Վճռական Ժամին. «Անձնական Յուշեր ու Ապրումներ»

1869

ԱՆի կենտրոնը առաջին անգամ հրապարակում է ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Վճռական Ժամին. Անձնական Յուշեր ու Ապրումներ» գրությունը: Քաջազնունին այն թղթին է հանձնել 1921 թվականի ամռանը, Թեհրանում: Այս գրությունը պատմում է 1920 թվականի բախտորոշ երեք օրերի մասին՝ նոյեմբերի 30, դեկտեմբերի 1 և 2: Այս գործը, Քաջազնունու այլ 4 գրությունների հետ, տեղ կգտնի նրա ԵՐԿԵՐ-ի 4-րդ՝ 1000 էջանոց հրատարակության մեջ, որ ԱՆԻ կենտրոնը պատրաստում է հրատարակել 2024 թվականի ընթացքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

—–

Նոյեմբեր 30-ին եւ Դեկտ. 1-ին, 1920 թուին տեղի ունեցան անջատ
ու միացեալ խորհրդակցութիւններ՝ կառավարութեան, Հ.Յ.
Դաշնակցութեան Բիւրոյի եւ Դաշնակցութեան պարլամենտական
հատուածի:

Պէտք էր պատասխան տալ Խորհրդային Ռուսաստանի Լիազօր
Լեգրանի հարցին, թէ ի՞նչ դիրք է բռնելու Երեւանի ներկայ
կառավարութիւնը Ռազմայեղափոխական Կոմիտէի հանդէպ, որը կարմիր բանակի գլուխն անցած, մտել է արդէն Հայաստանի սահմանները:

Երկար տատանումների ու ընտրութիւնների տեղ չէր մնացել, պէտք էր
կամ յանձնէինք իշխանութիւնը բոլշեւիկներին կամ ընդունէինք մեզ
յայտարարուած պատերազմը: Երրորդ ելք չկար:

Կարծիքները սկզբից եւ եթ բաժանուեցին ու մնացին բաժան մինչեւ
վերջը:

Փոքրամասնութիւնը պահանջում էր զէնքով դիմադրել բոլշիւեկներին:
Կային անհատներ, սրնաց թւում յիշում եմ Մալ.ին [Մալխաս], որոնք առաջարկում էին փաստօրէն տեղի տալ, բայց առանց ոեւէ համաձայնութեան: Իսկ ստուար մեծամասնութիւնը այն կարծիքին էր, որ պէտք է անմիջապէս հրաժարուենք իշխանութիւնից ու պաշտօնապէս յանձնենք այն բոլշեւիկներին:

Ես մեծամասնութեան մէջ էի:

Մենք ասում էինք. պէտք է յանձնատուր լինենք թէկուզ այն մի հատիկ
պատճառով, որ դիմադրելու ոչ մի հնարաւորութիւն չունենք:
Յիշում եմ, վիճաբանութիւնների ընթացքում մի հարց տուի
զինուրական մինիստր Դրոյին:

– Մեր զինուորները կը կռուե՞ն ռուս բանակի դէմ:

Պատասխանն եղաւ, թէ՝

– Ոչ, չեն կռուի:

Գիտէի, որ այդ էր ասելու եւ շատ կը զարմանայի, եթէ ուրիշ բան
ասէր: Մեր զօրքի տրամադրութիւնը եւ նրա ռազմական կարողութեան
չափը արդէն յայտնի էր բոլորիս: Ուզում էի միայն, որ զինուորական
մինիստրը, կառավարութեան նիստի մէջ, բացայայտ ու որոշակի անէր
այդ խիստ կարեւոր յայտարարութիւնը:

Յայտնի էր ամէնքիս, որ այդ պահուն մեր մանուկ բանակը ուժասպառ
էր եղած երկարատեւ ու անընդհատ կռիւներից, յուսահատուած էր կրած
պարտութիւններից, բարոյալքուած էր ու կազմալուծուած: Հրամանատարական կազմը (հաշուի չառած բացառութիւնները), իբրեւ
ամբողջութիւն, այնքան ու այնպիսի աղաղակող ապացոյցներ էր տուել իր
կատարեալ ապիկարութեան, որ այլեւս ոչ մի վստահութիւն չէր ներշնչում ո՛չ կառավարութեան, ո՛չ ժողովուրդին, ո՛չ զինուորներին:

Զինուորները հաւատ չունէին հրամանատարութեան վրայ, հրամանատարութիւնը հաւատ չունէր զօրքի վրայ: Բանակը կորցրել էր կորովը, բանակը չէր ուզեր կռուել, հանգիստ էր պահանջում ինչ գնով էլ լինի: Մեր տարաբախտ պատերազմը Թիւրքիայի դէմ, որ այդ օրերին դեռ չէր վերջացած, բաց էր արել բոլորիս աչքերը: Սարիղամիշից մինչեւ Ալեքսանդրապոլ թուրքերը արշաւեցին համարեա առանց լուրջ
դիմադրութեան հանդիպելու: Մերոնք կա՛մ փախչում էին կռուի դաշտից,
կա՛մ զէնքերը թափում, անձնատուր լինում թշնամուն…

Կարելի՞ էր յուսալ, թէ հայ զինուորը, որ չէր ուզում կամ չէր կարող
դիմադրել թուրքին, կը կռուի ռուս բանակի դէմ, մանաւանդ որ այդ
բանակը բերում էին հայ մարդիկ՝ Հայաստանը «դաշնակների
բռնակալութիւնից» փրկելու եւ հայ աշխատաւորութեան իրաւունքները
պաշտպանելու նշանաբաններով…

Գուշակութիւնը դժուար չէր անել:

Բայց գուշակելու կարիք էլ չկար, քանի որ իրողութիւնը հրապարակի
վրայ էր արդէն: Ղազախի շրջանում, այնտեղ, ուր երեւացել էին ռուսները,
մեր զինուորները թափել էին արդէն զէնքերը, ցրուել էին գիւղերի մէջ,
անհետացել կամ միացել էին բոլշեւիկներին ու այժմ նրանց հետ միասին
քայլում էին Երեւանի վրայ, մեր դէմ:

Մի ուրիշ հարց տուի, այս անգամ Ռ. Տէր Մինասեանին, որ նոր էր
թողել զինուորական մինիստրի պաշտօնը:

– Որքա՞ն զօրք կարող են մտցնել Հայաստան բոլշեւիկները:

Տէր Մինասեանը պատասխանեց, թէ՝ սպայակոյտում ստացուած
տեղեկութիւնների համաձայն՝ կարմիր բանակը կենտրոնացրել է
Ազրբէյջանում, Հայաստանի սահմանների վրայ, մօտ 40 հազար մարդ:

Թւում էր, թէ այս երկու պատասխաններից յետոյ վիճաբանութիւնների տեղ չէր մնում այլեւս, դրութիւնը շատ պարզ էր, եզրակացութիւնը պատրաստ:

Փոքրամասնութիւնը չէր ժխտում դիմադրութեան անկարելիութիւնը,
ընդունում էր, որ մեր պարտութիւնը անխուսափելի էր ու բոլշեւիկների
յաղթանակը՝ կանխավճռւած: Բայց գերադասում էր, որ տեղի տանք
միայն կռուի բռնուելուց եւ կռուի մէջ յաղթելուց յետոյ:

Ահա այդ գերադասութիւնն էր, որ մենք՝ հակառակ կարծիքի
եղողներս, չէինք կարողանում հասկանալ: Կռուել յաղթելու համար, սա
թւում էր մեզ ոչ միայն շատ անմիտ գործ, այլեւ՝ մի մեծ ոճիր մեր
ժողովուրդի ու պետութեան հանդէպ:

Մենք ասում էինք. դիմադրութեան փորձը որքան էլ կարճատեւ ու թոյլ
լինի, այն անխուսափելիօրէն ծնունդ է տալու քաղաքացիական կռուի:
Յանուն ինչի՞ պիտի ենթարկէինք երկիրը այդ նոր դժբախտութեան…
Եթէ նոյնիսկ կանգնէինք պարզապէս նեղ-կուսակցական տեսակէտի
վրայ կամ անգիտակցօրէն տարուէինք նեղ-կուսակցական
հոգեբանութիւնով, դարձեալ ոչինչ չունէինք շահելու քաղաքացիական
կռուից. սա մի աւելորդ անգամ պիտի ցուցադրէր մեր կուսակցութեան
անզօրութիւնը:

Յետոյ՝ իրաւունք ունէի՞նք մտածելու կուսակցութեան մասին այդ
օրհասական ժամին, երբ ամէնամեծ սպառնալիքի տակ էին պետութիւնն ու Հայաստանի ամբողջ հայ ազգաբնակութիւնը: Ի՞նչ դիրք կը բռնէր՝ քաղաքացիական կռուի դէպքում Ալեքսանդրապօլում նստած օսմանեան բանակը: Ո՞վ կարող էր երաշխաւորել, թէ՝ մինչդեռ մեր զօրքերի մնացորդը ու զինուած գիւղացիների մի մասը կռուի բռնուած կը լինէր բոլշեւիկների հետ Սեւանայ Լճի արեւմտեան ափերի վրայ: Ո՞վ կարող էր երաշխաւորել, թէ այդ իսկ ժամանակ Քեազիմ Կարաբէքիրը չէր մտնի Երեւան…

Բայց եւ անկախ թուրքական սպառնալիքից, քաղաքացիական կռիւը
ինքնըստինքեան այնքան աղէտներ էր բերելու հետը, որ մեր առաջի ու
ամէնամեծ պարտականութինն էր՝ առաջն առնել ամէն գնով:
Հայաստանը այն վիճակում չէր, որ կարողանար թոյլ տալ իրեն
քաղաքացիական կռիւների շռայլութիւնը: Սա վերջնականապէս կը քանդէր արդէն քար ու քանդ եղած երկիրը, կ’ենթարկէր նոր կոտորածների արդէն իսկ արիւնաքամ ժողովուրդը: Ամէն մի աւերուած տնտեսութիւն, ամէն մի ոչնչացած մարդկային կեանք, ամէն մի կորցրած աշխատանքի օր, լուրջ սպառնալիք էր մեր նորածին բայց արդէն հոգեւարք պետութեան համար:

Այն առաջարկը թէ՝ ո՛չ դիմադրենք, ո՛չ էլ համաձայնութեան գանք,
այլ՝ անպատասխան թողնելով մեզ ուղղուած հարցը, լռելեայն լքենք
դիրքերը եւ հեռանանք ասպարէզից, այդ առաջարկը չէր կարող փրկել
դրութիւնը, դա պատերազմ յայտարարելու մի ուրիշ ձեւ էր, թերեւս
վատթար ձեւ: Մեր լռութիւնը պէտք է մեկնուէր այնպէս՝ թէ երկրի մէջ մնում է մի անհաշտ ոյժ, որ այսօր մտել է թաքստոց՝ վաղւան յարձակումին պատրասուելու համար:

Բոլշեւիկները, իրանց իշխանութիւնը ապահովելու նպատակով, առաջի իսկ հերթին պիտի որոնէին ու աշխատէին ոչնչացնել այդ ոյժը -մի բան, որ անխուսափելիօրէն յանգելու էր նոյն քաղաքացիական կռուին:

Գիտէինք հարկաւ, որ համաձայնութեան դէպքումն էլ բոլշեւիկները
պիտի «չեզոքացնեն հակայեղափոխական տարրերը»: Բայց կարծում էինք, թէ հալածանքները չեն ստանայ զանգուածային բնոյթ եւ կ’ուղղուեն միայն անհատների դէմ՝ դաշնակցական ղեկավարների, պետական
պատասխանատու գործիչների, մի քանի խմբապետների ու
զինուորականների դէմ -չգիտեմ ինչ հաշիւներով իմ մտքում մեխուած էր
մի թիւ, 120-130 մարդ, որոնց մէջ հաշւում էի հարկաւ եւ ինձ:

Ու մենք ասում էինք. լաւ է, այսինքն՝ պակաս վատ է ենթարկել
վտանգի մեզ ու մեր մերձաւոր ընկերներին, քան առիթ տալ
քաղաքացիական պատերազմի: Պատասխանատու մարդիկ կը տուժեն
անշուշտ: Բայց ժողովրդական արիւնը կը խնայուի, հանրային
տնտեսութիւնը արդիւնաբերող աշխատանքը ու պետական կեանքը, որքան յաջողուել էր մեզ կազմակերպել փրկուած կը լինեն:

Կային եւ ուրիշ պատճառներ – շատ աւելի խորն ու հիմնական- ուրիշ
մտածումներ եւ ուրիշ հեռանկարներ, որ թելադրում էին մեզ՝
մեծամասնութեան տեսակէտի վրայ կանգնածներիս՝ յօժարակամ տեղի
տալու պահանջը: Իսկապէս, մենք ոչ միայն չէինք կարող, այլեւ՝ չէինք
ուզում կռուել բոլշեւիկների դէմ ու որոշ տեսակէտներից՝ ցանկալի էինք
համարում նրանց Հայաստան մտնելը:

Լաւ չեմ յիշում, ձեւակերպեցի՞նք արդեօք յստակօրէն այս հիմնական
տեսակէտը վիճաբանութիւնների ընթացքում: Բայց վստահ եմ, որ մենակ
ես չէի, որ կապում էի բոլշեւիկեան տիրապետութեան հետ մօտակայ ու
հեռաւոր յոյսեր, կամ՝ եթէ ոչ յոյսեր՝ գէթ հնարաւորութիւններ:
Մեր հանրապետութիւնը հռչակելու առաջին իսկ օրից պարզ էր
ամէնքիս համար, որ Հայաստանի պէս փոքրիկ, աղքատ ու աշխարհից
կտրուած մի պետութիւն, որ դրսում՝ անլուծելի հողային վէճեր ունի
հարեւանների հետ, ներսում՝ ծանրաբեռնուած այնպիսի հակապետական
տարրով, ինչպիսին էր Հայաստանի թուրք ազգաբնակութիւնը, ինքը՝ նոր
կեանքի կոչուած հայ ժողովուրդը, զուրկ էր պետական որեւէ
դաստիարակութիւնից եւ դեռ նոր պիտի վարժուէր ինքնակառավարուելու, պարզ էր որ այդպիսի մի պետութիւն չի կարող կազմակերպուել ու կենսունակ դառնալ առանց արտաքին օժանդակութեան:

Հարկաւոր էր մի հաստատուն նեցուկ, մի զօրեղ ու բարեացակամ
ձեռք, որ օգնէր մեզ ոտքի կանգնելու: Օգնութիւն որոնեցինք Հիւսիսային Ամերիկայում, ապա Արեւմտեան Եւրոպայում: Որոնեցինք ու չգտանք: Մնացել էինք մենակ, թողած էինք մեր բաղդին ու մեր սեփական ոյժերին:

Դաշնակցական իշխանութիւնը սպառել էր արդէն իր բոլոր միջոցները,
բաղխել էր բոլոր դռները, ոչ մի տեղ յենարան չէր գտել ու գտնելու յոյս
էր չունէր այլեւս: Նա պարտւել էր եւ պարտութեան իսկ հետեւանքով
կորցրել էր այն հաւատն ու վստահութիւնը, որ մօտ անցեալում ներշնչած
էր ժողովրդական լայն զանգուածներին: Իրաւունք ունէի՞նք յամառել ու
պահել մեր ձեռին մի իշխանութիւն, որ չէինք կարողացել արդարացնել:
Ի՞նչ յոյսերով պիտի յամառէինք, ի՞նչ միջոցներով դուրս պիտի բերէինք
երկիրը օրհասական վիճակից:

Եւ ահա, մահաշունչ տագնապի այս ծանր օրերին, հանդէս է գալիս
մի նոր ոյժ՝ բոլշեւիզմը: Գուցէ այստե՞ղ է մեր փրկութեան վերջին յոյսը…
Հայ բոլշիւիկների ետեւը կանգնած է Խորհրդային Ռուսաստանը:
Ռուսաստանն էր, որ ազգերի ինքնորոշման ու պրոլետարիատի
ազատագրման դրօշակի տակ գալիս էր վերագրաւելու իր նախկին
սահմանները Անդրկովկասում:

Գուցէ սա՞ էր միակ ելքը մեր անել դրութիւնից…

Անշուշտ, Հայաստանի անկախութիւնը վտանգուելու էր մեծապէս…
Բայց թերեւս փրկուէր ապագան, փրկուէին վերջնական կորուստից այն
տարրերը, որոնց վրայ վաղ թէ ուշ պիտի կառուցուէր պետական անկախ
կեանք – երկրի սահմանները, ժողովուրդն ու իր տնտեսութիւնը: Կործանւած Տաճկահայաստանի օրինակը սպառնական ուրուականի պէս կանգնած էր աչքերիս առջեւ եւ մղում էր մեզ Ռուսաստանի գիրկը:

Մեզ մի յենարան էր պէտք: Ռուսաստանը, որքան էլ աւերուած ու կազմալուծուած լինէր պատերազմի եւ ներքին կռիւների ընթացքում, այնուամենայնիւ Ռուսաստան էր, այսինքն մի ոյժ, որ հարիւր անգամ գերազանցում էր մեր սեփական ոյժերը: Գուցէ այս ոյժի վրայ էր, որ պէտք է յենուէինք վերջին հաշուին: Իրաւունք ունէի՞նք զրկելու երկիրը այս հնարաւորութիւնից, մենք, որ ինքներս ոչինչ չէինք կարող տալ այլեւս:
Այսպէս -կամ մօտաւորապէս այսպէս- մտածում էինք շատ-շատերս:
Համոզուած եմ, որ սյդպէս էր մտածում նաեւ ժողովուրդը, որ իսկի
տրամադիր չէր արգիլելու ռուսների մուտքը:
_______________

Դեկտ. 1-ին, ուշ գիշերով թէ հետեւեալ օր առաւօտեան, լաւ չեմ
յիշում, կառավարութիւնը պատասխանեց Լեգրանին, թէ պատրաստ է
յանձնել իշխանութիւնը Ռազմայեղա-փոխական Կոմիտէին, մի քանի
պայմաններով: Լեգրանը առանց առարկութիւնների ընդունեց պայմանները եւ Դեկտ. 2-ին, կէսօրից յետոյ, Ս. Վրացեանի մինիստրութիւնը դուրս եկաւ կառավարական շէնքից: Իշխանութեան գլուխն անցաւ ժամանակաւորապէս, մինչեւ Ռազմա-յեղափոխական Կոմիտէի Երեւան հասնելը – Դրօն, որ Հ. Տէրտէրեանի հետ միասին պիտի մտնէր Հայաստանի Կոմիսարիատի – խորհրդային կառավարութեան- մէջ: Այս էր Լեգրանի հետ կնքուած համաձայնութեան պայմաններից մէկը:

Փաստը կատարուեց: Հայաստանն յանձնել էինք բոլշեւիկներին…

_______________

Շատ ծանր օրեր էին այն օրերը՝ սուգի օրերը…

Ճնշուած էինք ու դառնացած ամէնքս: Հասկանում էինք, որ մեր
կեանքի դատը, երկար տարիներով երազած ու ահռելի
զոհաբերութիւններով իրականացրած մեր վայրկենական անկախութիւնը
յանձնում ենք այնպիսի ձեռների, որոնց վրայ հարկաւոր վստահութիւնը
չունենք…

Որքան մտաբերում եմ, ամէնից քիչ մտահոգուած երեւում էր Դ.ն* [Դրօն- խմբ]: Իր մշտական, բնազդային ու անուղղելի ռուսասիրութիւնը, աւելի
ճիշդ՝ ռուսամոլութիւնը, փրկում էր Դ.ին վհատութիւնից: Մեզ
փոխարինողը ռուսն էր, սա արդէն բաւական էր Դ.ի համար: Բոլշեւիզմը,
իբրեւ այդպիսին քիչ էր հետաքրքրում նրան: Բոլշեւիկ թէ մենշեւիկ,
Դենիկին, Տրոցկի թէ Վրանգել, նոյնն էին Դ.ի աչքում, հաւասարապէս
ընդունելի, թերեւս Դենիկինը աւելի ընդունելի քան Տրոցկին: Բաւական
էր, որ սրանք բոլորն էլ Ռուսաստան էին ներկայացնում: Ռուսը թուրքի բնական թշնամին է, հետեւաբար, հայի բնական դաշնակիցը: Սա էր Դ.ի ելակէտը:

Իրեն յատուկ ինքնավստահութեամբ Դ.ն կազմում էր արդէն մտքի մէջ
շատ հրապուրիչ ծրագիր, թէ ինչպէս ռուսների օգնութեամբ,
սանձահարում է թուրքերին, վերահաստատում է հայկական իշխանութիւնը Նախիջեւանում, Սուրմալուում, Շիրակում ու Ղարսում, ապա անցնում է հայկական վիլայեթները Թիւրքիայում… Ծրագրում էր եւ ոգեւորում մօտալուտ յաղթութիւններով:

Դ.ի միակ հոգսը, միակ մտածմունքը այն էր կարծես, որ իր կուսակցական ու զէնքի ընկերները չտուժեն, կամ քիչ տուժեն բոլշեւիկներից, մնացածի մասին ապահով էր, լաւատես:

Համեմատաբար լաւատես էր երեւում նաեւ Ս. Վրացեանը:

Սա եւս որոշ վերապահումներով «ռուսական օրիենտացիայի»
կողմնակիցներից էր: Չունէր Դ.ի բացարձակ վստահութիւնը ռուսների
վրայ, աւելի զուսպ էր, հաշւի էր առնում Մօտաւոր Արեւելքի քաղաքական բարդ կացութիւնը, հաշուի էր առնում թուրք-բոլշեւիկեան բարեկամութիւնը, չէր անտեսում վտանգը… բայց եւ այնպէս, աւելի լաւատես էր երեւում, քան յոռետես:

Հակառակ Դ.ին, Ս.ը [Սիմոն Վրացեան- խմբ] հիմնում էր իր յոյսերը գլխաւորապէս այն հանգամանքի վրայ, որ եկող ռուսները սոցիալիստներ են: Հաւատում էր, կամ ուզում էր հաւատցնել իրան, որ սոցիալիստական հողի վրայ մենք՝ աշխատաւոր հայութեան առաջնորդներս, կը գտնուենք բոլշեւիկների հետ մի ընդհանուր լեզու, կենակցելու եւ նոյնիսկ աշխատակցելու հնարաւորութիւն: Եւ այն հանգամանքը, որ Լեգրանը համաձայնեց մտցնել կոմիսարիատի մէջ նախկին դաշնակցական կառավարութեան կազմից Դ.ին ու Տէրտէրեանին, այս հանգամանքը կարծես գալիս էր հաստատելու Ս.ի լաւատեսութիւնը:

Շատ դժուար էր հասկանալ Ռ. Մ.ին [Ռուբէն Տէր Մինասեան], եւ ոչ միայն այն պատճառով, որ Ռ.ը առհասարակ անընդունակ էր կամ գիտակցաբար խոյս էր տալիս իր մտքերը որոշակի արտայայտելուց, այլեւ՝ այն պատճառով, որ կարծես ինքն էլ լաւ չէր հասկանում, թէ ինչ է ուզում: Յիշում եմ, կառավարութեան շէնքումն էինք, սպասում էինք, որ խորհրդակցութիւնը բացուի: Ռ.ը անհանգիստ ետ ու առաջ էր անում սենեակի մէջ, անընդհատ վառելով պապիրոսը պապիրոսի ետեւից:

Հարցրի, թէ ի՞նչ մտքերի է:

– Ինչ վատ բան է, ասաւ, երբ մարդ չգիտէ թէ ինչ պիտի անէ…

Ասաւ մի յուսահատ ժեստով, անիմաստ ու շուար ժպիտը երեսին:
Ռ.ը ամէնից լաւ տեղեակ էր մեր բանակի կազմալուծման մասին,
ամէնից լաւ գիտէր, կռուել չենք կարող: Բայց կարծես քաջութիւն չունէր
հարկաւոր եզրակացութիւններն անելու: Չէր ասում, թէ պէտք է
դիմադրենք, բայց համաձայնելու առաջարկ էր չէր անում… Չէր
հասկացւում թէ, վերջապէս ինքը ի՞նչ է ուզում, ի՞նչ ելք է ցոյց տալիս,
ո՞րն է գերադասում:

Տեսնում էի, որ տանջւում է խորապէս: Հասկանում էի իր վիշտը, բայց
եւ սաստիկ բարկանում էի մտքիս մէջ, երբ յիշում էի, թէ որքան կտրուկ,
անվերապահ ու անշրջահայեաց էր այս նոյն մարդը ուրիշ
պարագաներում… Իսկ այսօր, փորձութեան այս վճռական ժամին,
երեխայի պէս կորցրել է իրեն, ժպտում է, հիւանդագին ու անկապ
նախադասութիւններ թոթովում:

Հ. Օ.ը [Համօ Օհանջանեան – խմբ.] փոքրամասնութեան մէջ էր: Ոչ մի հաւատ չունէր բոլշեւիկների վրայ, ոչ մի լաւ բան չէր սպասում նրանցից եւ հակառակ էր որեւէ համաձայնութեան: Պէտք է զէնքի դիմել ու կռուել մինչեւ վերջը, ասում էր նա: Չէր ասում, թէ կարող ենք յաղթել, բայց պարտութիւնը կռուի մէջ գերադասում էր խաղաղ պարտութեան: Չէր հասկացւում սակայն, թէ ո՞րն է այն «վերջ»ը, որից յետոյ պիտի թափենք զէնքերս, իբրեւ կռուի մէջ յաղթուածներ: Մեզ թւում էր, թէ արդէն
յաղթուած ենք:

Հ.ի խօսքը թերեւս կարողանար ներշնչել ընդդիմադրական
տրամադրութիւն կամ զօրեղացնել եղածը, եթէ մի քիչ աւելի շեշտուած
լինէր, պարունակէր մէջը մի քիչ աւելի հաւատ, կամք ու թափ: Բայց այդ
կամքն ու թափը չկային: Առաջարկը իր էութեամբ շատ վճռական էր, բայց
խօսքը՝ տժգոյն ու տարտամ: Կարծես ինքն էլ չէր հաւատում իր ասածներին ու ասում էր, որովհետեւ պէտք էր համարում ասել… կարծես
մի ձեւական պարտականութիւն էր կատարում ակամայից, ի պաշտօնէ,
գիտակցելով հանդերձ, որ առաջարկը չպիտի ընդունուի, գուցէ շատ էլ
չցանկանալով, որ ընդունուի…:

Հասկանալի է, որ այսպէս արտասանուած խօսքը լսուեց սառն
լռութեամբ ու արձագանգ չգտաւ նոյնիսկ տատան-ւող մտքերի մէջ:

Ամէնից անհաշտը Ա. Չ.ն [Արտաշէս Չիլինգարեան/ Ռուբէն Դարբինեան -խմբ.] էր: Այն կիրքը, համոզմունքի այն ուժգնութիւնը, որ պակասում էր Օ.ին, արտայայտւում էր անզուսպ ու բուռն թափով Ա.ի ամէն մի խօսքի մէջ: Սա օրգանապէս չէր կարող տանել բոլշեւիզմն ու բոլշեւիկներին: Ըստ Ա. Չ.ի՝ աշխարհի ամբողջ կեղտը ու ամէն տեսակի չարիքները կուտակուած են բոլշեւիզմի մէջ ու բոլշեւիկների շուրջը: Ինքը երկար ամիսներ ապրել էր բոլշեւիկեան Ռուսաստանում, մօտից տեսել էր բոլշեւիկների գործադրած մեթոտները ու անձնապէս շատ տուժել նրանցից: Նրա աչքը վախեցած էր, սիրտը անգամ չէր կարող լսել սառնասրտութեամբ, ճիշդ այնպէս, ինչպէս ցուլը չի կարող առանց զայրոյթի տեսնել կարմիր լաթը… Տեսնում էինք, որ մարդը պարզապէս կուրացած է կիրքից, կորցրել է մտքի հաւասարակշռութիւնը եւ զգաստ դատելու ընդունակութիւնը: Նրա տուած տեղեկութիւնները բոլշեւիկեան րեժիմի մասին համարում էինք միակողմանի եւ չափազանցրած, իսկ դատողութիւններն ու գնահատումը՝ ծայրայեղօրէն աչքառու:

Խեղճ Ա.ը վրդովում էր ու զայրանում մեր անհասկացողութեան
հանդէպ: Բայց զայրոյթը այն միջոցը չէ հարկաւ, որով կարելի է համոզել
մարդկանց:

Անհաշտների թւումն էին նաեւ Ա. Յ.ը [Արշակ Յովհաննիսեան – խմբ.] եւ Ս. Ա.ը [Սարգիս Արարատեան – խմբ.]:

Ա. Յ.ի տեսակէտը պարզապէս կուսակցական էր, կուսակցական
արժանապատուութիւնն էր, որ ըմբոստացել էր նրա մէջ եւ մղում էր դէպի
զէնք, դէպի կռիւ:

– Էլ ի՞նչ յեղափոխական կուսակցութիւն ենք, բացագանչում էր նա
պարլամենտական ֆրակցիայի նիստում, եթէ թոյլ պիտի տանք, որ առանց դիմադրութեան զինաթափ անեն մեզ… Շատ էր վրդովուած տեղի տուողների դէմ: Տրամադրութիւնը ռազմական էր: Ոչ մի համաձայնութիւն բոլշեւիկների հետ: Թող տիրեն երկրին զէնքով, եթէ կարող են: Մեր գործն է պինդ փակել դռները նրանց առջեւ: Եթէ հակառակն անենք, ոչինչ չենք շահի, միայն մեր փոքրահոգութիւնը ցուցադրած կը լինենք:

Լաւ չեմ յիշում, թէ ինչպէս էր հիմնաւորում իր տեսակէտը Ս.ը:
Հիմնաւորումը հաւանօրէն նոյնն էր, ինչ եւ նախորդներինը – թերեւս աւելի լաւ տրամաբանուած ու ձեւակերպուած: Բայց սրա խօսքն էլ մնաց առանց արձագանգի:

Կասկած չկար, որ փոքրամասնութիւնը իրաւունք ունէր յոռետես
լինելու, այդ հասկանում էինք ամէնքս, բայց որովհետեւ նոյն
փոքրամասնութիւնը չէր կարողանում ցոյց տալ որեւէ գործնական ելք,
երկիրը օրհասական դրութիւնից դուրս բերելու համար, ուստի եւ մնաց
փոքրամասնութիւն:

Մեծամասնութիւնը, աւելի կամ պակաս ծանր տատանումներով,
ընդունեց համաձայնութեամբ ու խաղաղօրէն տեղի տալու որոշումը:
Չեմ կարող վերյիշել թէ թուականօրէն ինչպէս բաժանւեցին ձայները:
Գիտեմ միայն, որ մեծամասնութիւնը ճնշող էր, վճռական:

Մի մեծ դառնութիւն է մնացել այն օրերից սրտիս խորքում՝ մի
հիասթափութիւն, որից չեմ կարողացել ազատուել մինչեւ այսօր եւ չգիտեմ պիտի ազատուե՞մ արդեօք երբեւիցէ: Հիասթափուել էի ու դառնացել, որովհետեւ տեսնում էի, որ ընկերներիցս ոմանք – սրանց թւում նաեւ պատասխանատու մարդիկ- ի յայտ չեն բերում հոգեկան այն արիութիւնը, բարոյական այն կորովը, որ թւում էր ինձ, պարտաւոր էինք ունենալու փորձութեան այս ծանր ժամին:

Տեսնում էի, որ ընկերներիցս ոմանք մտահոգուած են անձնական
հոգսերով շատ աւելի, քան թւում էր ինձ – իրաւունք ունէին: Տեսնում էի,
որ չկայ այն անձնամոռացութիւնը, պարտաճանաչութեան ու
պատասխանատուութեան այն բարձր գիտակցութիւնը, որ այնքան
անհրաժեշտ էր մեզ այդ պահուն: Տեսնում էի, որ անձնական ու ընտանեկան ապահովութեան խնդիրը կաշկանդել էր ոմանց -չեմ ուզում ասել՝ շատերի- միտքը, ճնշել կամքը, խոժոռել դէմքերը…

Մասնաւորապէս՝ փախչելու ու փախուստի մէջ ապահովութիւն
որոնելու հոգսն էր, որ վրդովեցրել էր ինձ ամէնից աւելի: Շատերը
մտածում էին արդէն այդ ուղղութեամբ, թէեւ չէին արտայայտւում
պարզօրէն, բարձրաձայն: Մտածում էին, քաշւում էին անկիւնները,
մեկուսանում, փսփսում իրար ականջի…

Յիշում եմ, պարլամենտական ֆրակցիայի նիստում Վ. Ն.եանը [Վահան Նաւասարդեան -խմբ.] հարցրեց յանկարծակի:

– Լաւ, բայց մենք անձնապէս ի՞նչ պիտի անենք… Հարցրեց ու շուար
նայեց չորս կողմը:

Եւ ահա, ընդհանուր ու շատ ծանր լռութեան մէջ Ս. Ա.ը մի բնորոշ
խօսք ասաց:

– Մնում է, որ ամէն մարդ ինքը հոգայ իր մասին:

Փախչելու կամ թաքնուելու խօսքը չարտասանուեց, թէեւ մի քանիսի
մտքում որոշումը յղացուած էր արդէն: Այդ իսկ նիստին՝ Դեկտ. 1-ի
գիշերը – աչքի էր ընկնում երկու-երեք մարդու բացակայութիւնը, սրանք
կամ հեռացել էին Երեւանից կամ հեռանալու պատրաստութիւնների մէջ
էին:

Ասում եմ, շուրջս նկատուող փախչելու տենչը դառնացրել էր հոգիս:
Եթէ չքաշուեմ իսկական խօսքից, խոր զզւանք էր պատճառել ինձ…
Թերեւս անարդար էի -ու այսօր էլ անարդար եմ- ընկերներիս
հանդէպ: Եւ շատ հաւանական է, որ անարդար էի: Դժբաղդութեան մէջ մարդիկ դառնում են առհասարակ կասկածոտ ու վատատես, կորցնում են անաչառ դատելու ընդունակութիւնը:

Գուցէ վախը չէր -կամ միայն վախը չէր- որ մղում էր ընկերներիս
Հայաստանից դուրս, բոլշեւիկներից հեռու: Եւ գուցէ հենց այդ վախն էլ
մարդկայնօրէն հասկանալի պիտի լինէր ու անդատապարտելի:

Եթէ ես ինքս վախ չունէի, գուցէ դա նրանից էր միայն, որ անձնապէս
այնպիսի ծանր կորուստներ էի ունեցել արդէն, որ կեանքը դարձել էր ինձ
համար իսկապէս մի անարժէք բան: Եւ ինքնապահպանման բնազդը, որ
այնքան տիրօրէն խօսում էր միւսների սրտում, գուցէ դա աւելի առողջ
երեւոյթ էր, քան իմ անտարբերութիւնը սպառնացող վտանգի հանդէպ:

Գուցէ այն, որ հեռու լինելով Հայաստանից Մայիսի ապստամբական
փորձերի ժամանակ, ես անհատապէս ոչ մի մասնակցութիւն չէի ունեցել
բոլշեւիկների դէմ գործադրուած խստութիւնների մէջ, հետեւապէս
պակաս վտանգուած եմ բոլշեւիկների վրիժառութիւնից:

Գուցէ ես անգիտակցօրէն հաշուի էի առնում այդ հանգամանքը որ համեմատաբար ապահով էի զգում ինձ:

Գուցէ այն, որ ես մի քիչ աւելի վստահութիւն ունէի բոլշեւիկների խելքի ու քաղաքական տաքտի վրայ, ուրեմն, եւ մեզ սպառնացող վտանգը առհասարակ պակաս մեծ էի համարում, քան բացարձակ յոռետեսները:

Գուցէ այն, որ կոմունիստական վարդապետութիւնը -ինքն ըստ ինքեան ու անկախ բոլշեւիկեան գործելակերպից- շատ մօտ էր իմ սեփական դաւանանքին եւ այս իսկ պատճառով ես չունէի բոլշեւիկների հանդէպ այն բացարձակ, այն տարերային ատելութիւնը, որով բռնկուած էին ընկերներիցս շատերը…

Հաւանական է, որ այս բոլորը -գուցէ եւ ուրիշ զուտ անհատական
շարժառիթներ, որոնք դուրս են մնում գիտակցութեանս սահմանից -ով
գիտէ, մարդու հոգին այնքան մութ ու բարդ բան է- հաւանական է, այս
բոլորը ազդել էր մեծապէս իմ ըմբռնողութեան ու դատողութեան վրայ, ծընունդ էր տուել մի ուրոյն հոգեկան կացութեան, որ ուրիշները չէին կարող ու պարտական էլ չէին բաժնել…

Գուցէ եւ այդպէս է:

Բայց՝ իրաւացի թէ անիրաւացի՝ ես այն համոզումին էի, որ մեզանից
ոչ ոք չպիտի փախչի, ամէն մարդ պիտի մնայ իր տեղը: Եթէ բոլշեւիկները հնարաւորութիւն տան, մենք պարտական ենք աշխատելու մեր երկրի մէջ, մեր ժողովուրդի համար: Եթէ պատասխանատուութեան հարց դրուի, մենք քաջութիւն պիտի ունենանք այդ պատասխանը տալու, նոյնիսկ մեր կեանքի գնով:

Եթէ վատ բան ենք անում՝ յանձնելով երկիրը բոլշեւիկներին, ապա
այդ վատ արարքի հետեւանքները առաջին հերթին պիտի կրենք մեր
անձերի վրայ:

Եթէ բոլշեւիզմը բարիք է ու բոլշեւիկեան իշխանութիւնը
դժբաղդութիւն, այդ բարիքն ու դժբաղդութիւնը պիտի բաժանենք
ժողովուրդի հետ եւ չպիտի թոյլ տանք, որ ասեն մեր ետեւից, վտանգի
օրերին լքեցիք մեզ, թողիք մենակ ու ինքներդ փախաք ապահով տեղեր:
Կար եւ մի ուրիշ հանգամանք, որ ըմբոստացնում էր իմ խիղճը:
Փախչելու համար հարկաւոր էին միջոցներ՝ կառք, ձի, վստահելի
ուղեկիցներ, ապահով կայաններ…

Մեր – այսինքն՝ կառավարութեան ու կուսակցութեան – ունեցած կամ
մեզ տրամադրելի միջոցները շատ չնչին էին, հազիւ բաւարարէին մի-
երկու տասնեակ մարդու… Ինչպէ՞ս պիտի բաշխուէին, ո՞ւմ պիտի
տրամադրէին այդ սահմանափակ միջոցները:

Ամէնից աւելի վտանգուածներին, հարկաւ:

Բայց որո՞նք էին ամէնից աւելի վտանգուածները, ո՞վ պիտի անէր
ընտրութիւնը եւ ի՞նչ չափով չափէր:

Վտանգի ժամին ամէն մի մարդ -խօսքս սովորական մահկանացուների
մասին է եւ ոչ հերոսների- տրամադիր է կարծելու, թէ՝ ինքն է ամէնից
աւելի վտանգուածը կամ առնւազն վտանգուած է ոչ պակաս, քան
միւսները:

Վտանգուածների կամ իրենց վտանգուած համարողների թիւը –
այսինքն՝ փախչելու կարիք կամ ցանկութիւն ունեցողների թիւը- շատ
աւելի էր, քան փախուստի միջոցները:

Ո՞ւմ բաւարարել եւ ո՞ւմ մերժել:

Անկարելի չէր, որ՝ վերջի հաշուին օգտուէին նրանք, որոնք ամէնից
մօտ էին գտնւում միջոցներին կամ ամէնից շուտ կը տիրանային նրանց, մի քանի արտօնեալ անհատներ:

Ապա կը փախչէին նրանք, որոնք ունէին անձնական միջոցներ կամ
առանձին ճարպիկութիւն, կապեր ու ծանօթութիւններ: Սրանց թիւն էլ չէր
կարող մեծ լինել:

Իսկ մնացածնե՞րը, այսինքն ահագին մեծամասնութիւ՞նը:

Ես արտօնեալների թւումն էի, այսինքն՝ մէկն էի նրանցից, որոնք
հնարաւորութիւն ունէին փախուստի համար որոշ յարմարութիւններ ձեռք բերելու: Բայց ինչպէ՞ս օգտուէի այդ հնարաւորութւիններից, եթէ ես եւս թողնելու էի պակաս արտօնեալներին, որոնք պիտի համարէին իրենց զրկւած ու լքուած եւ թերեւս պիտի ասէին, թէ իրանց հաշւին է, որ փրկում
եմ իմ կեանքը…
_______________

Այս մտածումները խռովել էին հոգիս, բայց չէի արտայայտւում, չէի
ուզում նեղին դնել մէկին կամ միւսին: Պարագաները այնպիսին էին, որ
ամէն մարդ ինքը պիտի որոշէր իր անելիքը: Այս խօսքը ասաց ֆրակցիայի
նիստում Ս.Ա.-նը եւ ոչ ոք չբողոքեց:

Ամէն մարդ պիտի հետեւէր իր խղճի ձայնին:

Անշուշտ, վտանգ կար, գուցէ եւ մեծ վտանգ: Մնալու պարտականութիւնը զուտ բարոյական բնոյթ ունէր, նուրբ ու անշօշափելի, թերեւս եւ վիճելի շատերի համար: Իսկապէս, անհատական ըմբռնողութեան հարց էր սա:

Եթէ մէկը համարում էր իրեն վտանգուած, ուզում էր ու կարող էր խոյս տալ վտանգից, ո՞վ եւ ի՞նչ իրաւունքով պիտի բռնէր ձեռքը:

Հարկաւ, պատերազմի դաշտում, կռուի ժամանակ, ամէն մի զինուոր
իրաւունք ունի պահանջելու, որ իր ընկերը չլքի շարքերը: Բայց մենք
կռուի մէջ չէինք, մենք արդէն անձնատուր էինք եղել ու թափել զէնքերս:
Մնա՞լ միւս զինակիցների հետ միասին յաղթողի սպառնալիքի տակ, թէ՞
փախուստով փրկել սեփական ազատութիւնը, գուցէ եւ կեանքը -ահա թէ
ինչպէս էր դրուած խնդիրը:

Ես որոշել էի արդէն իմ անելիքը եւ լուռ դիտում էի շուրջս կատարուող իրարանցումը:

Հետեւեալ օրը, Դեկտեմբեր երկուսի առաւօտեան, չեմ յիշում ինչ
գործով գնացի ֆինանսների մինիստրութեան շէնքը, Հ. Տէրտէրեանին
տեսնելու:

Փոխանակ Տէրտէրեանի՝ սխալմամբ մտայ Ս. Ա.ի սենեակը:

Երբ ինձ տեսաւ, կարծես զարմացաւ:

– Ի՞նչ բանի վրայ ես, հարցրեց, – չե՞ս պատրաստւում:

– Ի՞նչ պատրաստութիւն… ես տեղիցս չեմ շարժուելու:
– Անխելքութիւն ես անում… Բոլշեւիկները քո ասած պտուղը չեն,
այնպէս մի րէժիմ են հաստատելու այստեղ, որ հազար անգամ պիտի
ափսոսաս Նիկօլայի ժամանակները… Ես գնում եմ:

Բարի ճանապարհ ցանկացայ Ս.ին ու անցայ Տէրտէրեանի սենեակը:

_______________

Դաշնակցական ֆրակցիայի սենեակի դուռը կիսաբաց էր: Ներս մտայ:
Սենեակի մէջտեղը մի քանի մարդ, խմբուած մեծ սեղանի շուրջը,
եռանդուն աշխատանքի վրայ էին, կարմիր դրօշակներ էին պատրաստում, ինչ որ պլակատներ գրում, ներկում: Կարծեմ մի քիչ շփոթուեցին, երբ յանկարծակի ներս մտայ:

Աւ. Օ.նն [Աւետիս Օհանջանեան – խմբ.] էր այստեղ, Ռ. Ք.ին [Ռուբէն Քաջբերունի – խմբ.], Հ. Ս.նը [Հայկ Սարգսեան – խմբ.], երեքն էր պարլամենտի անդամներ: Կային եւ ինձ անծանօթ դէմքեր, երկու-երեք մարդ:

– Այս ի՞նչ էք անում, հարցրի: Առաջին վայրկեանին իսկապէս գլխի
չընկայ, թէ ինչ են անում:

– Ոչինչ, ասաց Աւ. Օ.նը, ըստ սովորութեան ծռմռելով երեսը, այնպէս… սրանք մեր ընկերներն են, ձախակողմեան դաշնակցականները… դրօշակներ ենք պատրաստում… Դաշնակցութեան աշխատաւորական
հատուածի կողմից:

Չգիտեմ, ի՞նչն էր այդ րոպէին աւելի զզուելի ինձ համար: Կատարուող գո՞րծը, Աւ.-ի խօսքե՞րը, թէ՞ նրա երեսի ծուռ ժպիտը…

– Ի՞նչ էք այդքան շտապում, ասի, ժամանակ դեռ ունէք… կարծեմ
կարող էիք մի քանի ժամ էլ սպասել – գոնէ այնքան, որ պարլամենտի
անդամները դուրս գային այս շէնքից…

Դուռը զարկի, դուրս ելայ սենեակից:

Հարեւան պահեստոմ Զ.-ը շարունակում էր աղմկել: Գուցէ հենց այս
«հատուածին» լսելի լինելու համար էր, որ այնքան զօռ էր տալիս
կոկորդին:

Նոյն օրը ձերբակալեցին ինձ:

Երեկոյեան ժամի մօտ ութն էր, երբ բաղխեցին մեր դուռը:

Մեծ աղջիկս՝ Հրաչեան, որ ապրոմ էր ինձ հետ նոյն սենեակում, գնաց
բանալու:

Ասաւ, որ անծանօթ մարդիկ են, ինձ են հարցնում:

Դուրս եկայ նախասենեակ:

Երկու երիտասարդ, տասնոց մաուզերները կողքերին, սպասոմ էին ինձ
նախասենեակում: Երկու ուրիշը, նոյնպէս զինուած մաուզերներով,
կանգնած էին սանդուխի գլխին:

Հարցրի, թէ ինչ են ուզում:

– Ընկեր Լեգրանը խնդրում է, որ մի քանի րոպէով հանդիպէք իրեն:

– Այս ուշ ժամի՞ն:

– Այո, հէնց հիմա… օտօմօբիլը սպասում է ձեզ ներքեւում:

– Օտօմօբի՞լը:

Շատ սիրալիր էր ընկեր Լեգրանը: Բայց՝ մաուզերաւոր չորս ընկերներ
իբրեւ ուղեկից – սա կարծես մի քիչ աւելի էր, քան կարող էր պահանջել
նոյնիսկ չափազանցրած սիրալիութիւնը…

Յամենայնդէպս տատանուելու կամ ուշացնելու տեղը չէր:

Անծանօթների խնդիրը շատ քաղաքավարի էր, բայց եւ պատրաստի
մաուզերները՝ շատ պերճախօս:

Հագայ վերարկուս: Կարգադրութիւններ չունէի անելու, որովհետեւ հարկ եղածը կարգադրել էի արդէն, չէի կասկածում, որ պիտի գան: Մի րոպէ մտածեցի՝ ասեմ աղջկանս, որ տեղեկութիւն տայ Դրոյին… բայց ոչինչ չասի, ամաչեցի:

Երիտասարդները շատ քաղաքավարական ձեւերով – իսկոյն յիշեցրին
ցարական ժանդարմներին – նստեցրին ինձ:

Հետս խօսողը -սա ղեկավարն էր երեւում- մի բան ասաց ընկերի
ականջին -հասցէ տւեց անշուշտ- ու ապա տեղ բռնեց իմ կողքին:
Երկուսը նստեցին դիմացը, ատրճանակները ձեռներին պատրաստ:
Չորրորդը կանգնեց օտօմօբիլի թեւի վրայ, նոյնպէս ատրճանակը ձեռին…
Երբեք չէի կարող ենթադրել, թէ այդքան զէնք ու այդքան
նախազգուշութիւններ են հարկաւոր ընկեր Լեգրանի տունը ինձ ապահով
հասցնելու համար… Չէի գիտցել իմ արժէքը:

Օտօմօբիլը կանգնեց Աբովեան եւ Թարխանեան [այսօր՝ Պուշկինի – խմբ.] փողոցների անկիւնում:

Հրաւիրեցին, որ իջնեմ:

– Մի՞թէ ընկեր Լեգրանը փոխել է բնակարանը, հարցրի խիստ
միամտօրէն:

– Այո… այսինքն՝ ոչ… Բայց դուք մի քիչ կը սպասէք այստեղ, մինչեւ
մենք տեղեկացնենք… Համեցէք:

Մտանք ներս:

Նախասենեակում պատահեցինք մի ռուս -կարմիր բանակի սպաներից
պիտի լինէր- զինուորականի, որ քնաթաթախ աչքերով, հին լաստիկները
անկօշիկ ոտներին ու ծխամորճը բերանը դանդաղօրէն իջնում էր վերեւի
յարկից:

Իմ բարեկամը սկսեց արագ-արագ փսփսալ զինուորականի ականջին:
Քնաթաթախ ռուսը լսում էր առանց հետաքրքրութեան, յօրանջում էր
ու մէկ խօսողին ուղղում իր անգոյն հայեացքը, մէկ ինձ:

Վերջը հարցրեց:

– Իսկ դուք ինքներդ ո՞վ կը լինէք: Երիտասարդը վերսկսեց արագ փսփսոցը: Ականջիս հասան «ժամանակաւոր չեկա» ու «լիազօր ագենտ» բառերը, ուրիշ բան չհասկացայ… Ասենք, այդքանն էլ լիուլի բաւական էր ինձ մխիթարելու համար:

Զինուորականը նորից ու կսկուծ յօրանջեց:

– Էհ, դուք գիտէք, ասաւ, անխռով ձայնով, -արէք ինչպէս ուզում էք:

Ապա մէջքը դարձրեց ու շլփշլփացնելով լաստիկները, հանդարտօրէն
հեռացաւ:

Լիազօրը հրաւիրեց ինձ սենեակ, ասաւ, որ ինքը իսկոյն կը վերադառնայ ու անհետացաւ:

Սենեակը ուր մտայ ես, զօրանոցի տեսք ունէր: Մի տասնեակ
մահճակալներ կարգով շարուած էին պատերի երկարութեամբ: Երեք-չորս զինուոր, հագուստները վրաներին, քնած էին մահճակալների վրայ: Մէկն էլ,-թերեւս հերթապահը- վառարանի առջեւ նստած, չորացնում էր գուլպաները, տաքացնում բոպիկ ոտները:

Սենեակի ճիշդ մէջտեղը, կապ չեմօդանի [чемодан, ռուսերեն բառ է, ճամպրուկ – խմբ.] վրայ, թանկագին մուշտակը հագին, նստած էր… Բախշի Իշխանեանը: [Այդ գիշեր -իշխանութեան գլուխը պաշտօնապէս անցնելու նախորդ գիշերը- բոլշեւիկները ձերբակալել են կարծեմ մեզ երկուսին միայն՝ Բախշիին ու ինձ – Յ.Ք.]:

Իսկոյն կռահեցի -դժուար չէր կռահելը- որ Բախշին փախչելիս է եղել,
բոլշեւիկները ճանաչել են ու ձերբակալել -քաղաքում կամ քաղաքի մօտ,
ճամբու վրայ:

Իմ հարցին Բախշին շատ անմեղօրէն պատասխանեց, թէ՝ շորերը
հաւաքած փոխում էր սենեակը ու չի հասկանում, ինչո՞ւ իրան բռնեցին,
բերին այստեղ… Մի պարզ թիւրիմացութիւն է, անշուշտ…

Նստեցի կողքին, պարապ մահճակալի վրայ: Շատ վախեցած էր երեւում Բախշին, գոյնը կորցրել էր, նոյնիսկ կարծես լղարել, թառամել: Խօսում էր անընդհատ, անկապ, ցատկելով մէկ նիւթից միւսը: Ու յանկարծ, ընդհատելով խօսքն ու ցածրացնելով ձայնը, ասում էր յուսահատօրէն.

– Եթէ ձեզ էլ բռնել են, իմ բանը վերջացած է, վերջացած…

Այս նախադասութիւնը կրկնեց մի քանի անգամ: Հետաքրքրուեցի
իմանալ, ինչո՞ւ կարծում էր թէ բոլշեւիկները պիտի գուրգուրան իմ վրայ:

Մի անորոշ ժեստ արաւ ձեռքով:

– Դէհ, շատ հասկանալի է… ձեզ ինչո՞ւ պիտի ձեռ տային, ի՞նչ վատ
բան էք արել… Յետոյ, չէ՞ որ կայ հասարակական կարծիք… Այս մարդիկ
իսկի՞ հաշուի չեն առնում հասարակական կարծիքը…

Փորձ արի բացատրել Բախշիին, որ այն, ինչ որ ես ու նա
«հասարակական կարծիք» ենք անուանում, -դա հէնց այն «բուրժուական
նախապաշարումներից» մէկն է, որ բոլշեւիկները եկել են արմատախիլ
անելու… Բայց տեսնում էի, որ լաւ չի հասկանում ասածս, չի կարողանում
կենտրոնացնել ուշադրութիւնը, լսում է ու չի լսում…

– Կամ ես, շարունակում էր զարգացնել իր սեփական թէզը- ի՞նչ եմ
արել ես…
Աշխատում էր կարծես համոզել ինձ -իրօք իրան էր ուզում
հանգստացնել հարկաւ-, թէ բոլշեւիկները ոչ մի պատճառ չպիտի ունենան իրեն հալածելու:

Ի՞նչ է արել որ… Լոկ գրչի ու խօսքի մարդ է եղել ինքը, երբեք ու ոչ
իմ «գործի» խառն չի եղել… Ճիշդ է, հակառակորդ է: Բայց այն
հակառակորդներից չէ, որոնց դէմ պէտք է ոյժ գործադրել… եթէ
արտայայտուել է բացասաբար բոլշեւիզմի մասին, դա զուտ տեսական վէճ եղել… Միթէ մարդ չի՞ կարող իր սեփական կարծիքն ունենալ, կամ մի՞թէ ոճիր է մի յօդուած գրել, մի դասախօսութիւն անել…

Ասում էր, հանգստացնում ինքն իրան: Բայց թափ էր տալիս
յուսահատօրէն:

– Չէ, իմ բանը վերջացած է…

Ինձ ձերբակալող երիտասարդներից մէկը -ոչ լիազօրը, այլ մի ուրիշը-
ներս մտաւ սենեակ, մի պտոյտ արաւ ու նորից դուրս գնաց:

Բախշին խօսքը կտրեց, սպասեց որ երիտասարդը դուրս գնա ու ապա
հարցրեց ցածրացրած ձայնով:

– Ճանաչո՞ւմ էք այս մարդուն:

– Ոչ, ո՞վ է:

– Արշակ Շիրինեանի եղբայրը, հանգուցեալ Շիրինեանի…

Բոլշեւիկները սպաննեցին եղբօրը -այնքան նամարտօրէն- իսկ ինքը…
Երեւակայեցէք, բոլշեւիկների հետ է ինքը…

Ես աշխատեցի երեւակայել, բայց չը յաջողեցայ, ու բաւականին
անտարբեր մնացի հանգուցեալ Շիրինեանի եղբօր հանդէպ: Միայն թէ
Բախշիի սիրտը չկոտրելու համար, մի քանի անգամ շարժեցի գլուխս աջ ու ձախ, ձախից-աջ ու ասի.
– Ծը-ծը-ծը-ծը…

Մի երկու ժամ անցաւ այսպէս:

Բախշին անընդհատ խօսում էր, ես լսում էի:

Վերջապէս երեւաց Լիազօրը, ինձ դուրս կանչեց նախասենեակ ու մի
առանձին հանդիսաւորութիւնով ասաց.

– Ընկեր Քաջազնունի, Խորհրդային Իշխանութեան անունից
յայտարարում եմ, որ դուք ազատ էք:

Ես շատ զարմացած ձեւացրի:

– Միթէ զրկուա՞ծ էի ազատութիւնից…

Երիտասարդը մի անորոշ ժեստ արաւ ու ժպտաց, սիրալիր ու
ինքնագոհ ժպիտով:

– Ուրեմն ընկեր Լեգրանը այլեւս չի՞ ուզում տեսնել ինձ:

Նոյն անորոշ ժեստը ու նոյն սիրալիր ժպիտը:

– Ապա պ. Իշխանեա՞նը:

– պ. Իշխանեանը դեռ կը սպասէ մի քիչ… Իսկ ձեզանից կը խնդրէի,
որ ժամանակ առ ժամանակ հանդիպէք այստեղ… այնպէս, յամենայն
դէպս:

– Ինչո՞ւ համար, ասի արդէն միանգամայն լրջօրէն: Դուք գիտէք իմ
բնակարանը: Վստահ եղէք, որ ոչ փախչելու, ոչ էլ թաքնուելու միտք
չունեմ ես: Երբ հարկաւոր եղաւ, ինձ կը գտնէք իմ տանը: Իսկ այժմ
կարո՞ղ եմ գնալ:

– Հարկաւ… Բայց եթէ սպասէք մի քիչ օտօմօբիլ բերել կը տամ:

– Շնորհակալ եմ, ասի, մինիստր եղած ժամանակս վարժւեցի ոտով
քալելու:

_______________

Ժամի տասից անց էր, երբ դուրս ելայ փողոց:

Քալելով մենակ գիշերային ամայութեան ու մթութեան մէջ, զգացի
յանկարծ -մի անասելի ցաւով զգացի- որ այսուհետեւ իմ Հայրենիքում՝
Հայաստանի մայրաքաղաքի մէջ, ես օտար եմ ու հալածական… Այդ ծանր զգացմունքը -թերեւս ամէնից ծանրը որ ունեցել եմ երբեւիցէ- մնաց օր օրի վրայ խորանալով, մինչեւ Փետրուարի 18-ը, երբ երկրորդ անգամ- բայց արդէն բոլորովին տարբեր պայմաններում- դուրս եկայ բոլշեւիկեան բանդից:

Գրուած է Թէհրանում, 1921 թուին, ամառը