«Երևանի անկումից հետո Լեռնահայաստանի խորհրդայնացումը օրերի խնդիր էր միայն»

1304

Սա մի հատված է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ 1923 թվականին ՀՅԴ  խորհրդաժողովին հղած զեկուցագրից: Այս հատվածում Քաջազնունին պատմում է Հայաստանի խորհրդայնացման, 1921թ. Փետրվարյան ապստամբության, դրա պարտության, Լեռնահայաստանի մասին և թե ինչպես հազարավոր հայեր, այդ թվում և ինքը, անցան Արաքսը:

—–

1920թ. նոյեմբերին թուրքերը գրավել էին արդեն Ալեքսանդրապոլը:

Միաժամանակ հայ բոլշևիկները, ռուսական կարմիր զորքերի գլուխն անցած՝ մտան Աղստաֆայի կողմից Իջևան ու Դիլիջան:

Կա՞ր արդյոք որևէ համաձայնություն բոլշևիկների ու թուրքերի միջև:

Մեր շարքերում շատ տարածված է այդ համոզմունքը: Կարծում եմ, սակայն, որ սխալ է այդ: Համենայն դեպս, դրական ապացույց չկա: Հավանական է, որ բոլշևիկյան գործակալները (կամ բոլշևիկյան տրամարություն ունեցող անհատներ) աշխատել են քանդել ներսից մեր բանակը: Բայց դրա համար հարկավոր չէր որևէ համաձայնություն թուրքերի հետ. հետո, մեր պարտությունը արագացնելու համար շատ էլ կարևոր չէր բոլշևիկների միջամտությունը: Բավական էին շորագյալցի բիձաները, որոնց միակ միտքն ու միակ ցանկությունն էր՝ շուտով տուն վերադառնալ, հավաքել, կալսել ու ամբարել հացը, իսկ եթե թուրքերը գալու են՝ փախցնել ընտանիքն ու տավարը մի ապահով տեղ…

Բոլշևիկների դավադրությունը չէր մեր պարտության պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը (որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ), այլ մեր սեփական ապիկարությունը:

Անշուշտ, բոլշևիկները օգտվեցին մեր պարտությունից և շատ բնական էր դա: Բայց դրա համար անհրաժեշտ չէր, որ կանխապես համաձայնության եկած լինեին թուրքերի հետ:

Դժվար չէ հասկանալ, որ Ռուսաստանում հաղթանակ տանելուց և Ադրբեջանում հաստատվելուց հետո, բոլշևիկների հետևյալ քայլը պիտի լիներ մտնել նաև Վրաստան ու Հայաստան: Ժամանակի ծնդիր էր սա: Պետք էր ընտրել մի բարեհաջող ժամ՝ գործողությունը առանց գլխացավանքների կատարելու համար: Հայաստանի ժամը հնչեց, ու բոլշևիկները ար[եց]ին այն, ինչ չհաջողեցան անել մայիսին: Դեկտեմբերի 1-ին (թե նոյեմբերի 30-ին) Ալեքսանդրապոլում մեր պատվիրակները ստորագրեցին թուրքերի հետ մի համաձայնություն, որ շատ էլ չէր տարբերվում Բաթումի դաժան դաշնագրից:

Նույն դեկտեմբերի 1-ին Վրացյանի կառավարությունը հրաժարվեց իշխանությունից ու հանձնեց այն բոլշևիկներին:

Բոլշևիկները մտան Հայաստան առանց որևէ դիմադրության հանդիպելու: Մեր կուսակցության որոշումն էր սա:

Երկու պատճառ ունեինք այդպես վարվելու: Մեկ օր չէինք կարող դիմադրել, եթե նույնիսկ ցանկանայինք: Պարտված էինք, ուժասպառ: Երկրորդ, հույս ունեինք, թե խորհրդային իշխանությունը՝ հենված Ռուսաստանի վրա, թերևս կարողանա կարգավորել մի քիչ պետական կյանքը՝ մի բան, որ մենք ինքներս, մենակ մնացած, չէինք կարողացել անել ու պարզ էր արդեն՝ չպիտի կարողանայինք այլևս:

Մեր ցանկությունն էր՝ թողնել, որ բոլշևիկները անարգել կառավարեն երկիրը, մնալ լոյալ նոր իշխանության հանդեպ, գործակցել նրա շինարար աշխատանքներին:

Միաձայն չէր այս որոշումը:

Կային անհաշտներ, որոնք ոչ մի լավ բան չէին սպասում բոլշևիկներից, պահանջում էին դիմադրություն ու կռիվ՝ նույնիսկ ընդունելով պարտության անխուսափելիությունը: Փոքր էր սրանց թիվը: Երբ առաջարկը մերժվեց, ամենից հետևողականները թողին երկիրն ու հեռացան:

Կար և ուրիշ մի փոքրամասնություն, առաջինին հակառակ: Սա ուզում էր կուսակցորեն մերձենալ բոլշևիկներին ու քաղաքական բլոկ կազմել նրանց հետ: Սրանք առանձնացան, հանդես եկան «ձախ դաշնակցականների» անվան տակ և բոլշևիկյան ոգով հայտարարություններ ար[եց]ին: Բայց հաջողություն չունեցան. բոլշևիկները իրավացիորեն կասկածեցին սրանց անկեղծության վրա և երես չտվին:

Երկու և կես ամիս (առաջին շրջանում՝ մինչև փետրվարյան ապստամբությունը) կառավարեցին երկիրը բոլշևիկները:

Լավատեսների հույսերը չարդարացան: Այն օգնությունը՝ քաղաքական ու տնտեսական, որ սպասում էինք Ռուսաստանից, չստացվեց: Ապա հաստատվեց մի ռեժիմ, որին չի կարելի տալ ուրիշ անուն, քան սանձարձակ ու վայրագ բռնություն:

Ամեն մի դիկտատուրա, արդեն իր էությամբ, բռնություն է և ուրիշ բան չի կարող լինել: Ամեն մի հեղափոխական կառավարություն, կռվի շրջանում, հարկադրված է դիմելու կտրուկ ու ծայրահեղ միջոցների: Սա ևս մի անխուսափելի անհրաժեշտություն է, որ բխում է դրության էությունից: Բայց բոլշևիկների բռնությունը և Հայաստանում գործադրված միջոցների դաժանությունը ունեին մի առանձնահատուկ գիծ, որ ամենից ավելի գրգռիչ ու անհանդուրժելի էին՝ այն, որ անիմաստ էին բռնությունները, ավելորդ ու աննպատակ:

Եթե բոլշևիկները առաջին շրջանում ցույց տային մի քիչ քաղաքական տակտ (այնչափ, օրինակ, որչափ ունեցան հետագայում), նրանց դրությունը միանգամայն ապահովված կլիներ Հայաստանում. հակադիր ուժեր, հակառակ հոսանքներ դավանող տարրեր չկային ասպարեզում: Բայց բոլշևիկները չհասկացան այդ, որոնեցին հակահեղափոխություն այնտեղ, ուր նա չկար և իրենք իրենց դեմ զինեցին ժողովուրդը:

Փետրվարյան ապստամբությունը բոլշևիկների գործն էր ամբողջովին, բնական հետևանք նրանց բռնությունների ու մանավանդ, անվերջ բռնագրավումների, որ քանդում էին ժողովրդական տնտեսության վերջին մնացորդները, զրկում էին սովահար մարդկանց վերջին կտոր հացից:

Դաշնակցությունը ոչ միայն չի կազմակերպել, ոչ միայն չի ցանկացել, այլև հակառակ է եղել ապստամբությանը:

Գիտեմ, որ ապստամբության նախօրյակին, մի քանի անհատ դաշնակցականներ, մի քանի գյուղերում (մասնավորապես՝ Կոտայքում), որոշ մասնակցություն են ունեցել նախապատրաստությունների մեջ: Բայց սա կուսակցության գործը չէր, այլ՝ կուսակցական անհատների: Ապստամբությունը բռնկվելուց հետո էր միայն, որ կուսակցությունը հրապարակ եկավ: Այս անգամ ևս նա տարվեց զանգվածային հոսանքով ու գլուխ անցավ մի շարժման, որի հեղինակը ինքը չէր:

Ապստամբությունը դուրս քշեց բոլշևիկներին Հայաստանի կենտրոնից դեպի ծայրագավառներ՝ դեպի Շարուր ու Ղազախ: Անմիջապես հաստատվեց Հայրենիքի փրկության կոմիտեն, որն իր ձեռն առավ երկրի իշխանությունը և վարեց կռիվները:

Ամիս ու կես տևեց քաղաքացիական պատերազմը:

Մեր շարքերում տարածված է այն համոզմունքը, թե ապստամբ ժողովուրդը լավ կռվեց ու եթե հաջողություն չունեցավ, պարտվեց, պատճառը բոլշևիկների գերազանցորեն մեծ ուժն էր: Ես հակառակ կարծիքի եմ: Լավ կռվեցին, իսկապես հերոսաբար կռվեցին բոլշևիկները, իսկ մերոնք վատ կռվեցին: Եթե լավ կռվեին, առաջին իսկ շաբաթվա ընթացքում կջարդեին հակառակորդին թե՛ Ղամարլուի, թե՛ Ելենովկայի ճակատներում (հակաբոլշևիկյան Վրաստանը դեռ կանգուն էր, դրսից օգնություն դեռ չէին ստացել բոլշևիկները ու իրենց սեփական ուժը շատ աննշան էր Հայաստանում): Վատ կռվեցին ոչ այն պատճառով, իհարկե, որ չէին ուզում կռվել (եթե չուզենային, չէին ապստամբի ու տեղի չէր ունենա այն ընդհանուր , անօրինակ խանդավառությունը, որին ականատես եղանք Երևանում՝ ապստամբության առաջին օրերին), այլ այն պատճառով, որ վստահություն չունեին իրենց ուժերի վրա, չէին հավատում հաջողությանը:

Ապստամբությունը ջղացնցում էր, տարերային, անգիտակից ու անհաշիվ: Բռնկվեց հանկարծակի, մի վայրկյան հայտ բերեց մեծ ոգևորություն և ուժերի լարում, բայց իսկույն իջավ, հուսալքվեց, գոլորշիացավ:

Չեմ ուզում ասել, որ եթե ապստամբները լավ կռվեին, կխորտակեին խորհրդային իշխանությունը: Ո՛չ, պարտությունը կանխորոշված էր ու անխուսափելի (մանավանդ Վրաստանի անկումից հետո): Մենք կարող էինք կոտորել Հայաստանում եղած բոլոր բոլշևիկներին (և դժվար բան չէր դա, եթե ապստամբությունը մի քիչ կազմակերպված լիներ): Բայց այնտեղ էր Ռուսաստանն իր կարմիր բանակով, և հայ գյուղացիությունը չէր, ոչ էլ Հ. Յ. Դաշնակցությունը, որ պիտի դիմադրեին նրանց: Ուզում եմ ասել միայն, որ ապստամբությունը իր իսկ ներսը կրում էր արդեն պարտության սաղմը, որովհետև հավատ չուներ հաջողության:

Ապրիլի 2-ին, երբ բոլշևիկները հասել էին արդեն Քանաքեռ և բռնել մայրաքաղաքի վրա տիրող բարձրությունները, դատարկեցինք Երևանը ու Բաշ Գառնիի վրայով անցանք Դարալագյազ:

Ապստամբների, կուսակցականների ու մարտիկների հետ էր նաև մի ահագին ամբոխ՝ հազարներով ու հազարներով ահաբեկված մարդիկ, որոնք հաշիվ չէին տալիս իրենց, թե ո՞ւր էին գնում և ինչի համար էին գնում:

Անխուսափելի պարտությունը կատարված փաստ էր արդեն: Այն, ինչ որ տեղի ունեցավ հետագա երկու-երեք ամիսների ընթացքում՝ Դարալագյազում և Զանգեզուրում, պայքար չէր, այլ հոգեվարք:

Երևանի անկումից հետո Լեռնահայաստանի խորհրդայնացումը օրերի խնդիր էր միայն և մեր ներկայությունը, թերևս, արագացրեց, ասում եմ որոշ վերապահումներով, իրերի բնական ընթացքը:

Մենք կարծում էինք, թե անցնելով Լեռնահայաստան, կուժեղացնենք տեղացիներին, մի բան կավելացնենք նրանց դիմադրական կարողության վրա: Հաշվի չէինք առել, որ պարտված, կազմալուծված ու նահանջի ճամբան բռնած խմբերը և մանավանդ սարսափահար ամբոխը կարող են առաջ բերել միայն լքում և հուսահատություն:

Տեղացիները խեթ աչքով նայեցին մեզ, անհյուրընկալ եղան: Ավելի գոհ կլինեն, եթե ամենևին եկած չլինեինք: Մանավանդ, որ ուտում էինք իրենց վերջին պատառ հացը:

Ակամայից շփոթ էինք մտցրել տեղական կյանքում:

Ծագել էր մի խուլ հակառակություն՝ եկվոր ու տեղական իշխանությունների միջև: Կազմվում էին, լուծվում, նորից կազմվում ու իրար փոխարինում զանազան անուններ կրող մարմիններ, որոնցից ոչ մեկն էլ իրական իշխանություն չէր ներկայացնում:

Մարտական թափը հալչում էր ու պակասում օր օրի վրա: Եկվոր զինվորների մի մասը, անոթի ու դժգոհ տեղացիներից, տուն վերադառնալու մասին էր միայն մտածում: Թուրքահայ խմբերը (զինված ու անզեն) ձգտում էին օր առաջ Արաքսի ափը հասնել ու Պարսկաստան անցնել: Տեղացիները տեսնում էին զորքերի քայքայված վիճակը, տիրող անիշխանությունը ու կասկածում էին իրենց կատարյալ անզորության վրա՝ շեմքին կանգնած բոլշևիկների հանդեպ:

Ամռան վերջերին դատարկեցինք Զանգեզուրը՝ Ռամկավար Հանրապետության վերջին կայանը:

Հայաստանը խորհրդայնացավ ամբողջովին: