Վրաստանի դիրքը թուրք-հայկական պատերազմի օրերին․ 1920-ի աշուն

1345

1920 թ․ սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ Կարսը, նոյեմբերի առաջին օրերին՝ Ալեքսանդրապոլը, իսկ դեկտեմբերի 2-ին՝ ռուս-թուրքական հարվածների տակ, ՀՅԴ-ն իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցեց Բաքվում ձևավորված և նոյեմբերի 29-ին Իջևան մտած Հայհեղկոմին։

Ներկայացնում ենք ՀՅԴ Յառաջ օրաթերթի 1920թ․ հոկտեմբերի 7-ի խմբագրականը։

ԱՆԻ

—–

ՄԵՐ ՀԱՐԵՒԱՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԸ

Հայաստանի թէ քաղաքական, թէ ռազմական և թե նոյնիսկ տնտեսական վիճակը այժմ միանգամայն տարբեր կլինէր, եթէ մեր հարևան Վրաստանը վարէր աւելի շիտակ, աւելի լայնախոհ ու առաջադիմական և աւելի նւազ նացիօնալիստական քաղաքականութիւն Անդրկովկասում, քան այն, որ նա իրօք վարում է իր գոյութեան առաջին օրից իսկ:

Վրաց քաղաքագէտները ամեն կերպ խուսափել են և խուսափում են այսօր էլ կռիւ մղել թուրքտաճկական ռէացիօն վտանգի դէմ, որը գերեզման է փորում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ անդրկովկասեան դեմօկրատիայի համար:

Վրացի իշխող կուսակցութիւնը, չնայելով, որ յաւակնութիւն ունի միակ սօցիալիստական և միջազգային կազմակերպութիւնը իրան համարելու ամբողջ Անդրկովկասում, իր քաղաքականութեան հիմնական սկզբունքներից մէկն է դարձրել համաձայնութիւնը և բարեկամութիւնը թուրք փաշաների ու բէկերի հետ: Այդ կուսակցութիւնը քաղաքական իմաստութիւն է համարել գէթ արտաքուստ չեզոք դիրք բռնել հայ-թուրքական կռւի հանդէպ, որի այս կամ այն վախճանից կախւած է մեծապէս նաև Վրաստանի գոյութիւնը:

Փոխանակ ամեն կերպ նպաստելու հայ ժողովրդի դիւցազնական պայքարին ընդդէմ Արևելքի ամենախավար և ամենաբռնակալ ոյժին՝ թրքության, վրաց քաղաքագէտները անբացատրելի կարճամտութեամբ գրեթէ միշտ հակում են ցոյց տւել չեզոքութեան արտաքին երևոյթը պահպանելով անհամեմատ աւելի բարեացակամ դիրք բռնել դէպի թուրքերը քան դէպի հայերը:

Այս հակահայկական քաղաքականութիւնը միանգամայն անհասկանալի է մանաւանդ այն պատճառով, որ առանց Հայաստանի և նոյնիսկ առանց ուժեղ Հայաստանի չի կարող երբէք ապահովւած լինել Վրաստանի գոյութիւնը: Սա մի ակներեւ ճշմարտութիւն է որ պէտք է իւրացնէին նաև վրաց քաղաքագէտները:

Սակայն Վրաստանը իրօք միայն մի մտահոգությամբ է բռնւած եղել մինչև այսօր հանդէպ Հայաստանի- օգտագործել, շահագործել մեր երկրի ու ժողովրդի նեղութիւնը, տագնապը՝ միշտ աւելի ու աւելի թուլացնելու համար Հայաստանի դիրքը, միշտ նորանոր կորզումներ անելու համար մեր դժբախտ պետութիւնից:

Իրենց այդ եսապաշտ և հակահայկական քաղաքականութիւնը վրաց քաղաքագէտները խոհեմութիւն են ունեցել, սակայն միշտ քօղարկելու բարեկամութեան արտաքին արտահայտութիւններով և բարեկամական փոքրիկ ծառայութիւններով:

Մէկ պերճախօս փաստ վերջին օրերի պատմութիւնից: Երբ մեր երկաթուղիները կանգ առան նաւթի բացակայության պատճառով, մեր դիւանագիտական ներկայացուցիչը դիմել էր վրաց կառավարութեան, խնդրելով զիջել Հայաստանին որոշ քանակությամբ նաւթ, որպէսզի հնարաւոր լինի վերականգնելու երկաթուղային երթեւեկութիւնը, որի բացակայութիւնը մահացու հարաւծ է հասցնում մեր երկրի թէ՛ ռազմական և թէ՛ քաղաքական ապահովութեան:

Վրաց կառավարութիւնը որոշեց տալ միայն երեք ցիստերն սպիտակ նաւթ և մի ցիստերն մազութ, այսինքն՝ մի օրւայ պաշար: Բայց այդ չնչին օգնութիւնը վրաց մամուլի կողմից երկարացւեց այնպէս, որ տպաւորութիւն էր ստացւում որ վրացիների տւած նաւթը բաւական է վերականգնելու համար Հայաստանի երկաթուղիների երթեւեկութիւնը: Այդ տպաւորութիւնը ցրելու համար մեր դիւանագիտական միսսիան Վրաստանում ստիպւած եղաւ հրապարակ բերել վրաց կառավարության տւած նաւթի իսկական քանակը և նրա արժէքը մեր երկաթուղային երթևեկության համար:

Մեր կառավարութեան կրկնակի դիմումների հետևանքով՝ վրաց կառավարութիւնը բարի է գտնւել վերջին օրերս նորից մեզ տալ 15 ցիստերն նաւթ, որ մի հինգ օրւայ պաշար է միայն:

Մինչդեռ նոյն վրաց կառավարութիւնը ամեն տեսակի արգելքներ է յարուցում, որպէսզի մենք չկարողանանք դուրս բերել Վրաստանի սահմաններից Բաթումում մեր գնած նաւթը, որ բաւական կլինի մեզ ամբողջ երեք ամսւայ համար:

Այս երկդիմի քաղաքականութեան իմաստը պարզ է.- Զրկել մեզ էական օգնութիւնից, բայց փոքրիկ նպաստների միջոցով թոզ փչել անդրկովկասեան և եւրօպական դեմօկրատիայի աչքին – այն համոզումը առաջ բերելու համար, որ վրաց իշխող կուսակցութիւնը իբր թէ միանգամայն բարեկամաբար է վերաբերւում իր դժբախտ հաևանին- Հայաստանին:

Այս երեք դժնդակ տարիների ընթացքում հայ ժողովուրդը շատ անգամներ տագնապներ ապրեց, և նորից ու նորից համոզւեց, որ Անդրկովկասի դեմօկրատիայի ամենաոխերիմ թշնամի թուրք փաշաների ու բէկերի դէմ մղած իր օրհասական պայքարի մէջ հայ ժողովուրդը մենակ է միանգամայն և որ իր քոյր վրացի ժողովուրդը գիտէ միայն իր դժբախտ հարևանի նեղութիւնը աղբիւը դարձնել իր ժամանակաւոր նւաճումների համար:

Ահա թէ ինչու երեք տարւայ դառն փորձութիւններից յետոյ կրկին կանգնած ահաւոր վտանգի առաջ՝ հայ ժողովուրդը չպէտք է անձնատուր լինի այն սնամէջ ու վտանգաւոր պատրանքին, թէ իր հարեւան Վրաստանը այս անգամ թերևս աւելի նպաստաւոր դիրք բռնէ Հայաստանի հանպէպ, քան բռնել է մինչև այժմ:

Ամենայն հաւանականութեամբ այս անգամ էլ նա մեզ օգնութեան չի գայ և կշտապի միայն օգտագործել Հայաստանի այս նեղ վիճակը, կաշխատի շահւել ի հաշիւ հայկական պետութեան:

Լուրերը Արդահանի շրջանից կարծես թէ գալիս են հաստատելու մեր այս յոռի կասկածները:

Հայ ժողովուրդ, եղիր միշտ զգաստ, և մի մոռացիր երբէք, որ քո միակ անդաւաճան բարեկամը քո սեփական ոյժն է, քո սպառազէն բազուկը:

Յառաջ, ՀՅԴ, թիւ 218, Հինգշաբթի, 7 Հոկտեմբեր, 1920թ

Լուսանկարում՝ հին Թիֆլիսը