Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 6-ը. 2015-ի այս օրը Հայաստանին նոր Սահմանդրություն պարտադրվեց

973

Սերժ Սարգսյանը ժամանակ ունի ապացուցելու, որ Սահմանադրությունը իր համար չի փոխել

Սերժ Սարգսյանը ժամանակ ունի ապացուցելու, որ Սահմանադրությունը չի փոխել իր, իր ընտանիքի և իշխող ՀՀԿ-ի համար։

Երկու տարի առաջ այս օրը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին, Սերժ Սարգսյանն ու Հանրապետական վարչակարգը Հայաստանին ու նրա ժողովրդին պարտադրեցին սահմանադրական փոփոխություններ, որոնց համաձայն՝ 2018-ի ապրիլից Հայաստանը լիովին դառնալու է խորհրդրանական հանրապետություն և որտեղ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը:

Սարգսյանն ու նրա կոալիցիոն գործընկերները հավաստիացրել են, որ փոփոխությունների իմաստը իրենց իշխանությունը հավերժացնելը չէ, ինչպես պնդում էին ընդդիմադիրները, այլ երկիրը ավելի ժողովրդավարացնելու անկեղծ ցանկությունը:

2014թ․ ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարեց.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար… Եթե [նոր սահմանադրության – խմբ.] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ՝ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելու Սերժ Սարգսյանի ցանկությունը անակնկալ էր, որովհետև ո՛չ Սարգսյանի, ո՛չ իշխող Հանրապետական կուսակցության ծրագրերում դրա անհրաժեշտության մասին երբևէ ակնարկ անգամ չէր եղել նախկինում, ավելին՝ Սարգսյանն ու ՀՀԿ-ն քննադատել էին նրանց, ովքեր արտահայտվում էին կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու օգտին:

Երբ տեղի ունեցավ 2015թ․ դեկտեմբերի 6-ը, Սերժ Սարգսյանը և նրան սատարող ուժերի տարբեր ներկայացուցիչներ սկսեցին չբացառել, որ 2017թ․ ապրիլյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ նա կարող է և առաջադրվել վարչապետի պաշտոնում։

«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստած ֆիլմում, լրագրողի հարցին՝ «Դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է.

«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։

Երկու շաբաթ առաջ, «Ազատության» հետ զրույցում՝ «2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞ր Հայաստանի» հարցին, պատասխանեց.

«Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ»։

Պատկերացնելու համար Սերժ Սարգսյանը ունի 4-5 ամիս ժամանակ:

***

Անկախ Հայաստանի քառորդդարյա պատմության ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել սահմանադրական չորս հանրաքվե:

Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ․ հուլիսի 5-ին: Օրվա ընդդիմությունը, առաջին հերթին ՀՅԴ-ն ու ԱԺՄ-ն, քննադատում էին հանրաքվեի դրված Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ այն «կարված է Լևոն Տեր-Պետրոսյանի հագով»: Ընդդիմությունը հայտարարեց, որ ինչպես ընտրությունների (նույն օրը՝ հուլիսի 5-ին, տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները), այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998թ., երբ դեռ գործում էր «իր հագով կարված» Սահմանադրությունը:

2005թ․ Սահմանադրությունը ենթարկվեց փոփոխությունների, ինչը հիմնականում պայմանավորված էր 2001թ. Եվրախորհրդին անդամագրված Հայաստանի ստանձնած պարտավորություններով: Մինչ այդ՝ 2003թ․, քվեարկության դրված Սահմանադրական փոփոխությունները չէին ընդունվել:

2005թ․ սահմանադրական փոփոխությունները ստացան «ուրվականների հանրաքվե» պիտակը, քանի որ ցածր մասնակցության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը և նրան աջակցող ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ապահովեցին անհավատալի բարձր տոկոսներով «այո»: Ընդդիմությունը, որ բոյկոտել էր հանրաքվեն, հայտարարեց, որ արդյունքները կեղծվել են:

Ընդդիմությունը պնդում էր՝ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իշխանության վերարտադրության նպատակով, որպեսզի 2008թ. նախագահական ժամկետի ավարտից հետո կարողանա մնալ իշխանության: Քոչարյանը չմնաց, սակայն Մարտի 1-ի արյունահեղ ճանապարհով իշխանությունը փոխանցեց իր զինակից Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը 4-5 ամիս ժամանակ ունի Հայաստանի բնակչությանը ապացուցելու, որ 2015թ․ դեկտեմբերի 6-ին Սահմանադրություն չի փոխել իր, իր ընտանիքի և իշխող ՀՀԿ-ի համար:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ