Հայաստանը հազիվ թե սուվերեն պետություն է․ Ժերար Շալյան

1376

Աշխարհում հայտնի կոնֆլիկտաբան Ժերար Շալյանը ուրբաթ երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը դասախոսություն կարդաց «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով։ Շալյանը պատասխանեց ներկաների հարցերին տարածաշրջանի խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ ՍիվիլՆեթն առանձնացրել է Շալյանի որոշ մտքեր։

83-ամյա Ժերար Շալյանը զինված հակամարտությունների փորձագետ է, անձամբ այցելել է աշխարհի բազմաթիվ հակամարտությունների շրջաններ՝ Աֆղանստանից ու Մերձավոր Արևելքից մինչև Ղարաբաղ, Չեչնիա ու Պերու։ 40-ից ավելի գրքերի հեղինակ է։ Երևանում է իր «Հուշերիս հուշերը» գրքի հայերեն հրատարակությունը ներկայացնելու համար։

Ղարաբաղի, Կովկասի և Ռուսաստանի ազդեցության մասին

Կովկասում հարց լուծողը Ռուսաստանն է։ Ռուսաստանը 2008-ին ապացուցեց, թե ինչ կարող է անել Վրաստանի հետ։ Ռուսաստանն է որոշում՝ Կովկասում կլինի խաղաղություն, թե պատերազմ: Առանց Պուտինի շատ բան հնարավոր չէ Կովկասում, իսկ նրա հետ ոչինչ չի փոխվի։

Ղարաբաղի հարցում ներկայում և նախորդ ավելի քան քսան տարիներին ամեն ինչ հիմնականում կախված է եղել Ռուսաստանից: Վերջերս դա նորից տեսանք․ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինն իր մոտ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին և, ենթադրաբար ասաց՝ բավական է` վերադարձեք Ձեզ մոտ, հերիք է խաղաք:

Եթե Ռուսաստանն է որոշողը, ճի՞շտ էր արդյոք Հայաստանի ընտրությունը՝ դաշնակցելու Ռուսաստանին․ իրականում Հայաստանը դաշնակից ընտրելու ընտրանք չուներ էլ։ Դաշնակից փոխելու համար՝ լինեք Հայաստան, թե իքս կամ իգրեկ երկիր, պետք է միջոցներ ունենաք, պետք է ընտրություն ունենաք: Հայերն իրականում ի՞նչ ընտրություն ունեն այսօր։ Անկեղծ ասենք՝ հազիվ թե Հայաստանը սուվերեն պետություն է։ Կներեք, որ այսպես եմ ասում, բայց պետք է իրականությունն ընդունել այնպիսին, ինչպիսին կա:

Երուսաղեմի մասին

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի հայտարարությունը ներքին սպառման համար էր, հատկապես՝ եվանգելիստների, որոնք իսլամական ջիհադիստներից տարբերվում են միայն նրանով, որ գլուխ չեն կտրում։ 30-40 միլիոն մարդ հենց դրա համար է քվեարկում:

Թրամփի հայտարարությունը առանձնապես լուրջ ընդվզման չարժանացավ Արաբական աշխարհում։ Մուսուլմաններին սա դուր չի գա, բայց իրականում Երուսաղեմի մասին այսօր շատ ավելի հեշտ է հայտարարություն անել, քան երեսուն տարի առաջ, որովհետև մոտեցումները, գաղափարները, պաղեստինյան հարցի շուրջ զգայունությունը շատ թուլացել են՝  աշխարհում տեղի ունեցող մի շարք այլ զարգացումների պատճառով:

Արաբական մայրաքաղաքներում, մուսուլմանական մայրաքաղաքներում զանգվածային ցույցեր գրեթե չեղան։ Շատ քիչ միջոցառումներ եղան, Ջիհադ չհայտարարվեց։ Կարծում եմ՝ Ինթիֆադա նույնպես չի հայտարարվի:

Սիրիայի ու Իրաքի մասին

Սիրիայում և Իրաքում ժամանակավոր հաղթանակ է գրանցվել, որը պատկանում է Իրանին։ Իսկ Ռուսաստանը տարել է մարտավարական հաղթանակ։

Ռուսաստանը զորքերը կվերադարձնի՞ Սիրիա, թե՞ ոչ․ ես չգիտեմ Պուտինի մտադրությունները։ Բայց ինչ վերաբերում է Սիրիայի քրդերի ու Բաշար Ասադի հարաբերություններին, ապա քրդերը կփորձեն դե ֆակտո ինքնավարություն ստանալ, ինչն անպայմանորեն պաշտոնական ֆեդերալիզմ չի լինի, բայց կարող է դրան շատ նման մի բան լինել: Ամեն դեպքում, իրադարձությունները դրան են գնում, եթե կտրուկ փոփոխություն չլինի: Ալևիների ու քրդերի դաշինքը՝ Պուտինի քավորությամբ, տրամաբանական է։

Իրաքում ռեֆերենդում անելով՝ քրդերն իրենք իրենց ոտքին կրակեցին։

Թուրքիայի դերի մասին

Թուրքիան այսօր հարաբերական մեկուսացման մեջ է, որովհետև կապերը խզել է իր դաշնակիցների մեծ մասի հետ։ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները միջակ են, ԵՄ երկրների հետ հարաբերությունները հիմնականում վատ են։ Ինչ վերաբերում է իր հարակից երկրներին, ապա միակ պետությունը, որ համակրանք ունի Թուրքիայի նկատմամբ, Ադրբեջանն է։

Թուրքիան, բնականաբար, թուլացել է հարվածներից, որ ստացել է տարբեր գեներալների ու սպաների կողմից, բայցևայնպես մնում է հզոր պետություն՝ մեծաքանակ բանակով: Թուրքիայի դիրքն ու դիրքորոշումը տարածաշրջանում շատ կարևոր են։

Կասկած չկա, որ պարոն Էրդողանի համար քրդական հարցը թե՛ Թուրքիայում, թե՛ Սիրիայում ու, կարելի է ասել, նույնիսկ՝ Ղանդիլում, որ Իրաքի հյուսիսում է, շատ կարևոր է։

Էրդողանը պարզապես չի կարող հանդուրժել այն գաղափարը, որ PKK-ն կարող է հանկարծ վերահսկել Սիրիայի հետ սահմանի հատվածը։ Էրդողանը Պուտինի հետ հավանաբար սա է բանակցել՝ ասելով, թե իր համար մի հարց կա, որ սակարկության ենթակա չէ՝ Սիրիայի քրդերը չեն կարող վերահսկել Թուրքիայի սահմանին հարող տարածքը:

Ինչ-որ պահի Թուրքիան փորձեց զորքերը մտցնել Սիրիա, ամերիկացիներն ասացին՝  ոչ, դու չպետք է միջամտես, մենք քրդերի կարիքն ունենք: Հետո Թուրքիան փորձեց ռմբակոծել քրդերին, ամերիկացիներն ասացին՝ ոչ, չպիտի ռմբակոծես մարդկանց, որոնք մեզ համար են աշխատում:

Այժմ, երբ Ռաքքան ընկել է, Իսլամական պետությունը չկա, և պարոն Թրամփն ասել է, որ այլևս գոնե պաշտոնապես չի սատարում Սիրիայի քրդերին, մնում է տեսնել, թե ինչ կփորձի անել պարոն Էրդողանը:

Ռուսաստանը կարևոր դիրք է գրավում այստեղ, հատկապես Սիրիայի հյուսիսարևմտյան քրդաբնակ Հաֆրին քաղաքում։ Ռուսները մտադիր չեն Սիրիայի քրդերին բաց թողնել, որովհետև Սիրիայի ապագայի համար դա շատ կարևոր է:

Այսպիսով, Էրդողանն այժմ փոքր ինչ դժվարին վիճակում է: Դեմագոգիա է անում, Պաղեստինի քարտն է խաղացնում։ Դեռ 2008-ին սկսել էր Մավի Մարմարայով, երբ Գազային օգնություն էր ուղարկել: Պարոն Էրդողանը մարտավարության մարդ է։ Նա մարդ է, որը մոտ 50 տոկոս սատարում ունի երկրի ներսում, բայց շատ քիչ սատարում՝ դրսում:

Պատրաստեց Ալինա Նիկողոսյանը

ՍիվիլՆեթ

Կարդացեք նաև՝

Ժերար Շալյան. «Հուշերիս հուշերը»

Նրանց հիշողության հիշողությունը

Memory of their Memories