Սյունիքի խոշոր հանքերը և պոչամբարները. Մետաքսյա Մաթևոսյան, Անի Սարգսյան

676
ՍՅՈՒՆԻՔԻ ԽՈՇՈՐ ՀԱՆՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԼՑՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. 8 նոյեմբերի, 2019թ

Աղբյուրը՝ Մեղրի Նյուզ

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի բնակչության թիվն այս տարի կտրուկ ավելացել է։ Ավելացման պատճառը Հայաստանում 2018թ․ գարնանը կատարված քաղաքական փոփոխությունները և «Թավշա» հեղափոխությունը չէր, ոչ էլ ծնելիության կտրուկ աճը։ 2019 թվականի փետրվարից Արծվանիկի պոչամբարին հարակից Արծվանիկ, Չափնի և Սևաքար գյուղերի բնակիչները յուրաքանչյուր ամիս 40 հազարական դրամ գումար  են ստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։

«Քաջարանի կոմբինատը օգնության կարգով ամեն մի շնչին 40 հազար փող է տալիս, որի հետևանքով գյուղի բնակչությունը կրկնապատկվել է։ Մարդիկ սոցիալական վիճակից ստիպված գալիս են ստեղ, բայց չեն գիտակցում, որ գալիս են  մահվան դուռը»,- պատմում է Արծվանիկի գյուղի բնակիչ Անժելա Հովակիմյանը։

Մարզպետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ Արծվանիկի բնակչությունը 2018թ․ 572 է եղել։ Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ բնակչության թիվը այժմ 800-ից անցել է։ Գյուղապետը հաստատեց, որ բնակչության կտրուկ աճի պատճառը կարող է ԶՊՄԿ-ից տրամադրվող գումարը լինել։

Նյուն պատկերն է նաև մյուս երկու գյուղերում։ Ըստ մարզպետարանի Չափնիի և Սևաքարի բնակչության թիվը 2018-ին Չափնի գյուղում եղել է 77, իսկ Սևաքարում 100։ Չափնի գյուղապետարանի աշխատակից Սվետլաննա Հակոբյանն ասաց, որ բնակչության թիվը այժմ  140-ից  ավել է։ Իսկ Սևաքարի գյուղապետարանի աշխատակից Իրինա Ղևոնդյանի փոխանցմամբ, բնակչության թիվը հիմա 146 է։

Հայաստանի պոչամբարների առյուծի բաժինը՝ Սյունիքի մարզում

Հայաստանի ցամաքային տարածքով ամենախոշոր մարզը՝ Սյունիքը, հայտնի է ոչ միայն գեղեցիկ բնությամբ, լեռներով և գետերով, այլև այստեղ գտնվող պոչամբարների քանակի մեծությամբ։ Հայաստանում գտնվող 23 պոչամբարներից 10-ը գտնվում է այս մարզում։

Այս հետաքննությամբ կանդրադառնանք Սյունիքի մարզում գործող 3 խոշոր ընկերությունների՝ Չաարատ Կապանի, Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատի և Ագարակի պղինձամոլիբդենային կոմբինատի գործող և չգործող պոչամբարների լցվածությանը, նախատեսվող նախագծային փոփոխություններին, նորմերի խախատումներին և շրջակա բնակավայրերի վրա դրանց ազդեցությանը։

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Կապան քաղաքից 30 կմ դեպի արևմուտք ընկած հանքավայրի շահագործումը սկսվել է 1951թ-ից, 1962-ից մինչ օրս շահագործվում է բաց եղանակով։

2007թ․ կոմբինատի վերազինման արդյունքում ձեռնարկությունը տարեկան արտադրողականությունը հասցնում է 12․5 մլն տ-ի։ 2016 թվականի որոշմամբ՝ թույլ է տրվում այն հասցնել 22 մլն տ-ի։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ երկու դեպքում էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (այսուհետ՝ ԶՊՄԿ) չի պահպանում  թույլատրելի տարեկան արտադրողականության ծավալները և արդյունահանում է ավելի շատ հանքաքար։ Համաշխարհային բանկի 2016-ի զեկույցում նշվում է, որ ԶՊՄԿ-ն տարեկան արտահանում է 18․5 մլն տոննա հանքանյութ՝ թույլատրելի 12․5 մլն տոննայի փոխարեն։ ԶՊՄԿ-ն  արդյունահանում և վերամշակում է պղինձ և մոլիբդեն։ Հանքաքարում պղնձի պարունակությունը  0․25 տոկոս է․ մոլիբդենինը՝ 0․03։ Արդյունաբերական հսկայի հանքանյութի հաստատված պաշարները,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության համաձայն, մոտ 2,244 մլն տ են, և ըստ գնահատման՝ հանքը կարող է գործել ևս 100-120 տարի:

2010-2016 թվականներին Զանգեզուրի կոմբինատը թույլատրելիից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել և մշակել։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական բնապահպանական ճակատից, որին տեղեկատվությունը տրամդրել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ ԷՊԲՆ)։

2018-2019 թվականների ԶՊՄԿ-ում Բնապահպանության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում պարզվել  է, որ 2017-ին կոմբինատը թույլատրելի 22 մլն տոննա հանքաքարի փոխարեն արդյունահանել է 27․2 մլն տոննա։ Ստացվում է, որ կոմբինատը այս տարիների ընթացքում 34․9 մլն․ տոննա ավելի հանքաքար է արդյունահանել։

Ըստ ՀՀ ԷՊԲՆ-ի և Բնապահպանական տեսչական մարմնի տվյալների

Ըստ ՀՀ ԷՊԲՆ-ի և Բնապահպանական տեսչական մարմնի տվյալների

Հանքի շահագործման թույլտվությունը տրված է մինչև 2041 թվականը։ Այժմ ԶՊՄԿ-ի ողջ պոչհանքը թափվում է Արծվանիկի պոչամբար, բայց հանքը, բացի Արծվանիկի պոչամբարից, շահագործել են նաև Ողջիի, Փխրուտի և Դարազամի պոչամբարները, որոնք հիմա փակ են և կոնսերվացված։

«Եթե մենք հասկանում ենք, որ Քաջարանը մեր պետություն եկամտի աղբյուրն է, իրանք էլ պիտի հասկանան, որ էս ժողովուրդը առողջ ապրելու իրավունք ունի»,- ասում է Արծվանիկ գյուղի բնակչուհի Անժելա Հովակիմյանը։

1977թ-ից սկսած՝ Արծվանիկի պոչամբարn իր մեջ է հավաքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից բաց թողնվող ողջ պոչհանքը։ 2004-2006 թթ. այստեղ են լցվել նաև Կապանի լեռնահարստացման կոմբինատի պոչերը։

Այս թունավոր հսկայի նախագծային ծավալը կազմում է 325 մլն մ³։ Ըստ դրական եզրակացություն ստացած նախագծի՝ պոչամբարի գագաթի վերջնական նիշը 904 մ-ից 1010-ի  բարձրացնելու դեպքում պոչամբարի ծավալը կկազմի 398 մլն մ³։ Բայց կոմբինատը պոչամբարի գագաթի նիշը բարձրացնելու համար պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր և իրականացնի մի շարք փորձաքննություններ։ Մինչ այդ 212 մլն մ³ լցվածություն ունեցող պոչամբարը (ըստ 2016 թվականի տվյալների), կոմբինատի արտադրական  ծավալների անփոփոխ մնալու դեպքում, կծառայի ևս 10 տարի։ Մինչդեռ համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ 2014թ․-ին Արծվանիկի պոչամբարի փաստացի ծավալն արդեն կազմում էր 270 մլն մ³, որը կազմում է Հայաստանի բոլոր պոչամբարներում կուտակված պոչերի 75%-ը։

Պոչամբարին հարակից գյուղի՝ Արծվանիկի բնակչուհի Անժելա Հովակիմյանը պատմում է․ «Պոչամբարը մի քանի տարուց երևի գյուղն էլ կծածկի։ Արդեն գյուղի բերքատու այգիներն է ծածկում, որոնց համար գյուղացիներին փոխհատուցում են տալիս, այգիների կեսն արդեն պոչամբարի տակ է»:  Բնակչուհին նաև հավելում է, որ տարածքների փոխհատուցումը կատարվում է անարդար՝ մարդ կա մի ահռելի այգի ունի, մի քանի դրամ է ստանում, մարդ կա` մի ծառ ու մի այգի ունի, միլիոններով փող  է ստանում։

Կոմբինատի մասին խոսելիս արդեն նշեցինք, որ ԶՊՄԿ-ն 2010-2017 թվականների ընթացքում 34․9 մլն տոննա ավելի հանքաքար է արդյունահանել։ Իսկ նախագծից տեղեկանում ենք, որ 22 մլն տոննա հանքաքար արդյունահանելու դեպքում կոմբինատը պոչամբար է լցնում 21,8 մլն տոննա պոչ։ Հետևաբար այս տարիների ընթացքում ԶՊՄԿ-ն Արծվանիկ է լցրել 34,5 մլն տոննա պոչանք, առանց թույլտվության։ Եթե համեմատենք դա հավասար կլինի 22 մլն տ/տարի արտադրողական ծավալ ունենալու դեպքում Արծվանիկ թափվող պոչերի մեկուկես տարվա ծավալին։

Պոչամբարների նախագծային ներկայացվածության և իրական լցվածության մասին խոսելիս, բնապահպան Լևոն Գալստյանը նշում է․ «Սյունիքի պոչամբարների լցվածության հարցը հասկանալու համար, պետք է իմանաք՝ որքան պոչանք է լցվել պոչամբարների մեջ, այսինքն բոլոր տվյալները՝ այդ պոչամբարների շահագործման օրվանից սկսած մինչև այսօր, և դրանց նախագծային հզորությունները, որոնք, ըստ էության, կան։ Բայց, քանի որ հստակ չունենք մյուս տվյալները և վստահ չենք եղածների հավաստիության վրա, դրա համար չենք կարող ասել՝ դրանք հասել են իրենց նախագծային հզորություններին, թե չէ»։

Բնապահպանը շեշտում է՝ պոչամբարների լցվածության և հարակից տարածքների վրա ազդեցության մասին կան մի շարք հետազոտություններ, որոնց հաղորդած տվյալները հիմնականում տարբերվում են միմյանցից և տարբերվում են հատկապես պետական մարմինների հաղորդած տվյալներից․ «Մի խնդիր կա․ այդ պոչամբարները պետք է ի վերջո ունենան վտանգավորության գնահատված աստիճան։ Եվ մարդիկ պետք է հասկական՝ ինչի հետ գործ ունեն, ինչի կողքն են իրենք ապրում։ Օրինակ՝ Արծվանիկի պոչամբարի կողքին ապրող մարդը պետք է իմանա, թե այդ տարածքում ինչ պարունակությամբ նյութեր են լցված, և այդ հեղուկը, որ լցվում է իրենց կողքի գետը, ինչ է պարունակում իր մեջ։ Այդ տվյալները այսօր, ցավոք սրտի, բացի այն հատուկենտ ուսումնասիրություններից, մարդիկ չունեն»։ Մինչդեռ մարդիկ պոչամբարի վտանգավոր լինելն ու բացասական ազդեցությունը զգում են սեփական առողջության վատթարացմամբ և հողի բերրիության անկմամբ․ «Տարեցտաիր էս գյուղում ընդհանրապես բերք չի լինում։ Քամու ժամանակ պոչամբարի փոշին ամբողջությամբ լցվում է գյուղը, և դրանից լրիվի ճնշումը բարձրանում է, ու դա ոչ մեկին հետաքրքիր չի»,-ասում է Արծվանիկի գյուղի բնակիչ Անժելա Հովակիմյանը։

ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկան բավական հեռու է գտնվում պոչամբարից։ Պոչանքը պոչամբար է ուղղվում 34,5 կմ երկարություն ունեցող արագահոս պոչատարով, որը հիմնականում տեղակայված է Ողջի գետի ձախ ափին։

Այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի հետևանքով վնասված պոչատարից պոչը թափվել է Ողջի գետը։ Նշենք, որ այն բաղկացած է ծանր մետաղներից, ռեագենտներից, տոքսիկ նյութերից, որոնք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ Այս առիթով Բնաապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախագահ Վիգեն  Ավետիսյանը հանձնարարել է տարածքում իրականացնել զննություն, արձանագրել փաստերը, իրականացնել աղտոտված ջրերի նմուշառում։ Մինչդեռ նույն կառույցի նախկին նախագահ Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է․ «Բնապահպանական վերահսկողության գործիքակազմը շատ բազմազան է և չի ենթադրում միայն մի քանի գրոշի չափով վնասի հաշվարկ ու տուգանք, ինչպես փորձում են ներկայացնել բնապահպանության ոլորտի այսօրվա պատասխանատուները: Տեսչության ամենաազդեցիկ գործիքը ընկերության տնօրենին տրվող հանձնարարականն է, որը տվյալ դեպքում պետք է լինի «առնվազն Գերմանիայում ընդունելի չափանիշներին համապատասխան» Ողջի գետը ընկերության լցրած թափոններից մաքրելը»։

Արծվանիկի պոչամբար

Արծվանիկի պոչամբար

Իսկ ԱՐԿ բնապահպանակն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը կարծում է, որ վթարը պատասխանատու անձանց անգործության արդյունքն է: «Եթե մարդիկ լինեին, պատասխանատու, եթե մարդիկ սիրեին իրենց համաքաղաքացիներին, ժամանակին տրուբան փոխեն չի պայթի, այդքան բան։ Ես ինտերվյու տեսա, որ ինժիները ասեց՝ դե ի՞նչ է պատահել, դե արտադրություն է, պիտի վթար էլ լինի։ Բայց դա այդպես չէ։ Կոմբինատը իր շահերի պատճառով, ներ չի դնում նոր տեխնոլոգիաներ»,- ասում է Ա. Ղազարյանը։ Բնապահպանը նաև նշում է այսօր տիրող իրավիճակի մեղավորը, ոչ միայն կոմբինատն է, այլ նաև բնակչությունը, որ հանդուրժում է շրջակա միջավայրի այսպիսի աղտոտվածությունը։

Երբ գտնվում էինք Արծվանիկի պոչամբարի տարածքում, Արծվանիկ գյուղի մոտ՝ պոչամբարին հարակից լանջի վրա, արածում էին կովեր։ Այստեղ ևս չկար պոչամբարը շրջակա միջավայրից մեկուսացնող ցանկապատ։ Չնայած ոլորտի մասնագետնեը նշում են՝ սանիտարապաշտպան գոտին շատ կարևոր է շրջակա միջավայրի պաշտպանության և անվտանգության համար, այնուամենայնիվ Հայաստանում ամենախոշոր պոչամբարը չի ապահովում դա այն դեպքում, երբ բնակավայրերը գտնվում են Արծվանիկին  շատ մոտ։

Արծվանիկ գյուղում  պատմեցին՝ օրերս գյուղացիներից մեկի կովը ընկել է պոչամբարը, կենդանուն պոչամբարից հանել էին նավակով, բարեբախտաբար այն սատկած չէր եղել։

ԶՄՊԿ-ի փակ պոչամբարները, ծառայում են որպես արոտավայրեր ու գյուղատնտեսական նշանակության հողեր

Ողջիի պոչամբար

Ողջիի պոչամբար

Ողջի

Քաջարանից Կապան տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Լեռնաձոր գյուղի մոտ, կարելի է նկատել աղքատ բուսականությամբ աչքի ընկնող բավական ընդարձակ, հարթ տարածք։ Եթե ցանկանաք քայլել այդ տարածքով, այնտեղից բույսեր հավաքել, ապա որևէ  արգելափակող նշան, ցուցանակ կամ ցանկապատ չի զգուշացնի, որ դուք գտնվում եք Ողջիի պոչամբարի տարածքում։ Այստեղ ազատ կարող են մուտք գործել ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, և պոչամբարի տարածքը նրանց համար կարող է ծառայել որպես արոտավայր։ Մինչդեռ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ այստեղ աճող բուսածածկույթը ոչ միայն չի կարելի օգտագործել որպես անասնակեր, այլև այրել, քանի որ մթնոլորտ կարող են արտանետվել բույսերի մեջ առկա ծանր մետաղների աերոզոլները։

1962 թվականից շահագործված Ողջիի պոչամբարի մակերեսը 53 հա է։ Բնապահպանության նախարարության կողմից 2018-ին մշակված «Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած ընդերքօգտագործման թափոնների լցված/տիրազուրկ արտադրական լցակույտերի և փակված օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազա»-ից տեղեկանում ենք, որ պոչամբարի նախագծային ծավալը կազմել է 30 մլն մ³, իսկ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալների՝  լցված է 10 մլն մ³։ Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքներն այլ են․ Ողջիի փաստացի ծավալը 19․4 միլիոն մ³ է, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան ԱԻՆ-ի ներկայացրած տեղեկատվությունը։  Այս պոչամբարի տակով է անցնում Ողջի գետը, որի հունը փոխելու համար կառուցվել է 1կմ երկարությամբ թունել։ Հակոբ Սանասարյանն այս առումով կասկած հայտնեց, որ թունելը, երկար ժամանակ մնալով պոչանքների ակտիվ նյութերի ազդեցության տակ, կարող է քայքայվել։ Պոչամբարը կոնսերվացվել է 1977 թվականին։

Ողջիի պոչամբար

Ողջիի պոչամբար

Ողջիի պոչամբարը համարվել է 2-րդ դասի վտանգավոր՝ (վտանգավորության առավելագույն դասը՝ 3) ըստ Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի (ՀՀ կառավարության 28․03․2002 թ-ի նիստի N 13-18 արձանագրային որոշում)։ Վտանգավորությունը որոշելու համար հաշվի են առել պոչամբարների ծավալը, բաղադրությունը, միջավայրի և մարդկանց վրա դրանց ազդեցությունը և մի շարք այլ առանձնահատկություններ։

2015թ․-ին ընդունվել է հատուկ օրենք, որով Ողջիի, Փխրուտի պոչամբարները և Արծվանիկում 2012թ-ի հունվարի 1-ից հետո կուտակվող պոչերը փոխանցվել են կառավարությանը՝ պոչամբարների վերամշակման իրավունքները պայմանագրային հիմունքով տրամադրելու նպատակով: Համաշխարհային բանկը 2016-ին հրատարակած իր զեկույցում մտավախություն է հայտնում, որ սա հանքարդյունաբերողին կօգնի խույս տալ պարտավորությունները կատարելուց. «Խնդիրների լուծման ընթացքում պոչամբարների նկատմամբ սեփականության իրավունքի ստանձնումը կառավարության կողմից արդյունավետ չէ, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ բնապահպանական և տնտեսական պատասխանատվության: Բացի այդ, չափազանց կարևոր է, որ ընկերություններն իրականացնեն պոչամբարների պատշաճ կառավարում, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, վերականգնողական աշխատանքներ, որ պաշտպանեն շրջակա միջավայրը և մարդկանց, ոչ թե զերծ մնան խնդիրների մեղմացմանն ուղղված միջոցառումներից՝ ակնկալելով, որ ապագայում գուցե այդ պոչամբարները դառնան պաշարներ»:

Փխրուտ

Գտնվում է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում՝ Ողջիի պոչամբարից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։ Պոչամբարը շահագործման է հանձնվել 1958 թվականից։ Այս պոչամբարի նախագծային ծավալը 3․2 մլն․ մ³ է, ըստ ԱԻՆ-ի հաղորդած տվյալների՝ այն ամբողջությամբ լցված է։ Կոնսերվացվել է 1969թ․-ին։ Բնապահպանության նախարարության ստորաբաժանումների կողմից կազմած բազայից տեղեկանում ենք, որ Փխրուտի պոչամբարի 11․2 հա տարածքում կառուցվել են ամառանոցներ, տնկվել են այգիներ, և չափավոր հողածածկ տարածքը երբեմն ծառայում է արոտավայր։ Բայց բնապահպան Հակոբ Սանասարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ փակ պոչամբարների տարածքներում որևէ փորձաքննություն չի իրականացվել․ պարզ չէ՝ կարելի է արդյոք կենդանիներ արածեցնել կամ այստեղ գոյություն ունեցող բուսածածկույթը ի՞նչ տարրեր է պարունակում իր մեջ։ Բնապահպանի կարծիքով՝ այստեղ աճած բուսածածկույթը չի՛ կարելի օգտագործել որպես արոտ։ Չի՛ կարելի տնկել ծառեր, որոնց արմատները կարող են հասնել պոչամբարի թունավոր զանգվածին։

Ողջի և Փխրուտ պոչամբարներ

Ողջի և Փխրուտ պոչամբարներ

Բնապահպանության նախարարությունը նաև նշում է, որ «պոչամբարի շուրջ կան ջրանցքներ, որոնց մաքրումը և սպասարկումը կատարվում է կանոնավոր կերպով` դրանց ֆունկցիոնալությունն ապահովելու համար: Պոչամբարի տակով անցնում է ջրահեռացման համակարգ, որի ելքը դուրս է գալիս պոչամբարի ստորին հատվածում: Այդ ջրատարով հոսում են նաև վտակի ջրերը, որի հունում կառուցված է պոչամբարը: Ջրատարը ներկայումս գործում է»:   «Մասնավորապես ԶՊՄԿ-ի կողմից օգտագործված և կոնսերվացված պոչամբարները, ըստ էության, կոնսերվացված են անունով, բայց շարունակում են ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա։ Փխրուտի պոչամբարով ջուրը հոսում է, պոչամբարի մեջ լվացվում են այդ նյութերը և  լցվում են  Ողջի գետը»,-ասում է բնապահպան Լևոն Գալստյանը։

Փխրուտի կոնսերվացված պոչամբարը դասվել է վտանգավորության 2-րդ դասին՝ ըստ 2002 թվականի պոչամբարների վտանգավորության գնահատման։

Լեռնաձոր գյուղում երիտասարդների մի մասը չգիտեն էլ, որ իրենց գյուղին շատ մոտ երեք փակ պոչամբար կա, բայց մեծերը հիշում են ու պատմում. երբ Ողջիի ու Փխրուտի պոչամբարները դեռ փակ չէին, այնտեղից եկած փոշին ծածկում էր ողջ գյուղը։

Մեր զրուցակիցը, որ չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ՝ վախենալով կորցնել իր աշխատանքը, ասաց պոչամբարների տարածքում կենդանիներն արածում են հիմնականում գարնանը, դե իրենք էլ, իհարկե, օգտվում են այդ կաթից։ Հետո ցավով ավելացրեց, որ իրենք շրջապատված են փակ պոչամբարներով, բայց դրանք այնքան վատ են փակված, որ բույսերն այսեղ ամռանը արդեն չորանում են, որովհետև արմատ գցելու տեղ չունեն։ Երբ փորձեցինք հասկանալ` արդյոք զգում են պոչամբարների ազդեցությունը առողջության վրա, պապիկը քմծիծաղով պատասխանեց.  «Լինումա էլի, մենք սովոր ենք արդեն էդ բոլոր բաներին»։

Դարազամի

Առաջին հայացքից Դարազամի պոչամբարը գյուղատնտեսական նշանակության հողատարածք է հիշեցնում։ Գյուղացիներն այստեղ կարտոֆիլ, կաղամբ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ են աճեցնում, այն ևս կենդանիների համար ծառայում է որպես արոտատեղի, տարածքն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, բայց առանց նախապես գնահատելու վտանգավոր նյութերի հնարավոր առկայությունը և ազդեցության ուղիները։ Այստեղ է կուտակվում նաև կոմբինատի լցակույտերի մի մասը։

Պոչամբարը հանձնվել է շահագործման 1953 թվականից։ Շահագործումից 8 տարի անց Դարազամի պոչամբարը կոնսերվացվել է։ Պոչամբարի պատվարի փաստացի բարձրությունը 58 մ է։ Այն զբաղեցնում է 0․9 հա տարածք։  2002թ․-ին գնահատվել է 2-րդ դասի վտանգավորության։ Դարազամի և առհասարակ Հայաստանի պոչամբարների մեծ մասը գտնվում են բնակելի վայրերից  վերև։ Դա նշանակում է, որ հնարավոր վթարների և աղետների դեպքում պոչամբարներից դուրս թափված թունավոր զանգվածը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ բնակավայրերի վրա։ Սա ավելի ռիսկային է գործող պոչամբարների դեպքում, քանի որ պոչանքում հեղուկ զանգվածն ավելի շատ է։

Նշենք նաև, որ այս 3 փակ պոչամբարնեի հարակից տարածքներում ՝ Լեռնաձորում և Քաջարանում ապրող 17 երեխաների մազեր տարվել են փորձաքննության, մազերի մեջ հայտնաբերվել են մկնդեղ, կանդիում և այլ ծանր մետաղներ։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

Ագարակի պզնձամոլիբդենային կոմբինատի պատմությունը սկսվում է դեռևս 1963թ-ից։ Գտնվում է Մեղրի քաղաքից  25 կմ հեռավորության վրա, հանքին ամենամոտ քաղաքը Ագարակն է՝ 3-5 կիլոմետր (հարստացուցիչ ֆաբրիկա՝ 3 կմ, բացհանք՝ 7 կմ) հեռավորությամբ, ամենամոտ գյուղը՝ Կարճևանը՝ 1,5 կմ հեռավորությամբ։ Հանքին ամենամոտ ջրային ավազանը Կարճևանն է։

Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկա

Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկա

Կոմբինատն արդյունահանում և վերամշակում է պղինձ և մոլիբդեն։ Հանքարդյունաբերությունը կատարվում է բաց եղանակով՝ պայթեցումների միջոցով։ Տարեկան արտադրողականության ծավալներն այս պահին կազմում են 3․5 մլն տոննա, բայց կոմբինատը այս տարվա աշնանը ներկայացրել է նոր նախագիծ, որով նախատեսում է տարեկան արտադրողականությունը հասցնել 4․5 մլն տոննայի, որում պղնձի պարունակությունը 0․37% է, մոլիբդենինը՝ 0․022%։

Կոմբինատում աշխատում է 1051 մարդ, որի մեծ մասը Ագարակ քաղաքի բնակիչներ են։ Նշենք, որ Ագարակ քաղաքի մշտական բնակչությունը 2001 թվականից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում նվազել է 562-ով՝ 4801-ից դառնալով 4239։ Արտադրական ծավալների ավելացման դեպքում կոմբինատը նախատեսում է բացել 77 նոր աշխատատեղ։

Բնապահպան Լևոն Գալստյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ կոմբինատի ազդեցությունը շատ մեծ է Ագարակ քաղաքի վրա, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի այստեղ նոր արտադրական ձեռնարկություններ հիմնելու համար, ստեղծի նոր աշխատատեղեր, որ մարդկանց միակ հույսը կոմբինատում աշխատելը չլինի։

Ագարակի պզնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող 3 պոչամբարները։ Դավազամին շարունակում է մեծացնել ծավալները։

Կոմբինատի կողմից, ըստ ներկայացված նախագծի, այժմ շահագործվում է երեք պոչամբար։ Դրանք օգտագործվում են հերթականությամբ։ Մեծությամբ ամենախոշորը Դավազամի՝ Հովիտ 1 պոչամբարն է, երկրորդը՝ Հովիտ 3, երրորդը՝ Հովիտ 2 պոչամբարը։ Այստեղ են տեղավորվում կոմբինատի արդյունահանած 3․5 մլն տոննա հանքաքարի 99,11%-ը կամ 3468․8 հազար տոննան։ Թափվող պոչերը իրենց մեջ պարունակում են սիլիցիումի, ալյումինի, կալցիումի, մագնեզիումի, կալիումի օքսիդներ և մի շարք այլ նյութեր։

Ագարակի Հովիտ 1,2,3 պոչամբարներ

Ագարակի Հովիտ 1,2,3 պոչամբարներ

Առաջին ամենախոշոր պոչամբարը սկսել է շահագործվել 1963 թվականից։ Դավազամին մեկ անգամ արդեն հասել է իր նախագծային հզորություններին։ 2014 թվականին ընկերության կողմից մշակված նախագիծը նախատեսում է պոչամբարի պատնեշի 3 փուլային բարձրացում, որի դեպքում պատվարի գագաթի նիշը 810-ից կբարձրանա 920-ի։ Այս դեպքում պոչամբարի նախագծային ծավալը կդառնա 70,1 մլն մ³։ Այս պահին պատվարի գագաթի նիշը 813 մ է։ Ըստ 2019թ․-ի ընկերության հաղորդած տվյալների  Հովիտ 1-ի լցվածությունը 38,1 մլն մ³ է։ Համաշխարհային բանկը, սակայն,  2016թ․-ին այլ տվյալներ է հաղորդում, ըստ որի դեռևս 2014 թ․ պոչամբարի փաստացի ծավալը կազմել է 38,6 մլն մ³։ Տարբերություն կա նաև Հովիտ 3 պոչամբարի դեպքում։ Կոմբինատի հաղորդած տվյալների համաձայն՝ պոչամբարի նախագծային ծավալը 18,12 մլն մ³ է, որից 2019թ․-ի դրությամբ լցված է 6,7մլն մ³, մինչդեռ, ըստ Համաշխարհային բանկի, 2014թ․-ին այն արդեն լցված է եղել 7 մլն մ³։ Հովիտ երկուսի նախագծային ծավալը 9,08 մ³ է, որից լցված է 1,3 մլն մ³-ն։

Հովիտ 2 և Հովիտ 3 պոչամբարները ունեն ջրի շրջանառու համակարգ, այսինքն՝ պոչամբարի պարզվածքի ջուրը չի թափվում շրջակա միջավայր, այլ վերադառնում է հարստացուցիչ ֆաբրիկա և կրկին օգտագործվում։ Բայց Դավազամի պոչամբարը չունի ջրի շրջանառու համակարգ, և պարզվածքը թափվում է ուղիղ Արաքս գետը։ Կոմբինատի խտացման արտադրամասի պղնձի խտացուցիչի պարզվածքը թափվում է Կարճևան գետը` մոտ 50մ՝ չհասած Արաքսի հետ միացման կետին: Տվյալ աննշան հեռավորության դեպքում արտադրական հոսքաջրերի և գետի ջրերի խառնման գետահատվածը գտնվում է արդեն Արաքս գետում, այսինքն՝ խտացուցիչի պարզվածքը գործնականորեն նույնպես թափվում է Արաքս գետը։

Առաջին ամենախոշոր պոչամբարը սկսել է շահագործվել 1963 թվականից։ Դավազամին մեկ անգամ արդեն հասել է իր նախագծային հզորություններին։ 2014 թվականին ընկերության կողմից մշակված նախագիծը նախատեսում է պոչամբարի պատնեշի 3 փուլային բարձրացում, որի դեպքում պատվարի գագաթի նիշը 810-ից կբարձրանա 920-ի։ Այս դեպքում պոչամբարի նախագծային ծավալը կդառնա 70,1 մլն մ³։ Այս պահին պատվարի գագաթի նիշը 813 մ է։ Ըստ 2019թ․-ի ընկերության հաղորդած տվյալների Հովիտ 1-ի լցվածությունը 38,1 մլն մ³ է։ Համաշխարհային բանկը, սակայն, 2016թ․-ին այլ տվյալներ է հաղորդում, ըստ որի դեռևս 2014 թ․ պոչամբարի փաստացի ծավալը կազմել է 38,6 մլն մ³։ Տարբերություն կա նաև Հովիտ 3 պոչամբարի դեպքում։ Կոմբինատի հաղորդած տվյալների համաձայն՝ պոչամբարի նախագծային ծավալը 18,12 մլն մ³ է, որից 2019թ․-ի դրությամբ լցված է 6,7մլն մ³, մինչդեռ, ըստ Համաշխարհային բանկի, 2014թ․-ին այն արդեն լցված է եղել 7 մլն մ³։ Հովիտ երկուսի նախագծային ծավալը 9,08 մ³ է, որից լցված է 1,3 մլն մ³-ն։ Հովիտ 2 և Հովիտ 3 պոչամբարները ունեն ջրի շրջանառու համակարգ, այսինքն՝ պոչամբարի պարզվածքի ջուրը չի թափվում շրջակա միջավայր, այլ վերադառնում է հարստացուցիչ ֆաբրիկա և կրկին օգտագործվում։ Բայց Դավազամի պոչամբարը չունի ջրի շրջանառու համակարգ, և պարզվածքը թափվում է ուղիղ Արաքս գետը։ Կոմբինատի խտացման արտադրամասի պղնձի խտացուցիչի պարզվածքը թափվում է Կարճևան գետը` մոտ 50մ՝ չհասած Արաքսի հետ միացման կետին: Տվյալ աննշան հեռավորության դեպքում արտադրական հոսքաջրերի և գետի ջրերի խառնման գետահատվածը գտնվում է արդեն Արաքս գետում, այսինքն՝ խտացուցիչի պարզվածքը գործնականորեն նույնպես թափվում է Արաքս գետը։

Երբ փորձում էինք մոտենալ պոչամբարների տարածքին, մեզ մոտեցած աշխատակիցներից մեկը ասաց․ «Ընդեղ բան չկա նկարելու, առաջին պոչամբարը մեծ մասամբ չոր ա»։ Պոչամբարը իսկապես չոր էր, և ռեկուլտիվացման աշխատանքներ չէին իրականացվել։ Արդյունքում պոչամբարի չորացած հատվածից պոչանքը քամու միջոցով տարածվում է շրջակա միջավայրի վրա։ Մասնագետները շատ կարևոր են համարում պոչամբարների ընթացիկ ռեկուլտիվացման աշխատանքները, այս մասին մեզ հետ զրույցում նշեց նաև  ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դոցենտ, կայուն զարգացման կենտրոնի աշխատակից Հարություն Մովսիսյանը․ «Պոչամբարները և ցանկացած օբյեկտ հանքարդյունաբերության մեջ ընթացքում ենթակա են ռեկուլտիվացիոն աշխատանքների, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմացվի։ Ոչ բոլոր պոչամբարների վրա է, որ իրականացվում է ընթացիկ ռեկուլտիվացիա։ Ընթացիկ ռեկուլտիվացիա ասելով նկատի ունեմ պոչամբարների պատվարների վրա, որոնք ընթացքում ձևավորվում են պոչերի հաշվին, հողի շերտի, բուսականության շերտի ստեղծում, որը թույլ չի տա արդեն չորացված զանգվածների ներթափանցումը մթնոլորտ՝ փոշու տեսքով»։

Ըստ 2019 թվականին ներկայացված նոր նախագծի տվյալների՝ Ագարակի 3 պոչամբարների ընդհանուր նախագծային ծավաը 97,3 մլն³  է, որից, ըստ հանքարդյունաբերողի, լցված է 46,1 մլն³ -ը, և պոչամբարները կարող են ծառայել ևս 16,5 տարի՝ 4,5 մլն․տ/ տարի արտադրական ծավալների դեպքում (այս նախագիծը դեռևս դրական եզրակացություն չի ստացել)։ Եթե նախագիծը ստանա դրական եզրակացություն, պոչերի տարեկան չոր զանգվածը կկազմի մոտ 4,5 մլն․ տոննա։ Իսկ Դավազամի պոչամբարի տարածքը 93 հա-ից կդառնա 128 հա։ Նշենք, որ այս տարածքը գտնվում է 9 բալանոց սեյսմիկ գոտում։

Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատ

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը գտնվում է Կապան քաղաքից (կենտրոնից) 4-5կմ հեռավորության վրա, դեպի հյուսիս-արևելք, Ողջի եւ Խալաջ գետերի միջև։ Շահագործվում է 1962 թվականից սկսած։

Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործվում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից։ Մինչ այս այն պատկանում էր ռուսական «Պոլիմետ» ընկերությանը, որն էլ կեմբինատը 2018-ին վաճառել է «Չաարաթ գոլդ ինթերնեյշնլ լիմիթիդ» -ին։

Ընկերության նախորդ սեփականատեր «Դանդի Փրիշս Մեթալս Կապան»-ը որոշել էր հանքը շահագործել բաց եղանակով և գնել էր Շահումյանի բնակավայրի հողերը,  բայց հետագայում որոշվեց հանքը շահագործել ստորգետնյա եղանակով։ Հանքավայրի հիմնական օգտակար բաղադրիչներն են ոսկին, արծաթը, պղինձը, ցինկը, կապարը։ Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արտադրում է պղնձի և ցինկի խտանյութ՝ ոսկու և արծաթի պարունակությամբ։ Հանքի տարեկան արտադրողականությունը կազմում է 600,000 տ/տարի։

Գեղանուշի պլանային փակումը նախատեսվում է 2050 թվականին

Գեղանուշի պոչամբարը գտնվում է Կապան քաղաքից մոտ 1 կմ հեռավորության վրա (դեպի հյուսիս-արևելք)։ Այստեղ են կուտակվում Կապանի լեռնահարստացման կոմբինատի պոչերը։ Այս պոչամբարի տակով է անցնում համանուն Գեղանուշ գետը, որը Ողջիի աջ վտակն է։

Գեղանուշի պոչամբար

Գեղանուշի պոչամբար

Պոչամբարը շահագործվել է 1962 թվականից, ըստ հանքարդյունաբերողի հաղորդած տվյալների՝ այստեղ են կուտակվել կոմբինատի պոչերը մինչև 1990 թվականը, նշենք, որ Գեղանուշի պոչամբարը 1983-1990 թվականներին շահագործվել է ընդհատումներով։ Երբ Պոչամբարում կար արդեն կուտակված 4,6 մլն մ³ պոչանք, այն փակվել է։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ պոչամբարի փակման պատճառը շրջակա միջավայրի վրա ունեցած վատ ազդեցությունն է եղել։ 2006-ին շահագործող ընկերությունը ներկայացնում է պոչամբարի ընդլայնման նախագիծ, որով նախատեսվում է պոչամբարի նախագծային ծավալը 8,7 մլն մ³ հասցնել 11,37 մլն մ³-ի։

Գեղանուշի պոչամբարը, ի տարբերություն Հայաստանում առկա մյուս պոչամբարների, ունի երկու պատվար՝ հարավային և հյուսիսային։ Ըստ ընդլայնման նախագծի՝ պատվարների գագաթի նիշը լինելու է 852-854 մետր։ Պատվարի բարձրացումը տեղի է ունենալու փուլերով (2,5 մետր քայլերով)։

Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշ

Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշ

Չնայած նախատեսված աշխատանքները իրականացվելու են համաձայն միջազգային լավագույն փորձի, պատվարի վերընթաց բարձրացումը լեռնային երկրների համար հակացուցված է, սա մեզ հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը։ Այս մասին խոսվում է նաև Համաշխարհային բանկի զեկույցում՝ «Վերընթաց բարձրացման նախագծով ամբարտակների կառուցումն ավելի էժան է, բայց դրանց փլուզվելու հավանականությունը շատ ավելի բարձր է սեյսմիկ ակտիվության, ավազանի ջրի վատ կառավարման և չափազանց արագ բարձրացման պարագայում»։ Նշնք որ հանքավայրը գտնվում է 8 բալանոց սեյսմիկ գոտում։

Վերընթաց ուղղությամբ բարձրացվող պատվարներ ունեն նաև այն բոլոր պոչամբարները, որոնց մասին արդեն խոսել ենք։

2007-2015 թվականներին Գեղանուշ լցված պոչերի քանակը  տոննաներով

Մեր ուսումնասիրած պոչամբարներից միայն Գեղանուշի պոչամբարի լցվածությանն տվյալն է համապատասխանում Համաշխարհային բանկի կողմից հաղորդած տվյալին։

2016 թնականին դրական եզրակացություն ստացած նախագծի համաձայն, Գեղանուշի պոչամբարն ամբողջությամբ բավարար է Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի գնահատված և արդյունահանման ենթակա պաշարների մշակման արդյունքում ձևավորվող պոչերի տեղադրման համար: Հետևաբար, պոչամբարի պլանային փակումը, ինչպես և հանքինը, նախատեսվում է
2050թ.-ին:

Գեղանուշի պոչամբարի պարզվածքն ու հարավային պատնեշը

Գեղանուշի պոչամբարն իր ենթակառուցվածքներով զբաղեցրել է 32 հա տարածք 2015 թվականին։ Այն ունի ջրի շրջանառու համակարգ, այսինքն՝ պոչամբարի պարզվացքի ջուրը վերադարձվում է հարստացման ֆաբրիկա և կրկին օգտագործվում։

Պոչամբարին հարակից Գեղանուշ գյուղի բնակչուհի Ժաննա Սարգսյանը, ով այստեղ է ապրում արդեն 37 տարի, պատմում է պոչամբարի շահգործումը վնասում է մարդկանց առողջությանը, հողի բերրիությանը, իրենք գիտակցում են, որ այստեղ աճող բույսերը, պոչամբարին մոտ արածող կենդանիների կաթը վնասակար է իրենց համար, բայց ստիպված են օգտվել դրանցից․

-Մինչև պոչամբարի շահագործումն ամեն ինչ լավ էր, բայց շահագործումից հետո ամեն ինչը վերացել է ՝ ծառերից բռնած մինչև այգիները, ինչ մշակում ենք չի աճում։

-Ամեն տարի է այդպե՞ս։

– Շահագործումը որ սկսեց մի քանի տարի՝ ոչինչ, բայց հիմա, կարելիա ասել, շատ վատա ամեն ինչը․ պամիդորի վրա սպիտակ, դեղնավուն կետիկներա լինում, բիբարը կողքից փչանումա, բիբարի քոլը հողի մասից ինքը իրան ընկնումա, չորանումա։

-Բայց օգտվո՞ւմ եք բերքից։

– Օգտվում ենք, որովհետև ոչ մի տեղ չենք աշխատում, ոչ մի կողմից ֆինանսական օգնություն չկա, բա ի՞նչ պիտի անենք։

-Նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ առավոտյան պոչամբարից փոշին գալիս է գյուղ։

– Ես 10 լիմոնի ծառ ունեմ, 10 լիմոնի ծառի վրա էլ էդ փոշին նստումա, լիմոնի վրա նստումա, մենակ լիմոնիս ծառերը չի, մնացածն էլ նույննա, ինչը որ հողամասից բերում ես, անպայման պիտի հոսող ջրի տակ լավ մաքրես նոր օգտագործես, որովհետև հնարավոր չի։ Գիտակցելով որ էդ ամեն ինչը վնասա, էլի օգտագործում ենք։

-Իսկ առողջության վրա ազդեցություն զգո՞ւմ եք։

-Հոդացավերը, ճնշումը, սիրտը, սիրտթոքային անբավարարությունը, լրիվ էդ հիվանդությունները, բոլորի մոտ էլ կան, նենց չի, որ ասեմ՝ մենակ ես եմ հիվանդ իմ համար եմ բողոքում։ Ամբողջ գյուղացիների կողմից ես ասում եմ, բոլոր գյուղացիներն էլ հիվանդ են։

Երբ փորձեցինք ճշտե՝լ նկատել են, որ կենդանիները պոչամբարի մոտ արածեն, Տիկին ժաննան հեգնախառն ծիծաղով ասաց․

-Պոչամբարի ամբողջ թույնը նստումա կանաչ խոտի վրա, իրիկունն էլ շաղը դնումա, առավոտն էլ ավելի հյութալի անասուններն օգտվում են։

-Ու հետո այդ կաթը դուք եք խմում։

-Այո, ըտենցա, բա ինչ անենք։

Նյութի հեղինակ՝ Մետաքսյա Մաթեվոսյան

Օգնող լրագրող՝ Անի Սարգսյան

Հիմնական լուսանկարը՝ DroDrone ֆեյսբուքի էջից