Նիկոլ Փաշինյանը ուղղակի ոտնակոխ է անում խոսքի ազատությունը. Արփինե Հովհաննիսյան

1671
Discussion for inclusion in the agenda of the next four-day sittings of the draft budget 2016 took place at the RA NA

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է երեկվա Փաշինյանի ելույթին իր Ֆեյսբուքի էջում.

Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։

Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին իշխանությունից հեռացնելու թեզին, որը քողարկված էր հրապարակում համաժողովրդական որոշում կայացնելու շղարշով, խիստ վիճահարույց այլ հարցերի, բայց այսօր կանդրադառնամ ելույթի միայն մեկ հարթությանը՝ խոսքի ազատությանը։

Մի հետաքրքիր վերլուծություն կա, որը ուղիղ կապ է տեսնում քաղաքացիական խաղաղ անհնազանդության կամ հայկական տարբերակով` «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքում դրական փոփոխությունների և երկրում ժողովրդավարության, և մասնավորապես` խոսքի ազատության բարելավման միջև:

Այս առումով նոր կառավարության գործունեության 100 օրը ամփոփելիս ունենք հետևյալ պատկերը. 


• ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում բարձրաձայնվում է այն միտքը, որ կառավարության որոշումները պետք է բացառապես ընդունվեն միաձայնությամբ՝ առանց որեւէ դեմ ձայնի /այս կապակցությամբ ընդդիմադիր Ն. Փաշինյանը ծաղրում էր նախկին կառավարություններին/ 


• Երկրի վարչապետը անում է ոչ հասցեական հայտարարություն՝ թիրախավորելով զանգվածային լրատվության միջոցների «հակապետական» գործունեությունը 


• Նոր կառավարության հասցեին նույնիսկ փոքր-ինչ քննադատություն հնչեցնող լրատվամիջոցի կամ լրագրողների հասցեին միանգամից տարածվում են լրատվամիջոցը «մերժելու» կոչեր, իսկ լրագրողներն էլ արժանանում են անձնական վիրավորանքների 


• Այլակարծությունը աստիճանաբար վերածվում է վերացող երեւույթի: Յուրաքանչյուր տարբերվող կարծիք կամ տեսակետ պիտակավորվում է որպես «հակահեղափոխական» եւ սոցիալական հարթակներում սկիզբ դնում ատելության խոսք ու վիրավորանք պարունակող այնպիսի գրառումների եւ մեկնաբանությունների, որ ակամա ապշում ես, թե ինչ հարուստ երեւակայություն եւ բառապաշար կարելի է օգտագործել վիրավորանքն ու ատելությունը արտահայտելու համար։ 


• Մինչ այս պահը ես գուցե միամտորեն հույս ունեի, որ կառավարության համար կարեւոր է խոսքի ազատության պաշտպանությունը, քանի որ ժողովրդավարությունը որպես իր գործունեության հիմնական առանցք հռչակած կառավարության համար այն պետք է, որ լիներ գերագույն արժեք, առավել ևս, որ խոսքի ազատության լիարժեք իրացումն է նաև կերտել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչին: Սակայն երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը՝ խորացնելով այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հռչակելով, որ նախ պետք է մտածել, հետո միայն խոսել, իսկ «խոսքի ազատության» երաշխավորն ու հովանավորն էլ ԱԱԾ-ն է:


Թերևս` ավելորդ է նշել, որ խոսքի ազատության սկզբունքի ողջ «պերճանքն ու թշվառությունն» այն է, որ անձն ինքն է որոշում՝ մտածի, հետո՝ խոսի, խոսի, հետո՝ մտածի, թե առհասարակ չմտածի։ Կարծում եմ՝ այսօր մենք կանգնած ենք շատ վտանգավոր ու պատասխանատու ճամփաբաժանին, եթե չփոխվեն մոտեցումները նշանակում է` մենք հրաժարվում ենք խոսքի ազատությունից, հետեւաբար նաեւ ժողովրդավարությունից։