Օձուն գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Լոռու ձոր

7869

Օձուն գյուղը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանում, քաղաքից 8 կմ. հարավ-արևմուտք, մարզկենտրոն Վանաձորից՝ 47 կմ. հյուսիս-արևելք, Դեբեդ գետի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա:

Ըստ ավանդույթի՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը, գալով Օձուն, եկեղեցու տարածքում օծել է քահանաների, որից էլ՝ Օձուն, «օծել» բառից։ Հանդիպում է նաև Ազուն, Ազու անուններով։ Մինչև 1967 թ. գյուղը կոչվել է թուրքերեն Ուզունլար ձևով: Գյուղը միջնադարում հայտնի է եղել շնորհիվ հայոց կաթողիկոս (717-728 թթ) Հովհան Օձնեցու։

Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թթ.) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.):

Օձուն գյուղի բնակչությունը ըստ տարիների եղել է հետևյալը.

1931 – 691, բոլորը՝ հայ,

1873 – 1787, բոլորը՝ հայ,

1886 – 2414, բոլորը՝ հայ,

1897 – 2430, որից 2420-ը՝ հայ, 4-ը՝ պրավոսլավ, 6-ը՝ այլ (բողոքական, աղանդավոր, եզդի և այլն)

1908 – 3370, 

1914 – 3858, 

1916 – 4063, 

1922 – 4107, բոլորը՝ հայ,

1926 – 4288, որից 4283-ը՝ հայ, 5-ը՝ ռուս

1931 – 3977, որից 3976-ը՝ հայ, 1-ը՝ ռուս

Աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”

Պատմությունը

Այսօրվա Ալավերդու շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Ալավերդու շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Ալավերդու շրջանը, որ մտցվեց Լոռու «Չեզոք գոտու» մեջ, հայ-վրացական պատերազմի պատճառ դարձավ: Այդ պատերազմը տեղի ունեցավ 1918 թվականի դեկտեմբերի վերջի շաբաթներին:

Ալավերդու շրջանը, որ 1969-ից վերանվանվեց Թումանյանի շրջան, կազմավորվել է 1930թ. սեպտեմբերին: Խորհրդային Հայաստանի 37 վարչական շրջաններից էր, այժմ մաս է կազմում Լոռու մարզի:

Շրջանի վարչական կենտրոնը Ալավերդի քաղաքն էր: Ուներ 3 քաղաքատիպ ավան, որոնք այսօր ունեն քաղաքի կարգավիճակ՝

Ախթալա,

Թումանյան,

Շամլուղ,

ինչպես նաև հետևյալ բնակավայրերը.

Աթան, Ահնիձոր, Ամոջ, Արդվի, Արևածագ, Աքորի, Այգեհատ (Դանուշավան), Դսեղ, Թեղուտ, Լորուտ, Ծաթեր, Ծաղկաշատ,

Կաճաճկուտ, Կարմիր Աղեկ, Հագվի, Հաղպատ, Ճոճկան, Մարց, Մեծ Այրում, Մղարթ, Նեղոց, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Փոքր Այրում, Քարինջ, Քարկոփ:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարը՝ Անդրանիկ Քեշիշյանի

Կարդալ ու դիտել նաև՝