«Ցեղասպանության փաստը ժխտելու փոխարեն Թուրքիան կարող էր կրթել սեփական ժողովրդին». Ադալյան

1217

Դոկտոր Ռուբեն Ադալյանը Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտի (Armenian National Institute, ANI) տնօրենն է և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում նշանավոր գործիչ: Նրա հետ զրուցել ենք Հայկական ազգային ինստիտուտի առաքելության, Հայոց ցեղասպանության մասին վերջինիս նորաբաց թուրքերեն կայքի, ինչպես նաև Թուրքիայի ընդգծված ժխտողական քաղաքականության մասին:

Ո՞րն է Հայկական ազգային ինստիտուտի (Armenian National Institute, ANI) և վերջինիս կայքի առաքելությունը և որո՞նք են նպատակները:

– Լայն սահմանմամբ՝ Հայկական ազգային ինստիտուտը (ANI) նվիրված է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը, հետազոտություններին և հաստատմանը:  Այդ չափորոշիչներով և հանրային շահից ելնելով՝ ինստիտուտը կենտրոնացել է Հայոց ցեղասպանության որոշակի ասպեկտների, ինչպես նաև դրա երկարատև ժառանգության փաստագրման վրա: Այս ծառայությունը միանգամից տեսնում ենք ANI կայքում՝ www.armenian-genocide.org: Հետազոտողներին, մանկավարժներին, ԶԼՄ-ներին և լայն հանրությանը ծավալուն տեղեկատվություն տրամադրելուց զատ կայքի հիմնական նպատակն է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման փաստագրությունը: Ի սկզբանե ակնհայտ էր, որ այս տեղեկատվության նկատմամբ հասարակական պահանջարկն անհրաժեշտ է բավարարել, քանի որ այն արտացոլում է Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի ճակատագրի ճանաչման միջազգային տեղեկացվածության աստիճանը: ANI կայքը հիմնականում տեքստային է: Հայոց ցեղասպանության մասին պատկերային ապացույցների տարածման նպատակով 2015թ. առցանց թանգարանի տեսքով հարակից կայք ստեղծվեց` Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը՝ (AGMA) ինտերակտիվ բաղադրիչներով: www.armeniangenocidemuseum.org կայքում անցյալից ու ներկայից նկարազարդումներ են տեղադրված՝  ներկայացնելու հայկական քաղաքակրթության՝ իր բնօրրանում ոչնչացման աստիճանը:

– Փետրվարին գործարկվեց ANI կայքի թուրքերեն տարբերակը՝ փաստագրելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերն ու հայտարարությունները: Ինչու՞ հիմա որոշեցիք կայքը թարգմանել թուրքերեն:

– ANI կայքի թուրքերեն տարբերակը զբաղվում է Հայոց ցեղասպանության մասին ապատեղեկատվության մշտական ​​խնդրով: Ինստիտուտը գտնում է, որ թուրքալեզու ընթերցողների համար հասանելի դարձնելու լավագույն և ամենաուղղակի եղանակը փաստարկները նրանց մայրենի լեզվով ներկայացնելն է, և նրանց ռեսուրսներով ապահովելը, որպեսզի նրանք իրենց սեփական եզրահանգումներն անեն՝ առանց այն նախապաշարումների, որ շարունակում են մթագնել պատկերացումներն այն մասշտաբների ավերածությունների մասին, որոնք ընդմիշտ կործանեցին հայ հասարակությանը իր նախնիների հայրենիքում: Այս նախաձեռնությունը հեղինակել է ինստիտուտի նախագահ Վան Գրիգորյանը՝ հիմնվելով որպես Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (TARC) անդամ սեփական փորձի վրա, որը ցույց տվեց, որ գլխավոր փաստերի շուրջ համաձայնության բացակայությունը շատ լուրջ խոչընդոտ է հայերի և թուրքերի միջև երկխոսության համար: ANI կայքի թուրքերեն տարբերակի ստեղծմամբ փորձ է արվում ընդհանրության եզրեր գտնել:

– Որևէ մեկնաբանություն ստացել ե՞ք թուրք այցելուների կողմից:

– Սովորաբար ինստիտուտը երկու տրամագծորեն հակադիր կարծիքներ է ստանում թուրք այցելուների կողմից: Հավաքագրված տեղեկատվությունը մատչելի դարձնելու համար գնահատանքի խոսքեր են լինում այն անձանց կողմից, ովքեր փորձում են խնդիրն օբյեկտիվորեն դիտարկել: Կան նաև ստանդարտ ժխտողական մեկնաբանություններ, որոնք մերժում են այն ամենը, ինչ հասանելի է ուսումնասիրության համար: Այդպիսի մոտեցում ունեցող անձանց համար երբեք էլ բավարար ապացույցներ չեն լինի՝ համոզվելու հարցի ճշմարտացիությունում: Նրանց տեսակետները կապված են ծայրահեղ ազգայնական տրամադրվածությունների հետ, որոնք անքննադատորեն ընդունում են կառավարության վարած քաղաքականությունը:

– Այդ սարսափելի իրադարձություններից ավելի քան մեկ դար անց ինչպե՞ս եք մեկնաբանում Հայոց ցեղասպանության իրողությունը պաշտոնական Թուրքիայի կողմից համառորեն ժխտելու փաստը: Ինչպե՞ս եք գնահատում այս հարցի շուրջ Թուրքիայի վարած քաղաքականությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր:

– Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման մասշտաբները, որն այժմ ապացուցվում է անընդհատ աճող պատմական հսկայական փաստագրության հիման վրա բարձրակարգ և ծավալուն գիտական մասնագիտացմամբ, պաշտոնական Թուրքիայի դիրքորոշումն անգործունակ է դարձել: Մի ժամանակ այլ վերաբերմունք կար Թուրքիայում: Հետպատերազմյան ժամանակաշրջանում օսմանյան կառավարությունը գործ հարուցեց և դատապարտեց մի շարք հանցագործների: Նույնիսկ Մուստաֆա Քեմալը հիմնավորում գտավ կոչ անելու պատժել երիտթուրք դավադիրներին: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի առաջին հիշատակությունը տեղի ունեցավ Կոնստանդնուպոլսում՝ Հայոց պատրիարքի հովանու ներքո: Քեմալական վարչակարգը հետագայում փոխեց ուղղվածությունն ու պաշտոնական քաղաքականությունը և տարբեր մարտավարություններ կիրառեց՝ հիմնականում հավատարիմ մնալով ժխտողական ուղղվածությանը: §Ակոս¦-ի ընթերցողներն, ավելի լավ, քան Թուրքիայի սահմաններից դուրս ապրողները գիտեն այն գինը, որ Հրանտ Դինքը վճարեց՝ քաղաքականորեն արգելված թեմաներն ուսումնասիրելու համար: Այնուամենայնիվ վերջին տարիներին այս խնդրին լուծում տալու փորձեր են եղել քաղաքացիական հասարակության կողմից: Կառավարության դիրքորոշումը, սակայն, մնում է անփոփոխ:

– Ի՞նչ եք կարծում, միջազգային ճնշումը դրական, թե՞ բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի վրա:

– Վերջին երկու-երեք տասնամյակների ընթացքում միջազգային հանրության դիրքորոշումը կառուցողական և օգտակար է եղել Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրություն վերականգնելու, ցեղասպանության հավերժական խնդիրը համատեքստորեն դիտարկելու և այդ զարհուրելի հանցագործության հետևանքների ծավալները որոշելու հարցում: Հայոց ցեղասպանության պատմությունը միահյուսված է ցեղասպանության այլ դեպքերի հետ: Սա ակնհայտ է դառնում ցեղասպանություն եզրույթը հեղինակած Ռաֆայել Լեմկինի փաստարկներից: Միավորված ազգերի կազմակերպության բանաձևը, որ կոչ է անում ընդունել Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, հղում է կատարում նախկին դեպքերին, և այդ ժամանակաշրջանի իրավաբանները կասկածներ չունեին, թե նախորդ որ դեպքերին էր հղում կատարվում: Լեմկինը, ում ընտանիքը Հոլոքոստի զոհ էր դարձել, հայերի հետ պատահածը դիտարկել է որպես հստակ ցեղասպանության օրինակ: Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանի (AGMA) կայքում տեղադրված ներածական ֆիլմում ներառված է հոլովակ, որտեղ Լեմկինը խոսում է այս հարցի շուրջ:

Այսպիսով ցեղասպանության հանցագործության համընդհանուր հասկացողությունը ծագել է 20-րդ դարի առաջին կեսին երկու օրինակների համեմատական ​​վերլուծությունից: Քանի որ ցեղասպանության փաստն անընդմեջ մերժվում է, և այն իրագործողները փորձում են խուսափել պատասխանատվությունից, անցյալի բոլոր դեպքերի հաստատումը նպաստում է կանխարգելմանն ուղղված ջանքերի ամրապնդմանը: Ցեղասպանությունից հետո իրականցված պատիժը երբեք չի համապատասխանել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ իրագործված անարդարության ծավալներին: Միջազգային հանրության կողմից ճանաչման յուրաքանչյուր դեպք ուղղակի դիմակայություն է Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությանը: Դա, իհարկե, Թուրքիայի համար սովորական դարձած արձագանք է եղել: Նոր իրողությանը դիմակայելու փոխարեն ավելի հանդուրժող երկիր ճանաչման գործընթացը կդիտարկեր որպես սեփական ժողովրդին կրթելու միջոց: Հայոց ցեղասպանությունը ճանաչող առավել նշանակալից վերջին օրենսդրական ակտը 2016թ. Գերմանիայի խորհրդարանի կողմից հաստատումն էր, քանի որ վերջինս նաև ընդունում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նախորդ վարչակարգի մեղսակցությունը սեփական պատասխանատվության անտեսմամբ, քանի որ վերջինս գործուն ազդեցություն ուներ Օսմանյան Թուրքիայում: Հայերի նկատմամբ Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունն այժմ բոլորովին չի համապատասխանում Հայոց ցեղասպանության և դրա վշտալի ժառանգության վերաբերյալ գերակշռող ըմբռնմանը: Թուրք պաշտոնյաները չեն կարողացել խելամիտ քաղաքականություն մշակել, որը հնարավոր կդարձնի հաշտեցում անցյալի և ներկայի միջև: Հետևաբար, այս հարցի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը կառուցողական դեր է խաղացել՝ հիշեցնելով թուրքական կառավարությանը, որ նա է պատասխանատու Հայոց ցեղասպանության հետևանքների համար:

– Թուրքական դասագրքերը, որոնք Թուրքիայում պարտադիր են նաև հայկական դպրոցներում, հայերին դեռևս բնութագրում են որպես դավաճաններ, ովքեր «նպատակադրվել են մասնատել պետությունը և երկիրը, և ովքեր սպանել թուրքերին և մահմեդականներին¦: Հայոց ցեղասպանությունը («հայկական հարցը» ձևակերպմամբ) նկարագրվում է իբրև սուտ՝ «բեմադրված» «Սփյուռքի նպատակներն» իրականացնելու համար և Թուրքիայի ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք: Անմիջական կապ կա դպրոցական դասագրքերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական կառավարության վարած ժխտողական քաղաքականության միջև: Ի՞նչ եք կարծում, ոչ թե կոնկրետ Հայոց ցեղասպանության ժխտման մասին, այլ այն հետևանքների մասին, որ կարող են ունենալ Թուրքիայում՝ երեխաների և քաղաքացիական հասարակության վրա:

Թուրքիայի կառավարությունը վնասում է սեփական ժողովրդի շահերին՝ շարունակաբար սխալ և մեղադրական տեղեկատվություն տարածելով հայերի մասին: Զանգվածային հաղորդակցության դարաշրջանում՝ ամբողջ աշխարհում բաց ռեսուրսների մատչելիության պայմաններում, դպրոցական համակարգում այդ ապատեղեկատվության տարածումը Թուրքիայի ժողովրդին դատապարտում է ոչ իրատես պատկերացումների ձևավորման, որը նրանց ավելի շատ մեկուսացնում է, քան կրթում: Որոշ հասարակարգերում դիմում են երևակայական սպառնալիքների հորինմանն՝ իբրև ներքին համախմբման միջոցի: Հայերի և թուրքերի համեմատության դեպքում, սակայն, այդ հասկացությունը գրեթե հասնում է զավեշտի, երբ համեմատում ենք թուրքական պետությունում առկա ռեսուրսները, և նրանք, որոնք հասանելի են հայ ժողովրդին: Հաշվի առնելով, թե այսօր Թուրքիայում ինչ սակավաթիվ փոքրամասնություն են կազմում հայերը, թուրքական պետության կողմից թելադրված կրթության որակը ցավալիորեն արտացոլում է վերջինիս ձախողումը՝ ստեղծելու ժողովրդավարական պետություն, որտեղ մարդու իրավունքները և քաղաքացիական իրավունքները հավասար են, հարգվում են ու կիրառվում:

– Ապրիլին բացվեց Հայկական ազգային ինստիտուտի Հայոց ցեղասպանության գրադարանը: Գրադարանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրի Հայոց պատմության ամենացավալի դրվագի, Հայոց ցեղասպանության մասին: Ո՞րն է ԱՄՆ մայրաքաղաքում նման կենտրոնի բացման նպատակը:

– Գրադարանը ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության մասին ռեսուրսներ հավաքելու և այն հետազոտողներին հասանելի դարձնելու ջանքերի ևս մեկ դրսևորում է: Հայոց ցեղասպանությունն այլևս բանավեճի առարկա չէ, ուստի փաստագրության պահանջարկը շատ է աճել: Գիտնականները ցանկանում են և ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության բազմաթիվ ասպեկտներն ավելի ու ավելի խորապես, քանի որ, ինչպես պարզվել է, մարդկության դեմ գործած այդ հանցագործությունն առաջինն էր մինչև այժմ իրագործվող վայրագությունների շղթայում: Սիրիայում քիմիական զենքի միջոցով երեխաների հրեշավոր զանգվածային սպանությունը, անկախ նրանից, թե ով է պատասխանատու նրանց սպանության համար, տագնապալի հիշեցում է այն մասին, որ առանց ոճրագործությունների հաստատուն դատապարտման, կառավարությունը և այլ մարմինները շարունակում են գործել անպատժելիորեն: Մարդու կյանքն անվերապահորեն չհարգելու դեպքում աշխարհը շարունակում է անապահով վայր լինել: Այդպես չպետք է լինի:

– Կարո՞ղ եք ասել, որպես հայ ի՞նչ զգացողություններ ունեիք Հայոց ցեղասպանությունն անձամբ ուսումնասիրելիս և մանրակրկիտ ուսումնասիրություն գրելիս:

– Գիտնականն իր էթնիկ ժառանգության տեսանկյունից չի մոտենում թեմային: Որպես կրթված պատմաբան՝ ուսումնասիրել եմ բոլոր ապացույցները, որ բացահայտվել են և որոնց կարող եմ մուտք ունենալ: Մինչ այժմ Հայոց ցեղասպանության փաստագրության համար բազմաթիվ արխիվներ են ի հայտ եկել: Այդ թվում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվները, Ավստրիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Հունաստանի և այլ երկրների՝ Մեծ պատերազմի ժամանակաշրջանի պետական արձանագրություններ պարունակող պահոցները: Վերջին մի քանի տարիներին հետազոտողները Վատիկանի արխիվներից բազում փաստաթղթեր են երևան հանել: Իհարկե ամերիկյան արձանագրություններն այս հսկայական թնջուկի գերակշռող ​​մասն են կազմում: Հայտնաբերված փաստաթղթերի հսկայածավալ քանակով պայմանավորված՝ գիտնականները հաջողությամբ միմյանց կապում և մեկնաբանում էին այդ ապացույցները: Միացյալ Նահանգների Ազգային արխիվից փաստաթղթեր հավաքագրելիս ապշել էի արձանագրությունների քանակից: Զեկույցների հազարավոր էջեր կային, որտեղ մանրամասն նկարագրվում էին Հայոց ցեղասպանության բազում առանձնահատկություններ: Իմ հավաքագրած բոլոր այդ արձանագրությունները (37,000 էջ), հասանելի են մեծ հավաքածուների թողարկմամբ մասնագիտացած Chadwyck-Healy հրատարակչական ընկերության միկրոկրչի ձևաչափով՝ (http://media2.proquest.com/documents/Armenian.pdf): 1915թ. իրականացված հանցագործությունները ևս դուրս չմնացին նրանց տեսադաշտից: Ըստ էության դրանք արձանագրվել են ամենայն [դաժան] մանրամասնությամբ: Ավելին, փաստաթղթային արձանագրությունները գրեթե ամբողջ գլուխ են կազմում՝ սկզբից մինչև վերջ: Այդ արձանագրությունների ծավալը, հետևաբար, մեկ այլ բան է հաստատում. հայերի անդուլ հալածանքները ողջ Օսմանյան կայսրությունով մեկ և նույնիսկ դրա սահմաններից դուրս՝ Իրանում և Ռուսաստանում: Տարեցտարի ԱՄՆ Պետքարտուղարություն զեկույցներ էին ուղարկվում ամերիկացի և այլազգի պաշտոնյաների կողմից, որտեղ վկայում էին այն մասին, որ շարունակաբար դաժան վերաբերմունք էր դրսևորվում հայերի, և մինչև իսկ նրանց անպաշտպան մնացորդների նկատմամբ: Ազգությամբ հայ յուրաքանչյուր անձ Թուրքիայում կամ արտաքսման, սեփականազրկման, բռնի կրոնափոխության կամ բնաջնջման էր դատապարտվում: Որքան էլ դժվար է կարդալ այս նյութերը, գնահատելի է այն փաստը, որ Միացյալ Նահանգներում, նրա սահմաններից դուրս, և անգամ Թուրքիայում գիտնականները այն ժամանակվա գաղտնի արձանագրությունների վրա են հիմնվում և համադրում են այն ռեսուրսների հետ, որոնք հասանելի են օսմանյան արխիվներում: Չնայած հակընդդեմ փաստարկների՝ բոլոր այս մի ժամանակ գաղտնի գրառումները՝ բոլոր այս լեզուներով համապատասխանում են Առաջին համաշխարհային պատերազմի աղետների մասին հանրային ​​զեկույցներին: Այս առումով այս արձանագրություններով լրջորեն զբաղվող ուսումնասիրող՝ Թուրքիայում գործող և ծագումով Թուրքիայից գիտնականների աշխատանքները որոշիչ դեր կունենան պատմական փաստն ուղղելու և հայերի ու թուրքերի միջև փոխըմբռնման հասնելու հարցում:

Ալին Օզինյան, Երևան

Ո՞վ է դոկտոր Ռուբեն Ադալյանը:

Դոկտոր Ռուբեն Ադալյանը Վաշինգտոնի Հայկական ազգային ինստիտուտի տնօրենն է: Նա Կովկասի և Մերձավոր Արևելքի մասնագետ է, և դասավանդել է մի շարք համալսարաններում, այդ թվում` Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, Ջորջթաունի համալսարանում և Ջոնս Հոփքինսի համալսարանում: 1993թ. ավարտել է Միացյալ Նահանգների Ազգային արխիվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրության նախագիծը: Դրա արդյունքում Chadwyck-Healey Inc.-ը միկրոկրչի վրա հրատարակել է ամերիկյան ապացույցների 37,000 էջեր: Դրան կից ներկայացված 476 էջանոց ԱՄՆ Ազգային արխիվի 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ուղեցույցը թողարկվել է 1994թ.: Դոկտոր Ադալյանը նաև մրցանակակիր Ցեղասպանության հանրագիտարանի (1999թ.) համախմբագիրն է:

http://www.agos.com.tr/tr/yazi/18278/turkiye-soykirim-gercegine-direnmek-yerine-halkini-egitebilirdi