Քաջազնունին ՀՅԴ-ին առաջարկում է հեռանալ ասպարեզից և հրապարակը թողնել հայ բոլշևիկներին

1120

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923 թ. խորհրդաժողովին ուղարկած գրության:

—–

Թե որքա՜ն անհիմն են ու վերացական Քաջազնունու դատողությունները, առանձին պայծառությամբ ցույց է տալիս նրա հետևյալ հավատը. «Ես, ասում է նա, չեմ ճանաչում հայ բոլշևիկներին… Սրտիս խորքում մի համառ հավատ ունեմ, թե նրանք էլ ինձ պես և իմ չափ հայ մարդիկ են…»:

Այս ընդգծած տողերով Քաջազնունին արդեն իսկ սպանում է ինքն իրեն, խաչ է քաշում իր բոլոր ասածների վրա, հրապարակ է հանում իր փաստարկությունների կատարյալ սնանկությունը, և մի ավելորդ անգամ հաստատում, թե հողից կտրված, ամպերի մեջ սավառնող ուտոպիստ է և ոչ կյանքի գործիչ: Նա ցույց է տալիս, որ ո՛չ միայն հայ բոլշևիկների մասին գաղափար չունի, այլև տեղյակ չէ, առհասարակ, բոլշևիկների Ռուսաստանի ներկա վիճակի, ռուս ժողովրդի ապրումնների և Մոսկվայի վարիչների մտայնության ու քաղաքականության մասին: Նա «սրտի խորքում համառ հավատ ունի». ասված է, հավատը լեռներ է շարժում, բայց ասված է նաև, թե 20-րդ դարում այլևս հրաշքներ չեն պատահում: Քաջազնունին նստած իր առանձնասենյակում և ամուր ապավինելով հավատին՝ հրաշքի է սպասում…

Ի՞նչ է, ըստ էության, Քաջազնունու ծրագիրը: Նա առաջարկում է, որ Դաշնակցությունը վերանա ասպարեզից և հրապարակը թողնի հայ բոլշեիկներին: Գործնականի մեջ սա նշանակում է, որ հայ ազգը պետք է հակվի բոլշևիկների կողմը, դառնայ «ռուսոֆիլ», ռուսական քաղաքականության ջատագով: Սա նշանակում է վերականգնել ազգովին մեկ քաղաքականություն վարելու արդեն փորձված և սնանկ հայտարարված եղանակը: Սա նշանակում է նորից Կովկասում հայ ժողովրդին դնել հարևան ժողովուրդների հանդեպ կասկածելի ու թշնամական դիրքի մեջ: Սա նշանակում է դարձյալ  հայերին գործիք ծառայեցնել, այս անգամ՝ բոլշևիկյան անուն կրող ռուս դիվանագիտության ձեռքին: Սա նշանակում է , վերջապես, հայ ժողովրդին նոր նոր փոթորիկների ու նոր արկածախնդրությունների գիրկը նետել, փոթորիկներ, որոնց աղբյուրը ռուս-թուրքական և ռուս-թուրք-կովկասյան փոխհարաբերություններն են:

Քաջազնունին ուզում է հայ ժողովրդին ազատ պահել Ռուսաստանում ու Կովկասում ծագելիք շարժումներից ու կռիվներից՝ «հայ ժողովուրդը շատ է տուժած, շատ է յոգնած ու ուժասպառ… Մենք չկանք: Հայ ժողովուրդը կատարյալ իրավունք ունի մի րոպե քաշելու և իր վերքերը բուժելու մասին մտածելու»: Եվ դրա համար ի՞նչ է ասում. առաջարկում է ազգովին նետվել ռուս բոլշևիկների գիրկը: Բայց չէ՞ որ շարժումների ու կռիվների աղբյուրը հենց ռուս բոլշևիզմն է: Չէ՞ որ, բոլշևիկների հարձակողական ու բռնակալ քաղաքականություն է, որ կարող է փոթորիկ ու արկածախնդրություն առաջ բերել Կովկասում: Չէ՞ որ, վերջապես, ռուս-թրքական ընդհարումներն էլ, եթե տեղի պիտի ունենան, հետևանք են լինելու ռուս-թուրքական մրցակցության Կովկասում: Ինչպե՞ս է ուզում Քաջազնունին փոթորիկներից դուրս պահել Հայաստանը, ամբողջովին կապելով նրան բոլշևիկյան Ռուսաստանի հետ, այսինքն՝ հայ ժողովրդին դարձնելով կողմ, ընդդեմ կովկասյան ժողովուրդների ու թուրքերի:

1914-ին, երբ Կովկասի մեր ազգային գործիչները հայ ժողովրդի քաղաքական բախտը կապեցին ռուսական զենքի հաջողության հետ, Քաջազնունին միանգամայն իրավացի կերպով բողոքում էր ազգովին մեկ քաղաքականություն որդեգրելու եղանակի դեմ: Հզոր պետություններից մեկն էր, և ոչ ոք չէր կասկածում պատերազմի հետևանքների մասին, բացի Քաջազնունու պես ծայրահեղորեն կասկածոտ մարդկանցից: Այն ժամանակ հայ գործիչների համար ներելի էր սխալվել. ամբողջ աշխարհ սխալվեց: Բայց այժմ նորից նույն ճանապարհով գնալ, հայ ժողովրդի ճակատագիրը կապել (լա՛վ հասկացեք) 1923 թվականի ռուս[ական] զորքի հարափոփոխ զորության, բոլշևիկների ենթադրյալ ուժի ու մաքիավելիական քաղաքականության հետ, ներելի չէ ո՛չ միայն Քաջազնունու պես զգույշ ու կասկածամիտ գործիչների, այլև հասարակ քաղաքացիների համար: Եվ թվում է, որ հասարակ քաղաքացիները՝ մասսան, արդեն իսկ հասկացել են այդ ճշմարտությունը, բայց այս անգամ էլ Քաջազնունիներն են համառում և խարխափելով անըմբռնելի հակասությունների մեջ՝ հրամցնում են մեզ այն քաղաքականությունը, որը արդեն մահվան է դատապարտված կյանքի, ժողովրդի և նույնիսկ իրենց կողմից:

Հայաստանում այս բանը հասկացել են: «Այստեղ՝ ժողովուրդը, հաղորդում է Երևանից մի ծանոթ հասարակական գործիչ, անհանգստությամբ է դիտում այն պաղությունը, որը առաջ է եկել Լոզանի կոնֆերանսից հետո ռուսների և թուրքերի հարաբերություններում: Խոսվում է նույնիսկ պատերազմի  մասին: Ամենքը համոզված են, որ եթե պատերազմ ծագի՝ ռուսները կպարպեն Հայաստանը: Կարմիր բանակի հրամանատարական կազմին մոտ մարդիկ հավաստիացնում են, որ ռուսները իբրև դիմադրության առաջին գիծ ընտրել են Սեմյոնովկայի լեռնանցքը և այդ պատճառով այս գծից դեպի հարավ գտնվող պահեստներից բոլոր ռազմամթերքը, ծանր թնդանոթները և, առհասարակ, ամեն դժվար փոխադրելի նյութ տեղափոխել են դեպի թիկունք… Պատերազմի դեպքում Հայաստանի հույսը միայն 2000-անոց հայ զորամասի վրա է… Հարկավոր է ընդհանուր լեզու գտնել մեր հարևանների հետ… հարկավոր է լուրջ միջոցներ ձեռք առնել թուրքերի հետ հասկացողության գալու համար»:

Քաջազնունին սրան մի պատասխան միայն կարող է տալ. «Գիտե՞ս ինչ. ես չեմ հավատում քո ունեցած տեղեկություններին»: Բայց դա պատասխան չէ:

Քաջազնունուն հավատալը կամ չհավատալը դեռ բավական չէ, որպեսզի այս կամ այն երևույթը գոյություն չունենա:

Հայաստանում հասկացել են, որովհետև տեսնում են, զգում են իրենց կաշվի վրա, որ բոլշևիկների գիրկը ընկնելը մահացու վտանգ է ներկայացնում և աղերսում են «ընդհանուր լեզու գտնել» հարևանների հետ, «հասկացողության գալ» թուրքերի հետ, այսինքն՝ կյանքում կիրառել այն քաղաքականությունը, որի անհրաժեշտությունը գիտակցում և պաշտպանում էր և ինքը՝ Քաջազնունին, երբ Հայաստանում էր, բայց որից հրաժարվել է արտասահմանում…

Չերկարացնենք. այժմ շատերն արդեն հասկացել են՝ Քաջազնունին էլ համաձայն է տեսականորեն, որ քաղաքական շերտավորումը մեր իրականության մեջ կենսական անհրաժեշտություն է: Համարվում է ընդհանուր տեղիք, անվիճելի ճշմարտություն, որ, մանավանդ ներկայ խառնակ ու բարդ հանգամանքներում, վնասակար է ազգովին մեկ ուժի հետ կապվելը: Բարդ ու բազմակնճիռ դրությունը պահանջում է և բազմաճյուղ քաղաքականություն, ազգային-քաղաքական աշատանքի բաժանում: Կովկասի և, ընդհանրապես, Առաջավոր Ասիայի դրությունը մեծապես փոխվել է համեմատած այն օրերի հետ, երբ այնտեղ իշխում էր կայսերական Ռուսաստանը իր հուժկու բանակով և միջազգային անվիճելի հեղինակությամբ: Այսօր ռուսական ուժը Կովկասում մեծ չափով թուլացել է, դրան հակառակ տեղական ժողովուրդների կենտրոնախույս ձգտումները անսահման լարման են հասել, անկախության տենչը, հետևաբար և հակառուս տրամադրությունը՝ գործոն քաղաքականության առարկա: Կովկասյան ժողովուրդների աչքին թշնամի է համարվում ո՛չ միայն Ռուսաստանը, որ բռնացել է իրենց կամքին, խորտակել իրենց պետությունը և համառում է մնալ Կովկասում, այլև բոլոր նրանք, որոնք բարեկամ և աջակից են Ռուսաստանին:

Զգալի կերպով տարբեր է այժմ և Թուրքիայի դերը Առաջաւոր Ասիայում: Որ Թուրքիայում շարունակում է զարգանալ քայքայման պրոցեսը, հավիվ թե կարելի լինի հերքել, բայց անհերքելի է և այն, որ 1914 թվականի՝ մեծ պետությունների հլու կամակատարը հանդիսացող Թուրքիայի փոխարեն, այժմ կանգնած է Եվրոպայի երեսին ապտակներ հասցնող, հանդուգն և հաղթողի հոգեբանության տեր Թուրքիան, որը բոլշևիկյան հեղափոխության ընթացքում ո՛չ միայն ուժեղացրել է իր դիրքը հանդեպ Մոսկվայի, այլև խորը արմատներ է ձգել ամբողջ Ռուսաստանի մահմեդականության և, մասնավորապես, կովկասյան ժողովոըրդների մեջ: Ռուսաստանի, Թուրքեստանի և Կովկասի մահմեդականության համար Թուրքիան թշնամի չէ, այլ ազատարար է ու ցանկալի բարեկամ: Վրաստանի համար Թուրքիան դրական գործոն է հակառուս պայքարի ընթացքում: Ավելորդ է ասել, որ թուրք-կովկասյան հարաբերությունները շատ ավելի ինտիմ են ու գործնական, քան ենթադրում են շատերը:

Այս բոլորի վրա ավելանում է և Եվրոպական գործոնը, որի վերջնական ձևակերպումը այսօր դեռ կարելի չէ նախատեսել: Դժվար է մոտավոր չափով իսկ նախատեսել, թե ինչ կարող է պատահել, որ մոտ ապագայում, ինչպես հավատում է Քաջազնունին, իրոք, ո՛չ մի փոփոխություն տեղի չի ունենա, բայց անհավանական չէ և հակառակը: Եվ հենց Քաջազնունու ջատագոված «նախատեսության» տեսակետից անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդը հիմար կույսերի վիճակում չգտնվի:

Քաջազնունին Հայաստանի գործիչների ամենամեծ թերությունը համարում է նախատեսելու կարողությունից զուրկ լինելը. մենք «չենք գիտեցել նախատեսել: Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել»: Բայց իր գրքի մեջ ամեն քայլափոխին նա աշխատում է հերքել նախատեսության անհրաժեշտությունը: Տարված մի տեսակ կույր ֆատալիզմով՝ նա թողնում է հարցերը իրենց տարերային զարգացման [մեջ]. թո՛ղ լինի, ինչ որ լինելու է: Մի հանգամանք, որ բխում է նրա անսահման հավատից դեպի բոլշևիզմի ուժն ու տևականությունը:

Եվ հենց ներկա խնդրում. Քաջազնունին, իհարկե, չի կարող կատարելապես վստահ լինել, որ դրությունը Կովկասում բոլորովին ամուր է: Ինչքան էլ մոլեռանդ հավատացող լինի, այնուամենայնիվ, նրա հոգին էլ պետք է կրծի կասկածը. հապա եթե Կովկասում առաջ գա տակնուվրայություն, ի՞նչ պիտի լինի մեր վիճակը, ի՞նչ դիրք պիտի բռնենք մենք: Եվ հակառակ այս կասկածին, նա չի տատանվում պատասխանելու.

«Իհակե, Ռուսաստանը և ո՛չ Թուրքիան. իհարկե, բոլշևիկները և ոչ միլլիականները»: «Մի բան շահած կլինի՞նք մենք՝ հայերս, եթե Մոսկվային փոխարինի Անկարան»: «Այն օրը, երբ կարմիր բանակը հեռանայ Անդրկովկասից ու մենք մնանք մենակ թուրք-թաթար-վրացական բլոկի հանդեպ, այն օրը Հայաստանի գոյությունը վտանգված կլինի մեծապես»:

Ծամծմված ու մաշված ճշմարտութիւններն են սրանք:

Մենք էլ հենց այդ ենք ասում. «Այն օրը, երբ կարմիր բանակը հեռանա…Հայաստանի գոյությունը վտանգված կլինի մեծապես»: Եվ հենց այդ մտահոգությամբ է, որ վախենում ենք 1918-ի դրության մեջ ընկնելուց, սարսափում ենք, որ մենակ կմնանք»… Կարմիր բանակը ո՛չ մեր ցանկությամբ է նստել Կովկասում, ոչ էլ մեր կամքով կհեռանա: Բայց կարող է ստեղծվել այնպիսի դրություն, որ նա չկամենա մնալ: Ռուս բանակի հեռանալու պատճառ կարող են լինել Ռուսաստանի ներքին հանգամանքները: Կարող են նրան ստիպել հեռանալու արտաքին պայմանները: Կարող են քշել կովկասյան ժողովուրդները: Կարող է, վերջապես, ռուս-թրքական բախում առաջ գալ և ռուս բանակը քաշվի: Ռուս բանակի հեռանալը կարող է մշտատև չլինել: Նա կարող է և ռազմագիտական նպատակներով նահանջել ու վերադառնալ, ինչպես հաճախ պատահում է պատերազմի ժամանակ: Կարո՞ղ է Քաջազնունին, բացի իր հավատից, ուրիշ, ավելի լուրջ տվյալներով ապացուցել, որ այս կարելիությունները չկան մեր առջև ոչ-հեռավոր ապագայում:

Չի կարող, դժբախտաբար:

Արդ՝ եթե չի կարող, եթե հայ ժողովրդի համար «մենակ մնալու» վտանգը անիրական չէ, մենակ՝ թշնամի շրջապատի մեջ, ի՞նչ հույսով և համարձակությամբ է մղում նա բովանդակ հայ ազգը բոլշևիկների գիրկը: Չէ՞ որ դրանով հայ ժողովուրդը թշնամի կլինի ոչ միայն արտաքին ուժի՝ Թուրքիայի, այլև իր հարևանների՝ իրենց ազգության համար կռվող կովկասյան ազգությունների աչքին: Արդյոք շատ ավելի խելացի ու հեռատես քաղաքականություն չէ՞ր լինի, եթե մենք աշխատեինք մեր քայլերը համաձայնեցնել մեր հարևանների քայլերին և «մենակ մնալու « փորձության ժամին, գոնե սրանց բարեկամությունն ապահոված լինինք:

Քաղաքականությունը հաշիվ է: Հաշվենք և տեսնենք, ի՞նչն է ավելի շահավետ մեր ժողովրդի համար: Ասենք թե նաև մեր «դավաճանությամբ» ռուսը հեռացավ Կովկասից և հետո նորից եկավ, ի՞նչ կարող է լինել հետևանքը: Հավանաբար մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր «դավաճան» ղեկավարներ կախաղան պիտի բարձրանան, հրացանի պիտի բռնվեն կամ Սիբիր աքսորվեն: Ժողովուրդը կմնա անձեռնմխելի. գոնե մինչև այժմ այդպես է վարվել ռուսը:

Երևակայենք մենք հակառակը. մենք թշնամանում ենք մեր հարևանների հետ և դառնում ենք ռուսական քաղաքականության հետևողներ: Ի՞նչ կպատահի, եթե ռուսը կամա կամ ակամա հեռանա Կովկասից: Հավանաբար, մեր հարևաններըկխփեն նրա թիկունքին և միաժամանակ կհարվածեն նաև մեզ, իբրև ռուսական գործակալների: Հայ ժողովուրդը կմնա երկու կրակի մեջ, որովհետև հյուսիսի հարևաններից զատ՝ նա իր դեմ կունենա և հարավի հարևանին:

Ինքնապաշտպանության բնազդը հայ ժողովրդին պետք է թելադրի բարեկամանալ ամենավտանգավոր թշնամու հետ: Քաջազնունին ասում է՝ անհնար է այդ, որովհետև մինչև այժմ չի հաջողվել: Մինչև այժմ չհաջողվելը դեռ անհնարինության նշան չէ: Մի բան, որ անհրաժեշտ է, հազար անգամ պետք է փորձել: Եթե համապատասխան տրամադրություն չկա, պետք է նախապատրաստել: Եթե կան առարկայական արգելքներ, պետք է աշխատել վերացնել: Դժվար է այդ, ճիշտ է, բայց այդ է ուղիղ ճանապարհը: Ուրիշ ճանապարհ, այսօր չկա: Այն, որ Քաջազնունին է ցույց տալիս, ահավոր ճանապարհ է: Այդ ճանապարհով կարող են գնալ միայն հուսահատվածներն ու գլուխ կորցրածները: