Հայկական սահման. Տավուշ՝ ենթակառուցվածքները

9388

Տավուշի մարզը զբաղեցնում է Հայաստանի ընդհանուր տարածքի շուրջ 9 տոկոսը՝ 2.7 հազար քառակուսի կիլոմետր: Բնակչության թիվը շուրջ 130 հազար է: Մարզկենտրոնը Իջևան քաղաքն է: Մարզը իր մեջ ներառում է նախկին Շամշադինի, Նոյեմբերյանի և Իջևանի շրջանները Դիլիջանի հետ միասին: Մարզում համայնքների թիվը 62 է, որից 5-ը՝ քաղաքային՝ Իջևան (շուրջ 20 հազար բնակիչ), Դիլիջան (15 հազար), Բերդ (8 հազար), Նոյեմբերյան (5.500) և Այրում (2.400):

Dilijan-central-area

Մարզի ավտոմոբիլային ճանապարհները համեմատաբար բարեկարգ վիճակում են, թեև կան միջգյուղային հատվածներ, որոնք ունեն վերանորոգման կարիք: Անբարեկարգ վիճակում են Բերդի տարածաշրջանի մի քանի հատվածներ: Ռազմավարական կարևորություն ունեցող Ճամբարակ (Գեղարքունիքի մարզ)-Բերդ ճանապարհը կապիտալ վերանորոգման կարիք ունի:

Berd_landscape

Երևան-Թբիլիսի գնացքը անցնում է երկաթուղային Այրում կայարանով: Խորհրդային Միության տարիներին գործում էր Իջևան-Բաքու գնացքը, որը արդեն 25 տարի պարապուրդի է մատնված: Չի գործում նաև հայկական երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածը:

Տեղական նշանակության երկու՝ Այգեպարի (Բերդի ենթաշրջան) և Բագրատաշենի (Նոյեմբերյան) օդանավակայանները, որտեղից չվերթեր էին իրականացվում դեպի Երևան, չեն գործում: Չվերթերի դադարեցումը պայմանավորված էր առաջին հերթին Խորհրդային Միության փլուզման հետևանքով ստեղծված տնտեսական վիճակով: Ժամանկին Երևանից չվերթեր էին իրականացվում հանրապետության մի շարք շրջաններ: Դրանցից և ոչ մեկը, անգամ ամենահեռավոր Կապան, այսօր չի իրականացվում: Մյուս կողմից, Երևանից Այգեպարի օդանավակայան թռիչք իրականացնելը, հաշվի առնելով  Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքները, այսօր իրատեսական չէ:

993ddf1f576a9bc1b51a17af25af7274

Տավուշի մարզում հյուրանոցային բիզնեսը թերզարգացած է, բարձրակարգ հյուրանոցներ, բացառությամբ Դիլիջան քաղաքի, չկան: Ճիշտ է, պահանջարկն է ստեղծում առաջարկ, սակայն կարելի է բերել բազմաթիվ բիզնես օրինակներ, երբ ճիշտ, հիմնավորված առաջարկը խթանել է պահանջարկը:

85988

Տավուշի մարզում, առաջին հերթին Բերդի ենթաշրջանում, անհրաժեշտ են ենթակառուցվածքներ զբոսաշրջության և անտառային հանգստի կազմակերպման համար: Այդ հարցում կարևոր դերակատարություն կարող են ունենալ Հայաստանը որպես պետություն, սփյուռքյան բարեգործական և հասարակական-քաղաքական, կրոնական-հարանվանական կառույցները:

DSC_0054

Անկախության 25 տարիներին, կարելի է ասել, Բերդի ենթաշրջանում որևէ լուրջ ներդրում չի կատարվել: Անտառային, գեղատեսիլ այդ շրջանում չի կառուցվել որևէ հյուրանոց կամ առողջարանային համալիր, որը կարող էր իր հետ բերել զբոսաշրջիկներ Հայաստանից, Սփյուռքից և արտերկրից: Հայաստանյան և սփյուռքյան սկաուտական կազմակերպությունները իրենց բանակումները, պետական գերատեսչություններն ու կուսակցությունները իրենց ժողովները, հասարակական կազմակերպությունները իրենց սեմինարներն ու խորհրդաժողովները կարող էին  անցկացնել Բերդի ենթաշրջանում, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, ինչպես ստեղծվել են Ծաղկաձորում, Աղվերանում, Ջերմուկում, Դիլիջանում: Բերդի ենթաշրջանը մայրաքաղաքից անհամեմատ հեռու է, ինչը հնարավոր է փոխհատուցել ճկուն գնային քաղաքականությամբ:

Cave_Lastiver_8-350x400

Եթե Տավուշի մարզի Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ենթաշրջանները ընկնում են Երևան-Թբիլիսի բանուկ ճանապարհի վրա՝ սրանից բխող առավելություններով ու հնարավորություններով, ապա Բերդի ենթաշրջանը, ինչ որ իմաստով, փակուղի է: Չափազանց կարևոր նշանակություն կունենա Բերդ-Ճամբարակ ճանապարհի վերանորոգումը: Այդ ճանապարհը ոչ միայն կրճատում է Բերդի և մայրաքաղաքի միջև հեռավորությունը, այլ ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն: Ավելին, դա Հայաստանի գեղեցկագույն անկյուններից է և բարեկարգ ճանապարհը իր հետ կբերի զբոսաշրջիկների:

photo_173249_a962a696f

Այս ճանապարհի վերանորոգման հարցում Հայաստանի ղեկավարության, Սփյուռքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան որոշումը ուշանում է: Իր ռազմավարական դիրքով Տավուշի մարզը և նրա Բերդի ենթաշրջանը ունի նույնքան կարևորություն, եթե ոչ ավելի, որքան Արցախը: Գիտակցելով, որ ամենից մեծ վտանգը հենց Արցախի ուղղությամբ է, այդուհանդերձ, արդարացված չէ հիմնադրամի հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարները գերազանցապես Արցախ ուղղելու անփոփոխ քաղաքականությունը:

իծաքար1

Բերդ-Ճամբարակ հանրապետական նշանակության ճանապարհի վերանորոգումից բացի կարևոր է Իջևան-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի վերանորոգումը: Իսկ մարզկենտրոն Իջևանից Բերդ տանող հիմնական ճանապարհը, որը որոշ տեղերում անցնում է հենց Ադրբեջանի սահմանի երկայնքով, պետք է լինի առավել բարեկարգ և անվտանգ, հատկապես՝ Վազաշեն-Պառավաքար հատվածում:

FAE92E64-138E-4D96-A978-2C7468C90061_mw1024_mh1024_s

Խորհրդային տարիներին Բերդի (նախկինում՝ Շամշադին) շրջանի կապը Երևանի և Հայաստանի մյուս բնակավայրերի հետ իրականացվել է նաև Ադրբեջանի տարածքով: Այսպես, Բերդից Երևան հասնելու համար մեքենաները սահմանային Այգեպար գյուղով, որի հարևանությամբ գտնվում էր Բերդի օդանավակայանը, մտնում էին Խորհրդային Ադրբեջանի տարածք և անցնելով Թովուզ, Աղստաֆա և Ղազախ քաղաքներով, կրկին մտնում Խորհրդային Հայաստանի տարածք՝ Իջևան և ճանապարհը շարունակում դեպի Երևան ու այլ քաղաքներ:

Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական առաջին բախումները, այդ ճանապարհը փակվեց: Տավուշի մարզի Բերդի ենթաշրջանի համար անհրաժեշտ են ամուր ենթակառուցվածքներ, առաջին հերթին՝ բարեկարգ և արագընթաց ճանապարհներ: Առանց դրա շատ դժվար կլինի ակնկալել ներդրումներ:

Գլխավոր լուսանկարում՝ Իջևանի համայնապատկերը

Լուսանկարներ

Իջևանը՝ Ենոքավան գյուղից

Դիլիջանի արհեստական լիճը

Բերդ քաղաքը՝ բարձրից

Թուֆենկյանի Հին Դիլիջան հյուրանոցը

Դիլիջանի միջազգային դպրոցը

Տավուշի ջրամբարը Այգեպար տանող ճանապարհին

Լաստիվերը Ենոքվանի անտառներում

Ենոքավանի անտառները

Վազաշեն-Պառավաքար նորակառույց շրջանցիկ ճանապարհը

Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/06/tavush-armenian-border-history/

2015-ի փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/