Ռուսաստանը ներում է գրեթե բոլորի, բայց ոչ Հայաստանի պարտքը

4137

Ռուսաստանի խորհրդարանը՝ Պետական դուման, հավանություն է տվել Կիրգիզիայի 240 միլիոն դոլարի պարտքը ներելու մասին օրենքին: Համաձայնությունը ձեռք էր բերվել անցած տարի՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

2015-ի մարտին Ռուսաստանը ներել է Կիրգիզիայի 500 միլիոն դոլար պարտքի մոտ 190 միլիոնը, իսկ պարտքի մնացած մասը վերաձևակերպվել էր և պետք է վճարվեր առաջիկա 20 տարիներին: Ավելի վաղ Ռուսաստանը ներել էր Կիրգիզիայի պարտքից ևս 190 միլիոն դոլար:

2016 թվականին Ռուսաստանը ներել էր Ուզբեկստանի՝ 900 միլիոն դոլարի հասնող պարտքը:

2014-ին Ռուսաստանը ներել է Կուբայի ավելի քան 35 միլիարդ դոլար պարտքի մեծագույն մասը, իսկ մնացած 3.5 միլիարդը Հավանան պետք է վճարի 10 տարվա ընթացքում:

2012-ին Ռուսաստանը ներել է Հյուսիսային Կորեայի ունեցած 11 միլիարդ դոլար պարտքից 10 միլիարդը:

2008-ին Մոսկվան ներել է Իրաքի 12.9 միլիարդ դոլար պարտքից 12 միլիարդը:

Նույն տարում Ռուսաստանը ներել է Լիբիայի 4.5 միլիարդ դոլար պարտքը:

2007-ին Մոսկվան հրաժարվել է Աֆղանստանի 11.1 միլիարդ դոլար և Ալժիրի 4.7 միլիարդ դոլար պարտքից:

2005-ին Ռուսաստանը ներել է Եթովպիայի պարտքից 1.1 միլիարդ դոլարը, իսկ 2001-ին ներել էր 4.8 միլիարդը:

2005-ին Մոսկվան ներել է Սիրիայի ունեցած 13.4 միլիարդ դոլար պարտքից 9.7 միլիարդը:

Ռուսաստանը ներել է կամ հետաձգել նաև Նիկարագուայի, Մոնղելիայի, Լաոսի, Վիետնամի պարտքը:

Մոսկվան, սակայն, 2000-ականների սկզբին չներեց Հայաստանի ունեցած ընդամենը 110 միլիոն դոլարի պարտքը և դրա դիմաց այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմից պատասխանատու Սերժ Սարգսյանի համաձայնությամբ “Գույք պարտքի դիմաց” գործարքով ստացավ մի քանի ձեռնարկություններ, այդ թվում՝ Հրազդան ՋԷԿ-ը և “Մերգելյան ինստիտուտը”: Ռուսաստանը 24 միլիոն դոլարի դիմաց ստացավ “Սևան-Հրազդան” կասկադը: 2009-ին Ռուսաստանից վերցրած 500 միլիոն դոլարի 3.5 տոկոսանոց վարկը մարելու համար 2013-ին Հայաստանը եվրոբոնդերով 6.5 տոկոսով 700 միլիոն դոլարի վարկ վերցրեց:

Հայաստանը և Ռուսաստանը համարվում են ռազմավարական գործընկերներ: Հայաստանի տարածքում՝ Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանը, իսկ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի երկայնքով կանգնած են նաև ռուս սահմանապահներ:

Վերջին տարիներին Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում վարկով: Այսինքն՝ Հայաստանը վարկ է վերցնում Ռուսաստանից, այդ վարկով զենք գնում Ռուսաստանից և ավելացնում իր պետական պարտքը, որը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին 2 միլիարդից անցել է 6 միլիարդը: