2.564.795 ընտրող, 350.000 արտագաղթած

967

Ոստիկանությունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ հրապարակել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:

«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես.

քվեարկության օրվանից 10 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.795, որից՝

– ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 20.387,
– հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 646»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության 9 տարիներին Հայաստանից արտագաղթել է 350 հազար ընտրող:

Վերջերս «Նուբարաշեն» քրեակատարողականից Անդրիաս Ղուկասյանը, ով, որպես նախագահի թեկնածու հացադուլով անցկացրեց 2013-ի նախագահական ընտրարշավը, բաց նամակ էր հղել միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներին: 

Հարգելի միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներ,

Գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։

Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, եւ այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։ Արդյունքում, չնայած նրան, որ Հայաստանից ամեն տարի արտագաղթում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ընտրական ցուցակները մնում են անփոփոխ։

2013թ․ ես բողոքարկել եմ նախագահական ընտրությունների արդյունքները, որովհետեւ 576 ընտրական տեղամասերում ընտրություններին մասնակցել էին աննախադեպ բարձր թվով ընտրողներ, որոնք գրեթե բոլորը իրենց ձայնը տվել էին իշխող կուսակցության թեկնածուին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ով պաշտոնավարում է առայսօր, հայտնել էր դատարանում, որ հանձնաժողովը կասկածելի չի համարում, երբ որևէ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցում են 100% ընտրողներ եւ բոլորը քվեարկում են իշխանության թեկնածուի օգտին։ Դատարանը հրաժարվեց պատկան մարմիններից պահանջել տեղեկություն, թե որքան քաղաքացիներ են բացակայում այն համայնքներից, որտեղ տեղի է ունեցել ընտրողների անհավանական բարձր մասնակցություն՝ պատճառաբանելով, որ այս հարցում ճշմարտությունը պարզելու համար չկա անհրաժեշտ ժամանակ։ Ընտրություններից հետո, մի քանի ամիս անց, լրագրող Թաթուլ Հակոբյանը այցելել է այդպիսի համայնքներից մեկը եւ պարզել, որ 100-ից ավելի գրանցված բնակիչներից, իրականում, տեղում ապրում են միայն 8-ը։

Այդ հրապարակումը չբերեց որեւէ հետեւանքների, եւ այսօր ընտրողների հրապարակված ցուցակներում դարձյալ տեսնում ենք, որ ընտրողների թիվը ոչ թե պակասում, այլ շարունակում է աճել։

Հուսով եմ, որ ընտրական ցուցակներին վերաբերող այս դիտողութունը տեղ կգտնի ձեր զեկույցում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում բացակայում է պետությանը որեւէ իրավական եղանակ պարտադրելու պրակտիկան՝ պատշաճ վարել Հայաստանում բնակվող քաղաքացիների հաշվառումը եւ ընտրողների մասնակիցների ցուցակները։

Ի պատասխան, Ոստիկանությունը պարզաբանել էր.

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Անդրեաս Ղուկասյանի բաց նամակը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարներներին, որով հնչեցվում է մեղադրանքներ բնակիչների հաշվառումն իրականացնող մարմիններին, հաղորդում է Ոստիկանությունը:

Ըստ նրա` «գործող օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից 6 ամսից ավելի բացակայող քաղաքացին պարտավոր է իրեն հաշվառումից դուրս հանելու վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել բնակիչների հաշվառումը կատարող մարմիններին։ Այդ դիմումը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված է վարչական տուգանք։ Իրականում բնակչությանը հաշվառող մարմինները չեն ստուգում քաղաքացիների կողմից հիշյալ օրենքի կատարումը, եւ այդ պատճառով էլ Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիները շարունակում են մնալ հաշվառված։

Այս հիմնավորմամբ նա գտնում է, որ ընտրողների ցուցակները չեն համապատասխանում իրականությանը:

Խորհուրդ կտայի պարոն Ղուկասյանին մեղադրանքներ հնչեցնելուց առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքները (գործող խմագրությամբ):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.1-րդ հոդվածի առաջին մասն ուժը կորցրած է ճանաչվել 21.06.14թ. ՀՕ-93-Ն օրենքով: «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում նույն օրը կատարված մեկ այլ փոփոխության համաձայն հյուպատոսական հաշվառումը դրվել է կամավորության սկզբունքի վրա, որի դեպքում տվյալները էլեկտրոնային եղանակով փոխանցվելու են բնակչության պետական ռեգիստր՝ հասցեափոխություն կատարելու համար: Սա օրենսդրական մեկ փաթեթ է, որը պարունակում է հայեցակարգային մոտեցում: Արդյունքում կունենանք հանրության ավելի լայն զանգվածի համար հասանելի համակարգ:

Իհարկե մինչ հայեցակարգային փոփոխոթյունների վերջնագիծը օտարերկյա պետությունում գտնվող քաղաքացին սահմանափակված չէ իր բնակության հասցեն դիվանագիտական ճանապարհով ներկայացնելու ՀՀ ոստիկանություն:

Բացի այդ, Ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ, ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ մարտի 3-ին հրապարակվել է ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկատվություն՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ, այն է 2 միլիոն 564 հազար 734:

«Ընտրողների թվի աճի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար տվյալ դեպքում այն անհրաժեշտ է համեմատել 2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի հետ. այն կազմել է 2.554.332: Վերջին երկու համապետական ընտրությունների՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի տարբերությունը կազմում է 10 հազար 402»,- ասվում է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը նշել է, որ համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրողների ռեգիստրում ընդգրկված թվով 57 հազար 800 ընտրողներ չեն ընդգրկվել 2017-ի ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու (սեփականատիրոջ դիմումով, քաղաքացիությունը դադարեցնելու, զինվորական ծառայության զորակոչվելու, օտարերկրյա պետություններում հաշվառվելու, ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի հասցեով հաշվառվելու հիմքով), այդ թվում՝ մահվան կապակցությամբ (24 հազար 738):

«2017թ-ի ցուցակներում ընդգրկվել են 68 հազար 202 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում: Այսպես՝ 34 հազար 448 ընտրողների` լրացել է 18 տարին, իսկ 33 հազար 754-ը ընդգրկվել են ընտրողների ցուցակներ` բնակչության պետական ռեգիստրում 2015թ-ի դեկտեմբերի 6-ից հետո հաշվառվելու կապակցությամբ (զինվորական ծառայությունից զորացրվելու, ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու, 2015թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված չլինելուց հետո հաշվառվելու հիմքով): Այսպիսով, ընտրողների ռեգիստրից դուրս եկած ընտրողների և նոր ընդգրկված անձանց տարբերությունը կազմում է 10 հազար 402 անձ», – պարզաբանել է ոստիկանությունը:

Բացի այդ՝ «Ընտրողների ռեգիստրի աճը բացատրվում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես` ա) 18 տարին լրանալու կապակցությամբ ընտրելու իրավունք ձեռք բերելով, բ) Հայաստանի քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ, գ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց կողմից հաշվառվելու կապակցությամբ»:

Ինչ վերաբերվում է ռեգիստրում քաղաքացիների կողմից հաշվառում չունենալու հանգամանքին, ապա, ըստ ոստիկանության, մինչև բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրական, ինչպես նաև համակարգչային բազայում կատարված ծրագրային փոփոխությունները (2008թ.) արգելված չէր առանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու Հայաստանի քաղաքացիներին անձնագիր տալու կամ փոխանակելու գործողությունները, որի արդյունքում որոշակի խումբ Հայաստանի քաղաքացիներ թեև փաստաթղթավորված էին Հայաստանի քաղաքացու անձնագրերով, այնուհանդերձ, բնակչության պետական ռեգստրում հաշվառում չունեին:

Ներկայացնենք նաև արտագաղթի, ավելի ճիշտ՝ Հայաստանից դուրս եկածների և վերադարձածնեերի միջև տարբերության պաշտոնական թվերը 2008-ից.

2008                                                -23.059

2009                                                -24.978

2010                                                -46.486

2011                                                -43.820

2012                                                 -42.784

2013                                                 -41.800

2014                                                  -41.235

2015                                                  -43.438

2016                                                 – 48.200