Ավետիք Իսահակյանի նամակը Սիմոն Վրացյանին. 30-ը մայիսի, 1922թ, Վենետիկ

3801

«….Ի՞նչ ասել. ո՞րտեղից սկսել. ամենից առաջ ասեմ, որ ես 1912 թվից սկսած չեմ բաժանել Դաշնակցության տակտիկան. Վիեննայի ժողովից արդեն 1907 թ., ես հրաժարված էի Թուրքահայաստանի անկախության գաղափարից, համարելով դա վտանգավոր ցնորք, իսկ իմ մի տարվա կյանքը Պոլսում (1911-12) ինձ վերջնականապես համոզեց, որ հայ ժողովուրդը ոչ մի հնար չունի, տերիտորիալ մտքով, բաժանվել Թուրքիայից. հիմարությունից վեր մի բան է հույս դնել դիպլոմատիայի վրա, թուրքահայը ազգային ուրույն պոլիտիկ պետք չէ ունենա. մի տեսակ ապոլիտիկ գոյություն, սպասելով Թուրքիայի քայքայմանը, որ պիտի գար անհրաժեշտորեն, սակայն ոչ մեր միջոցով. մեր իմաստությունը պիտի կայանար նրա մեջ, որ քանդվող Թուրքիան փուլ չգար մեր վրա, ինչպես եղավ: Գուցե հիշում ես, որ ես Բալկանյան պատերազմի նախօրյակին մի նամակ էի գրել, որ փոխանակ Ալեքսանդրոպոլի` Բոստոն էի ղրկել. քո ձեռքն էր հասել, ուր ես հակառուս, հակաբալկան խրատներ էի տալիս. այն օրերին, երբ Ցարն ու փոխարքա Դաշկովը խորհուրդներ էին տալիս Կաթողիկոսին, որ շարժեր թուրքահային` հայկ. հարցը վերազարթնեցնելու համար, ես այդ ձգտման տակ նկատել էի ապագա ջարդերի սաղմը… Ես գնացի Գերմանիա գործելու այն մտքով, որ ընդդեմ ռուսների պաշտպանենք հայությունը այդ խաղերից. պատերազմը վրա հասավ. ես Գերմանո-Թուրքերի կողմն էի, հակառակ Անտանտի, նախապես գիտնալով, որ եթե բռնենք Ռուսիայի կողմը` պիտի ջարդվենք…Մի խոսքով դեմ էի կամավորական շարժմանը… Կարճ, ինչ որ գուշակում էի` եղավ – ջարդ, բնաջնջում: Ես ատող եմ Անտանտին, եւ դիպլոմատիայի. իմ նպատակն էր փրկել հայի ֆիզիկական գոյությունը: Այժմ էլ նույն տեսակետն ունեմ. հայի ֆիզիկական գոյությունը բարձր է իր անկախությունից, եւ ուրեմն ավելի կուսակցական շահերից. այս տեսակետից ես Դաշնակցությունը գտնում եմ հանցավոր, տղայամիտ եւ տհաս, ենթակա բուրժուազիայի եւ ամբոխի թելադրություններին. մեր դաշնակցական շեֆերը Սամսոն Հարությունյանի մի այլ տեսակն էին. քիչ բացառությամբ` տգետ են մեր կուսակցության ղեկավարները, ռոմանտիկ. Ահարոնյանը տիպ է, սիմվոլ դաշնակցական, մեծախոսիկ, ստախոս, բըլըֆ, տգետ եւ անբարեխիղճ: Դաշնակցության մասսան եւ զինվորները, անշուշտ, մեղավոր չեն, նրանք հլու եւ անձնվեր ենթարկվողներ են, բայց ղեկավարները (քիչ բացառությամբ) ավանտյուրիստներ…

Ես բոլշեւիկ չեմ, եւ ատում եմ ժողովրդի ծոցից ելած այդ օձերին, բայց ի՞նչ խելք էր որ չընդունիլ բոլշեւիկյան օրիենտացիան, ինչպես Բաքվում 1918 թ. եղել էին Ռոստոմը եւ մյուսները, սրիկա անգլիացիներին բերելուց առաջ: Ձեզ ո՞վ ասաց, թե Անտանտը պիտի ազատե Հայաստանը, եւ Միացյալ Հայաստանը. ի՞նչ հիմք կար հավատալու խենթ Վիլսոնին, եւ հայասերների դատարկաբանություններին: Ամբողջ ջանքը պիտի լիներ մերոնց գոնե եղածը պահել, 1914 թ. սահմանները, եւ Շանթի պես միամիտ ու օպտիմիստ մարդու ապիկար առաքելությունը Մոսկվա, Դարբինյանի էգոիզմը, Համոյի անճկունությունը… ահա աղետի հիմքը. փոխանակ Ատրբեյջանի հետ միասին ընկնելու բոլշեւիզմի համեմատաբար փրկարար գիրկը, Հայաստանը` հացից, ջրից զուրկ այդ ողբալի երկիրը, զենք է խաղցնում խենթացած Ռուսիայի դեմ… ի՞նչ անկախություն, ի՞նչ մեծ Հայաստան. իրականություն գոյություն ունի՞, թե՞ միայն բաղձանքներ, բանաստեղծություն: Կուզեիք Թուրքահայաստանից հողեր, թողնեիք` Պողոս փաշայի պատվիրակությունը պաշտպաներ. Երեւանի կառավարությունը չպետք է ժամավաճառ լիներ ու կորցներ ստվերի համար Ղարս, Իգդիր, Կողբ, եւ տասնյակ հազարավոր կյանքեր…

Հիմա ամենալավ լուծումն է, որ եղավ. միայն բոլշեւիկ Հայաստանը կարող է իր բոլոր բացասական կողմերով հանդերձ, պահել հայի գոյությունը. Դաշնակցությունը եթե մնար, հիմա, մինչեւ օրս, մի 200.000 հայի գլուխ կերած կլիներ: Ելքը սա է. թողնել թշնամական ընթացքը բոլշեւիկների դեմ, աջակցել, ձուլվել, միանալ, աշխատել Ռուսիայի վերանորոգման. մեր գոյությունը հիմա կախված է միայն Ռուսիայի գոյությունից. այլեւս ուշ է ու աննպատակ հաշտվել Թուրքիայի հետ, անօգուտ է հույս դնել նենգ վրացիների ու ֆանատիկ թաթարների վրա, ոճիր է նորեն հավատալ Անտանտին. հայկական հարցը լուծված է հայի բնաջնջման հետ, որ եղավ ողջ Եւրոպայի սրտովը. այլասերված է վաղուց հայկական հարցը, նա եղել է եւրոպացիների համար հասույթի կոնցեսիաների աղբյուր: Սա է դառն իրականությունը. Դաշնակցությունը պետք է աչքերը բանա. Սեպուհները պետք չէ որ ղեկավարեն եւ ոչ էլ Ահարոնյանի, Արմեն Գարոյի, Շահնազարյանի (Արարատյանի) ու այլն մարդուկների քլիքը:

Ուզում եմ, որ չվիրավորվես ինձնից, եւ սառնորեն կարդաս ու մտածես. գիտեմ, որ թշնամությամբ լցված ես. հավասարակշռությունդ կորցրած, պիտի դատես կրքով, որ լավ խորհրդատու չէ. եւ կուզեմ, որ ինձ չմեղադրես թե, նստել եմ Վենետիկ, ու տաք-տաք խոսում եմ. «թող գայիր երկիր գործեիր»… 2 ամեն տեղ 4 է. եւ վերջապես ես սկզբից անհավատ էի ու սկեպտիկ. ու երբեք չոգեւորված Հայաստանի անկախությամբ: Ես ասացի այն, ինչ որ մտածում եմ, ինչքան որ կարելի էր հապճեպ նամակի մեջ:

Ցավում եմ, որ տղադ կորցրել ես, խենթացուցիչ վիշտ է դա, աշխատիր մոռանալ:

Գալով ինձ, ես ունեցա շատ դառն օրեր. մեր ընտանեկան կորուստները շատ մեծ են. մարդկային եւ տնտեսական մեծ կորուստներ. անձնականապես ես դեռ ոտքիս վրա եմ. շատ չեմ ծերացել, պարապում եմ, գրում եմ, բոլորովին հուսահատված չեմ հայության ապագայից, միայն թե Ռուսական քաոսը պարզվի, մի ձեւի հանգի. հավատ չունեմ բնավ ազգային օջախի վրա:

Դաշնակցությունը դեռ կարող է ապրել, եթե բյուրեղանա ու թողնի իր ցնդաբանությունները եւ փթած շեֆերը:

Ջերմ բարեւներով եւ համբույրներով՝

Ավետիք Իսահակյան…»:

Նամակի ձեռագիրը պահպանվում է Ավետիք Իսահակյանի ընտանեկան արխիվում։

Հ. Գ. Այս փաստաթուղթը վերցրել ենք Edgar Pahlavuni (Էդգար Պահլավունի) ֆեյսբուքի օգտատիրոջ էջից