Բեռլինում ստեղծված Հայ Ազգային Խորհրդի հայտարարությունը. 15 փետրվարի, 1943թ

2080

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում ստեղծված Հայ Ազգային Խորհրդի (կամ գերմանական հովանավորությամբ ստեղծվող ապագա Հայաստանի կառավարության) 12 կետից բաղկացած հայտարարությունը.

  1. 02. 1943 թ.

« 1. 1942 թ. դեկտեմբերի 15-ին, Արեւելյան գրավյալ շրջանների նախարարության հովանավորությամբ, Բեռլինի մեջ, կյանքի կոչվեց Հայ Ազգային Խորհուրդը։ Այս վերջինը պիտի ձգտի իր առաջադրանքները իրագործել, արեւելյան նախարարության, ինչպես նաեւ, մյուս իրավասու իշխանությունների հետ մնայուն կապ պահելով։ Այսպես, հայ ազգային խորհուրդը իր վրա է վերցնում Գերմանիայի եւ հայության միջեւ միջնորդի դերը, եւ որպես այդպիսին, ինքը լծվում է հասարակաց գործին, եւ իհարկե, եւրոպական ժողովուրդների համակենցաղի շրջանակի մեջ։

  1. Հայ Ազգային Խորհուրդը մի կողմից հետապնդում է Հայաստանի ազատագրումը բոլշեւիկյան լծից ու ռուսական տիրապետությունից, մյուս կողմից հայ ժողովրդի ազատության ձգտումը եւ Հայաստանի քաղաքական ինքնավարության վերականգնումը։
  2. Այս նպատակներն ու առաջադրանքները անարգել առաջ տանելու, դրանք կարենալ իրագործելու եւ ամրացնելու համար, Հայ Ազգային Խորհուրդը գերմանական Ռայխի քաղաքական պաշտպանությունը Հայաստանի վրա ամենաապահով երաշխավորությունն է նկատում։ Այս առիթով, Հայ Ազգային Խորհուրդը առաջնորդվում է այն մտքով, որ այս ձեւով կվերականգնվի եւ կամրացվի դեռ միջին դարերի հայ ղեկավար շրջանակների հետեւած գիծը, ըստ որի գերմանական զորեղ Ռայխը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատարարն էր նկատվում։
  3. Իր առաջադրությունների հաջողությամբ կատարման համար, Հայ Ազգային Խորհուրդը անհրաժեշտ է գտնում հայ ազգային կենդանի բոլոր ուժերի համախմբումը։ Այս մտքով էլ պիտի ձգտի իր աշխատանքներն իրագործել, բերանացի, թե գրավոր միջոցներով։
  4. Հայ Ազգային Խորհուրդը անհրաժեշտ է գտնում հետզհետե իր ազգակիցների վերադարձը հայրենիք, որոնք պատմական եւ քաղաքական որոշ պայմանների մեջ, հակառակ իրենց կամքին, ստիպված են եղել բռնի արտագաղթել եւ այժմ տարբեր երկրներում են բնակվում։ Իրենց մեջ կան ամենից առաջ, արհեստավորներ, մասնագետ բանվորներ, երկրագործներ, բժիշկներ, հիվանդապահուհիներ, գրական եւ մտավորական ուժեր եւ այլն։ Այս ձեւով է միայն հնարավոր նույնիսկ եւրոպացի հայտնի ճամփորդների, գրագետների ու գիտնականների կողմից ընդունված եւ գնահատված, հայ ժողովրդի ներքին ստեղծագործական ուժը ամբողջությամբ սեփական երկրի զարգացման եւ առաջադիմությանը մատուցել։
  5. Իր առաջադրությունների երկրորդ փուլը Հայ Ազգային Խորհուրդը պաշտպան պետության ուշադրությունը պիտի հրավիրի այսօրվա Հայաստանի հողային սահմանների ճշգրտման վրա։ Հայ Ազգային Խորհուրդը իր ուժերի չափով պիտի աշխատի այս խնդիրը Անդրկովկասի մեջ արդարօրեն լուծել, եւ եթե պետք լինի, պիտի կոչ անի Ռայխի իրավարարությանը։
  6. Հայ Ազգային Խորհուրդը այն համոզումն ունի, որ իր ժողովրդի ճիգերը պետք է պսակվեն նրանով, որ Հայաստանը, գերմանական Ռայխի զորավոր օգնությամբ, ինքնավար երկիր պիտի դառնա ու որպես այդպիսին կառուցվի։ Հայ ժողովուրդը միայն այսպես պիտի կարելիություն ունենա իր հայրենի մշակույթն ու ազգային կյանքը, իր բոլոր բնագավառներով, անարգել կերպով զարգացնելու։ Լեզու, գրականություն, արվեստներ, տնտեսություն, վարչություն, արդարադատություն եւ այլն. եւ անշուշտ, նոր մտքով եւ նոր ուղղությամբ։
  7. Հայ Ազգային Խորհուրդը ամեն բան պիտի անի, դյուրացնելու համար պաշտպան պետության աշխատանքը, որ պիտի ընդգրկի երկրի բնական հարստությունները, նպատակ ունենալով Հայաստանի տնտեսական կառուցումն ու երկու ժողովուրդների շահը։
  8. Գերմանական Ռայխի պաշտպանության տակ, Հայաստանը իր ուժերի չափով պիտի ձգտի Մերձավոր Արեւելքում գերմանական ազդեցությունն ուժեղացնելու։ Այս կապակցությամբ Հայոց Ազգային Խորհուրդը անհրաժեշտ է գտնում, արժեւորել դառն հուսախափություններն ու ահավոր թշվառությունները, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ Անգլիան պատմության ընթացքում պատճառել են հայությանը։ Այս զորավոր պահն է, որ հայ ժողովուրդը վերոհիշյալ պետություններից հավիտենապես երես է դարձնում։ Այս կապակցությամբ Հայ Ազգային Խորհուրդը կամենում է հիշել երկար տարիների այն պայքարները, որ հայ ժողովուրդը ռուսական բռնապետության դեմ մղեց, լինի` ցարական, թե բոլշեւիկյան։ Այս առթիվ մասնավորաբար պետք է հիշել 1921 թվականի փետրվարի 18-ի ժողովրդական ընդհանուր ապստամբությունը, որն արդյունք ունեցավ բոլշեւիկյան բռնապետության տապալումն ու ազգային կառավարության վերահաստատումը, հոգ չէ թե կարճ ժամանակ գոյատեւեց։
  9. Հայ Ազգային Խորհուրդը բացի այդ, պիտի ձգտի բոլոր դրացի ժողովուրդների եւ մասնավորաբար կովկասյան ժողովուրդների եւ նրանց ազգային իշխանությունների հետ հարաբերություններ մշակելու, եւ անշուշտ, փոխադարձ հասկացողության եւ հասարակաց շահերի հիման վրա։
  10. Ընդառաջելով Մեծն Գերմանիայի եւ իր պաշտպանության տակ գտնվող Հայաստանի միջեւ պատմական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերին, Հայ Ազգային Խորհուրդը իր բարձր պարտականությունը պիտի համարի հիշյալ կապերը զորացնել եւ անբեկանելի դարձնել։ Այժմ այդ նպատակին են ծառայում արդեն Գերմանիայի կողքին վերջնական հաղթանակի եւ ազատության համար պայքարող եւ գործող հայկական օգնական ուժերը։
  11. Հայ Ազգային Խորհուրդը ներկա փոխանցման շրջանի օրգանն է։ Իր իրավասություններն ու գործունեությունը կդադարեն այն ժամանակ, երբ Գերմանիայի ղեկավարության տակ եւ Հայ Ազգային Խորհրդի օգնությամբ Հայաստանի մեջ քաղաքական նոր վարչությունը ստեղծված կլինի…

Նախագահ`

Պրոֆ. Արտաշես Աբեղյան,

փոխնախագահ`

Աբրահամ Գյուլխանդանյան,

Քարտուղար`

Հարություն Բաղդասարյան,

անդամներ`

Գարեգին Նժդեհ, Դրո Կանայան,

Դավիթ Դավիթխանյան, Սահակ Տեր-Թովմասյան, Սարգիս Արարատյան, Ալեքսանդր Խատիսյան,

Վահան Փափազյան (Կոմս) եւ ուրիշներ…»:

——————————————————-

Մ. Ա. Գալենտերիի ֆոնդում պահպանվող ԱՄՆ-ի կոնգրեսի պաշտոնաթերթ «Congressional Record» (Proceedings and Debates of the 79 th Congress, firstession)-ում լույս տեսած փաստաթղթերը` «Document Reveals Dashnag Collaboration with Nazis» ընդհանուր խորագրով (ց. 1, գ. 99, թ. 7)։

Հ. Գ. Այս հոդվածը վերցրել ենք Edgar Pahlavuni (Էդգար Պահլավունի) ֆեյսբուքի օգտատիրոջ էջից