Չեխիայի Պատգամավորների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Ազատություն

916

Ապրիլի 25-ի ուշ երեկոյան Չեխիայի խորհրդարանից ստացվել է հաղորդագրություն, որի համաձայն, ստորին պալատը` Պատգամավորների խորհուրդը, 104 կողմ, 0 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որով, փաստորեն, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Ազատությունը։

Խորհրդարանը թիվ 413 բանաձևով «դատապարտել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների, գնչուների և սլավոն բնակիչների նկատմամբ հանցագործությունները, Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև Երկրի ցանկացած այլ շրջանում կատարված ցեղասպանությունները»։

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը միջազգային հանրությանը կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` մարդու և հասարակության իրավունքների ոտնահարումը կանխելու և առկա վեճերը բացառապես խաղաղ եղանակներով կարգավորելու համար։

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է, որ այսօր ընդունված այդ փաստաթուղթը ոչ թե օրենք է, այլ բանաձև, հետևաբար, վերին պալատի` Սենատի կողմից վավերացվելու անհրաժեշտություն չունի։

Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյան