Ընդդիմության միավորումը՝ անհրաժեշտություն. «Հայաստանի 2017-ի ընտրությունը»

1057

Հոկտեմբերի 22-ին Գյումրիում կայացավ «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այն կազմակերպել էր Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

2017-ի ապրիլին Հայաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: Ելույթ ունեցողները և խորհրդաժողովին ներկա մյուս մասնակիցները փորձեցին պատասխաններ գտնել օրակարգային հարցերին, մասնավորապես՝ հնարավոր է՞ Հայաստանում անցկացնել ազատ և թափանցիկ ընտրություններ և եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է գործադրվեն այդ ուղղությամբ, որո՞նք են խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն, ո՞րն է Սփյուռքի դերակատարությունը և ունի՞ Սփյուռքը հանձնառություն Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչքանո՞վ է ուսանելի Վրաստանի՝ համեմատաբար ազատ ընտրություններ անցկացնելու փորձը, կարող է՞ ընդդիմությունը միավորվել, ի՞նչ գործոններ են խանգարում միավորմանը: Եվ վերջապես՝ Հայաստանում հնարավոր է՞ իշխանափոխություն սահմանադրական՝ ընտրությունների ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա որն է ելքը «փակ շղթայից» և Ի՞ՆՉ ԱՆԵԼ:

5555

Բացելով խորհրդաժողովը՝ լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Հայաստանում համապետական ընտրությունների պատմությունը 1990-ից ի վեր: Նա ընդհանուր գծերով, համառոտ պատմեց անկախությունից ի վեր Հայաստանում անցկացված խորհրդարանական 6, նախագահական 6 և Սահմանադրության ընդունման կամ փոփոխման 3 քվեարկությունների առանձնահատկությունները և թե ինչպես են դրանք մնացել փորձագետների և քաղաքականապես ակտիվ հանրության հիշողության մեջ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը ներկայացրեց խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն: Նա նշեց, որ առկա են բազմաթիվ խոչընդոտներ, սակայն չպետք է բացառել արդար քվեարկության հնարավորությունը: Թանդիլյանը ներկայացրեց կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումները: Նա հատկապես կարևորեց գաղափարական, ընդդիմադիր ուժերի միավորումը 2017-ի ընտրություններից առաջ:

7777

Իւան Արտհալջեանը իր ելույթում հատկապես կարևորեց անհատների դերը: Նա ներկայացրեց մի շարք մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ճեղքում են կատարել և պատմություն կերտել: 2015-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Արտհալջեանը եղել էր դիտորդ: Այդ ընտրատեղամասում ՈՉ-ը հաղթել էր, սակայն կեղծարարության պատճառով արդյունքերը փոխվել էին հօգուտ ԱՅՈ-ի: Արտհալջեանը բացահայտեց այդ կեղծարարությունը և հրապարակայնացրեց, թեև և՛ ինքը, և՛ իր կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, ջատագովն էին ԱՅՈ-ի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը խոսեց այն մասին, թե ինչ դեր ունեն տեղական ինքնակառավարման ընտրությունները համապետական փոփոխությունների համատեքստում: Նա նշեց, որ մի շարք գործոններ, այդ թվում ֆինանսական ռեսուրսների պակասը, հնարավորություն չեն տալիս ընդդիմությանը լիարժեք կերպով մասնակցել տեղական ընտրություններին: Բացի այդ, մարզերում հեշտ չէ գտնել մարդկանց, ովքեր որպես ընդդիմության թեկնածուներ կմասնակցեն ընտրություններին: Այդ պատճառով նաև տեղական ընտրություններում հիմնականում հաղթում են ՀՀԿ-ականները կամ անկուսակցականները, ովքեր ընտրվելուց հետո դառնում են ՀՀԿ-ական:

«Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»-ից Արմեն Գրիգորյանը խոսեց 2017-ի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելության դերի մասին, նշելով, որ իրենց կազմակերպությունը և Քաղաքացի դիտորդը միասին նախատեսում են ունենալ շուրջ 4 հազար դիտորդ: Գրիգորյանը ասաց, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլընտրանք չունի: Եթե Հայաստանում ժողովրդավարություն լիներ, ապա Սասնա ծռեր չէինք ունենա: Գրիգորյանը ընդգծեց, որ եթե հարևան Վրաստանում Սասնա ծռերի դուռը փակվել է, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին:

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ներկայացրեց Արցախյան ընտրական գործընթացների քառորդդարյա փորձի առանձնահատկությունները: Բաղդասարյանն ասաց, որ Արցախում ընտրությունները լինում են ազատ, բայց ոչ արդար, քանի որ ադմինիստրատիվ ռեսուրսը կատարում է իր սև գործը: Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց 1990-ական թթ. Արցախյան ընտրությունների պատմությունից, մասնավորապես, թե ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմը աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին՝ ընդդեմ օրինական, ընտրությունների ճանապարհով Արցախում իշխանության եկած ՀՅԴ-ի:

888

Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ներկայացրեց «Վրաստանի ազգային փոքրամասնությունները և 2016-ի խորհրդարանական ընտրությունները» զեկույցը՝ համառոտ ակնարկ կատարելով նաև 1990-ից ի վեր Վրաստանի համապետական ընտրությունների պատմությանը՝ Զվիադ Գամսախուրդիայի, Էդվարդ Շևարդնաձեի, Միխեիլ Սաակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի ժամանակաշրջաններին: Խառատյանը նկատեց, որ, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում քաղաքական դիսկուրսը շատ ավելի բարդ է, հատկապես ինտելեկտուալ իմաստով:

ՍիվիլՆեթի  քաղաքական մեկնաբան, հաղորդավար Դերենիկ Մալխասյանը ներկայացրեց «Ընդդիմադիր քաղաքի համբավը և համապետական ընտրությունների փորձը Գյումրիում» զեկույցը: Նա նախորդ ընտրությունների թվերով ցույց տվեց, որ բացի 2013-ի նախագահական ընտրությունների, որոնց ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տարավ և՛ Գյումրիում, և՛ Շիրակի մարզում, մյուս դեպքերում իշխանությունները կամ իշխանական կուսակցություններն են հաղթանակ տարել: Մալխասյանը նշեց, որ եթե 2017-ի ընտրություններից առաջ ընդդիմությունը չմիավորվի, ապա իշխանությունները և նրանց արբանյակ կուսակցությունները հնարավորություն կստանան զբաղեցնել նոր խորհրդարանի մեծագույն մասը՝ առանց լուրջ խախտումների ու ընտրակեղծարարության:

ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը իր ելույթում խոսեց այն մասին, թե ինչու, մասնավորապես, Գյումրիում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ընտրություններում տեղի չունեցավ ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի միավորում: Հենց այդ չմիավորման հետևանքով էր նաև, որ ընդդիմությունը, այդ թվում և ԳԱԼԱ-ն, մեծ հաշվով պարտվեցին: Բայց պարտվեց նաև իշխանական Բալասանյան դաշինքը, քանի որ այն ճանապարհը, որով Բալասանյանը մնաց քաղաքապետի պաշտոնին, արդար և իրավական չէ, ասաց Վարդանյանը:

44444

Ամփոփելով խորհրդաժողովի աշխատանքները՝ Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ԱՆԻ կենտրոնը առաջիկայում կազմակերպելու է մեկ այլ խորհրդաժողով-քննարկում, փորձելով հասկանալ, թե հնարավոր է՞ ընդդիմադիր դաշտի միավորումը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն