«Մեզ մի΄ վախեցրու, որ գնալու ես երկրից» կամ՝ «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում»

3915

«Դու հիասթափված ես, նեղված ես, էդ քո ներքին տրամադրությունը մի փորձի բոլորի վրա տարածել: Հարցդ կոռեկտ ձևակերպի ու մեզ մի՛ վախեցրու, որ գնալու ես երկրից: Ես շատ եմ ցանկանում, որ դու չգնաս երկրից»,- ի պատասխան քաղաքացիներից մեկի հարցի այսօր, մարտի 18-ին, Դիլիջանում պատասխանել է իշխող ՀՀԿ կուսակցության անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում:

Չորս տարի առաջ՝ 2013-ի հունվարին, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նախընտրական այցի շրջանակներում, կրկին Տավուշում՝ սահմանամերձ Մովսես գյուղի եկեղեցու բակում, մոտեցավ մի տարեց մարդու, և նրանց միջև տեղի ունեցավ հետևյալ խոսակցությունը.

Սերժ Սարգսյան – Հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք:

Ծերունի – Գյուղը դատարկվում է, էրեխեքս Ռուսաստանում են:

Սերժ Սարգսյան – Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային:

Ծերունի – Եթե գործարան լիներ, աշխատեին՝ չէին գնա:

Սերժ Սարգսյան – Գյուղում գործարան լինե՞ր:

Ծերունի – Հա:

Սերժ Սարգսյան – Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր:

Ծերունի – Ես հող մշակում եմ:

Սերժ Սարգսյան – Ո՞ւր է, որ մշակում եք, լավ էլի:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության ինը տարիներին Հայաստանից պաշտոնական տվյալներով արտագաղթել է 350 հազար մարդ:

Այնպես որ, վարչապետին մի՛ վախեցրեք: