Սևր. հայկական չիրականացված երազանքը

6455

1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որը, եթե կյանքի կոչվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլ ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Առաջին Հանրապետությունը  կարծանվեց` իր տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ժամանակ անց մաս կազմեց Խորհրդային Միությանը` կորցնելով անկախությունը:

Սևրի պայմանագիրը ուներ ստորագրող երկու կողմ` դեռ 1918թ. աշնանը Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան Թուրքիան և գլխավոր տերություններն ու նրանց դաշնակից մի քանի երկրներ, որոնց թվում` նաև Հայաստանը: Պայմանագրի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ և անկախ պետություն, իսկ հաջորդ` 89-րդ հոդվածով,  համաձայնվում Հայաստանին վերադարձնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները:

1920 թվականի կեսերին թվում էր, թե հայկական երազանքը շատ մոտ է իրականանալուն: Օսմանյան Թուրքիան 1918-ի վերջերին պարտվել ու ջախջախվել էր պատերազմում` կորցնելով կայսրության տարածքների մեծ մասը: Հակառակը` Հայաստանը համարվում էր Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու մյուս տերություններրի դաշնակիցը: Սակայն պատմության անիվը շրջվեց ու սկսվեց գլորվել ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի:

1920 թվականի կեսերին Հայաստանի Առաջին հանրապետությունը ընդարձակվել և դարձել էր 60 հազար քառակուսի կիլոմետր տարածքով պետություն` իր մեջ ներառելով ոչ միայն այսօրվա Հայաստանի հողատարածքները, այլև Կարսը, Արդահանի մեծ մասը, Սուրմալուն և Նախիևջանը: Սակայն մի կողմից բոլշևիկյան կարգերի հաստատումը Ռուսաստանում, մյուս կողմից` քեմալական շարժումը, Հայաստանի համար ստեղծեցին քաղաքական նոր իրավիճակ: Ավելին` սկսվել էր բոլշևիկների ու քեմալականների սերտ համագործակցությունը, որը վերջնարդյունքում պետք է բերեր Հայաստանի առաջին հանրապետության կործանումը:

Այսօր որոշ պատմաբաններ շարունակում են պնդել, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարությունը այն ժամանակվա վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորւթյամբ թույլ տվեց սխալներ և փոխանակ համագործակցության եզրեր փնտրելու Մուստաֆա Քեմալի ու Քյազիմ Կարաբեքիրի հետ, ամբողջովին հույսը դրեց եվրոպական տերությունների, Փարիզի հաշտության վեհաժողովի արդյունքների ու Սևրի պայմանագրի վրա: Գուցե ճիշտ կլիներ, եթե Հայաստանի այն ժամանակավա ղեկավարությունը մի կողմից հույս դներ Առաջին աշխարհամարտում հաղթած պետությունների, Փարիզի վեհաժողովի արդյունքների ու Սևրի պայմանագրի վրա, բայց մյուս կողմից` նաև փորձեր բանակցությունների մեջ մտնել քեմալականների հետ, որոնց հետ, ի վերջո, ստիպված եղավ բանակցել 1920-ի նոյեմբերից:

Իրավամբ, գուցե Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը և Փարիզում գործող հայկական պատվիրակությունը (հատկապես Պողոս Նուպար փաշան, ով Հայաստանի Հանրապետությունը արհամարհանքով անվանում էր «Արարարտյան» և Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգներից բացի առավել կարևորում էր Կիլիկիայի միացումը Միացյալ և Անկախ Հայաստանին) չափազանց շատ տարվեցին դաշնակից տերությունների խոստումներով և չփորձեցին հարաբերություներ հաստատել քեմալականների հետ, երբ վերջիններս էին նաև դրան ձգտում:

Սակայն հետագա իրադարձությունները` բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանը խորհրդայանացնելու ծրագիրը և քեմալական հարձակումը եկան հաստատելու, որ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի պետք է զոհաբերվեր «միջազգային իմպերիալիզմի գործակալ» Հայաստանը: Արդեն 1920թ. դեկտեմբերից, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, իսկ  Բաքվից Երևան հասած Հայհեղկոմը բարեկամական հարաբերություններ էր հաստատում և’ բոլշևիկյան Ռուսաստանի, և’ քեմալականների հետ, այդ «բարեկամությունը» Հայաստանի ոչինչ չտվեց: Ավելին, արդեն 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում բոլշևիկներն ու քեմալականները վճռեցին Նախիջևանի ճակատարգիրը, իսկ հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղը ևս դրվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ:

1920 թվականի երկրորդ կեսը` օգոստոսից մինչև դեկտեմբեր, կարելի է համարել հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական շրջաններից մեկը: Ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան և ադրբեջանական ուժերը հարձակումներ էին իրականացնում Իջևանի, Դիլիջանի, Ղարաբաղի, Զանգեզուրի, Նախիջևանի ուղղություններով: Այդ պատճառով` Հայաստանը ստիպված էր զորք պահել երկրի արևելյան հատվածներում: 1920 թվականի օգոստոսի վերջերից թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հարձակումներ սկսեցին Կողբի, Սարիղամիշի ու Օլթիի ուղղություններով:

Փաստացի, Հայաստանը միաժամանակ ստիպված էր պատերազմել և’ բոլշևիկների, և’ քեմալականների դեմ, ու ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, վերջիններս գործում էին միասնաբար: Հոկտեմբերի վերջերին, գրեթե առանց դիմադրության, Կարաբեքիրի զորքերը գրավեցին Կարսը: Թուրքական զորքերը շարժվում էին դեպի Ալեքսանդրապոլ: Նոյեմբերի 3-ին վարչապետ Օհանջանյանը Կարաբեքիրին զինադադար առաջարկեց, սակայն թուրքերը ձգձգեցին և ավելի խորացան դեպի հայկական տարածքներ: Միայն նոյեմբերի 18-ին, երբ արդեն Կարաբեքիրը մտել էր Ալեքսանդրապոլ, հայկական կողմին հաջողվեց անտանելի պայմաններով  զինադադար կնքել: Նոյեմբերի 23-ին Ալեքսանդրապոլ մեկնեց Հայաստանի Բյուրո-կառավարության պատվիրակությունը` թուրքերի հետ բանակցություններ սկսելու: Պատվիրակության ղեկավարը Ալեքսանդր Խատիսյանն էր, ով էլ, քեմալականների սպառնալիքի տակ  հրաժարվեց  Սևրի պայմանագրից:

Ճակատագրի հեգնանքով, երբ արյան մեջ թպրտացող Հայաստանը բզկտվում էր թուրքերի եւ ռուսների միջեւ, նոյեմբերի 22-ին Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակում է ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը: Այս նախագծի մասին հայկական պատվիրակությունը տեղեկանում է Ալեքսանդրապոլի բանակցությունների ընթացքում:

Այսօր էլ շատ հայեր հավատում և համոզված են, որ Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Հայաստանը հնարավոր է իրականություն դարձնել: Միջազգային հարաբերություններում փաստաթղթերը և իրավական հիմնավորումները շատ կարևոր են, սակայն որևէ պայմանագիր չի կարող կյանքի կոչվել, եթե պետությունը չունի դա կյանքի կոչելու բավարար ուժ:

Թաթուլ Հակոբյան