Տավուշ. մեղվաբուծությունը հայկական սահմանում

3448

Տավուշի մարզի՝ Ադրբեջանին հարակից գոտին, որի վրա տարածվում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը, հիմնականում գյուղատնտեսական և անտառային շրջան է: Հետևաբար, առաջին հերթին պետք է մտածել այնպիսի արտադրության կազմակերպման մասին, որը հիմնված կլինի պտղի ու բանջարեղենի, հատապտուղների, փայտավերամշակման, ջերմոցային տնտեսությունների, մեղվաբուծության և անասնապահության վրա:

Խորհրդային ժամանակներում այս շրջանը մեղվաբուծությամբ առաջատար չի եղել, սակայն վերջին տարիներին ավելանում են փեթակները: Մեղվապահությունը աշխատատար է, դրա համար պահանջվում են նաև մասնագիտական գիտելիքներ և փորձ: Այդ փորձը մասամբ արդեն ձեռք է բերվել: Վերջին տարիներին Տավուշի ենթաշրջանում՝ Բերդ քաղաքում, անց է կացվում Մեղրի և հատապտուղների փառատոն, ինչը նույնպես խթան է մեղվաբուծության զարգացման գործում:

f53eb12fa9bc5f_53eb12fa9c01d

Տավուշի մարզի սահմանապահ հատվածում մեղվաբուծությունը կարող է դառնալ գերակա ուղղություն: Քանի որ մարզի մեղրը բացառիկ է իր համային և որակական հատկանիշներով, այն կարող է լուրջ դիրք զբաղեցնել օրգանական մեղրի սպառման միջազգային շուկայում:

Համարվում է, որ Հայաստանում արտադրված մեղրը, համեմատած մեղր արտահանող երկրներում արտադրվածի հետ, թանկ է: Այն գնով, որ սպառվում է մեղրը Հայաստանում, նույն գնով դժվար կլինի լուրջ տեղ զբաղեցնել և մեծ քանակներ սպառել միջազգային շուկայում:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013-ին Հայաստանից արտահանվել է ընդամենը 7 տոննա մեղր, հիմնականում երեք երկրներ՝ Չինաստան (3 տոննա), Միացյալ Նահանգներ (2 տոննա) և Ռուսաստան (1.2 տոննա): Հայաստանից ամենամեծ ծավալով մեղր արտահանվել է 2004-ին՝ 44 տոննա, 2003-ին՝ 37.5 տոննա, 1997-ին՝ 26.5 տոննա, 1996-ին՝ 24.5 տոննա և 2011-ին՝ 18.5 տոննա: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանից մեղրի արտահանումը անկում է ապրել:

Հայաստանը ոչ միայն մեղր է արտահանում, այլ նաև ներմուծում, ճիշտ է՝ անհամեմատ փոքր ծավալներով: 2014 թվականին մեկ կիլոգրամ մեղրը Հայաստանում վաճառվում էր 3500-ից 4000 դրամ միջին գնով: Դրամի արժեզրկման պայմաններում, հայկական մեղրը միջազգային շուկայում կարող է ավելի մրցունակ դառնալ: Հայաստանից արտահանվող և Հայաստան ներկրվող մեղրի գները զգալիորեն տարբեր են, ինչը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Հայաստանից արտահանվող մեղրը բնական է և իր որակական ու համային հատկանիշներով գերազանցում է ներկրվողին: Այսպես, 2012-ին Հայաստանից մեղրը արտահանվել է մեկ կիլոգրամը 7.5 դոլար մաքսային արժեքով, իսկ ներմուծվել 3.7 դոլարով:

Տարեկան ողջ աշխարհում արտադրվում է մինչև 1.4 մլն տոննա մեղր, որից 400 հազար տոննան սպառվում է միջազգային շուկայում: Արտադրության ծավալներով առաջատարներն են Չինաստանը, ԵՄ-ն, Թուրքիան, Արգենտինան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Մեքսիկան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Եթովպիան, Իրանը: Մեղրի ներմուծման ծավալներով առաջատարները Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունն են:

Հայաստանում այսօր հաշվվում է մինչև կես միլիոն մեղվաընտանիք՝ փեթակ: Միջին հաշվով մեկ փեթակից ստացվում է 10-ից 30 կիլոգրամ մեղր: Տարեկան արտադրվում է 1000-ից մինչև 6000 տոննա մեղր՝ կախված եղանակային պայմաններից: Միջազգային շուկա հանվող մեղրի մեկ ստանդարտ կոնտեյները պարունակում է մոտ 18 տոննա մեղր: Այսօր մեղր արտահանող հայկական որևէ ընկերություն նման ծավալներ չի կարողանում ապահովել:

Այդուհանդերձ, Հայաստանից մեղրի արտահանման համար այսօր ստեղծվել են բարենպաստ պայմաններ: 2013-ին Հայաստանը Եվրոպական Միություն մեղր արտահանելու իրավունք է ստացել: Նախքան արտահանումը, մեղրը պետք է փորձաքննություն անցնի Հայաստանի լաբորատորիաներից մեկում: Այսօր, երբ աշխարհում, նաև՝ ԵՄ տարածքում, արձանագրվում է մեղուների անկում, Հայաստանը նոր հնարավորություններ է ստանում լրացնելու բացը: 500 միլիոնանոց Եվրոպական Միության շուկան տարեկան ներմուծում է անհրաժեշտ մեղրի ուղիղ կեսը:

Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/10/tavush-government-policy-part-5/

2015-ի փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/