«Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանությունը 1988-1989 թթ. ականատեսների աչքերով»

1176

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ստացել է Գրիշա Օգանեզովի և պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի պատրաստած «Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանությունը 1988-1989 թթ. ականատեսների աչքերով» ռուսալեզու ժողովածուն:

534 էջանոց հատորը հրատարակության է պատրաստել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2014-ին: «Հիշողության մարդաբանություն» խորագիրը կրող ժողովածուի պատմական ակնարկը, ծանոթագրությունները և մեկնաբանությունները գրել է Հրանուշ Խառատյանը:

Հատորը նվիրված է Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանության 25-ամյակին:

1988-1992 թվականներին Ադրբեջանից ազգությամբ հայ խաղաղ բնակչության բռնի տեղահանման գործողություններից քիչ թե շատ հայտնի են Սումգայիթի և Բաքվի ջարդերը, ինչպես նաև «Օղակ» գործողությունը: Իրականում, սակայն, Ադրբեջանում հայ բնակչության հանդեպ բռնի գործողությունները ավելի շատ են: Դրանցից է Կիրովաբադի հայ բնակչության դեպորտացիան ու ինքնապաշտպանության փորձը 1988-1989 թվականներին, որի մասին մասնագետներն ու շարքային քաղաքացիները շատ բան չգիտեն:

«Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանությունը 1988-1989 թթ. ականատեսների աչքերով» հատորում ներկայացված են փաստաթղթեր և ականատեսների վկայություններ: