Թուղթ առ հայություն եւ դիվանագիտական փաստաթուղթ

1522

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երեւան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հունվարի 29-ին հրապարակեց համահայկական հռչակագիր: Փաստաթուղթը հիմնականում կուռ շարադրված տեքստ է եւ գերազանցապես արտահայտում է հայ ժողովրդի ցանկություններն ու իղձերը: Բնական է, որ Հայաստանում եւ հատկապես Սփյուռքում,  հռչակագիրն ընդունվել է ոգեւորությամբ:

Հայաստանում հռչակագիրը քննդատեց առաջին նախագահը, իսկ սփյուռքում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Տեր-Պետրոսյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել այդ փաստաթղթում, ցանկություն հայտնեց անգամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որին ամեն առիթով պիտակավորում է ավազակապետության եւ հանցավոր ռեժիմի պարագլուխ: Տեր-Պետրոսյանը գրեց, որ հռչակագիրն արմատապես հակասում է Հայաստանի պետական շահերին: Իսկ երբ Սերժ Սարգսյանը հակադարձեց, որ հռչակագրի մեջ որեւէ բառ չի կարող փոխվել, Տեր-Պետրոսյանը ներկայացրեց 100-ամյակին նվիրված հռչակագրի իր տարբերակը, ավելի կոնկրետ՝ միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ:

Առաջին նախագահը պնդում է, որ հռչակագիրը ոչ մի կապ չունի Հայաստանի իրական խնդիրների հետ, արմատապես հակասում է նրա պետական շահերին, նոր բարդություններ առաջացնում հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացներում եւ ծառայում «բացառապես հայության հայրենասիրական զգացումների շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու Հայաստանի հանցավոր վարչախմբի հետապնդած ճղճիմ նպատակին»:

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական վստահելի մի աղբյուրից մենք տեղեկացել ենք, որ հռչակագրի ընդունումից հետո, որպեսզի թուրքական կողմի հնարավոր զայրույթը մեղմացվի, պաշտոնական Երեւանը երրորդ երկրի միջնորդությամբ մարդ է գործուղել Անկարա: Հայաստանը փորձել է թուրքերին ուղերձ հասցնել առ այն, որ հռչակագիրը ընդունվել է հայկական սփյուռքին  գոհացում տալու նպատակով:

Այս իրողությունը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի արտգործնախարարությունն այն աստիճանի են իջեցրել հայ-թուրքական շփումների մակարդակը, որ անգամ չեն կարողանում հայ ցածրաստիճան դիվանագետի գործուղել Անկարա, եւ ստիպված դիմում են երրորդ կողմի միջամտությանը:

Վերադառնանք հռչակագրի տեքստին (որը իշխանական քարոզչամեքենան համարում է դիվանագիտական մեծագույն նվաճում) եւ այն համեմատենք 2009-ի հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունների հետ (որոնք այն ժամանակ, կրկին իշխանական քարոզչամեքենայի կողմից, համարվում էին դիվանագիտական նվաճում):

Համահայկական հռչակագրի տեքստում բազմաթիվ դրույթներ անուղղակի կամ ուղղակի կերպով  հակասում են ցյուրիխյան երկու արձանագրություններին, որոնք խոշոր տերությունների բարձրաստիճան դիվանագետների ներկայությամբ եւ հորդորներով ստորագրեցին Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:

Այսպես, զույգ արձանագրություններում Հայաստանը եւ Թուրքիան համաձայնության էին եկել ձեւավորել «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացման նպատակով, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն, առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»:

Սա արձանագրությունների ամենից քննադատված հատվածն էր, հատկապես՝ սփյուռքում, քանի որ անուղղակի կերպով ստվեր է ձգվում Հայոց ցեղասպանության վավերականության վրա: Համահայկական հռչակագրում մինչդեռ դատապարտվում է «1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը»:

Մեկ այլ ակնհայտ հակասություն. ցյուրիխյան արձանագրություններով Հայաստանի գործող  իշխանությունները 1921 թվականի Կարսի պայմանագրի ստորագրումից հետո առաջին անգամ վերաճանաչեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները: Ահա թե ինչ էր գրված արձանագրություններից մեկում.

«… հաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերովե: Հռչակագրում, սակայն, ոչ միայն խոսք չկա ժամանակակից Թուրքիայի սահմանները ճանաչելու մասին, այլ հիշատակվում է «1920 թվականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի եւ նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը եւ նշանակությունը Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցումե:

Արձանագրություններում որեւէ խոսք չկար նաեւ թուրքական շրջափակման մասին, ավելին, ասվում էր, որ Հայաստանն ու Թուրքիան «համաձայնում են բացել ընդհանուր սահմանըե: Այսպես, տպավորություն էր ստեղծվում, որ Թուրքիայից բացի, Հայաստանը եւս փակ է պահում սահմանը: Մինչդեռ հռչակագիրը դատապարտում է «Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը եւ միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք»:

Բնական է, որ հայ-թուրքական արձանագրությունների եւ համահայկական հռչակագրի միջեւ հակասություններ պետք է լինեին, քանի որ եթե արձանագրությունների վրա աշխատել էին հայերն ու թուրքերը՝ միջազգային ուժերի ճնշումների տակ, ապա հռչակագրի վրա աշխատել են հայաստանցիներն ու սփյուռքահայերը՝ տարված երազանքների Հայաստանով, որը հստակ սահմաններ չունի: Այդ անհստակ, անձեւ, անսահման Հայաստանը յուրաքանչյուր հայի ուղեղում եւ սրտում տարբեր մեծության է՝ կապված նրանից, թե այդ հայի երազանքների սահմանները որչափ են առաձգական:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի եւ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունների միջեւ հակասությունները հաշվի առնելով, անմիջապես մտածում ես՝ հռչակագիրը համայն հայության ներքին օգտագործման համար է, իսկ արձանագրությունները՝ համայն աշխարհի:

Հայ-թուրքական երկու արձանագրությունները (որոնք իրականում պայմանագրեր են) բազմակողմ փաստաթղթեր են, հետեւաբար՝ պարտավորություններ են դնում նրան մաս կազմող կողմերի վրա: Մինչդեռ հռչակագիրը միակողմանի փաստաթուղթ է, այն միայն պարտավորություն է դնում, այն էլ՝ բարոյական, մեկ կողմի, տվյալ դեպքում՝ Հայաստանի վրա: Իրավական տեսանկյունից՝ հռչակագիրը չի լուծարում ցյուրիխյան արձանագրությունների տակ Հայաստանի դրած ստորագրության իրավական ուժը:

Ուշագրավ է, որ անգամ հռչակագրի ընդունումից հետո Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է վավերացնել հայ-թուրքական երկու արձանագրությունները: Ահա մի հատված հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանի եւ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հարցազրույցից.

«Պետրոս Ղազարյան- Մենք սկսեցինք հռչակագրից: Ես կարդում եմ Ցեղասպանության հռչակագիրը, այստեղ խոսվում է Սեւրի եւ Վուդրո Վիլսոնի, պահանջատիրության մասին: Ես ուզում եմ հասկանալ. այսինքն՝ մեր պետությունը չի ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ դնում է Սեւրով, Վիլսոնի իրավարար ակտով նախանշված այդ խնդիրները, թե՞, այնուամենայնիվ, սա բարոյահոգեբանական է, մենք ճանաչում ենք, սա սկզբունքային հարց է:

Շավարշ Քոչարյան- Մեր պետության մոտեցումը հստակ արտահայտված է ներկա փուլում, արձանագրություններում, որոնք ստորագրված են: Ոչ ավել, ոչ պակաս: Որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել, դա արձանագրություններն են: Վերջ»:

Համահայկական հռչակագրի ընդունումից հետո շատերին է հետաքրքրում այն հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերջիվերջո հրաժարվելու է դրանցից: Անցած սեպտեմբերին Սարգսյանը Նյու Յորքում հայտարարեց, որ պատրաստվում է Ազգային ժողովից հետ կանչել այդ արձանագրությունները: Ուշադրություն դարձրեք՝  ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկած Սարգսյանը չի շտապում հրաժարվել այդ արձանագրությունների տակ դրած Հայաստանի ստորագրությունից: Քանի դեռ Հայաստանը չի հրաժարվում այդ արձանագրություններից, այդ փաստաթղթերը պահպանելու են իրենց օրինականությունը (անգամ չվավերացված եւ կիսամեռ վիճակում):

Եվս մեկ իրողություն, որն ուղղակի կապ չունի հռչակագրի կամ արձանագրությունների հետ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, անկասկած, մերժողական կողմը Թուրքիան է: Անկասկած, Թուրքիան է շրջափակման տակ պահում Հայաստանը՝ նրան տնտեսապես ծնկի բերելու նպատակով, Թուրքիան է միակողմանիորեն աջակցում Ադրբեջանին, Թուրքիան է Հայաստանի եւ Արցախի հանդեպ վարում թշնամական քաղաքականություն: Սակայն եկեք մեր մեջ խոսենք եւ հարց տանք՝ իսկ մենք անկե՞ղծ ենք: Օրինակ, Ռեջեթ Թայիփ Էրդողանին ապրիլի 24-ին Երեւան հրավիրելու հարցում:

Հիմա Սերժ Սարգսյանը Էրդողանին հրավիրում է Երեւան եւ ասում՝ արի միասին բարձրանանք Ծիծեռնակաբերդի բարձունք եւ տես, թե ձերոնք հարյուր տարի առաջ ինչ են արել մերոնց հետ:

Իսկ ի՞նչու Աբդուլլահ Գյուլին չառաջարկեցիք: Չէ՞ որ 2008-ի սեպտեմբերի 6-ի այդ երեկոյան Դուք՝ պարոն Սերժ Սարգսյան, եւ Ձեր խիզախ գործընկերը անհավատալիորեն մոտ էիք Հայոց ցեղասպանության հուշահամալիրին: Մարզադաշտից, որտեղ ֆուտբոլ էիք վայելում, մինչեւ Ծիծեռնակաբերդի բարձունք միայն մեկ շինություն կա՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի տունը:

Թաթուլ Հակոբյանը հեղինակն է «Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ» եւ «Հայացք Արարատից. Հայերը եւ թուրքերը» հատորների:

Այս հոդվածը տեղ է գտել Ստեփանակերտի ԱՆԱԼԻՏԻԿՈՆ հանդեսի այս տարվա ապրիլյան համարում՝

#04 (76) ԱՊՐԻԼ, 2015