Հայկական սահման. Տավուշ՝ դեղձի համը

3057

Ջերմոցային տնտեսություն

Տավուշի մարզի սահմանային ցածրադիր շրջաններում ընտանեկան փոքր ջերմոցային տնտեսություններ հիմնումը կարող է դառնալ զբաղվածության  և եկամտի նոր ոլորտ: Մարզի սահմանամերձ գյուղերի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից 650-ից մինչև 900 մետր բարձրության վրա, իսկ ձմռան միջին ջերմաստիճանը 0-ի սահմաններում է: Բնակլիմայական նման պայմանները նպաստավոր են ընտանեկան փոքր ջերմոցային տնտեսությունների զարգացման համար:

Մասնավորապես, ջերմոցային փոքր տնտեսություններ կարելի է հիմնել Բերդավան, Չինարի, Այգեձոր, Դովեղ, Մովսես, Բերքաբեր և մի քանի այլ սահմանամերձ գյուղերում, որտեղ ձմեռը համեմատաբար կարճ է և մեղմ: Խորհրդային տարիներին մեղմ կլիմա ունեցող Տավուշում ջերմոցային տնտեսություններ գրեթե չեն եղել: Դա, սակայն, չի նշանակում, որ պայմանները հարմար չեն: Այսպես, խորհրդային տարիներին Տավուշում մերձարևադարձայն կուլտուրաներ ևս չեն մշակվել, մինչդեռ այսօր Տավուշը հայտնի է արևելյան խուրմայի (կարալյոկ) այգիներով և առատ բերքով:

DSC04184

Ջերմոցային տնտեսությունների հիմնական արտադրանքի՝ լոլիկի և վարունգի համար, Հայաստանի ներքին շուկայում սպառման բավարար ազատ տեղ կա: Իսկ պակասը լրացնում է հիմնականում Թուրքիայից և մասամբ Իրանից ու Վրաստանից ներկրվող բանջարեղենով: Պատճառն այն է, այդ երկրներում արտադրվող բանջարեղենը զգալիորեն էժան է, քան այն, ինչ  արտադրվում է Արարատյան դաշտավայրի ջերմոցային տնտեսություններում: Վրաստանում, Իրանում և Թուրքիայում կան կլիմայական գոտիներ, որտեղ ձմեռը անհամեմատ տաք է: Ջերմոցային տնտեսությունների ծախսերի մեջ հիմնական մասը կազմում է վառելիքը՝ Հայաստանի դեպքում՝ բնական գազը, որը սպառողին հասնում է բավականին թանկ գնով:

Ջերմոցային արտադրությամբ զբաղվող փոքր տնտեսությունների համար իրական սպառնալիք է թուրքական լոլիկը, որը Վրաստանի տարածքով հասնելով Հայաստան, շուկայում հայկական լոլիկից զգալիորեն էժան է վաճառվում: Կասկածներ ու մտահոգություններ կան, որ թուրքական լոլիկ ներկրողները Հայաստանի իշխանությունների հովանավորությունը վայելող գործարարներ են, ովքեր ապրանքի մի մասը չեն մաքսազերծում, ինչը նրանց հնարավորություն է տալիս համեմատաբար ցածր գներով այն վաճառքի հանել:

Թուրքական լոլիկի ներկայությունը հատկապես զգալի է Տավուշի մարզում: Քանի որ հայ-վրացական գլխավոր սահմանադուռը Տավուշում է՝ Բագրատաշենում, տեղի մանր առևտրականները ամենօրյա կտրվածով տարվա առնվազն վեց-յոթ ամիսներին թուրքական (ինչպես թուրքական լոլիկը, մյուս բանջարեղենն ու մրգերը, այնպես էլ զանազան ապրանքատեսակներ Թուրքիայից Հայաստան են հասնում հիմնականում Վրաստանի տարածքով) և վրացական լոլիկ են ներկրում փոքր քանակներով և վաճառում տեղի խանութներում: Ըստ էության, Տավուշի մարզում, քանի դեռ Արարատյան դաշտավայրի և տեղական բանջարեղենը չի հասունացել, սպառվում են հիմնականում թուրքական և վրացական արտադրության բանջարեղեն և մրգեր:

Տավուշի մարզում ջերմոցային տնտեսությունների գործը հաջողություն ունենալու դեպքում անգամ տեղական արտադրանքին լրջագույն մարտահրավեր է լինելու թուրքական և նաև վրացական բանջարեղենը: Այն ամիսներին, երբ հասունանում են լոլիկը, վարունգը, մյուս բանջարեղենը Արարատյան դաշտավայրում, Տավուշի շուկաներում և խանութներում սպառվում է այնտեղից բերվածը: Մյուս կողմից, Տավուշի լոլիկը և մյուս բանջարեղենը յուրահատուկ համ ունի և էկոլոգիապես մաքուր է: Եթե Տավուշի գյուղերը կարողանան ապահովել գոնե մարզի պահանջարկը, ապա դա ևս դրական փոփոխություններ կբերի մարդկանց սոցիալական վիճակում և գործազրկության կրճատման գործում:

Ջերմոցային տնտեսությունները, որոնց թիվը Հայաստանում հասնում է շուրջ 1000-ի, հիմնակում կենտրոնացած է Արարատյան դաշտավայրում և Կոտայքի մարզում: Գազի թանկացման պատճառով վերջին տարիներին դրանց թիվը կրճատվել է: Որոշ ջերմոցային տնտեսություններ աճուրդի հանվեցին՝ չկարողանալով վերադարձնել բանկերից վերցրած վարկերը: Վերջերս հայկական լրատվամիջոցները բացահայտեցին, որ խոշոր ջերմոցային տնտնտեսությունների բիզնեսում ներգրավված են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը:

Գյուղմթերքի վերամշակում՝ ագրովերամշակող արդյունաբերություն

Հայաստանի մրգերը, հատապտուղն ու բանջարեղենը, չիրն ու մեղրը յուրահատուկ են իրենց համային հատկանիշներով: Հայաստանում ամենից արևահամն ու էկոլոգիապես մաքուրը համարվում են Տավուշի բարիքները: Մրգերի ու բանջարեղենի սպառման հետ կապված, լինի թարմ թե պահածոյացված վիճակում, հիմնական դժվարությունը սպառման շուկա գտնելն ու այդ շուկաներում հաստատվելն է: Դժվարություններ ունեն անգամ խոշոր և միջին ձեռնարկությունները:

գըւղ2

Հայաստանի Գյուղնախարարության տվյալներով՝ Հայաստանում գործում է շուրջ 1600 սննդամթերքի արտադրության ձեռնարկություն, որոնցից մի քանիսն են միայն համամատաբար խոշոր: Պտուղ և բանջարեղեն վերամշակող խոշոր ձեռնարկություններից են Արտաշատի և Էջմիածնի պահածոների գործարանները, «Արարատ սննդի կոմբինատը», «Բորոդինո»-ն, «Եվրոթերմը», «ՄԱՊ»-ը, «Երևանի գարեջուրը», «Թամարա ֆրութը»: Չիր արտադրող խոշոր գործարան չկա, իսկ խաղող վերամշակող շուրջ հինգ տասնյակ ձեռնարկությունից մի քանիսն են  համեմատաբար խոշոր՝ «Երևանի կոնյակի գործարանը», «Արտաշատ վինկոնը», «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատը», «Պռոշյանի կոնյակի գործարանը»:

Այս գործարանները զբաղեցրել են Հայաստանի ներքին շուկան, ինչպես նաև տարիների ընթացքում կարողացել են միջազգային շուկաներ դուրս գալ, առաջին հերթին՝ նախկին խորհրդային տարածք, նախ և առաջ՝ Ռուսաստան: Նորաստեղծ ձեռնարկությունների համար, անգամ երբ նրանք ազատվում են հարկային պարտավորություններից, դյուրին չի լինի տեղ զբաղեցնել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ գտնել սպառման արտաքին շուկաներ:

Պետությունը որոշ չափով կարող է լինել պատվիրատու և սպառող այն արտադրանքի, որը կարտադրվի սահմանամերձ համայնքներում: Այսպես, բանակը կարող է գնել սահմանամերձ գյուղական համայնքներում արտադրվող խոզի և թռչնի միսը, ձուն, պահածոները: Սահմանամերձ գյուղական համայքների արտադրանքը կարող է սպառվել սփյուռքում, բայց դրա համար սփյուռքյան կազմակերպությունների ու անհատ ձեռներեցների աջակցությունը կլինի ցանկալի և անհրաժեշտ:

Ագրովերամշակող արդյունաբերությունը՝ գյուղատնտեսական ապրանքների հենքի վրա արտադրությունը, չափազանց կարևոր է գյուղական բնակչության զբաղվածության և եկամուտների ապահովման իմաստով: Տավուշի մարզի Նոյեմբերյանի ենթաշրջանը ամբողջ Խորհրդային Միությունում հայտնի էր իր դեղձով և Այրումի պահածոների հսկա գործարանով: Դեղձի այգիների մեծ մասը չորացան, իսկ պահածոների գործարանը, ինչպես հանրապետության բազմաթիվ այլ գործարաններ, մատնվեց պարապուրդի:

chochkan

Վերջին տարիներին Տավուշի մարզում, հատկապես Դեբեդի բարեբեր հովտում, կրկին դեղձի այգիներ են ծաղկում: Սակայն, ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Նոյեմբերյանի դեղձը թարմ կամ պահածոյացված վիճակում մեծ պահանջարկ ուներ և սպառվում էր ողջ խորհրդային տարածքում, այսօր իրացման լուրջ դժվարություն կա: Լինում են տարիներ, երբ դեղձը վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով՝ անգամ 50-ից 100 դրամով, քանի որ այս պտուղը հասունանալուց հետո հնարավոր է միայն մի քանի օր պահել: Հետևաբար, քանի դեռ լուծված չէ սպառման խնդիրը՝ լինի թարմ վիճակում, պահածոյացված կամ չորացրած (չիր), նոր այգիներ հիմնելը ռիսկային է:

Տավուշի մարզի տարածքում, նախքան «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի ընդունումը, կային մի քանի վերամշակող արտադրամասեր: Դրանցից ՄԱԳԱ պահածոների գործարանը հիմնադրվել է 1994-ին, «Արթուր և Էդիտա» ՍՊԸ-ին պատկանող Ջուջևանի պահածոների գործարանը՝ 2004-ին, Այգեձորի «Էկո գարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ն՝ 2007-ին, իսկ Այրումի «Այրում ֆրութս» մրգերի և հատապտուղների վերամշակման գործարանը՝ 2014-ին: «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքը տարածվելու է միայն Այգեձորի «Էկո գարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի վրա:

«Էկո Գարդեն» 

Պահածոների գործարանների համար ամենից դժվար խնդիրը սպառումն է: Որտե՞ղ է սպառվելու արտադրանքը, հաշվի առնելով Հայաստանի այսօրվա սահմանափակ կոմունիկացիոն հնարավորությունները: «Էկո գարդեն»-ը իր էկոլոգիապես մաքուր, տեղական բարձրորակ հումքից պատրաստած «Վիտալ» ապրանքանիշով արտադրանքը հիմնականում սպառում է Ռուսաստանում շնորհիվ այն հանգամանքի, որ գործարանի հիմնադիրը բնակվում է Մոսկվայում և կարողանում է գտնել սպառման կետեր:

Գործարանը հիմնադրվել է 2007-ին Չինարի և Այգեձոր համայնքների միջև գտնվող տարածքում, առաջին արտադրանքը տվել է 2011-ին: Պահածոյացումը մասամբ կատարվում է տնային պայմաններին բնորոշ եղանակներով: Ամռան և աշնան ընթացքում գործարանում աշխատում է մինչև 40 մարդ Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներից: 2012 թվականին գործարանը իրացրել է 78 միլիոն դրամի արտադրանք: Այսօրվա վիճակով գործարանը դեռևս օգուտով չի աշխատում, ղեկավարությունը նպատակ է դրել առաջիկա 8-10 տարիներին ծավալների ընդլայնման և նոր շուկաներ գտնելու պայմաններում եկամուտ ապահովել:

«Էկո գարդեն»-ում պատրաստվում են մրգային և բանջարեղենի պահածոներ: Գործարանը ընդունում է բոլոր այն մրգերն ու հատապտուղները, որոնք աճում են Բերդի ենթաշրջանի անտառներում: Յուրաքանչյուր տարի գործարանը հայտարարում է ընդունման գները: Անցնող տարիներին գործարանը ընդունել է մոշ, հոն, վայրի տանձ, սինդրիկ, շուշան, ընկույզ, վայրի մորի, ինչպես նաև մշակովի մրգեր և բանջարեղեն: Այս տարվանից գործարանը կարտադրի նաև անտառային մրգերի օղիներ:

Տնօրինության մոտավոր հաշվարկներով՝  գործարանը ընդունում է մոտակա անտառներում հասնող մրգերի և հատապտուղների փոքր քանակությունը միայն, մնացած մասը բաժին է հասնում վայրի կենդանիներին կամ փչանում է: Արտադրանքի սպառման ծավալների մեծացումը կարող է բերել նրան, որ ավելի շատ գյուղացիներ օգտվեն բնության բարիքներից և դրանք մթերեն «Էկո գարդեն»-ին:

Մրգերի, բանջարեղենի և հատապտուղի գները որոշում է գործարանը: Համեմատած խաղողի ընդունման գների հետ, որը Հայաստանում չափազանց ցածր է և չի հասնում 150 դրամի մեկ կիլոգրամի դիմաց, «Էկո գարդեն»-ում մթերվող հատապտուղների, մրգերի ու բանջարեղենի գինը համեմատաբար բարձր է:

«Այրում ֆրութս»

Նորաստեղծ այս գործարանը սկսել է աշխատել 2014-ի օգոստոսից: Այստեղ պահածոյացվում են ինչպես Տավուշի, այնպես էլ Լոռու մարզի մրգերն ու հատապտուղները: Նախատեսվում է տարեկան վերամշակել մինչև 300 տոննա միրգ և հատապտուղ: Գործարանը արտադրում է մուրաբաներ, ջեմեր և կոմպոտներ: Գործարանի ղեկավարությունը մտադրություն ունի նաև բացել չրերի, չորացված բույսերի և թեյերի արտադրամասեր:

Գործարանի կառուցման և սարքավորումների արդիականացման հարցում միանգամից մի քանի կազմակերպություններ իրենց նպաստն են բերել, այդ թվում ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը, «Օրանժ» հիմնադրամը, Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը, Ավստրիական զարգացման գործակալությունը, G2iA և  CARE կազմակերպությունները, «Բի Էս ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնը և «Նոր Հորիզոն» վարկային կազմակերպությունը: Գործարանը, որտեղ մի քանի տասնյակ աշխատատեղեր են ստեղծվել, գտնվում է երկաթուղային Այրում կայարանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

Ջուջևանի պահածոների գործարան

Ջուջևանի պահածոների գործարանը հիմնվել է 2004 թվականին: Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով: Գործարանը Ջուջևանի անտառային անուշահամ հատապտուղներից և մրգերից արտադրում է ավելի քան 30 տեսակ հյութեր ու մուրաբաներ: Արտադրանքի մեծ մասը արտահանվում է Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան և այլ երկրներ:

Վարագավանի Մագա պահածոների գործարան

Այս գործարանը հիմնադրվել է 1994-ին: Արտադրում է մեկուկես տանյակ տեսակի մուրաբաներ, մարինացված բանջարեղեն և բնական հյութեր: Գործարանի արտադրանքը արտահանվում է Ռուսաստան: Նախկինում արտադրանքն արտահանվել է մի շարք այլ երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ուկրաինա:

Տավուշի մարզում կան ագրովերամշակող մի քանի այլ արտադրություններ՝ Իջևանի գինու և կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Դիլիջանի կաթնամթերքի «Դիլի» ընկերությունը, որը հիմնականում արտադրում է պանիր: Խորհրդային ժամանակներից մնացած Բերդավանի գինու գործարանը այժմ խաղողի մթերման կետ է:

Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/14/tavush-pig-lfik-report-part-7/

2015-ի փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/