«Ես դառնությամբ տեսա 1920թ. դեկտեմբեր 2-ի բոլշևիկյան գրավումը». Օլիվեր Բոլդուին

2275

Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդի Օլիվեր Բոլդուինի հանդիսավոր խոսքը (ֆրանսերեն) Հայաստանի Հանրապետության 10-րդ տարեդարձի առթիվ 1928 թ. Մայիս 28-ին Փարիզում կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին նաև Վրաստանի և Ադրբեջանի երբեմնի առաջնորդները:

«Բարև ձեզ, հազար բարի (հայերեն)։ Երբ քիչ առաջ հայ ժողովրդական երգերը լսեցի, ինձ Հայաստանի մեջ կարծեցի։ Մտքիս առջև պատկերացան Նախիջևանը, Դիլիջանը և ամբողջ Հայաստանը, որն այնքա՜ն եմ սիրում։ Ես ծառայեցի հայ բանակի մեջ, դառնությամբ տեսա 1920 թ. Դեկտեմբեր 2-ին բոլշևիկյան գրավումը, համակրանքով հետևեցի Փետրվար 18-ի ժողովրդական ընդվզմանը։  

Այսօր, այս հանդիսավոր առթիվ գլխավոր բանը, որ պիտի ասեմ ձեզ, հետևյալն է. երբե՛ք մի վստահեք մեծ պետությունների խոսքերին և խոստումներին։ Անգլիան բացարձակապես մոռացավ Հայաստանին. Անգլիան մոռացավ նույնիսկ իր նախկին ռազմիկներին. նրանք անոթի կմեռնեն և ոչ ոք չի մտածում նրանց մասին և այսօր զոհեր են նրանք։  

Վստահե՛ք միայն ձեր ուժին, ձեր զավակներին և ձեր թոռներին։ Նրանք են միայն, որ եռագույն դրոշակը դարձյալ պիտի դնեն Արարատի վրա։ Ես հավատում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Մերձավոր Արևելքի մեջ դարձյալ տակնուվրայություն պիտի պայթի։ Բայց, հայե՛ր, եթե այդ ժամանակ վստահեք միա՛յն սեփական ուժերին, այն ժամանակ կհավատամ, որ կարող եք հաջողել…»։

Փարիզի «Յառաջ» օրաթերթ, 1928 թ. մայիսի 30

*****

Մոռացված մարդ Օլիվեր Բոլդուին (1899-1958 թթ.)՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթենլի Բոլդուինի որդին, ով սեփական ցանկությամբ և օգոստոսին պաշտոնական այցով Կահիրերում գտնվող ՀՀ երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի թույլտվությամբ Եգիպտոսից եկել է Հայաստան և 1920-1921 թվականներին կամավոր ծառայել ՀՀ բանակում՝ ունենալով զինվորական կոչում, ինչպես նաև եղել է ՀՅԴ անդամ մինչև կյանքի վերջը և ունեցել կուսակցական անդամատոմս։

Եվրոպայում սպասարկել է հայության շահը և ակտիվ կապ է ունեցել Ալեքսանդր Խատիսյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի, Ժիրայր Միսակյանի և այլոց հետ։ Ընտրվել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Լեյբորիստական կուսակցությունից, ինչպես նաև եղել է Կարիբյան ծովի Հարավային Անթիլյան կղզիների նահանգապետ։

Տեքստը և լուսանկարները՝ Մայքլ Բաբայանի