Վաշինգտոնից՝ Ռոչեստեր, Նյու Յորքից՝ Հարթֆորդ, Նյու Ջերսիից՝ Լոս Անջելես. ճամփորդական նոթեր, 7-21 մարտի, 2023թ

3886

«Լուֆթանզա». գերմանական ավիաուղիներ

Միացյալ Նահանգներ իմ ճամփորդությունները ծրագրում եմ այցերից մոտ երկու ամիս առաջ: Նախ պետք է վստահ լինեմ, որ ելույթների թեմաները ամերիկյան հայաշատ տարբեր քաղաքներում հետաքրքրական և օգտակար կարող են լինել, նոր ասելիք կունենամ և ցանկալի է, որ նոր հատորով ներկայանամ:

Իմ հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերն են, որ ինձ թույլ են տալիս անվերջ ճամփորդել անսահման ազատությունների և հնարավորությունների երկիր Ամերիկայում:

Անշուշտ, այցելությունների ընթացքում անշահախնդիր կերպով օգնում են իմ ընթերցողներն ու ընկերները: Մեկը գալիս է օդանավակայանում դիմավորելու, մյուսը Վաշինգտոնից իր մեքենայով ընկերակցում է դեպի Նյու Յորք ու Քլիվլենդ, երրորդը իր տանն է հյուրընկալում, հայկական եկեղեցիներից մեկն իր դռներն եմ բացում իմ առաջ, միություններից ու կազմակերպություններից մյուսը՝ նախաձեռնում քննարկումներ:

Շնորհակալություն բառը չի կարող արտահայտել այն նվիրվածությունը և աջակցությունը, որ ես ստանում եմ իմ օտարերկրյա ճամփորդությունների ընթացքում: Դա ինձ ստիպում է ավելի ուժեղ սիրել Հայաստանը:

Առաջին բանը, որ անում եմ, օդանավի տոմս գնելն է: Առաջնորդվում եմ երկու հիմնական չափանիշներով. առաջին՝ տոմսը հնարավորին մատչելի լինի, երկրորդ՝ ավիաընկերությունը լինի վստահելի:

2016-ից ի վեր ավելի քան տասն անգամ այցելել եմ ԱՄՆ և հիմնականում օգտվել եմ «Կատարի ավիաուղիներից», քանի որ այս ընկերությունը ամենահարմարավետն է ու բարձրակարգը, թեև ամենաերկերն է թռիչքների տևողությամբ, երկրորդ՝ սովորաբար հնարավոր է լինում 1000 դոլարի սահմաններում գնալ-գալու տոմս ձեռք բերել: Այսպես, վերջին այցելության համար՝ Երևան-Դոհա-Լոս Անջելես-Դոհա-Երևան, վճարեցի 370 հազար դրամ: Կատարը մեկ առավելություն էլ ունի, որ չունեն մյուսները՝ դու կարող ես երկու 23 կիլոգրամանոց ճամպրուկ ունենալ, երբ մյուս ընկերությունները երկրորդ ճամպրուկի համար գումար են պահանջում:

Այս անգամ, սակայն, ամենամատչելի գինն առաջարկեց գերմանական «Լուֆթանզան»՝ Երևան-Ֆրանկֆուրտ-Նյու Յորք-Լոս Անջելես-Ֆրանկֆուրտ-Երևան թռիչքի համար վճարեցի 400 հազար դրամից մի քիչ ավելի, ինչպես նաև 35 հազար դրամ՝ երկրորդ ճամպրուկի համար: Իմ ճամպրուկներում իմ գրքերն են ու հայկական արտադրության թեթև նվերներ՝ հատորների միջև:

«Լուֆթանզա»-ով վերջին անգամ ճամփորդել էի 2016-ին՝ Բեյրութ-Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես երթուղով: Լիբանանում ունեցած հանդիպումներից հետո ճանապարհը շարունակեցի դեպի ԱՄՆ: Լավ հիշում եմ այդ գիշերը: Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանում աչքս կպել էր ու քիչ էր մնում բաց թողնեի օդանավը:

Եթե ինչ-որ բան գերմանական է, ապա դա նախ նշանակում է որակ և վստահություն, ինչպես «Լուֆթանզան»: Ճիշտ է, Կատարին չի կարող հասնել իր բարձրակարգ ծառայություններով, բայց գերմանականը մնում է գերմանական:

Գերմանացի ուղեկցորդը (ստյուարդես), որ չէր ուզում երկու հաբ ասպիրին տալ

Անվերջանալի ճամփորդություններն իմ լրագրողական կյանքի ուղեկիցն են: Տասնյակ երկրներ, հարյուրավոր քաղաքներ ու հազարավոր վայրեր եմ այցելել վերջին երեսուն տարիներին: Տասնյակ լավ ընկերներ եմ ձեռք բերել, հարյուրավոր հանդիպումներ ունեցել և հազարավոր նոր դեմքեր տեսել:

Ճամփորդություններից զատ, մի այլ ուղեկից ևս ունեմ՝ ուժեղ գլխացավերը՝ միգրենը, որ չի ուզում բաժանվել արդեն 45 տարի: Իմ ճամփորդությունների ամենամեծ խոչընդոտն է: Ամեն անգամ վերցնում եմ համապատասխան չափաբաժնի դեղեր:

Արդեն Երևան-Ֆրանկֆուրտ ճանապարհին, որ սկսում է լուսադեմին, այսինքն՝ դու չես կարողանում քնել տանը և, ըստ էության, ամբողջ գիշեր, սխալմամբ կարծեցի, որ դեղերը դրել եմ ուղեբեռի մեջ: Դա ինձ շատ անհանգստացրեց, քանի որ կարող էի դրանք օգտագործել միայն Նյու Յորքի Ջոն Քենեդիի օդանավակայան հասնելուց հետո:

Դա արդեն իսկ սթրես է՝ գլխացավ ունենալու լուրճ պատճառ, թեև անքուն գիշերն արդեն մզմզում էր գլխիս մեջ ավելի վաղ: Ֆրանկֆուրտ-Նյու Յորք օդանավի բորտ-ուղեկցորդ 40-նն անց սուր մազերով գերմանացուն հարցրեցի.

– Գլխացավի դեմ ինչ-որ բան ունե՞ք:

– Ասպիրին,- պատասխանեց սառը դեմքով:

Գրողը տանի, մտածեցի մտքիս մեջ, ի՞նչ պիտի անի ասպիրինը:

– Կարելի է՞ երկու հաբ,- հարցրեցի:

– Երկու հաբը շատ է, եթե պետք է բժիշկ կանչեմ,- պատասխանեց:

– Դուք բժիշկ ունենում ե՞ք,- հարցրեցի, կրկին մտքում ունենալով, որ իմ բժիշկը իմ իմացած դեղերն են, որ հիմա օդանավի փորամասում է՝ ուղեբեռի բաժնում, շատ մոտ, բայց անհասանելի ինձ:

– Հնարավոր է օդանավում ճամփորդող բժիշկ լինի,- ասաց սուր մազերով ու սառը դեմքով գերմանացին:

– Պետք չէ,- ասացի: -Խնդրեմ, եթե կարելի է երկու հատ ասպիրին և եթե ունեք քնաբեր, դա կլինի լավագույնը:

Քնաբեր բառից գերմանացի ուղեկցորդը այլայլվեց: Մտքում հավանաբար մտածում էր՝ գործ ունի մեկի հետ, ով անտարբեր չէ դեղերի նկատմամբ:

Երևանից Ֆրանկֆուրտ, ապա Նյու Յորք թռիչքը շատ թեթև էր՝ գրեթե առանց տուրբուլենտության: Միակ տուրբուլենտությունը գլխիս մեջ էր՝ գանգուղեղիս մի հատվածում՝ դեպի աչք սուր ծակող ցավով ու սրտխառնուքով, և այդ մասին գիտեն միգրենով տառապողները:

Նյու Յորք. Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ինձ դիմավորելու էր եկել Անդրանիկ Թելլիյանը: Մենք առաջին անգամ էինք հանդիպում: Ընդամենը Ֆեյսբուքի ընկերներ էինք մինչև Ջոն Քենեդիի անվան օդանավակայան, բայց վստահ եմ, որ ձեռքսեղմումից սկսած արդեն լավ բարեկամներ ենք: Տորոնտոյում ծնված և վերջին 5 տարիներին Նյու Յորք տեղափոխված Անդրանիկը, իմանալով, որ իջնում եմ այն քաղաքում, որտեղ ինքն է բնակվում, առաջարկեց գալ և դիմավորել…

Այսպես շատ է լինում, երբ ինձ ծանոթ կամ անծանոթ մարդիկ գալիս են դիմավորելու, օգնում ինձ անշահախնդիր կերպով՝ թեթևացնելով ու կիսելով իմ ճամփորդությունների ծանրությունը:

Հենց ստացա ուղեբեռը և դուրս եկա, Անդրանիկի մոտ բացեցի ճամպրուկները՝ գտնելու ճարը՝ ռելպակսն ու սումատրիպտանը: Առաջին ճամպրում չգտա, չգտա նաև երկրորդում: Գրողը տանի: Ապա սկսեցի ավելի ուշադիր ման գալ իմ ուսապարկի գրպաններում: Պարզվեց, որ հաբերը ուսապարկիս մեջ են եղել՝ Երևան-Ֆրանկֆուրտ-Նյու Յորք ամբողջ ճանապարհին իմ գլխավերևում, իսկ ես սուր մազերով ու սառը դեմքով գերմանացի ուղեկցորդի ասպիրինի հույսին եմ մնացել:

Նյու Յորք – Վաշինգտոն ավտոբուսի տոմս գնելուց հետո Անդրանիկի հետ թեթև ճաշեցինք մի պիցցայանոցում, որտեղ սիրել էր լինել նշանավոր Էնթոնի Բուրդենը: Նրա նկարը պատին էր:

Նյու Յորքի պիցցան, ընդհանրապես, շատ համեղ է: Կայարանի մոտ, 8-րդ ավենյուի և եթե չեմ սխալվում՝ 32-րդ փողոցի անկյունում գտնվող ճաշարանի պիցցան շատ համեղ էր: Բայց ավելի կարևոր բան կար: Ուժեղ հաբը սկսել էր ազդել, և ես զգում էի թզապատ պիցցայի քաղցր համը:

Նյու Յորքը, ավելի ճիշտ՝ Մանհեթենը, աշխարհի կենտրոնն է: Առաջին, երկրորդ, ու մյուս պողոտաները՝ մինչև 11, Բրոդվեյը, Մեդիսոնը աշխարհի կենտրոնն է:

Նյու Յորքում առաջին անգամ եղել եմ 2001-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ամեն անգամ, երբ հնարավորություն է ստեղծվում, անպայման ուզում եմ քայլել պողոտաներով և փողոցներով, վեր նայել երկինք մխրճվող երկնաքերերի ուղղությամբ, զգալ Նյու Յորքի ուժն ու փողոցով քայլող մարդկանց փոքրությունը:

Վաշինգտոն, University Club

Մարտի 7-ի երեկոյան ավտոբուսը հասավ Վաշինգտոն: Յունյոն կայարանում դիմավորելու էր եկել ընկերս՝ Արսեն Խառատյանը՝ ամերիկյան ճամփորդությունների անբաժան ուղեկիցը:

Գիշերեցի Մերիլենդ նահանգի՝ Վաշինգտոն, D. C.-ի հենց հարևանությամբ գտնվող Բեթեստա քաղաքում՝ Հարութ Հարոյանի և Լիաննա Մեսրոպյանի հյուրընկալ ընտանիքում:

Հաջորդ օրը՝ մարտի 8-ին, նախատեսված էր միանգամից երկու հանդիպում-քննարկում՝ մեկը անգլերենով, մյուսը՝ հայերենով:

Առաջինը տեղի ունեցավ Վաշինգտոնի University Club-ում, որը նախաձեռնել էր Ամերիկայի Հայկական Համագումար կազմակերպությունը: Երկրորդը տեղի ունեցավ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում՝ չորեքշաբթի օրվա երեկոյան աղոթքից հետո: Եկեղեցու հովիվ Տեր Հովսեփը երկրորդ անգամ էր կազմակերպում նման հանդիպում՝ բարեկամաբար արձագանքելով մեր առաջարկին:

Այս այցելության ընթացքում հանդիպում-քննարկումների հիմնական թեմաներն էին Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը, Բաքու-Մոսկվա և Մոսկվա-Երևան հարաբերությունները, Արցախ-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա շփումները, Սյունիքում եվրոպական դիտորների ներկայությունը, նոր պատերազմի հավանականությունը, Հայաստանի Զինված ուժերը սպառազինությամբ համալրելու կարևորությունը և Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշության վերականգնելու անհրաժեշտությունը:

Սուրբ Մարիամ եկեղեցում ծանոթացա այն հայ լրագրողի հետ, որի հոդվածներով նաև կարողացել եմ համակարգված կերպով պատկերացում կազմել Սփյուռքի մասին: Բեյրութում ծնված, UPI-ի թղթակից աշխատած և ապա ԱՄՆ մայրաքաղաքում հաստատված Դավիթ Զենեանի գրեթե բոլոր հոդվածները, որոնք տպագրվել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության՝ AGBU հանդեսում, կարդացել եմ: Պարոն Զենեանի հոդվածները իրենց որակով և լրագրողական արևմտյան չափանիշներով նաև ուսուցողական են եղել:

Իմ անվերջ ճամփորդությունների և հանդիպումների ընթացքում ոչ միայն մտքեր ու տեսակետներ եմ փոխանցում իմ լսարանին, այլ նաև քաղում ու մարսում: 44-օրյա պատերազմում մեր պարտությունը տակնուվրա է արել հայերի մտքերն ու հոգիները, ամենուր ամեն ոք մեղավոր է փնտրում:

Սփյուռքում (անշուշտ նաև՝ Հայաստանում/Արցախում) կա երկու հակադիր տեսակետ և այդ երկու տեսակետների հեղինակները տանել չեն կարողանում միմյանց, եթե չասենք՝ ատում են:

Առաջին՝ Հայաստանի վարչապետն ու նրա թիմը դավաճաններ են, նրանք իրականացնում են թուրքի ծրագիրը, 44-օրյա պատերազմում արել են ամեն ինչ, որ մեր բանակը պարտվի:

Երկրորդ՝ եղել է 5-րդ շարասյուն (սրա հեղինակը միայն Նիկոլ Փաշինյանը չէ, թեև ամենակարկառուն ներկայացուցիչն է) և այդ շարասյունը դավաճանել է, թուրքին տեղեկատվություն փոխանցել, որ մեր բանակը պարտվի:

Իմ կարծիքով, և այդ մասին ես խոսում եմ Սփյուռքում՝ հրապարակային ելույթներում, երկու տեսակետներն էլ քարոզչական են, անհիմն, հակագիտական ու պրիմիտիվ:

Եթե Նիկոլն ու թիմը դավաճաններ են ու մեր հողերը հանձնել են թուրքին, ապա դուք՝ հայրենիքի նվիրյալներդ, թույլ չտայիք՝ չէ՞ որ դուք եք նաև Շուշին ազատագրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից թաքուն, 1992թ մայիսին և դա արել եք ի հեճուկս առաջին նախագահի: Եթե դուք կարողացել եք օրվա իշխանությունից թաքուն 1992-ին Շուշին ազատագրել, ապա իշխանությունից թաքուն Շուշին պիտի պահեիք 2020-ին: Ծիծաղելի է, չէ՞, նաև՝ ողբերգական: Ու սրան հավատում են պատմաբան դոկտորներ, Հարվարդի ու այլ տեղերի քաղաքագետներ:

Նույնքան ծիծաղելի է 5-րդ շարասյան առասպելը: Եթե կար/կա, ապա դու ի՞նչ եք, իշխանություն չե՞ք:

Իրականում, մենք պարտվել ենք Ադրբեջանին ռազմի դաշտում 2020-ին, ինչպես հաղթել ենք Ադրբեջանին ռազմի դաշտում 1991-1994-ին: Հաղթել է պետությունը, առաջին հերթին՝ Հայաստանը: Պարտվել է պետությունը, առաջին հերթին՝ Հայաստանը:

Ամաչում ե՞նք, որ պարտվել ենք Ադրբեջանին: Հավանաբար ամաչելու է, մանավանդ, որ 30 տարի ծաղրել ենք թուրքին, նրան անվանել ազերբարան. նաև՝ թանկանոց, բյուջեի փողերով ստեղծված մուլտերի մակարդակով:

Վաշինգտոնից դեպի Ռոչեստեր

Մարտի 9-ի առավոտյան ընկերոջս՝ Արսեն Խառատյանի ավտոմեքենայով, ուղևորվեցի դեպի Նյու Յորք նահանգ: Այս անգամ ճամփորդում էի միայնակ:

Ամերիկան ավտոմեքենաների, բարձրորակ մայրուղիների ու պողոտաների, կամուրջների ու էստակադաների, անտառների ու հովիտների, լեռնաշղթաների ու գետերի, լճերի ու տափաստանների երկիր է նաև: Անվերջանալի ձգվող ճանապարհներն ու տարածությունները քեզ ստիպում են ավելի լայն նայել աշխարհին, երազել ու գծել նոր ծրագրեր:

Այնքան շատ են կամուրջները, որ հետաքրքրությունս բավարարելու համար դիմեցի գուգլ որոնողական համակարգին: Այս պահին ԱՄՆ-ում կա 760 հազար հատ կամուրջ: Այսօր ԱՄՆ ճանապարհներին երթևեկում է 15 միլիոն հատ բեռնատար, ինչը նշանակում է, որ երկիրն ունի 15 միլիոն բեռնատարի վարորդ: Ամեն պահի ԱՄՆ երկնքում ճախրում է 3000 հատ ինքնաթիռ:

Ամերիկան հզոր է, մեծ, բազմազգ ու բազմագույն: Ամերիկան պետք է տեսնել:

Ռոչեստերը Նյու Յորք նահանգում է՝ Կանադայի սահմանին: Այս կողմերում եղել եմ 2001-ի հոկտեմբերին: Աննկարագրելի անտառային գույներ կային: ՄԱԿ-ի ծրագրով էի եկել: Աշխարհի 12 երկրներից մեկական լրագրողներ, մրցութային կարգով՝ հաղթողները, երկու ամիս ուսուցողական դասընթաց էին անցնում ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Անմոռանալի շաբաթներ էին: Նախ որ եղավ 2001-ի սեպտեմբերի 11-ը: Հանդիպում ունեցանք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի և բարձաստիճան այլ դիվանագետների ու նշանավոր լրագրողների հետ: Հիշում եմ այդ ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Լավրովին: Մեկ գիշեր և երկու օրով լրագրողների մեր խմբին՝ մեկական հոգի Հայաստանից, Մակեդոնիայից, Սաուդյան Արաբիայից, Թունիսից, Միկրոնեզիայից, Մալդիվյան կղզիներից, Մեքսիկայից, Կոստա Ռիկայից, Սեյնթ Քիթ և Նեյվիսից, Կոլումբիայից ու Պերուից, շրջագայության տարան Նիագարայի ջրվեժ: Գիշերեցինք Ռոչեստերում՝ հյուրընկալ ընտանիքներում: Ափսոս, որ մի քանի տարվա նամակագրությունից հետո այլևս չպահեցինք կապերը:

Մարտի 9-ի երեկոյան կողմ հասա Ռոչեստեր: Այսօր Ռոչեստերում է բնակվում իմ գլխավոր խմբագիրներից Վինսենթ Լիման: Միասին երկու տարի աշխատել ենք The Armenian Reporter-ում՝ 2008-2009 թթ: Հենց Վինսենթն էր կազմեկրեպել Ռոչեստերի քննարկումը քաղաքի Anyone’s Café գողտրիկ, շատ համեստ, բայց բարձր ճաշակով սրճարանում:

Վինսենթի հետ հանդիպեցինք քաղաքի Java’s սրճարանում: Վերջին անգամ Վինսենթի հետ հանդիպել էի Նյու Յորքի՝ Մանհեթենի Երկրորդ պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում՝ 2016 թվականի սեպտեմբերին՝ իմ հերթական ելույթներից մեկի ընթացքում: Մոտ մեկ ժամ զրուցեցինք այս ու այն կողմից, մեր ընդհանուր ընկերներից, Հայաստանից ու Արցախից: Վինսենթը պրոֆեսիոնալ սինխրոն թարգմանիչ է և 90-ական թթ սկզբներին Հայաստանից ԱՄՆ այցելող պաշտոնյաներին շատ է թարգմանել: Հիշեցինք 1994 թվականի օգոստոսին Հայաստանի առաջին նախագահի այցը ԱՄՆ, որը թարգմանել էր Վինսենթը:

Այդ օրը գիշերեցի քաղաքի արվարձանի հոսթելներից մեկում, իսկ հաջորդ՝ մարտի 10-ի առավոտվանից ուղևորվեցի Anyone’s Café, որտեղ երեկոյան կողմ տեղի էր ունենալու իմ հանդիպումը: Սրճարան հասնելուն պես ֆեյսբուքի իմ էջում մի լուսանկար հրապարակեցի սրճարանից: Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող իմ լավ բարեկամներ Վահե Ծատուրյանն ու Անաբել Շառոյանը, տեսնելով լուսնակրան ու սրճարանը, որոշել էին անակնկալ անել և միանալ մեզ: Տորոնտոյից Ռոչեստեր ճանապարհը երեք ժամ է՝ գրեթե 300 կիլոմետր: Առավոտվանից ձյուն էր ու փոթորիկ, ճանապարհները դարձել էին դժվարանցանելի: Մինչև նրանք հասել էին Anyone’s Café, հանդիպումը ավարտվել էր, որից հետո ես շտապել էի հեռանալ Ռոչեստերից դեպի Նյու Յորք, որպեսզի չմնամ ճանապարհին՝ ձնաբքի մեջ:

Ձեռնարկի օրը պատիվ ունեցա հանդիպելու Միսակ Պուտագեանին: 97-ամյա այս հայը եկել էր լսելու ինձ: Ապշեցնող էր սթափ միտքն ու ապագայի հանդեպ լավատեսությունը:

Միսակ Պուտագեանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորք քաղաքում: Վաստակավոր գիտնական է, ֆտորի առաջատար մասնագետ։

Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցացիա (The National Association for Armenian Studies and Research, NAASR) հայագիտական հաստատության հիմնադիրներից է եղել և հայագիտական ակնարկների հեղինակ։

Պուտագեանը 60-ական թվականներին հաստատվել է Ռոչեստերում ու մնում է հայկական համայնքի կազմակերպիչ ու ղեկավար դեմք։ Տեղի համալսարանները միշտ հայ ուսանողներ են ունենում ու տարիներով, Միսակն ու իր ընտանիքը այդ ուսանողների համար հենարան են եղել։

Նյու Յորք նահանգի քաղաքներում՝ Սիրակյուսում, Ռոչեստերում, Բաֆլոյում, Նիագարա Ֆոլսում, Օլբանիում կան ինչպես հին հայեր՝ երրորդ սերունդ, որոնք այստեղ են տեղափոխվել 1915-ից առաջ, այնպես էլ Հայոց ցեղասպանությունից հետո հաստատվածներ ու հայաստանցիներ: Եկեղեցի չկա, համայնքը տարեկան մի քանի անգամ հավաքվում է տաղավար տոներին և այլ առիթներով:

Ամերիկացի ոստիկանները

Ճամփորդելն իմ տարերքն է, կամ՝ տարերքներից մեկը: Ինձ համար հավասարապես գրավիչ ու չքնաղ են Սյունիքի հպարտություն ներշնչող լեռներն ու Փենսիլվանիայի անվերջանալի անտառները, Դեբեդի կիրճն ու Բեյրութի ծովեզերյա հատվածը, Սևանի ավազազնն ու Կարմիր հրապարակը:

Ճամփորդությունները նոր գաղափարների ու ծրագրերի աղբյուրն է: Երբ հրաժեշտ տվեցի Վինսենթին, մեքենայի վրա ձյան հաստ շերտ էր նստել: Գիտեի, որ ճանապարհը վտանգավոր է, բայց քանի դեռ լույս էր, որոշել էի մի քանի տասնյակ, գուցե հարյուր մողնից ավելի վարել և գիշերել ճանապարհին մոտ մոթելներում: Դրանք ամենահարմար գներն են առաջարկում՝ 60-ից մինչև 80 դոլար:

Նյու Յորք նահանգի Քորնինգ քաղաքում արդեն մթնել էր ամբողջովին, սակայն չէի կարողանում մոթել գտնել: Շատերը ևս որոշել էին այդ եղանակին չվարել, գիշերել և առավոտյան շարունակել ճամփան: Մեկ ժամ էր անցել, երբ ես նկատեցի, որ իմ հետևից ոստիկանության ավտոմեքենա է գալիս: Կանգնեցի:

Երկրորդ անգամ էր ոստիկանը կանգնեցում այս երկրում: Մի անգամ Արսենի հետ Կալիֆոռնիայից դեպի Լուիզիանա ճանապարհին՝ Մեքսիկայի սահմանի մոտ էին կանգնեցրել, Ռիո Գրանդե գետի երկու ափերին գտնվող Սյուդադ Խուարես և Էլ Պասո քաղաքների մոտ, ստուգել վարորդական փաստաթուղթը: Այս անգամ մենակ եմ:

Իջեցրեցի պատուհանի ապակին և ասացի, որ օտարական եմ և միանգամից հարցրեցի, թե ինչ պետք է անի վարորդը, երբ նրան կանգնեցնում է ոստիկանը: Երիտասարդ, բարձրահասակ, շիկահեր տղա էր: Ասաց, որ առաջին հերթին պետք է ձեռքերը դնել ղեկին և կտրուկ շարժումներ չանել, քանի որ ոստիկանները նման շարժումներից նյարդայանանում են:

Ոստիկանը ստուգեց իմ վարորդականը, ապա պահանջեց ավտոմեքենայի փաստաթուղթը: Ամեն ինչ կարգին էր, բայց ինձ կանգնեցրել էին այլ բանի համար: Հերթական անգամ հյուրանոցում համար չգտնելուց հետո, մի քիչ նյարդայնացած ու հոգնած, նստել էի ավտոմեքենան և մոռացել միացնել լույսերը: Ոստիկանները ոչ միայն ինձ չտուգանեցին, այլ օգնեցին գտնել մոթել, որի տերերը անգլերեն շատ վատ խոսող ճապանացի տարեց ամուսիններ էին, կամ ինձ թվաց այդպես, որ ամուսիններ են:

Ձյան մեջ միհարկանի մոթելի իմ սենյակը հաճելի տաք էր:

Դեպի Նյու Յորք

Մարտի 11-ի վաղ առավոտյան տաճ սուրճով ճանապարհը շարունակեցի դեպի Նյու Յորք: Անդրանիկ Թելլիյանի հետ պայմանավորվել էինք հանդիպել: Մինչ այդ Զորավար Անդրանիկի գրագիր Եղիշե Քաջունու թոռան՝ Քեն Սարաջյանի հետ հանդիպեցի, նրան փոխանցեցի «Հերոսների ճամփորդությունը – Զորավար Անդրանիկ և Վաղարշակ Շահինեան» անգլերեն երկրորդ հրատարակության 10 օրինակներ: Այս գիրքը համատեղ հեղինակել են տողերիս հեղինակն ու Փոլ Շահինեանը Նյու Ջերսիից, հրատարակիչը ԱՆԻ կենտրոնն է:

Երեկոյան Անդրանիկի հետ քայլեցինք Նյու Յորքում, ապա ընթրեցինք վրացական ռեստորանում: Մեզ միացավ նաև Անդրանիկի կինը՝ Թամարը: Գիշերեցի Անդրանիկի և Թամարի՝ Բրուքլինում գտնվող տանը:

Մարտի 12-ն անցկացրեցի Բրուքլինում բնակվող իմ մյուս բարեկամի՝ Արմեն և Արմինե Պողոսյանի ընտանիքի հետ: Արմենի հետ եղանք Նյու Յորքի Կենտրոնական այգում: Այստեղ հանդիպեցի ֆեյսբուքի իմ ընկերներից Սուրեն Աբաջյանի և տիկնոջ հետ, որոնք ելել էին Նյու Ջերսիի Ֆլամինգտոն քաղաքից:

Միացյալ Նահանգներ, Եվրոպա և Միջին Արևելք, Ռուսաստան ու Իրան իմ այցելությունները շատ դժվար կլինեին, եթե ինձ անշահախնդիր կերպով չօգնեին բազմաթիվ հայեր, հայկական կազմակերպություններ, Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռները՝ առաջին հերթին՝ Մայր Աթոռը և Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը իրենց աշխարհասփյուռ թեմերով:

Բրուքլինից դեպի Հարթֆորդ

Մարտի 13-ի առավոտյան Արմենը Նյու Յորքից ինձ ճանապարհեց դեպի Հարթֆորդ, Կոնեկտիկուտ: Թեև երկու ժամվա ճանապարհ է, իսկ հաջորդ հանդիպումը տեղի էր ունենալու երեկոյան 7-ին, որոշեցի կանգառներ տալով հասնել Հարթֆորդ, որտեղ ինձ սպասում էր Հայր Ոսկին՝ տեղի հայկական եկեղեցու հոգևոր հովիվը: Հայր Ոսկուն որևէ բառ, նախադասություն կամ պատում չի կարող այնպես ներկայացնել, ինչպես իր հոգևոր անունն է՝ Ոսկի:

Այստեղ՝ Կոնեկտիկուտի նահանգում, հայության մի քանի շերտ կա: Հին հայեր, որոնք անգլիախոս են և այստեղ հաստատվել են Հայոց ցեղասպանությունից առաջ և հետո, հայեր ավանդական Սփյուռքից և Իրանից, Բաքվի հայեր, որոնք մասամբ մնացել են ռուսախոս: ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում ապրում են Բաքվի ջարդերից փրկված, արմատներով Արցախից հազարավոր հայեր: Նրանց ԱՄՆ կառավարությունը տեղափոխել է 1990-ին և տեղավորել տասնյակ նահանգներում: Կան նաև Հայաստանից գնացած հայեր:

Ամեն հայ ինքն է որոշում, թե որտեղ պետք է ապրի՝ Նոյեմբերյանում, Ննգիում, Նիժնի Նովգորոդում, Նյուրնբերգում, Հարթֆորդում թե Նյու Յորքում: Դա իր ընտրությունն է և իրավունքը: Բայց հայերի, ավելի ճիշտ՝ հայաստանցիների նոր ալիքը դեպի Կալիֆոռնիա՝ Մեքսիկայի ապօրինի ճանապարհով, մտահոգիչ է և Հայաստանի անվտանգության լրջագույն սպառնալիք: Այսօր հայության երկու մեծ շերտ է արտագաղթում դեպի ԱՄՆ, Ռուսաստանի հայեր, որոնք ժամանակին հեռացել են Հայաստանից ու հիմա ուզում են հեռու լինել Պուտինի պատերազմից, երկրորդ՝ հայաստանցիներ:

Հարթֆորդի եկեղեցում ձեռնարկը լավ անցավ: Բազմաթիվ հարցեր, քննադատություններ, մեղադրանքներ ու մեկնաբանություններ են հնչում: Դրանցից մեկը ծակեց իմ ականջը:

Արցախցի մեր հայրենակիցը ասաց, որ հայերը՝ Հայաստանի և Արցախի ղեկավարները, մեծ սխալ գործեցին՝ պետք էր ամեն տարի 1-2 գյուղ վերադարձնել Ադրբեջանին և հեռացնել պատերազմի սպառնալիքը:

Ես շատ ուշադիր ու հարգանքով լսեցի իմ հայրենակցին: Ես պատասխան չունեի, բայց հիշեցի մի այլ բան: Երբ 44-օրյա աղետից առաջ գրում էի, որ պետք է փնտրել արժանապատիվ լուծումներ և փոխզիջումներ գտնել, ԱՄՆ-ում բնակվող և քաղաքացիություն ունեցող իմ լավ հայրենակիցները ինձ մեղադրում Արցախն ու Հայաստանը բավարար չափով չսիրելու մեջ: Մեղմ ասած:

Դեպի Նյու Ջերսի

Հայր Ոսկիին հրաժեշտ տվեցի և վերադարձա դեպի Նյու Ջերսիի նահանգ: Անձրևոտ և մի քիչ մառախլապատ եղանակ էր, բայց դանդաղ չէի վարում՝ 50-ից 60 կիլոմետր/մղոն: Իմ բարեկամ Փոլ Շահինեանի հետ պայմանավորվել էինք հանդիպել նույն երեկոյան:

Կեսգիշերին հասա Վայկոֆ, որտեղ բնակվում է Փոլը: Հենց նրա հետ եմ հեղինակել իմ 4-րդ գիրքը՝ The Journeys of Heros հատորը անգլերենով: Մեկ օր և երկու գիշեր պիտի մնայի Փոլի հյուրընկալ տանը:

Մ. Նահանգներում, Եվրոպայում, Միջին Արևելքում, Իրանում, Ռուսաստանում բազմաթիվ այցելությունների ընթացքում ինձ համար հայտնաբերել եմ, որ մեր Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը որևէ միության մեջ չէ, կոմիտեական չէ, կուսակցական չէ: Այդ այցելությունների ընթացքում հայտնաբերել եմ նաև, որ Սփյուռքի բացարձակ մեծամասնության ձայնը չի լսվում, լսվում է շատ փոքր հատվածի ձայնը: Ես, իմ համեստ կարողությունների շրջանակում, փորձելու եմ մեծամասնության կարծիքը ևս լսելի դարձնել՝ օգտագործելով ԱՆԻ կենտրոնի կայքն ու Ֆեյսբուքը: Չլսվող մեծամասնության մեջ մենք ունենք խորը մտածողներ, սառը դատողներ, Հայաստանին/Արցախին անմնացորդ նվիրվածներ և ուղղակի լավ մարդիկ:

Երբ Դուք՝ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, 44-օրյա աղետի մեջ մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին (Ձեր գործն է և իրավունքը) կամ ՀՀ/Արցախի նախկին ղեկավարներին (Ձեր գործն է և իրավունքը), ապա փորձեք մի քիչ նրբանկատ լինել ու չվիրավորել հայաստանցիներին և մեզ չնույնացնել ղեկավարների հետ: Դա վիրավորական է հատկապես այն մայրերի ու հայրերի համար, որոնց որդիները զոհվել են այս աղետալի պատերազմում, որոնց որդիները հաշմանդամ են դարձել: Եռաբլուրը՝ Ձեզ վկա, որտեղ այցելում և նկարներ եք դնում Ձեր ֆեյսբուքի էջերում:

Հայաստանի ամեն քաղաքում, ամեն գյուղում Եռաբլուր կա՝ ծածանվող եռագույնով ու մեզ բոլորիս հիշեցնող պատգամով՝ պատասխան ենք տալու մի ողջ սերունդ մահվան դուռն ուղարկելու համար:

Երբ Դուք՝ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, Հայաստանի և Արցախի փրկության ճանապարհը տեսնում եք Իսրայել դառնալու մեջ, ապա ինչու չեք տեսնում այն իսրայելցուն/հրեային, տվյալ դեպքում՝ հային, որ պետք է վերադառնա Հայաստան: Բարոյական և այլ տեսակետից իրավունք չունեմ որևէ հայի, ով ընտրությամբ և կամ ի ծնե բնակվում է Սփյուռքում, կոչ անելու լինել դեպի Հայաստան վերադարձող հայը և իր օրինակով ցույց տալ Իսրայել դառնալու հաջողությունը, ինչպես դա անում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հրեաներ՝ վերադառնալով Իսրայել: Բայց երբ Իսրայելի անունն ենք տալիս, ապա արդար կլիներ, որ ամենքս սկսեինք մեզանից և մեր օրինակով:

Նյուարկից՝ Լոս Անջելես

Մարտի 15-ի առավոտյան Նյուարկի օդանավակայանից ամերիկյան «Յունայթեդ ավիաուղիներով» ճամփորդությունը շարունակեցի դեպի Լոս Անջելես, Կալիֆոռնիա, որտեղ նույն օրը երեկոյան նշանակված էր դասախոսություն Փասադենայում:

Օդանավակայանում դիմավորեց իմ բարեկամ Մինաս Խոդաղուլյանը: Հայկական ռեստորանում թեթև ճաշից հետո հանգիստ առա և նախապատրաստվեցի երեկոյան ելույթին: Հեշտ չէ Արևելյան ափից թռչել Արևմտյան ափ, որ տևում է 5 ժամից ավելի, ապա նույն երեկոյան խոսել լսարանի առաջ:

Ամերիկյան դասախոսությունների շարքի ամենահաջողված ձեռնարկներից մեկը տեղի ունեցավ Փասադենայում/Լոս Անջելես՝ կազմակերպությամբ ՍԴՀԿ քաղաքական դիվանի: Հայկական ամենահին կուսակցությունը երրորդ անգամ էր նման հանդիպում կազմակերպում: Առաջինը տեղի էր ունեցել Գլենդեյլի Հանրային գրադարանում 2018թ օգոստոսին, երկրորդը՝ 2021թ ապրիլին Փասադենայում՝ ՀԿԲՄ-ի կենտրոնում: Ինչպես նախորդ երկու, այնպես էլ այս հանդիպումը, անցավ բարձր մակարդակով, որի համար աշխատանք էին տարել Համբիկ Սարաֆեանը, Գրիգոր Խոտանեանը, Գրիգոր Մոլոյանը:

Մարտի 16-ին, 17-ին և 18-ին դասախոսություններ չունեի և այդ ժամանակն օգտագործեցի իմ բարեկամների, ընկերների և հետևողների հետ հանդիպումներով: Լևոն Թերզյանի հետ կես օր անցկացրեցինք Խաղաղ օվկիանոսի Սանտա Մոնիկայում, ապա Բևեռլի Հիլզում, իսկ Շահեն Մանանյանի հետ՝ Սանլենդում, դեպի Թահանգա ուղղությամբ լեռնային հատվածում:

Այս պահին, ավարտելով իմ ճամփորդական նոթերը Լոս ԱՆջելեսի Թոմ Բրեդլիի անվան օդանավակայանում, սպասում եմ «Լուֆթանզա»- գերմանական ավիաուղիներով՝ Ֆրանկֆուրտով, վերադառնալ տուն և նախապատրաստվել նոր ճամփորդությունների դեպի Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Լիբանան և կրկին Միացյալ Նահանգներ:

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

19 մարտի, 2023թ., Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ