Սովի և տիֆի տարին. վեց ամսվա ընթացքում՝ 1918-1919, մի բուռ հողի վրա 180 հազար հայեր մահացան

2157

Ընդամենը 12 հազար քառակուսի կմ տարածքի վրա հռչակված Հայաստանի Հանրապետությունը մեկ տարվա ընթացքում զգալիորեն ընդարձակվեց, երբ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության զորքերը համաձայն Մուդրոսի զինադադարի և բրիտանացիների ճնշման տակ սկսեցին հետ քաշվել Անդրկովկասից: Հայկական ուժերը հաստատվեցին օսմանյան թուրքերի թողած հայաբնակ տարածքներում` ընդհուպ մինչև 1914թ. ռուս-թուրքական սահմանները` ներառյալ Կարսում ու Օլթիի ածխահանքերում:

Օսմանյան թուրքերը, սակայն, հեռանալով հայկական տարածքներից, իրենց հետ տանում էին հացի ու սննդամթերքի պաշարները` սովի ճիրաններում թողնելով հայ ժողովրդին: Վրացյանի խոսքերով` ՙԹուրքերը գտել էին կոտորածի նոր ձև` ավելի իրական ու անաղմուկ: Վեց ամիս ևս և Ռուսահայաստանն էլ կհասներ Թուրքահայաստանի օրին: Արժե՞ր այդ պայմաններում կռիվ անել, զորամասեր զբաղեցնել, իզուր տեղը արյուն թափել: Հայաստանի գործը հանձնելով սովին ու տիֆին` թուրքերն իրենց գլխավոր ուժերն ուղղել էին Բաքվի դեմ՚:

Հայաստանի դրությունը բարդանում էր նաև նրանով, որ ունենալով սահմանային վեճեր Վրաստանի ու Ադրբեջանի հետ, ենթարկվում էր նաև վերջիններիս կողմից իրականացվող տնտեսական շրջափակմանը: Իրավիճակը առավել բարդացավ 1918-ի դեկտեմբերին, երբ սահմանային վեճի պատճառով երկշաբաթյա պատերազմ սկսվեց Հայաստանի ու Վրաստանի միջև, և դեպի ծով ելք չունեցող Հայաստանը հայտնվեց կատարյալ շրջափակման մեջ:

ՙՅառաջ՚ թերթը 1919թ. փետրվարյան համարներից մեկում ՙՍովամահ Հայաստանը՚ հոդվածում այսպես է նկարագրել. ՙԴեպի Ռուսաստանն ու դաշնակիցներն ունեցած իր կույր, անսահման սիրո ու հավատի պատճառով այսօր նա ծայր աստիճանի ողբերգական դրության մեջ է դրվել: Նա ամեն կողմից շրջապատված է անբարյացակամության և թշնամության օղակով, նա մեռնում է սովից, ցրտից, վառելիքի, հագուստեղենի և դեղորայքի պակասությունից և նրա բարեկամները և հարևանները նրան օգնության չեն հասնում: Վրաստանը հաց չի բաց թողնում, Ադրբեջանը նավթ չի տալիս, իսկ դաշնակիցները լուռ ու անտարբեր հանդիսատեսներն են այս նահատակ ժողովրդի եզակի, բացառիկ ողբերգության՚:

Չքավորությունից բացի մինչև ոսկոր հասնող ցուրտն էր նեղում սովահար հայ ժողովրդին: 1918-1919 թթ. ձմեռը երկարատևներից և առավել խստաշունչներից էր Երևանի տարեգրության մեջ, որն անտանելի տառապանքներ բերեց: Այդ դժնդակ օրերի վկաներից Արտաշես Բաբալյանը գրում է. ՙՍովն իր անողոք ճանկերը խրեց հայ գյուղացու կրծքին: Մեռան հազարներով, տասնյակ հազարներով: Եվ վեց ամսվա ընթացքում մի բուռ հողի վրա սովից ու հիվանդություններից 180 հազար հայեր մահացան: Մեռնում էին անտրտունջ, գիտակցելով, որ վերջին ցորենը սպառված է և օգնության հույս չկա՚:

Մի կողմից սովին, մյուս կողմից համաճարակներին զոհ էր գնում հատկապես հայրենազուրկ, բնավեր ու սովահար արևմտահայ գաղթականությունը: Անտուն զանգվածները դժոխային ամիսներ անցկացրին բուք ու բորանի պայմաններում: Նրանք ապրում էին հնձվող մահվան երկրում, փոս ընկած այտերով և ուռած փորերով` սպասելով մահվան հրեշտակի գալստյանը: Ու մահը գալիս էր` տառապանքներից ազատելով հազարավոր գաղթականների ու տեղացիների: Շատերը, ովքեր դիմացել էին ցրտին ու սովին, զոհ գնացին մահասփյուռ հիվանդություններին: Տիֆը գլխավոր մարդասպանն էր: Նրան զոհ գնաց նաև ներքգործնախարար Արամ Մանուկյանը:

Վիճակագրական տվյալները սարսափազդու էին` մինչև 1919-ի ամառը Հայաստանի Հանրապետության բնակչության գրեթե 20 տոկոսը ոչնչացավ:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանը 1919-ի ձմռանը Թիֆլիս այցելով, տեղի լրագրողներից մեկին պատմել է. ՙԴրությունը սոսկալի է: Ազատվեցինք մի թշնամուց, պաշարվեցինք մի ուրիշ թշնամիով, այդ սովն է, ապա բծավոր տիֆը: Համաճարակից, գլխավորապես սովից, մեր երկրում ամեն օր մահանում է մոտ երկու հազար հոգի: Այժմ Հայաստանին հարկավոր է հա’ց, հա’ց, հա’ց: Հայաստանին շուտափույթ հաց հասցնելու ամենամոտ շտեմարանը Կարսն է, ուր թուրքերն ամբարել են մեր երկրից տարած հացը, որի հետևանքով տառապում է հայ ժողովուրդը՚:

Բրիտանացիները 1919թ. հունվարին դեռևս թուրքերի վերահսկողության տակ գտնվող Կարսից արդեն Հայաստանի ենթակայության տակ անցած Ալեքսանդրապոլ հասցրին վեց գնացք ցորեն և ալյուր, մի քանի վագոն էլ` Շարուրից, որը նույնպես դեռևս մահմեդականների ձեռքում էր: Աննշան քանակությամբ ալյուր բերվեց նաև Թիֆլիսից, որից հետո, մինչև ապրիլի վերջերը, դրսից Հայաստան մթերք չմտավ:

Փետրվարի առաջին օրերից ՙՅառաջի՚ խմբագրությունում բացվել էր ՙՍովի ֆոնդ՚. ՙՄեր թերթը այսօրվանից ընդունում է նվիրատվություններ հօգուտ սովամահ հայ ժողովրդի՚: Թերթի երկրորդ և երրորդ էջերում խոշոր տառերով գրված է. ՙՕգնեցե’ք, Հայաստանի ժողովուրդը սովամահ է լինում, օգնեցե’ք: Օգնեցե’ք հանուն ժողովրդավարության և մարդասիրության, օգնեցե’ք Հայաստանի սովից, ցրտից ու շորի, շաքարի ու դեղորայքի պակասից մեռնող ժողովրդին: Փրկեցե’ք մահվան ճիրաններից մեր ժողովրդի վերջին մնացորդներին: Օգնեցե’ք՚:

Նույն համարում թերթը գրում է. ՙԱհա ամիսներ շարունակ բոլորը գոչում են. Հայաստանի հայ ժողովուրդը մեռնում է սովից: Այս է ահա մերկ ու դաժան ճշմարտությունը: Սակայն Թիֆլիսի հայ հասարակությունը շարունակում է իր հանցավոր անտարբերությունը: Ավելին: Հղփացած Թիֆլիսը շարունակում է հռոմեական վայելքն ու շվայտանքը: Մեր Հռովմը շարունակում է իր լուկուլոսյան խնջույքները: Իսկ այնտեղ մեռնում է հայ ժողովուրդը: Այստեղ քեֆը կյանքի միակ նպատակն է ու սկզբունքը: Այնտեղ սովն ու մահն են թագավորում ամենուրեք: Մեկ շաբաթ է մեր թերթն ու ՙԶակավկազսկոյե սլովոն՚ ՙՍովի ֆոնդ՚ են բացել: Մենք ստացել ենք ընդամենը յոթ հազար ռուբլի, իսկ ՙԶակավկազսկոյե սլովոն՚ մոտ կրկնակի: Ահա թե ինչպես է միլիարդատեր Թիֆլիսը պատասխանում սովամահ Հայաստանին՚:

1919թ. հունվարին վարչապետ Քաջազնունու առաջարկով` ՙերկրին սպառնացող սովի առաջն առնելու՚ նպատակով, անհրաժեշտ եղավ դիմել դաշնակից պետություններին, մասնավորապես ՙՀյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներին, օտար շուկաներից Հայաստան խոշոր քանակությամբ հաց ներմուծելու համար՚: ՙՀայաստանի դիմումները, ինչպես նաև արտասահմանում կատարված աշխատանքները, վերջապես լսվեցին: Օգնությունը չուշացավ, օգնության հասնողը Ամերիկան էր` պարենավորման դիկտատոր (Հերբերտ) Հուվերը` Եվրոպայի փրկիչը հետպատերազմյան սովից: Հուվերը եղավ Հայաստանի իրական փրկիչը՚:

Ամերիկյան ալյուրը սովահար Հայաստան հասավ 1919թ. գարնանը և վերջ դրեց այս զարհուրելի վիճակին: Կարճ ժամանակում ծովով Բաթում, այնտեղից էլ երկաթուղով Հայաստան հասցվեց ավելի քան 21 հազար տոննա ալյուր և 4.2 հազար տոննա ցորեն: Բացի այդ, 1915թ. ստեղծված ՙԱմերիկյան նպաստամատույց կոմիտեն՚ իրականացնում էր (Հայաստանի տարածքում գտնվող մեծամասամբ ցեղասպանությունից փրկված) շուրջ 15 հազար որբերի խնամքը: Հայաստան հասցվեցին նաև մեծ քանակությամբ հագուստ, սպիտակեղեն, դեղորայք, խտացրած կաթ, շաքար, այլ մթերքներ:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից