Երիտթուրքերի հաղթանակը զգալի չափով արդյունք էր նաև հայերի օժանդակության. Սիմոն Վրացյան

3128

Ներկայացնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ամփոփ գրությունը հայ-թուրք հարաբերությունների, Առաջին աշխարհամարտի, կամավորական շարժման, ՀՅԴ 8-րդ Ընդհանուր ժողովի մասին, որը տեղ է գտել նրա «Հայաստանի Հանրապետություն» կոթողային աշխատության առաջին էջերում:

1914 թվի ամառը պայթեց համաշխարհային պատերազմը:

Պատերազմը ահավոր փորձություն եղավ ամբողջ երկրագնդի, մանավանդ, հայ ժողովրդի համար: Նա բռնկվեց այն պահին, երբ հայ-թուրքական հարաբերությունների լարումը հասել էր ծայրահեղ աստիճանի, երբ հայը Թուրքիայում նորից դարձել էր «խային»  ազգ, «պետական դավաճան» , «կույր գործիք մեծ պետությունների ձեռքին»…

Նոր էր ստորագրվել բարենորոգումների ծրագիրը: Օսմանյան սահմանադրության հաջորդող հայ-թուրքական համերաշխության մեղրամիսը կարճ տևեց: Կիլիկիայի ջարդը, ներքին ճնշումները, կառավարության կասկածոտ վերաբերումը դեպի հայ տարրը, հողային հայակործան քաղաքականությունը Արևելյան վիլայեթներում, թուրք ազգայնամոլության հարաճուն զարգացումը Իթթիհատի ծոցում՝ այս և ուրիշ բազմաթիվ պատճառներ վերջնապես համոզեցին հայերին, որ առանց արտաքին օգնության, միա՛յն թուրքական միջոցներով անկարելի է ձեռք բերել կյանքի բարելավումը: Եվ նորից ամենքի հայացքը ուղղվեց դուրս՝ դեպի «մարդասեր Եվրոպան»:

Սահմանադրության օրերին ամբողջ թուրքահայությունը, չնչին բացառությամբ, կանգնել էր օսմանյան պետականության հողի վրա: Հ. Յ. Դաշնակցությունը, հայ ժողովրդի մեծագույն կուսակցությունը՝ գործակցելով Իթթիհատի հետ՝ ձգտում էր իրականացնել համապետական նպատակներ: Երեսուն տարիների հեղափոխական մաքառումներից հետո, հայը անվերապահ կերպով դառնում էր օսմանյան քաղաքացի, հավատարիմ տարր օսմանյան «վերածնվող հայրենիքի»: Ի՞նչ ավելի հարմար առիթ թուրք գործիչների համար՝ օգտագործելու հայ ժողովրդի այս զգացմունքները:

Մարտյան հետաշրջական օրերին հայ ժողովուրդը, մի մարդու պես, ոտքի կանգնեց՝ պաշտպանելու համար հասարակաց հայրենիքն ու նոր վարչաձևը: Եվ երիտասարդ թուրքերի հաղթանակը զգալի չափով արդյունք էր նաև հայերի օժանդակության:

Երբ Իտալիան հարձակվեց Տրիպոլիի վրա, թուրքահայ ժողովուրդը, հակառակ Ադանայի արյունոտ հիշատակների, նորից կառավարության կողքին էր՝ անվարան նպաստելով երկրի պաշտպանության գործին: Պետության սպառնացող վտանգը հայությունն ընդունում էր վտանգ և իրեն համար:

Եվ, սակայն, թուրքերը ո՛չ միայն չաշխատեցին նրա մեջ խորացնելու և ամրացնելու օսմանյան պետականության գաղափարը, այլ, կարծես դիտավորյալ կերպով թափեցին ամեն ճիգ ու ջանք՝ սառեցնելու համար հայերի նման վերաբերումը, հետ մղելու նրանց իրենցից ու Թուրքիայից:

Երբ 1912-ին սկսվեց թուրք-բալկանյան պատերազմը, հայերի մեջ այլևս հավատ ու խանդավառություն չէր մնացել: Պատրիարքարանը, կուսակցությունները, հանրային կարծիքը, բովանդա՛կ ժողովուրդը եկել էին այն համոզման, որ առանց դրսի միջամտության հայերի վիճակը չի բարեփոխվի: Այս տրամադրության հետևանքով էր, որ, օրինակ, պատերազմի ընթացքում բուլղարահայությունը կազմակերպեց Թուրքիայի դեմ Անդրանիկի կամավորական խումբ:

Նույն տրամադրության հետևանքով ծնունդ առավ նաև կաթողիկոսական պատվիրակությունը Եվրոպայում՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ: Հայերը նորից բռնեցին քաղաքական այն ուղին, որով ընթացել էին Բեռլինի վեհաժողովից ի վեր՝ փշոտ, վտանգավոր, թե՛ հայերի և թե՛ թուրքերի համար հավասարապես փորձություններվ հարուստ ուղի: Սակայն ուրիշ հեռանկար չէր տեսնվում. «վերածնվող»  Թուրքիան էլ, ինչպես առաջներում սուլթանական Թուրքիան, հայերին մղում էին դեպի ա՛յդ ուղին:

1914թ. հունվարի 26-ին, մեծ-վեզիր Սայիդ-Հալիմի և Ռուսաստանի Պոլսի գործակատար Գուլկևիչի միջև ստորագրվեց բարենորոգումների ծրագիրը: Գերմանիան հրաժարվեց դնել իր ստորագրությունը այդ թղթի տակ:

Համաձայն այդ ծրագրի՝ հայկական վեց վիլայեթներին պիտի կցվեր Տրապիզոնի նահանգը ևս, և այդ ամբողջ շրջանը պիտի բաժանվեր երկու ընդհանուր քննչությունների, կամ, ինչպես սիրում էին ասել հայերը, մարզպանությունների: Առաջին շրջանը պիտի բաղկանար Էրզրումի, Տրապիզոնի և Սվազի վիլայեթներից, երկրորդը՝ Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Տիգրանակերտի: Ընդհանուր քննիչները պետք է լիներն եվրոպացիներ: Նրանց նշանակումը կատարելու էր Բ. Դուռը՝ համաձայն մեծ պետությունների առաջարկելիք թեկնածուների:

Այս ծրագիրը լիովին չէր համապատասխանում հայերի բաղձանքներին: Նրանք դժգոհ էին հայկական նահանգները երկու շրջանի բաժանելուց: Բացի այդ, նրանց շատ էր անհանգստացնում ծրագրի շուրջ հարուցված հակամարտությունն ու թուրք կառավարության բռնած բացահայտ թշնամական դիրքը, մի փաստ, որի վրա մատնանշում էր և Գուլկևիչը իր կառավարության ներկայացրած հաղորդագրության մեջ:

Այս բոլորը տեսնում էին և հայերը, և նրանցից խորատեսները լուրջ անհանգստությամբ էին նայում ապագային: Բայց լայն հասարակությունը և, մանավանդ, բարենորոգումների աշխատանքը տանող շրջանները՝ Փարիզից մինչև Էջմիածին, համակված էին հաղթողի գոհունակությամբ:

1914 թվի գարունը և ամառը անցան բարենորոգումների գործի կազմակերպման աշխատանքներով: Պետությունների առաջարկած թեկնածուներից Բ. Դուռը ապրիլի 2 (15)-ին ընդհանուր քննիչներ ընտրեց հոլանդացի Վեստենենկին և նորվեգացի Հոֆին ու մայիս 10 (23)-ին ստորագրեցին նրանց հետ վերջնական պայմանը: Եվ նախնական անհրաժեշտ աշխատանքները լրացնելուց հետո, Հոֆը մեկնեց իր պաշտոնատեղին՝ Վան. կարճ ժամանակից հետո պիտի մեկներ և Վեստենենկը:

Ճիշտ է, թուրք կառավարությունը և Իթթիհատը չէին ծածկում իրենց դժգոհությունը հայերից և հակառակությունը բարենորոգումների ծրագրից: Ճիշտ է, ճանապարհին և Վանում թուրք իշխանություններն ու հասարակությունը թշնամանքով ընդունեցին Հոֆին, իսկ Վանում թուրք պաշտոնյանները նույնիսկ հրաժարվեցին նրան ենթարկվելուց, բայց և այնպես «բարենորոգումները սկսել էին գործադրվել», իսկ այս ինքնին արդեն կարևոր նվաճում էր համարվում: Պատճառ չկար կասկածելու, որ, վերջ ի վերջո, թուրքերը տեղի կտան, և բարենորոգումները կմտնեն ուժի մեջ: Հայ ժողովրդի առջև բացվում էին նոր, անսահման, հրապուրիչ հորիզոններ…

Այսպես էր դրությունը, երբ հուլիսին, Էրզրումում, բացվեց Հ. Յ. Դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովը: Մեծ կարևորություն էր տրվում այդ ժողովին ո՛չ  միայն դաշնակցականների, այլև դրսի խավերի կողմից. բարենորոգումների գործադրության նախօրյակին, հայրենի երկրի կենտրոններից մեկում գումարված հայ կյանքին գույն և բովանդակություն տվող կուսակցության ընդհանուր ժողովը, անկասկած, ունենալու էր խոշոր նշանակությու: Եվ, հիրավի, Հ. Յ. Դ. 8-րդ ընդհանուր ժողովը իր ուշադրության և աշխատանքի գլխավոր մասը նվիրեց երկրին՝ նրա ներքին կազմակերպությանը, հողային խնդրին, արտագաղթին, կառավարության վարած հակահայ քաղաքականությանը, ինքնապաշտպանությանը, բարենորոգումներին:

Առանձին խանդավառություն չկար դեպի բարեփոխումների ծրագիրն ու դիվանագիտական գործունեությունը: Ընդհանուր ժողովը անհրաժեշտ էր համարում նվիրվել ներքին աշխատանքի ու սեփական ուժերի կազմակերպմանը:

Օրակարգի  հարցերը սպառված չէին դեռ, երբ ստացվեց եվրոպական պատերազմի լուրը, որը արտակարգ եռուզեռ առաջ բերեց թուրք ղեկավար շրջաններում, որոնց առաջին գործն եղավ, իհարկե, բարենորոգումների խափանումը: Ընդհանուր քննիչ Հոֆը անմիջապես մեկնեց Վանից: Թուրքիայում հայտարարվեց ընդհանուր զորահավաք, և ամեն կողմ սկսվեցին տեսնվել շտապ նախապատրաստություններ: Թուրքիան սկսեց տենդագին պատրաստվել պատերազմի:

Այս ընդհանուր կացության հանդեպ, այլև աչքի առաջ ունենալով թուրք իշխանությունների կասկածոտ ու բծախնդիր վերաբերումը՝ Հ. Յ. Դ. ընդհանուր ժողովը կարճ կապեց իր օրակարգը և ցրվեց՝ նախօրոք քննության առնելով Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու հավանականությունը և այդ առթիվ որոշելով հրահանգել իր մարմիններին և ընկերներին մնալ օրինապահ իրենց ապրած երկրի վերաբերմամբ և կատարել իրենց բաժին հասած քաղաքացիական պարտականությունները: Միաժամանակ, ընդհանուր ժողովը ընտրեց 7 հոգանոց հատուկ մի մարմին, որին և հանձնվեց, պատերազմի դեպքում, լուծել ծագելիք բոլոր գործնական խնդիրները: Իբրև ընդհանուր հրահանգ, որոշվեց ամեն գնով Թուրքիային հետ պահել պատերազմին մասնակցելուց՝ նկատելով, որ նման քայլը կործանարար կլինի ո՛չ միայն հայ ժողովրդի, այլև օսմանյան պետության համար:

Ընդհանուր ժողովն արդեն փակված էր, երբ Էրզրում հասան Իթթիհատի լիազորներ Բեհաեդդին Շաքիրը և Նաջի բեյը՝ իրենց հետ բերելով մի քանի տասնյակ կովկասցի և պարսիկ-ազրբեջանցի գործակյալներ ու մարտիկներ: Նրանց նպատակն էր կազմակերպել հակառուս քարոզչություն ու պայքար Կովկասում և Հյուսիսային Պարսկաստանում, այլև պատերազմական նախապատրաստություններ տեսնել Արևելյան նահանգներում: Նրանց հանձնարարված էր նաև բանակցություններ վարել Հ. Յ. Դ. ընդհանուր ժողովի հետ Ռուսաստանի դեմ մեկ ճակատ ստեղծելու համար:

Իթթիհատի լիազորները առաջարկեցին Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցիչներին, որ դաշնակցականները ռուս-թուրքական պատերազմի ընթացքում միանան թուրքերին՝ աշխատելով ռուսների դեմ ապստամբեցնել կովկասահայերին: Նրանք պնդում էին, որ վրացիք ու կովկասյան թուրքերը արդեն տվել են իրենց համաձայնությունը և սկսել են պատրաստվել ապստամբության: Եվ, հիրավի, իթթիհատական լիազորնների հետ Էրզրում էին եկել և կովկասցի թուրքեր, որոնք հավաստիացնում էին, թե գնում են Կովկաս՝ խռովություններ և ապստամբություններ առաջ բերելու և պատերազմի պարագայում, ռուս բանակի թիկունքը կազմալուծելու նպատակով:

Բեհաեդդին Շաքիրն ու Նաջի բեյը համարում էին վայրկյանը հասած, երբ կովկասյան ժողովուրդները պետք է ազատվեն ռուսական լծից: Նրանց ասելով՝ Թուրքիան մտադիր չէ գրավելու Կովկասը, այլ ձգտում է վերածել թուրքական հովանավորության տակ գտնվող ինքնավար պետության, որ խոստանում էին ստեղծել հայկական ինքնավար մի իշխանություն ռուսահայ և նաև թուրքահայ որոշ հողամասերից: Ընդհակառակը, հայերի չմիանալը վրացիներին և կովկասյան թուրքերին կարող է առաջ բերել ծանր հետևանքներ:

Հ. Յ. Դաշնակցության ներկայացուցիչները հայտնեցին, որ վերջնական հաղթանակը պատկանելու է դաշնակիցներին, իսկ այդ դեպքում պատերազմող կողմ դարձած Թուրքիան կարող է չարաչար տուժել: Նրանք ապացուցում էին, որ Թուրքիայի շահերը պահանջում են պահպանել չեզոքություն. չեզոք Թուրքիան անհամեմատ ավելի շատ կշահի, քան պատերազմող Թուրքիան: Պատերազմի մասնակցել՝ նշանակում է երկիրը նետել աններելի արկածախնդրության գիրկը:

Իթթիհատի լիազորները, սակայն, անդրդվելի էին իրենց առաջարկի վրա: Նրանց համար պատերազմի հարցը որոշված էր. հանցանք կլիներ ձեռքից փախցնել հարմար առիթը և մեկ անգամ ընդմիշտ չազատվել ռուսական մղձավանջից: Գերմանիայի հաղթությունը կասկածի առարկա չէր նրանց համար, իսկ հաղթական Գերմանիա՝ նշանակում էր հաղթական Թուրքիա: Նրանք համոզում էին հայերին ևս միանալ իրենց և ձեռք ձեռքի տված կռվել հասարակաց թշնամու դեմ: Բայց Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե այնուամենայնիվ, իրենց կամքի հակառակ, պատերազմը պայթի, Դաշնակցության Թուրքիո հատվածի բոլոր անդամները լրիվ կերպով կկատարեն իրենց պարտքը հանդեպ պետության: Ինչ վերաբերվում է կովկասահայերին՝ Դաշնակցությունը չի կարող հանձնառություն ստանձնել նրանց ապստամբեցնելու, մանավանդ որ թուրքերը իրենց վերջին հինգ տարվա քաղաքականությամբ թուրքահայերի վերաբերմամբ այնպիսի վիճակ չստեղծեցին, որ կարողանային գրավել ռուսահայերի համակրանքը:

Այս պատասխանը թուրքերի ուզածը չէր: Նրանք պահանջում էին ավելի շոշափելի ապացույցներ «օսմանյան հայրենասիրության», մանավանդ բարենորոգումների ծրագրի առթիվ իրենց և հայերի միջև առաջ եկած պաղությունից հետո: Հայերը չէին կարող խոստանալ ավելին. հոգեբանորեն, մարդկայնորեն հնարավոր չէր այդ: Ո՛չ միայն կովկասահայերին ապստամբեցնել, թուրքահայերին իսկ դժվար էր ոգևորել «օսմանյան հայրենասիրությամբ»՝ այնքան վարկաբեկված էր թուրքական ռեժիմը հայ ժողովրդի աչքին:

Ընդհակառակը, պատերազմի պարագայում, ավելի հավանական էր հակաթուրք զգացմունքների պոռթկումը: Այդպես էլ պատահեց: Դեռ թուրք-ռուսական պատերազմը չսկսված Կովկասում ծայր տվեց ուժեղ, բառի իսկական իմաստով տարերային կամավորական շարժումը, որը կլանեց հայ ժողովրդի համարյա բոլոր խավերն ու կազմակերպությունները: Կարճ ժամանակամիջոցում կազմակերպվեցին 4 կամավորական խմբեր, որոնց մեջ մտնել փափագողների թիվը պահանջվածից մի քանի անգամ ավելի էր: Ասպարեզ եկան հայդուկային կռիվների մեջ թրծված խմբապետներ՝ Անդրանիկ, Վարդան, Քեռի, Համազասպ, Դրո, Խեչո և շատ ուրիշներ, որոնք կանգնեցին խմբերի գլուխը: Կամավորական շարժման նախաձեռնողը և ընդհանուր ղեկավար եղավ Ազգային բյուրոն: Հ. Յ. Դաշնակցության կովկասյան Շրջանային ժողովը, 1914 սեպտեմբերին, յուրացրեց և գործոն դեր կատարեց կամավորական շարժման գործադրության մեջ:

Լուսանկարում՝ ՀՅԴ-Իթթիհատ համագործակցության տեքստը օսմաներենով, ստորագրված 1907թ դեկտեմբերին