«Ռեինկարնացիա»՝ ճիճվի նիրվանան. Մհեր Արշակյանի սյունը ՍիվիլՆեթում

5917
«Ռեինկարնացիան» միտք է հայտնել բոլոր դատարկագլուխների համար՝ ՀՀԿ քարոզարշավի տեսահոլովակում երգելը չքաղաքականացնել։ Էստեղ են ասել՝ «Ռեինկարնացիային» տարեք, անթաղ Լենինին բերեք։

Քաղաքական կուսակցության քարոզչական հոլովակում երգելը չքաղաքականացնելու կոչը նույնն է, որ ամուսնանաս, ասես՝ սա ընտանիք կազմելու հետ կապ չունի, կամ Շակիրան Waka-waka երգից հետո ասի՝ էդ ֆուտբոլի հետ կապ չունի, կամ քրոջդ վիրավորողին ծեծես ու ասես՝ անձնական ոչինչ։ Կամ՝ Սերժ Սարգսյանից էդ կլիպի համար փող վերցնես, ասես՝ հո Ալիևի՞ց չեմ վերցրել։ Մի խոսքով, խնդրեմ, անթաղ Լենինը թող մտնի հրապարակ։ Գոնե նման հիմարություններ չի ասի։ Երգել ՀՀԿ-ի համար ու ասել՝ սա քաղաքականության հետ կապ չունի։ Տղերք, էդքան ռոք խմբեր կան, ձեզ ընտրելն արդեն քաղաքականություն չէ՞։ Ձեր հեղինակությունն է նրանց պետք եկել, որպեսզի երբ ձեզանից մեկի բնակարանի դիմացի այգում ինչ-որ քրեական հեղինակություն ավտոտնակ սարքի, վաղը երես չունենաք ասելու՝ էս ի՞նչ իշխանություն է։ Որովհետև, սա ՀՀԿ-ն է, տղերք։ Իրենք ձեզ հաշվել են, ու դուք ասում եք՝ քաղաքականացված չե՞ք։ Գնացեք դա Լենինին ասեք, գուցե «ռեինկարնացիա» ապրի։ Լավ եք արել, երգել եք, լավ եք արել ՀՀԿ-ի համար եք երգել։ Բայց հասկանում եք, չէ՞, որ էդ երգից հետո ձեր «ռեինկարնացիայից» մնալու է ճիճվի նիրվանան, որը նույնիսկ ճիճու լինելուց գաղափար չունի։

Մի ասեք, որ քաղաքականության մեջ չկաք։ Չկայի՞ք, մերժեիք քաղաքական կուսակցությանը, ով էլ որ նա լինի։ Մերժեիք։ Չեք ասում, որ փող եք աշխատել, ասում եք՝ չքաղաքականացնել։ Էնքան չկաք քաղաքականության մեջ, որ չգիտե՞ք ինչ եք անում։ Չի լինում էդպես, որ մարդը չլինի քաղաքականության մեջ։ Նա ընտրություն է կատարում։ Ընտրություն կատարող մարդը միշտ քաղաքականության մեջ է։ Ենթադրենք, ձեզ դիմում են կոմունիստները կլիպի համար, և դիմում է ՀՀԿ-ն։ Առաջինն առաջարկում է ձրի, երկրորդը՝ լիքը փող։ Կատարեցիք, չէ՞, ձեր ընտրությունը։ Թե՞ հարիֆ չեք, բայց չեք ուզում, որ ձեր չհարիֆության մեջ զռռա ՀՀԿ-ականությունը։ Հո գիտե՞ք, որ ՀՀԿ-ի համար երգելը պատվաբեր չէ։ Հո հեքիաթներ կարդացած կլինեք, մասնավորապես ոչ հայկական էն հերոսների մասին, որոնք իրենց պահպանելու համար երիտասարդների արյունն էին խմում։

Դուք գիտե՞ք, տղերք, որ հարվածային գործիքների վրա նվագող վարչապետը նույնպես կարող է հայտարարել՝ չքաղաքականացնեք։ Նվագածը դհոլ չի՞։ Բայց դասականը մեզ արդեն հուշել է, որ քաղաքականացված է նույնիսկ «դատարկ դհոլը»։ Եվ եթե պետք չէ քաղաքականացնել, կներեք, ինչի՞ համար էիք հավաքվել՝ Ջոն Լենոնի Imagine երգի ելևեջնե՞րն էիք վերլուծում։ Թե՞ մի անգամ էլ էիք ուզում թաղել Սայաթ Նովային «ռեինկարնացիա» խրոխտ հեռանկարի տակ։ Եվ եթե պետք չէ քաղաքականացնել՝ ու՞ր է ձեր պահանջը ՀՀԿ-ին, որ ձեր երգը չօգտագործեն քարոզչական նպատակներով։

Վայելե՛ք ձեր փողը, տղե՛րք, դա փող է, որը մի օր վերջանալու է։ ՀՀԿ-ն ոչ մի սխալ բան չի արել։ Ինքը հեքիաթի հերոսի նման խմել է ձեր թարմ արյունը, որպեսզի «տեղափոխվի» ձեր մեջ, ձեզանով վերամարմնավորվի։

Ոչ մի բանական մարդ իր մղձավանջներում անգամ չի փորձում գործ ունենալ ՀՀԿ-ի հետ, Արթուր Աբրահամը վկա։ Որովհետև բանական մարդը միշտ ընտրում է չմեռնելը։ Նրա իմացած թարմ արյունը արվեստն է, ոչ թե՝ անունը։ Դուք ձեզ զոհաբերեցիք ՀՀԿ-ին։ Հանուն փողի։ Ձեր հոգին դրեցիք փողի մեջ ու ասում եք՝ չքաղաքականացնել։ Խնդրեմ, չքաղաքականացնենք։ Բայց ձեր երկրպագուները հիմա փորձում են թացը չորից ջոկել՝ ռոք խումբն ինչպե՞ս է մտնում մարդասպանների և պետություն ոչնչացնողների հովանու ներքո։ Ռոք խումբն ինքը պետք է առաջինը կոչ աներ հեռու մնալ ՀՀԿ-ից։ Հիմա, թողնենք, եղածը եղած է, բայց դուք էլ եք ռոք խումբ, System of a down-ն է՞լ։

Մհեր Արշակյան