեփոխումները համընկան մի շարք ոչ նպաստավոր պարագաներ ու իրադարձություններ` «Չեռնոբիլը, Հայաստանը, մյուս տարերային աղետները, համաշխարհային շուկայում իրադրության կտրուկ վատանալը մեզ համար: Քիչ վնասներ չառաջացան ինվեստիցիոն քաղաքականության մեջ թույլ տրված սխալներից, հակախմիչքային արշավ անցկացնելիս»:

«Նախագահական իշխանության առանձնակի հոգատարության առարկան պետք է դառնա միութենական հանրապետությունների սուվերենությունը, նրանց տնտեսական և քաղաքական ինքնուրույնության ամրապնդման միջոցների ձեռնարկումը, ինքնավար հանրապետությունների, ազգային տերիտորիալ մյուս կազմավորումների կարգավիճակի բարձրացումը: Հանրապետությունների սուվերենության և նրանց ինքնորոշման, ընդհուպ մինչև բաժանման իրավունքի հավաստումը մոտ ժամանակներս պետք է նույնպես քննարկվի Գերագույն խորհրդի  կողմից և օրենքով սահմանվի Միությունից դուրս գալու մեխանիզմը: Այսուհետև ԽՄԿԿ-ն գործում է մյուս քաղաքական կազմակերպությունների հետ հավասարապես»,- ասաց Գորբաչովը: «Խորհրդային Հայաստան», թիվ 62, 17 մարտի, 1990թ.:

Հետևելով ԽՍՀՄ-ին, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը ևս նախաձեռնեց նախագահի պաշտոն հիմնելու գործընթաց:

Մայիսի 3-ին Գերագույն խորհուրդը նրա ղեկավար Հրանտ Ոսկանյանի ստորագրությամբ ընդունեց նախագահի պաշտոն հիմնելու և Խորհրդային Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում:

Ուշագրավ էր այն շտապողականությունը, որ դրսևորում էին իրական իշխանությունը կորցնող հայ կոմունիստները: Գերագույն խորհուրդը Օրենսդրության և սոցիալական ու սոցիալիստական օրինականության հարցերի հանձնաժողովին առաջարկում էր «հնգօրյա ժամկետում մշակել Հայկ. ԽՍՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի քննարկմանը», իսկ օրենքն ընդունելուց հետո «երկու ամսվա ընթացքում անցկացնել Հայկ. ԽՍՀ պրեզիդենտի ընտրություն Հայկ. ԽՍՀ քաղաքացիների կողմից ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիմնա վրա, գաղտնի քվեարկությամբ»: «Խորհրդային Հայաստան», թիվ 101, 5 մայիս, 1990թ.:

Մայիսի վերջերին մամուլում հրապարակվեց «Հայկ. ԽՍՀ պրեզիդենտի պոստ հիմնելու և Հայկ. ԽՍՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու» նախագիծը, որն առաջարկում էր «հիմնել Հայկ. ԽՍՀ պրեզիդենտի պոստ»` հաշվի առնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական վերափոխումների հետագա խորացումը, սահմանադրական կարգի ամրապնդումը, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և անվտանգության ապահովումը և Հայկ. ԽՍՀ պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինների փոխգործողության կատարելագործման անհրաժեշտությունը:

Նախագիծը ամրագրում էր, որ «Հայկ ԽՍՀ գլուխը պրեզիդենտն է», իսկ «պրեզիդենտ կարող է ընտրվել առնվազն 35 և ոչ ավելի, քան 65 տարեկան Հայկ. ԽՍՀ քաղաքացին» ոչ ավելի, քան երկու ժամկետով անընդմեջ: Նախագահը ընտրվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով: Ընտրությունները համարվում են վավեր, եթե դրանց մասնակցել է ընտրողների ոչ պակաս, քան 50 տոկոսը: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկությանը մասնակցածընտրողների ձայների կեսից ավելին: Պաշտոնը ստանձնելիս նախագահը երդում է տալիս Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում: «Խորհրդային Հայաստան», թիվ 118-119, 26 մայիս, 1990թ.:

Իրադարձությունների ընթացքը, սակայն, խանգարեց, որպեսզի Հայաստանում անցկացվեն նախագահական ընտրություններ:

Կոմկուսը օրը-օրի վրա կորցնում էր իշխանությունը: Մայիսի 20-ի Գերագույն խորհրդի ընտրություններում, փաստացի, Հայոց համագային շարժումը արդեն հաղթել էր Կոմկուսին: Օգոստոսի առաջին օրերին խորհրդարանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, մի քանի օր անց վարչապետ դարձավ Վազգեն Մանուկյանը:

Այսպիսով, Տեր-Պետրոսյանին էր վիճակվել դառնալու առաջին նախագահ: 1991-ի հոկտեմբերի 16-ին (Հայաստանը անկախություն էր ձեռք բերել սեպտեմբերի 21-ի հանրաքվեի ճանապարհով, իսկ Խորհրդային Միությունը դեռ գոյություն ուներ աշխարհի քաղաքական քարտեզի վրա) Տեր-Պետրոսյանը բացահայտ առավելությամբ հաղթեց հինգ մրցակիցներին՝ ստանալով քվեների 83 տոկոսը:

Հայաստանի պատմության մեջ դա միակ նախագահական ընտրություններն էր, որի արդյունքները չվիճարկվեցին, իսկ օրինականությունը կասկածի տակ չառնվեցին: