Արցախյան ուժերը հարվածել են Ալխանլու գյուղում տեղակայված ադրբեջանական կրակակետին

7279

Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:

Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ Ալխանլուն Վարանդայի`Ֆիզուլու ուղղությամբ է: Ալխանլուն ճակատային գյուղ է, գտնվում է Հորադիզից դեպի հյուսիսային ուղղության՝ Արաքս գետից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Ադրբեջանական Թուրան գործակալությունը հաղորդում է, որ հայկական կողմից կրակի հետևանքով «Ֆիզուլու շրջանի Ալխանլի գյուղում զոհվել են երկու տեղացիներ, ևս մեկը վիրավորվել է»:

Թուրանը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, նշում է, որ «զոհվել են 1967 թ ծնված Սահիբա Գուլիևան և 2015 թ ծնված Զահրա Գուլիևան, իսկ 1965 թ. ծնված Սարվինազ Գուլիևան վիրավորվել է»: