ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովից դրվագ՝ Կարին, 1914-ի ամառ. Վահան Մինախորյան

3051

Ծանոթ. Սա հատված է Վահան Մինախորյանի “Արհավիրքի օրեր” գրքից: Վահան Մինախորյանը, որպես Ջանիկից (Սամսոն, Սև ծովի շրջան) ընտրված պատվիրակ, մասնակցել է ՀՅԴ Ութերորդ Ընդհանուր ժողովին, որը կայացել է Կարինում՝ Էրզրում, 1914-ի ամռանը: Ժողովը համընկել է Առաջին աշխարհամարտի սկզբի հետ:

ԱՆԻ կենտրոն

Ժողովականների ստւար մեծամասնութիւնը արտահայայտւում էր այն մտքով, որ եթէ Թուրքիան պատերազմին մասնակցի, հայ ժողովուրդը պէտք է կատարի իր քաղաքացիական պարտականությունները՝ իր պետութան նկատմամբ: Բայց հարցը աւելի բարդ էր, քան թւում էր մեզ առաջին հայեացքից. իսկ եթէ Ռուսաստանը պատերազմ յայտարարելու լինէր Թուրքիային, ի՞նչ պիտի լինէր այդ դէպքում կովկասահայութեան դիրքը: Մեծամասնութեան կարծիքն այն էր, որ նա էլ իր քաղաքացիական պարտականութիւնները պէտք կատարի իր պետութեան հանդէպ: էջ 82

Ժողովականները գիտակցում էին այս դրութիւնից բխող անհարթութիւնները: Չխօսելով եղբայրը եղբօր դէմ հանելու գործնական դժւարութիւնների մասին՝ կար քաղաքական հին անցեալի ժառանգութիւնը, կար քիչ առաջ բարենորոգութինների շուրջ ծնունդ առած համազգային շարժման հմայքը: Բայց, ո՛ւր եւ ի՛նչպէս էլ դարձնելու լինէինք խնդիրը, ուրիշ ելք չկար. բեկումը կենսական անհրաժեշտութիւն էր այս դէպքում: Նախապէս երեք-չորս հոգի հակառակ էին այդ կարծիքին եւ առաջարկում էին Արեւմտեան Հայաստանում ձեռնարկել ընդհանուր ապստամբութեան (Պոլսոյ պատգամաւոր Համազասպ Սրւանձտեանը, Հայ ուսանողական միութեան պատգամաւոր Տիգրան Խաչիկեանը, Սւազի երկու պատգամաւորները՝ Վարդանեանն ու Փոլատեանը): Բայց, վիճաբանութեան ընթացքում, Ռ. Տէր-Մինասեանը առաջարկում էր, պատերազմի դէպքում, կամաւորական գնդէր կազմել եւ միանալ թրքական բանակին՝ ռուսների դէմ: Նրանք էլ միացան մեծամասնութեան բանաձեւին՝ բացի Սրւանձտեանից: էջ 82-83

Օգոստոսի սկզբներում Էրզրում հասան թուրք յայտնի հռետոր Նաջի բէյը եւ Իթթիհադի գլխաւոր քարտուղար Բեհաէդդին Շաքիրը: Նրանք, իբր թէ, եկել էին, յատկապէս, Հ. Յ. Դ. Ընդհանուր ժողովի հետ բանակցելու պատերազմի ընթացքում հայերի բռնելիք դիրքի մասին: Մի քանի օր առաջ Էրզրում էր հասել նաեւ Ա. Վռամեանը, որը եւ, փաստօրէն, վարում էր բանակցութինները՝ մնացած ընկերների, յատկապէս Ռոստոմի եւ Ակնունու հետ համախորհուրդ: էջ 83-84

Թուրքերը, վստահ գերմանական զէնքի յաջողութեան վրայ, համզւած էին, որ Թուրքիան պատերազմից դուրս կը գայ նպաստաւորւած: Նրանք վստահ էին, որ Ռուսաստանի յարձակման դէպքում՝ իրենց կը յաջողւի ոտքի հանել Անդրկովկասի, Հիւսիսային Կովկասի, Միջին Ասիայի, մինչեւ իսկ Հնդկաստանի իսլամութիւնը եւ դրանով նեղը լծել ոչ միայն Ռուսաստանը, այլ նոյնիսկ՝ Անգլիան: Այդ նպատակներով նրանք առաջարկում էին, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը կազմակերպւած ձեւով գործակցի իրենց միաժամանակ Թուրքիայում, Կովկասում եւ արտասահմանում: Առաջարկում էին Թուրքիայում հայ կամաւորական գնդեր կազմել եւ գործօն մասնակցութիւն ունենալ թիկունքային աշխատանքների մէջ: Ռուսաստանում եւ Կովկասում պայքար մղել ցարական միապետութան դէմ եւ նպաստել ռուսների կովկասեան թիկունքը քայքայելու: Արտասհմանում հանդէս գալ հայ-թրքական համագործակցութեան իմաստով եւ մէկ անգամ ընդմիշտ ձեռք քաշել դրսի ուժերի միջամտութիւնից: Մի կողմ թողնել բոլոր ներքին խնդիրները, որոնք պատշաճ լուծում կը ստանան պատերազմից յետոյ: էջ 84

Ընդունել թուրքերի առաջարկը՝ նշանակում էր պատուհասներ ստեղծել Կովկասում եւ արկածախնդրութեան մէջ ընկնել, որովհետեւ այն, ինչ որ առաջարկում էին թուրքերը, ո՛չ մի առընչութիւն չունէր ո՛չ հայ ազատագրական շարժման անցեալի, ո՛չ էլ հայութեան մէջ տիրող տրամադրութիւնների հետ: Միւս կողմից՝ մերժել թուրքերին, նրանց հետ թշնամանալու իմաստով, նշանակում էր մէկէն ի մէկ հարւածի տակ դնել արեւմտահայութեանը: էջ 85

Վռամեանի զեկուցումից յետոյ՝ տեղի ունեցան եւս մէկ-երկու հանդիպումներ՝ թուրքերի հետ: Այդ հանդիպումները ոչինչ նոր բան չպարզեցին, եւ բանակցութիւնները վերջացան կամ անստոյգ դրութեան մէջ ընկան: Բանակցութիւններից մեկնող միակ դրական հետեւութիւնը այն եղաւ, որ անհրաժեշտ էր անխախտ պահել Ընդհանուր ժողովի որոշումը, որի իմաստն այն էր. թէ արեւմտահայութիւնը չպէտք է ապստամբւի, պատերազմի ընթացքում յատուկ ազգային խնդիր չպէտք է յարուցանի, իր վրայ ընկնող բոլոր քաղաքացիական պարտականութիւնները պէտք է կատարի, բարեխիղճ, համբերող եւ պարտաճանաչ պէտք է լինի Թուրքիոյ եւ թուրքերի հանդէպ: էջ 85

Վահան Մինախորեան, 1915 թւականը. Արհավիրքի օրեր, Թեհրան, 2006